Կնոջ կերպարը՝ Վարդգես Սուրենյանցի կտավներում
Նկարիչ Վարդգես Սուրենյանցի գործերում արտահայտված են հայ գեղարվեստական մտքի լավագույն դրսևորումներն ու առանձնահատկությունները։
Սուրենյանցը հավասարապես ստեղծագործել է կերպարվեստի գրեթե բոլոր տեսակներում (գեղանկար, գրաֆիկա, բեմանկար, քանդակ):
Բացառիկ է նրա դերը պատմական գեղանկարչության զարգացման գործում: Սուրենյանցը հայկական կերպարվեստում առաջինն էր, որ «հանդգնեց» դիմել պատմական ժանրին՝ իր «վրձինը թաթախելով» հեռավոր ու մերձավոր անցյալի իրադարձությունների մեջ։
Խորապես յուրացնելով ժամանակի՝ եվրոպական, մասնավորապես՝ մյունխենյան եւ ռուսական մշակույթների ավանդույթները՝ Սուրենյանցն առաջիններից էր, եթե ոչ՝ ամենաառաջինը, որ հայկական գեղանկարչություն ներմուծեց եվրոպական արվեստի, մասնավորապես՝ մոդեռնիզմի շատ հնարքներ:
Սուրենյանցի ստեղծագործություններում իր ուրույն դերն ունի կնոջ կերպարը։ Կանանց կերպարները ստեղծելով և վերարտադրելով՝ Սուրենյանցը սեփական վրձնին հատուկ ոճով և հնարքով՝ հիասքանչ և ճշգրիտ կերպով փոխանցել է տվյալ ժամանակի ոգին, միջավայրը և աշխարհայացքը։
Ստորև կհիշատակենք նկարչի վրձնին պատկանող մի քանի կտավ, որտեղ պատկերված է կինը՝ իր ներաշխարհով և անհատականությամբ։
Վարդգես Սուրենյանցն իր ստեղծագործություններում մշտապես անդրադարձել է հայոց պատմության հիշարժան դրվագներին, պատկերել հայրենասիրական ու հերոսական գաղափարներ մարմնավորող կերպարների:
Կիլիկիայի հայկական թագավորության պատմության նշանակալի էջերից է Զաբել թագուհու վերադարձը Սիս և նրա թագադրումը: Հոր՝ Լևոն Երկրորդի մահից հետո հայկական գահի շուրջ ծավալված կրքերը հանդարտեցնելու և հայկական թագավորությունը պահպանելու նպատակով Զաբելը ստիպված վերադառնում է հայրենիք և ամուսնանում մանկահասակ Հեթումի հետ:
Նվիրված լինելով կիլիկյան Հայաստանի պատմության այս վճռորոշ ժամանակաշրջանին՝ 1909 թվականին ստեղծված այս կտավն ակնհայտորեն ցուց է տալիս հայոց թագուհու հոգեբանական դրաման:
Սիմետրիկ կոմպոզիցիայի կենտրոնում կանգնած է Զաբելը՝ գետնին հառած թախծալի հայացքով և վեհ կեցվածքով: Նրա երկու կողմերում պալատականներն են, որոնք հարդարում են ծիրանին և հանձնում արքայական խորհրդանշանները:
Նկարի կոմպոզիցիան հիմնված է նուրբ վրձնահարվածների և գծային ռիթմի վրա, որոնք մեղմ թրթիռ և երաժշտականություն են հաղորդում կտավին:
Վարդգես Սուրենյանցի կտավներում գերիշխում են սիմվոլիզմի տարրերը․ յուրահատուկ սիմվոլիզմ կա նաև նրա գույներում:
Նկարիչը Սալոմեին պատկերել է կտավի ձախ կողմում՝ մուգ շագանակագույն դռան ֆոնի վրա՝ կտավի մյուս՝ դատարկ մասում թողնելով կանաչավուն, կապտաերկնագույն երանգներով տարածություն։
Հերոսուհու կերպարի ռոմանտիկ դրսևորումն ի հայտ է գալիս զարդանախշերի թրթռացող կորագծերում, կարմիր, սև, շագանակագույն վրձնահարվածներում։
