Սև հագուստը բարեկազմ է դարձնում, սպիտակը՝ գիրացնում․ մի՞ֆ, թե՞ իրականություն

Aug 27, 2023 - 17:54
Nov 25, 2023 - 00:28
Սև հագուստը բարեկազմ է դարձնում, սպիտակը՝ գիրացնում․ մի՞ֆ, թե՞ իրականություն

Մեր կյանքում սևը շատ է, սև հագուստ նախընտրողների թիվը՝ նույնպես։

Շատ են նաև սպիտակի սիրահարները, սակայն ոչ բոլորն են այն համարում իրենցը, քանի որ գոյություն ունի «դարեդար և սերնդեսերունդ» փոխանցվող պնդում՝ սև հագուստը կազմվածքն ավելի սլացիկ է դարձնում, սպիտակը՝ հակառակը։ Շատերն են հետևում այս թվացյալ «չգրված օրենքին» և հագուստի ու գույների ընտրության պարագայում՝ առաջնորդվում հենց սրանով։

Փորձենք հասկանալ՝ վերջիվերջո, վերը նշվածը մի՞ֆ է, թե՞ իրականություն։

Լայնորեն տարածված կարծրատիպային մոտեցման կողմնակիցներն այս պնդումը փաստարկում են ֆիզիկայի օրենքով․ սպիտակ մակերեսին ընկած արևի շողերն առավել պայծառ են լուսարձակում և առարկան ավելի մեծ է երևում, մինչդեռ սև մակերեսը կլանում է շողերը, և անդրադարձումը հնարավորինս պասիվ է, ինչի արդյունքում  էլ առարկան ավելի կոմպակտ է թվում։

Որքան էլ մեծ լինի «հավատը» ֆիզիկայի օրենքների հանդեպ, չենք կարող չընդունել այն փաստը, որ տոտալ սևի կիրառությունը հագուստի մեջ միշտ չէ, որ երաշխավորում է սլացիկ կազմվածք և բարեկազմ իրան։

Այո՛, սևի դեպքում մարմնի կառուցվածքը և հագուստի ուրվագծերը ավելի հստակ են, այո՛ սևը շատ դեպքերում կազմվածքն ավելի սլացիկ է դարձնում, այո՛, երբեմն նաև կոծկում է թերությունները, սակայն այս տրամաբանությունն աշխատում է մինչև 48 չափսի հագուստ կրող անձանց դեպքում, այն էլ՝ ոչ միշտ։ 48+ չափսի հագուստ կրողների դեպքում՝ սևի գործածումը կերպարում լիովին հակառակ ազդեցությունն է ունենում․ այս դեպքում՝ սևը շեշտադրում է կազմվածքի մասշտաբը և  առավել ակնհայտ է դարձնում  նրա թերությունները։ Եկե՛ք չմոռանանք սևի գլխավոր հատկության մասին․ այն ընդգծող, շեշտադրող բնույթ ունի։

Ինչո՞վ առաջնորդվել և ինչպե՞ս գտնել սևի և սպիտակի «սեփական» ճիշտ տարբերակը։

Սևի և սպիտակի ճիշտ կիրառության գլխավոր բանալիներից մեկը կտորի ճիշտ ֆակտուրայի ընտրությունն է։ Ճիշտ ֆակտուրա ունեցող թե՛ սպիտակ, թե՛ սև հագուստն այն կրողին ավելի բարեկազմ կդարձնի․ և հակառակը։

Չեզոք, ավելի պարզ ֆակտուրա ունեցող, հարթ և միատոն սև կտորից կարված հագուստով, վստահաբար, ավելի բարեկազմ ու սլացիկ կթվանք, քան, օրինակ, բարդ ֆակտուրա ունեցող փայլուն սևով։

Այսպիսով, կազմվածքի մասշտաբն ավելի մեծ կթվա ցանկացած փայլուն սև կտորի (ատլաս, օրգանզա և այլն), սև թավիշի, թվիդի, մորթու և նմանատիպ ֆակտուրաներ ունեցող կտորների դեպքում։

Քանի որ այս հոդվածը նվիրեցինք սևին ու սպիտակին, ճիշտ և օգտակար կլինի անդրադառնալ նաև տրամադրություններին, որոնք առաջացնում են այս գույները։ Սևը շատ մշակույթներում ասոցացվում է սգի, տխրության հետ, սակայն նաև իշխանություն և դրա արտահայտումն է խորհրդանշում։ Սևի տարբերակիչ գլխավոր հատկանիշներից մեկը նաև նրա՝ շրջապատում գտնվող մարդկանց և այն կրողի միջև տարածություն և պաշտոնական մթնոլորտ ստեղծելն է, շփման համար փակ լինելու ուղերձ հղելը․ սև հագուստ կրող անձին ավելի հազվադեպ կմոտենան և նրա հետ շփման հնարվորություններ ավելի հազվադեպ կփնտրեն, քան, օրինակ, սպիտակ գույնի հագուստ կրողին։

Սև հագուստ կրելիս պետք է միշտ հիշել սևի գլխավոր հատկության մասին․ այն շեշտադրում է այն ամենը, ինչ գտնվում է իր շրջապատում, ավելի վառ է արտահայտում այն գույները, որոնք գտնվում են նրա հարևանությամբ և նրա հետ հանդես գալիս մեկ համադրության մեջ (Պատկերացրե՛ք սևը և կարմիրը, սևը և վարդագույնը կողք կողքի):

Վերը նշվածը հաշվի առնելով՝ դեմքին տարիքային կնճիռներ կամ նմանատիպ խնդիրներ ունեցող կանանց խորհուրդ չի տրվում կրել սև կամ այլ մուգ տոների հագուստ, քանի որ դրանք տարիքային փոփոխություններն առավել ակնհայտ են դարձնում։

Եթե ունենք նմանատիպ խնդիրներ, սակայն, միևնույն է, պատրաստ չենք հրաժարվել սևից, կարող ենք դեմքին մոտ հատվածում օգտագործել վառ շարֆ՝ սևի շեշտադրող ազդեցությունը թուլացնելու և կերպարը ավելի վառ դարձնելու նպատակով։

Այդուհանդերձ՝ հարկ է նշել, որ սևը նաև ստեղծարարության, արվեստի, շքեղության և բացառիկության գույնն է։ Դժվար է պատկերացնել ցանկացած նորաձևության ցուցադրություն կամ շքեղ երեկույթ՝ առանց սև կտորով կարված զգեստների։

Սպիտակ գույնն ավանդաբար ասոցացվում է մաքրության, անմեղության, թարմության և թեթևության հետ։ Նույնատիպ տրամադրություններ է առաջացնում նաև այն հագուստը, որը կարված է այս գույնը ունեցող կտորներով։ Սպիտակը նաև համարվում է հարստության, տոնական տրամադրության արտահայտման գույն։

Հաշվի առնելով սպիտակի վերը նշված հատկությունները՝ պետք է նշել, որ սպիտակ հագուստը բաց լինելու, շրջապատի հետ հաղորդակցվելու պատրաստ լինելու ուղերձ է հղում։ 

Եթե սպիտակի սիրահար ենք, սակայն գտնվում ենք գործարար միջավայրում, որտեղ անհրաժեշտ է որոշակի տարածություն ստեղծել և պաշտոնական բնույթ հաղորդել կերպարին, լավագույն լուծումը կլինի սպիտակը համադրել մուգ տոների պատկանող հագուստի հետ։

Սպիտակի կիրառության դեպքում՝ հարկ է նաև հիշել, որ կազմվածքն առավել սլացիկ կդարձնեն սպիտակի տարբեր ֆակտուրաներ ունեցող կտորների համադրումը մեկ կերպարում։ Տոտալ սպիտակ կերպար ստեղծելիս պետք է նաև հիշել, որ սպիտակի տաք և սառը տոների համատեղ կիրառությունը նույն կերպարում խրախուսելի չէ, քանի որ այս համադրությունը կարող է «էժանացնել» կերպարը (չնայած այն հանգամանքին, որ կանոնները գրագետ խախտել դեռ ոչ ոք չի արգելել)։

Մեր սիրելի սևն ու սպիտակը կարող են միաժամանակ մեր ընկերն ու թշնամին լինել, աշխատել թե՛ մեր օգտին, թե՛ մեր դեմ․ ամեն ինչ կախված է մեզանից և մեր՝ նրանց ճիշտ գործածելու և մեր օգտին «ծառայեցնելու» կարողությունից։ Ուրեմն՝ եկե՛ք ընկերանանք նրանց հետ, ճանաչենք նրանց և գտնենք նրանց հետ ճիշտ համագործակցելու ճանապարհը։