6 Ֆիլմ, որոնք կօգնեն զարգացնել վիզուալ ճաշակը
Աշխարհում ամեն վայրկյան մեծ քանակությամբ բովանդակություն է ստեղծվում։ Ստեղծվող բովանդակության մեծ մասը հրապարակվում է սոցիալական ցանցերում։
Սոցիալական ցանցերում ստեղծված բովանդակության հաջողությունը մեծապես կախված է նրա վիզուալ հատվածի որակից․ իսկ որակյալ վիզուալ բովանդակություն կարողանում են ստեղծել այն անհատները, ովքեր ունեն զարգացած երևակայություն և վիզուալ ճաշակ։
Ժամանակակից աշխարհում վիզուալ ճաշակ ունեցող անձինք առավել արդյունավետ են, քանի որ նրանց ստեղծած բովանդակությունն ավելի մեծ ուշադրության է արժանանում և մարքեթինգային հզոր գործիք հանդիսանում։
Մենք վիզուալ ճաշակի կարևորությունը դիտարկեցինք սոցիալական ցանցերում բովանդակություն ստեղծող անհատների և կազմակերպությունների պահանջմունքների տեսանկյունից, սակայն չնշեցինք, թե ինչպիսի հզոր ազդեցություն ունի նշված կարողության զարգացումը նորաձևության, արվեստի և ստեղծարարության հետ փոխկապակցված այլ ոլորտներում։ Վիզուալ ճաշակի զարգացումը նորաձևություն, արվեստ, դիզայն, լուսանկարչություն, ռեժիսուրա ուսումնասիրող անհատների համար ուղղակի անհրաժեշտություն է։
Իսկ ի՞նչ է վիզուալ ճաշակը և արդյո՞ք հնարավոր է այն զարգացնել։
Վիզուալ ճաշակը գեղեցիկը տեսնելու և այն վերարտադրելու կարողությունն է։ Ինչպես արվեստաբանն է ընդունակ հասկանալու, թե կտավներով լի սենյակում, որոնք են իրական արվեստի գործերը և որոնք՝ ոչ, այնպես էլ վիզուալ ճաշակ ունեցող անձն է կարողանում տարբերակել գեղեցիկն ու տգեղը, ճաշակովն ու գռեհիկը։
Ոչ ոք չի ծնվում զարգացած վիզուալ ճաշակով․ այն զարգանում է կյանքի ընթացքում՝ անձի ունեցած վիզուալ «փորձառության» հիման վրա։ Դա այնպիսի կարողություն է, ինչպիսին գրելը, կարդալը, պարելը։
Վիզուալ ճաշակը զարգացնելու բազմաթիվ մեթոդներ կան։ Ամենատարածված մեթոդը սոցիալական հարթակներում էսթետիկ և որակյալ բովանդակություն ստեղծող օգտատերերին հետևելն է (բլոգերներ, դիզայնի ստուդիաներ, նկարիչներ, լուսանկարիչներ, արվեստաբաններ, ոճաբաններ, դիզայներներ և այլն), վիզուալ բովանդակություն ստեղծող կայքերի ուսումնասիրությունը (Behance, Pinterest), տպավորիչ նկարագրություններ պարունակող գրականության ընթերցումը, այցը թանգարաններ, նորաձևության ցուցադրությունների հետևելը, արվեստի պատմություն ուսումնասիրելը և այլն։
Վիզուալ ճաշակ զարգացնելու ամենաարդյունավետ ճանապարհներից մեկը տպավորիչ տեսարաններով հարուստ, հետաքրքիր կոմպոզիցիոն և լուսային հնարքներով հագեցած ֆիլմեր դիտելն է։
Իսկ որո՞նք են այդ ֆիլմերը։
Ստորև ներկայացված է 6 ֆիլմ, որոնք տպավորիչ վիզուալ փորձառություն են խոստանում։
«Կգոյատևեն միայն սիրահարները»
(“Only lovers left alive”, “Выживут только любовники”)
Թողարկման տարեթիվ՝ 2013 թ.