Պատկերի հմայքը պայմանավորված է նաև թաքնված երկրաչափականությամբ՝ կորերի խաղով։
Կորերը նկատելի են դեմքի, թիկնոցի, գլխարկի ձևերի մեջ և կերպարին յուրօրինակ նազանք են հաղորդում։
Ուսերի, գլխարկի կորերը և դեմքի օվալն արձագանքում են աղջկա հագուստի կոր գծերին։
Սալոմեն աստվածաշնչյան կերպար է։ Ըստ Մարկոսի և Մատթեոսի Ավետարանի՝ Հերովդեսն իր եղբայր Փիլիպպոսի կենդանության օրոք ամուսնացել էր նրա կնոջ՝ Հերովդիայի հետ։
Հովհաննես Մկրտիչն այդ միությունն անօրինական է համարել, և Հերովդիան վրեժ լուծելու համար ամուսնուն համոզել է ձերբակալել նրան։
Հերովդեսի ծննդյան տարեդարձին, Հերովդիայի գեղեցկուհի աղջկա՝ Սալոմեի պարն այնքան է նրան դուր եկել, որ խոստացել է աղջկան նվիրել՝ ինչ կամենա: Սալոմեն էլ մոր դրդմամբ պահանջել է Հովհաննես Մկրտչի գլուխը։
Սկուտեղի վրա դրված Հովհաննես Մկրտչի գլուխը շուտով հանձնել են Սալոմեին։
Հայ կանայք մինչ 19-րդ դարի վերջը քթի օղ էին կրում։ Դրանք կոչվում էին «գինդ» կամ «քթի գինդ»: Քթօղը կրում էին հատկապես աջ կողմում։
Զարդի կապույտ գույնը պատահական չէր: Համարվում էր, որ այն պաշտպանում է չար աչքից:
19-ից 20-րդ դարերի վերջում արվեստում գերիշխում էր մոդեռնիզմն ու սիմվոլիզմը։
Այս շրջանի նկարիչներն իրենց կտավներում վրձնել են կնոջ զգացմունքների, ապրումների և տենչանքների աշխարհը՝ մի կողմից արտահայտելով մութը, սևը, խավարը, ստվերը, մռայլը, մյուս կողմից՝ լույսը, կրակը, փայլը:
«Շամիրամն Արա Գեղեցիկի դիակի մոտ» նկարում պատկերված տեսարանը նման է թատերական ներկայացման տեսարանի, որտեղ հերոսուհին վհուկի կերպարանք ունի․ նա իր ալեկոծվող կրքերի համար հանդարտություն է փնտրում, նրա հոգում ներքին պայքար կա։
Շամիրամն այս կտավում ասես դեմոնիզմի տարր լինի: Նա արտաքուստ խաղաղ է, սակայն նկարչին հաջողվել է նրա կերպարն այնպես կառուցել, որ նայելիս ակնհայտորեն նկատելի է նրա ներաշխարհը․ այստեղ իրական պայքար ու վիշտ կա:
Հին Հունաստանը հայտնի է որպես արևմտյան քաղաքակրթության բնօրրան: Թատրոնի, փիլիսոփայության, դեմոկրատիայի, Օլիմպիական խաղերի հայրենիքը փառավորվել է նաև իր սափորանկարչությամբ:
Ներկայումս հայտնի են հին հունական ավելի քան երկու տասնյակ տեսակի սափորներ, որոնք ստեղծվել են հիմնականում Մինոսյան քաղաքակրթությունից մինչ Հելլենիզմի դարաշրջանն ընկած ժամանակահատվածում:
Հունական բոլոր պոլիսներում, որտեղ մեծ տարածում ուներ սափորանկարչությունը, կերամիկայից ստեղծված սափորները նախշազարդվում էին հատուկ ներկերի միջոցով, ապա այրվում և թրծվում:
Սուրենյանցի նկարի հերոսուհու ձեռքում, ամենայն հավանականությամբ, «ալաբաստրոն» տեսակի սափոր է, որը նախատեսված էր՝ յուղեր և անուշահոտություններ պահելու համար։
Աղջկա հագուստը հունական խիտոն է, որն անտիկ աշխարհում կրում էին թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։
«Սափորներ վաճառող հույն կինը» կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում: