Կապրիները վերադառնու՞մ են
Կապրի լեգինսները, այո՛, վերադառնում են։ Նրանց վերադարձն ազդարարեցին վերջին նորաձևության շաբաթների շրջանակում ներկայացված հավաքածուները և հաստատեցին սթրիթ-սթայլ աստղերը։
Կապրիներն առաջին անգամ նորաձևության աշխարհ մուտք գործեցին հեռավոր 1950-ականներին, ևս մեկ անգամ՝ 2000-ականներին։
1950-ականներին կապրիները լայն տարածում գտան հատկապես շնորհիվ դերասանուհի Օդրի Հեփբրնի․ «Սաբրինա» ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանուհու՝ կապրի լեգինսով լուքը շատ արագ բոլորի սիրելին դարձավ։
Թրենդերը արդիականանալիս երբեք նույնը չեն լինում․ նրանք արտահայտում են տվյալ ժամանակի շունչը և հանդես են գալիս նորաձևության տվյալ փուլին հատուկ ոճավորմամբ և ձևերով։
Կապրիների վերադարձի մասին առաջին անգամ հուշեցին որոշ սթրիթ-սթայլ աստղեր՝ անցյալ ամռանը, իսկ այս տարի՝ դիզայներական գարնանային հավաքածուները։
«16Arlington» բրենդը իր՝ 2024 թվականի գարնանային հավաքածուում կապրի լեգինսը համադրել էր կանացի բաճկոնի հետ, իսկ «Coperni»-ն՝ բլեյզերի ու վերնաշապիկի հետ։
Քենդալ Ջենները վերջերս ցույց տվեց, թե կապրի լեգինսները որքան հետաքրքիր համադրություն կարող են կազմել տափակ կոշիկների և մինիմալիստական պայուսակի հետ։ Շատ սթրիթ-սթայլ աստղերի լուքերում էլ վերջերս նկատելի են եղել կապրիի համադրութուններ օվերսայզ բլեյզերների, ժիլետների, վերնաշապիկների և բաճկոնների հետ։