Տասներկուամյա Էլինան՝ ամենաերիտասարդ Fashion Influencer

Aug 25, 2024 - 22:11
Aug 28, 2024 - 20:10
Տասներկուամյա Էլինան՝ ամենաերիտասարդ Fashion Influencer

Հայաստանում վերջին տարիներին ի հայտ են եկել մանկական հագուստի մի շարք նոր բրենդեր․ աճ է գրանցել է նաև արտասահմանյան բրենդերի ներկայացվածությունը Հայաստանում։

Նշված գործընթացներին զուգահեռ՝ առաջ է եկել նշված բրենդերի հավաքածուների ճիշտ և գրագետ ներկայացման անհրաժեշտությունը՝ թիրախային լսարանի առջև։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում աճել է մանկական նորաձևության ցուցադրությունների թիվը, հայկական շուկայի տեղական և արտասահմանյան բրենդերը առավել հաճախ են սկսել համագործակցել մոդելինգի ասպարեզում իրենց առաջին քայլերն անող կամ արդեն մեծ լսարան ունեցող երեխաների հետ։ Այո՛, ինֆլուենսեր մարկետինգի ինստիտուտը գործում է նաև մանկական նորաձևության ասպարեզում և Հայաստանում այն տարեցտարի զարգացում է ապրում։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ «MFA» ամսագիրը կարևորում է իր՝ «MFA Junior» նոր ուղղությունը, որը կխոսի Հայաստանում հագուստի մանկական բրենդերի, ոլորտը ներկայացնող տաղանդավոր երեխաների և մանկական որակյալ նորաձևության ցուցադրությունների մասին։

Այս համատեքստում՝ այս անգամ ամսագրի խմբագրությունը, հավատարիմ մնալով նոր տաղանդների բացահայտման իր տեսլականին, պատմելու է 12-ամյա Էլինա Ադիլխանյանի մասին (այս դեպքում «տաղանդի բացահայտում» ասվածն այնքան էլ տեղին չէ, քանի որ փոքրիկ Էլինային այսօր ճանաչում են իր տարիքային սեգմենտում գտնվող գրեթե բոլոր երեխաները և մանկական հագուստի բրենդերի ներկայացուցիչները)։

Էլինան Ինստագրամում ավելի քան 25 000 հետևորդ ունի, համագործակցում է հայկական և արտասահմանյան գրեթե բոլոր բրենդերի հետ, վարում է մանկական հեղինակավոր միջոցառումներ, կազմակերպում fashion brunch-եր, նկարահանվում ֆիլմերում ու սիթքոմերում և զբաղվում լատինաամերիկյան պարերով։

Էլինան ակտիվ է, աչքի է ընկնում արտիստիզմով, բեմը և հանդիսատեսին զգալու ունակությամբ․ նկարահանման հրապարակում երբևէ անհրաժեշտություն չի առաջանում ասելու, թե նա ինչ պետք է անի․ նա ամեն ինչ գիտի և դա անում է լավագույնս։

Փոքրիկ Էլինան առաջին անգամ բեմ է բարձրացել հինգ տարեկանում՝ մասնակցելով Անահիտ Սիմոնյանի՝ «Գտնված երազ» ցուցադրությանը։ Մայրիկը, տեսնելով փոքրիկի հետաքրքրությունը դեֆիլեի ու բեմի հանդեպ, հասկացել է, որ սկսած ճանապարհն անպայման պետք է շարունակել։

Առաջին ցուցադրությունից հետո Էլինան մասնակցել է «Junior Model» և «Talent Star» նախագծերին և արժանացել հատուկ մրցանակի, իսկ «Talent Star International Armenia» մրցույթում՝ արժանացել առաջին մրցանակի։

Այս հաղթանակից հետո Էլինան սկսել է ստանալ համագործակցության առաջարկներ հայկական բրենդերի կողմից (SirQochar, Alex, Tetta Kids, Anini, Hask Armenia և այլն):

2020 թվականին, մասնակցելով Miss Yerevan Junior մանկական գեղեցկության մրցույթին, փոքրիկ Էլինան ստացել է առաջին մրցանակը՝ արժանանալով «Little Miss Yerevan 2020» տիտղոսին, այնուհետև՝ հաղթել Մոսկվայում կայացած «Young Miss Universe միջազգային մրցույթում՝ արժանանալով երկու գլխավոր մրցանակի՝ «Mini Miss Universe» և «Grand Prix Best Model Universe» տիտղոսներին։

Մոսկվայում կայացած այս հեղինակավոր մրցույթում հաղթանակից հետո Էլինան սկսում է ստանալ առաջարկներ նաև ռուսական բրենդերի կողմից և մասնակցել ռուս դիզայներների ցուցադրությունների (Kazakova Oksana, Elena Mur Couture, Varvara Baktayarova), իսկ դիզայներ Օքսանա Կազակովայից ստանում անհատական ֆոտոնկարահանման հրավեր։

Վերադառնալով Հայաստան՝ փոքրիկ մոդելը շարունակում է իր «հաղթարշավը»՝ նկարահանվելով արտասահմանյան մի շարք բրենդերի գովազդային արշավներում, (Skechers, Reo kids և այլն), ֆիլմերում և սիթքոմերում։

Նա իր ուժերը փորձել է նաև հաղորդավարության ասպարեզում (վարել է նորաձևության մի շարք միջոցառումներ, մանկակական գեղեցկության մրցույթներ, ինչպիսիք են «Armenian Beauty Junior» և «Miss Yerevan Junior» մրցույթները)։

Էլինան ունի ինստագրամյան ակտիվ էջ, որտեղ կիսվում է իր փորձով, տեղադրում տեսանյութեր իր նոր նկարահանումներից և այս հարթակում արդեն ունի երկրպագուների իր բանակը, որոնք հաճախ հայտվում են այն բոլոր վայրերում, որտեղ փոքրիկը նկարահանումներ է ունենում։

Տաղանդավոր փոքրիկի սիրելի ոլորտներից է նաև  լատինաամերիկյան պարերը։ Այս պարաձևով Էլինան զբաղվում է պրոֆեսիոնալ մակարդակով և այստեղ նույնպես բազմաթիվ հաջողություններ է գրանցել։

«MFA» ամսագրի «MFA Junior» հարթակում Էլինան ունենալու է իր ուրույն դերակատարումը․ սպասե՛նք նոր զարգացումների։