Ժանր՝ դրամա, թրիլլեր, ֆենթզի
Երկիր՝ Գերմանիա
Ռեժիսոր՝ Ջիմ Ջարմուշ
Ռեժիսոր Ջիմ Ջարմուշի՝ «Կգոյատևեն միայն սիրահարները» ֆիլմի նկարահանման աշխատանքները տևել են մոտավորապես 8 տարի։ Ֆիլմի ստեղծման այս երկար ժամանահատվածը բացատրվում է պատշաճ ֆինանսավորման բացակայությամբ․ ֆիլմը ֆինանսավորող կազմակերպությունները փորձում էին նրանում իրենց պատկերացումների փոփոխություններն անել, մինչդեռ Ջարմուշն ուզում էր այն նկարահանել այնպես, ինչպես ինքն էր տեսնում։
«Կգոյատևեն միայն սիրահարները» վամպիրների մասին նկարահանված թերևս ամենառոմանտիկ ֆիլմն է։
Ֆիլմը հավերժ սիրահար վամպիր ամուսինների՝ Ադամի ու Եվայի մասին է։ Վամպիրների թեմատիկան այստեղ երկրորդական նշանակություն ունի, կարելի է ասել՝ ֆիլմի մակերեսային շերտն է, իսկ ավելի խորը շերտերում ականատեսն ենք լինում սիրո գեղեցիկ պատմության, ստանում էսթետիկայի մեծ չափաբաժին, որն արտահայտվում է խորհրդանշական անունններով կնոջ և տղամարդու ներդաշնակ հարաբերությունների պատկերման, նրանց շրջապատող աշխարհը ցուցադրող տեսարանների էսթետիկ վիզուալիզացիայի դրսևորումներում։
Ադամը և Եվան մեր մոլորակում ապրում են դարեր ի վեր, հաճախ՝ իրարից հեռու, սակայն մեկն առանց մյուսի ապրել չի կարող։ Եվան ապրում է Տանժերում՝ քաղաք, որտեղ խորհրդավորության քողի տակ ծածկված հին մշակույթը հիասքանչ կերպով միահյուսված է ժամանակակից կյանքի հետ։ Ֆիլմի ընթացքում հերոսուհին քայլում է Տանժերի փողոցներով ու բակերով՝ ֆիլմը դիտող հանդիսատեսին հնարավորություն տալով հիանալ քաղաքի կոլորիտով և աչք շոյող ճարտարապետությամբ, մինչդեռ մռայլ և ռոմանտիկ Ադամն իրեն «բանտարկել» է Դեթրոյթի իր բնակարանում և արտաքին աշխարհի հետ շփումն իրականացնում է՝ ելնելով միայն արյուն հայթայթելու անհրաժեշտությունից։
Ֆիլմի կենտրոնում իրար սիրող տղամարդու և կնոջ գեղեցիկ հարաբերություններն են․ այս հարաբերություններն այնքան ներդաշնակ են, որ միակ կոնֆլիկտը թերևս շրջապատող աշխարհի իրականությունն է, որում նրանք շարունակ ստիպված են պայքարել արյան համար։ Քաղաքից քաղաք, երկրից երկիր տեղափոխվելը նրանց համար խնդիր չէ․ չէ՞ որ աշխարհը լի է հիասքանչ երաժշտությամբ, ճարտարապետությամբ, պոեզիայով, դրամատուրգիայով, գեղանկարչությամբ և գիտությամբ, որոնց մասին նրանք կարող են ժամեր շարունակ խոսել և չհոգնել․ այս երևույթներն իրենց գեղեցկությամբ փոխհատուցում են հերոսների կրած անհանգստությունը։
Ադամի ու Եվայի հարաբերությունները պատկերելով՝ ռեժիսորն ասես ցանկանում է ցույց տալ, որ երջանկությունը շատ մոտ է․ այն առաջին հայացքից պարզ թվացող երևույթների մեջ է․ Ադամն ու Եվան հաճույք են ստանում ուղղակի կողքի կողքի պառկելուց, միմյանց հետ արվեստի, գիտության, աշխարհի ու կյանքի մասին զրուցելուց, գիշերային քաղաքով զբոսնելուց․ նրանք բացահայտել են երջանկության գաղտնիքը։
«Մեծն Գեթսբին»
(“The Great Gatsby”, “Великий Гэтсби”)
Ժանր՝ դրամա, մելոդրամա
Թողարկման տարեթիվ՝ 2013 թ․
Երկիր՝ Ավստրալիա, ԱՄՆ
Ռեժիսոր՝ Բազ Լուրման
«Մեծն Գեթսբի»-ն ամերիկյան հեղինակավոր գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի համանուն վեպի էկրանավորումն է։
Համաշխարհային կինեմատոգրաֆիայում գրական ստեղծագործությունների հիման վրա նկարահանված շատ փոքրաթիվ ֆիլմեր կան, որոնք գերազանցում են գրքին․ «Մեծն Գեթսբի»-ն եթե նույնիսկ չի գերազանցում, ապա համանուն գրքի հետ քայլում է համահավասար՝ կողք կողքի։
Ֆիլմը նկարահանվել է 2013 թվականին և արժանացել «Օսկար»-ի՝ դեկորացիայի և կոստյումների համար․ իսկ «Օսկար» այսպիսի պատասխանատու անվանակարգում հենց այնպես չեն շնորհում։
Ֆիլմը իրապես հիասքանչ կերպով փոխանցում է 20-ական թվակաների շունչը․ տպավորիչ դեկորներ, շքեղ գեստներ, կարճ սանրվածքներ, փետուրներով ու մարգարտյա քարերով աքսեսուարներ, հիասքանչ դերասանական կազմ և խաղ․ էլ ի՞նչ է պետք՝ էսթետիկ հաճույք ստանալու և որակյալ ժամանց ունենալու համար։
Ֆիլմի կենտրոնում խորհրդավոր միլիարդատեր Ջեյ Գեթսբիի մեծ սերն է Դեյզի անունով կնոջ հանդեպ․ սեր՝ հանուն որի հասնում են բարձունքների, աճում են, փոխվում, զարգանում, հզորանում և, միևնույն ժամանակ, հենց այս նույն սիրո պատճառով՝ թուլանում, դառնում խոցելի, պարտվում։ Այսպիսին էր Ջեյ Գեթսբիի սերը, իսկ նա, ինչպես նրան նկարագրում է ֆիլմի մեկ այլ հերոս՝ Նիք Քերըուեյը, «ոչ թե տղամարդ էր, այլ հուսավառ դեռահաս՝ աշխարհում իր տեսակի մեջ ամենահիասքանչը»։ Հիասքանչ, քնքուշ ու գեղեցիկ էր նաև նրա սերը․ այսպիսի սիրո մասին պատմող ֆիլմը դիտել և վայելել է պետք։
Ֆիլմի ավարտից հետո լցվում ես թախիծով, և ցանկություն է առաջանում գրկել Ջեյին ու նրան անվերջ հիացական խոսեր ասել՝ իր անաղարտ սիրո և անմնացորդ նվիրման ընդունակ սրտի համար։
«Գիշերվա քողի տակ»
(“Nocturnal Animals”, “Под покровом ночи”)
Ժանր՝ դրամա, թրիլլեր
Թողարկման տարեթիվ՝ 2016 թ․
Երկիր՝ ԱՄՆ
Ռեժիսոր՝ Թոմ ֆորդ
«Գիշերվա քողի տակ» ֆիլմի ռեժիսորը հանրահայտ դիզայներ, TOM Ford բրենդի հիմնադիր Թոմ Ֆորդն է, ով վերջին տարիներին ակտիվ գործունեություն է իրականացնում նաև կինոյի աշխարհում։
Թոմ Ֆորդը հայտնի է որպես վիզուալ ոճավորման հզոր վարպետ, ինչի ականատեսը դառնում ենք՝ դիտելով նրա ֆիլմերը։ Այնուամենայնիվ, հետաքրքրական է այն հանգամանքը, որ այս ֆիլմը նկարահանելիս Ֆորդը չի տրվել գայթակղությանը և չի նկարահանել «ուղղակի գեղեցիկ ֆիլմ»․ նա, կարելի է ասել, ֆիլմում չի ներդրել դիզայների և ոճաբանի իր ողջ տաղանդը, քանի որ չի ցանկացել, որ դրամատուրգիան այդ ամենի արդյունում որևէ կերպ տուժի։
Ֆիլմում թվում է իրար հետ կապ չունեցող, սակայն իրականում սերտորեն փոխկապակցված երկու զուգահեռ իրականություն է ներկայացվում․ մեկում բարձրաշխարհիկ կյանքով ապրող միջին տարիքի կնոջ՝ Սյուզանի կյանքն է, մյուսում՝ Սյուզանի նախկին ամուսնու գրքում նկարագրված ողբերգական պատմությունը։
Սյուզանը, թվում է, ունի ամեն ինչ՝ սիրելի աշխատանք, հաջողակ ամուսին, կապեր, սակայն խորապես դժբախտ է։ Թվացյալ նախանձելի կարգավիճակում գտնվող կինն իր մեծ տան մեջ իրեն միայնակ է զգում․ ամուսինը շարունակաբար դավաճանում է, չի երջանկացնում նաև աշխատանքը, իսկ բարձրաշխարհիկ դատարկ երեկույթներն ու դրանց մասնակիցներն արդեն ձանձրալի են դարձել։
Այս հոգեվիճակում Սյուզանն անակնկալ կերպով ստանում է նախկին ամուսնու՝ Էդվարդի՝ իրեն նվիրված նոր գրքի օրինակը։
Գրքում ներկայացվում է մի ողբերգական պատմություն, որտեղ տղամարդը փորձում է վրեժ լուծել կնոջն ու դստերը դաժանաբար սպանած հանցագործներից․ տխուր պատմություն, որտեղ պարտվելու են բոլորը։
Իսկ ինչպե՞ս են փոխկապակցված վեպը և Սյուզանի ու Էդվարդի պատմությունը։ Էդվարդը գրքի հանցագործների առանձնակի դաժանությունը նույնացնում է Սյուզանի՝ իր հանդեպ վերաբերմունքի հետ․ Սյուզանն իր հետ վարվել էր այնպես, ինչպես հանցագործները պատմության հերոսի ընտանիքի հետ․ Սյուզանը սպանել էր իրենց սերը, երեխային (իմանալով հղիության մասին՝ ազատվել էր երեխայից) և իր մեջ ապրող նկարչին․ նա խորտակել էր Էդվարդի կյանքը։
Ֆիլմի եզրափակիչ հատվածում Սյուզանը ռեստորանում սպասում է Էդվարդին․․․Իսկ թե ինչ է տեղի ունենում ամենավերջում, նայեք և մեկնաբանեք ինքներդ։
«Մեծն գեղեցկություն»
(“The Great Beauty”, “Великая красота”)
Ժանր՝ արտ հաուս, դրամա, կատակերգություն
Թողարկման տարեթիվ՝ 2013 թվական
Երկիր՝ Իտալիա
Ռեժիսոր՝ Պաոլո Սորրենտինո
Ֆիլմը 65-ամյա լրագրող, Հռոմի բարձրաշխարհիկ երեկույթների մշտական մասնակից Ջեփ Գամբարդելլայի բոհեմական կյանքի և հավերժական քաղաքի փողոցներում նրա մտորումների մասին է։ Գամբարդելլան գրող էր համարվում, սակայն ողջ կյանքի ընթացքում ընդամենը մեկ գիրք էր գրել, այն էլ՝ 40 տարի առաջ։
Ֆիլմում չկա սյուժե, չկան կտրուկ զարգացումներ, չկա սկիզբ և ավարտ․ այս ֆիլմի համար սրանք «ոչ պիտանի բաներ» են, իսկ նրանց «պակասը» լրացնում են Հռոմի տեսարժան վայրերի տպավորիչ պատկերները, քաղաքականության մասին դատարկ զրույցները, ժամանակակից արվեստի գործերի ցուցադրությունները և անցյալի մասին հիշողությունները․ անցյալում կյանքը իմաստ ուներ ուներ, որովհետև դեռ ամեն ինչ առջևում էր։
Ջեփը Հռոմի բոհեմական կյանքի կարկառուն ներկայացուցիչներից է։ Այս կյանքը վաղուց կորցրել է իր նպատակը և ոգեղենությունը, և Ջեփը վաղուց արդեն հոգնել է դրանում առկա ձևականությունից, մարդկանց երկերեսանիությունից և դատարկությունից, իսկ դերասան Տոնի Սերվիլլոն ծեր փիլիսոփայի կերպարը ներկայացնում է լավագույնս։
Գամբարդելլայի աչքերում նույնիսկ ժպտալիս շարունակ տխրություն, հոգնություն և ափսոսանք է նշմարվում․ ծանր է գիտակցելը, որ ամեն ինչ անցյալում է․ իսկ աշխարհում էլ ո՞ր քաղաքը կարող էր արտահայտել անցյալի հանդեպ կարոտը, եթե ոչ Հռոմը․ «Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ»․ արվեստների և գիտության հին մայրաքաղաքն այժմ ուղղակի ուղղակի տուրիստական կենտրոն է դարձել։ Սորրենտինոյի օբյեկտիվում Հռոմը ներկայացվում է որպես հակադրությունների քաղաք․ հին հրապարակների, ճարտարապետական շինությունների տեսարանները փոխարինվում են դիզայներական լուծումներով հագեցած շինությունների և տանիքների վրա անցկացվող աղմկոտ երեկույթների տեսարաններով, և քաղաքի յուրաքանչյուր կետում տեսանելի է երբեմնի հզոր քաղաքակրթության շուքն ու վեհությունը։
«Մեծն գեղեցկություն»-ը գեղեցիկ և, միևնույն ժամանակ, տխուր պատմություն է ոգեղենության և իմաստի փնտրտուքի մասին։
«Գրանդ Բուդապեշտ հյուրանոց»
(“The Grand Budapest Hotel”, “Отель Гранд Будапешт”)
Ժանր՝ կատակերգություն, դետեկտիվ, արկածային, կրիմինալ
Թողարկման տարեթիվ՝ 2014 թ․
Երկիր՝ Գերմանիա
Ռեժիսոր՝ Ուես Անդերսոն
Կան ֆիլմեր, որոնց դեպքում՝ սյուժեն երկրորդական նշանակություն ունի․ «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց»-ը հենց այս ֆիլմերից է։ Ֆիլմը դիտելիս նախ՝ փորձում ես «հաշտվել» նրա անսովոր սյուժեի և նույնքան անսովոր «թեթևության» հետ, այնուհետև՝ ինչ-որ պահի, հասկանում ես, որ սյուժեն այլևս կարևոր չէ, քանի որ արդեն հայտնվել ես ֆիլմի վիզուալ կախարդանքի տիրույթում և վայելում ես նրա վառ գույները, հարուստ կոմպոզիցիոն հնարքներն ու գեղեցիկ տեսարանները։
Ֆիլմը պատմում է հյուրանոցային կոնսիերժ Գուստավի և Զերո Մուստաֆայի արկածների մասին․ կողոպուտ, հետապնդումներ, կրակոցներ և, վերջիվերջո, սեր։ Նշվածը,սակայն, ինչպես նշեցինք, կարևոր չէ․ կարևորը հզոր էսթետիկ փորձառությունն է։ Ֆիլմի հատկանշական կողմերից մեկը կոմպոզիցիոն համաչափությունն ու կադրերի հստակությունն է։
Եվս մեկ հատկանշական կողմ են հանդիսանում ֆիլմի հերոսների կերպարները․ Անդերսոնը սիրում է տարօրինակություններ ունեցող կերպարներ ստեղծել։ Այս կերպարների կոստյումները, սանրվածքը և արտաքինը ֆիլմը դիտող հանդիսատեսի հիշողության մեջ երկար են պահպանվում (Զերոյի ծիծաղելի բեղերը, նրա ընկերուհու՝ Ագաթայի դեմքի խալը կամ Գուստավի ընկերուհի մադամ Սելինի նրբաոճ զգեստապահարանը):
Ֆիլմը և Ուես Անդերսոնը մեզ սովորեցնում են, թե ինչ կարևոր է ուշադրությունը դետալների հանդեպ․ ընդունարանի սեղանի, գնացքի վագոնի, նույնիսկ թխվածքաբլիթների տուփերի դիզայնը մտածված է ամենամանրակրկիտ կերպով և ռեժիսորի վիզուալ ճաշակի արտահայտումն է հանդիսանում։
«Անկում»
(“The Fall”, “Запределье”)
Ժանր՝ արկածային, ֆենթզի
Թողարկման տարեթիվ՝ 2006 թ․
Ժանր՝ դրամա, թրիլլեր, ֆենթզի
Երկիր՝ ԱՄՆ, Հնդկաստան
Ռեժիսոր՝ Թարսեմ Սինգհ
Դերասան, կասկադյոր Ռոյը անհաջող թռիչքից հետո հաշմանդամություն է ստանում և հայտնվում հիվադանոցում։ Այստեղ ծանոթանում է ձեռքի կոտրվածքով հիվանդանոցում հայտնված Ալեքսանդրիա անունով փոքրիկ աղջնակի հետ և սեփական սուիցիդալ տրամադրությունները ցրելու նպատակով սկսում է աղջնակի համար արկածներով, վտանգներով և հիասթափություններով լի պատմություններ հորինել։
Ֆիլմի գրեթե ողջ սյուժեն հիմնված է Ռոյի հորինած պատմությունների վրա, սակայն ինչպես նախորդ ֆիլմում, այս ֆիլմում ևս սյուժեն մեծ կարևորություն չի ներկայացնում․ այստեղ էականը հիասքանչ տեսարաններն են, աներևակայելի գեղեցկություն ունեցող վայրերի պատկերները, ոճային կոստյումները, վառ կերպարները․․․
Ֆիլմի կոստյումների հեղինակը ճապոնացի լեգենդար դիզայներ Էյկո Իսիոկան է, իսկ ֆիլմը նկարահանվել է տասնութ երկրի տարածքում։
Ֆիլմի հատկանշական կողմերից մեկն այն է, որ նրանում սյուժեի զարգացումները կախված են գլխավոր հերոսի՝ Ռոյի հոգեվիճակից․ պատմության մտացածին հերոսների կյանքը կարող է ընդհատվել է այն պահին, երբ Ռոյն այլևս չի ուզում ապրել։ Նշվածը ցույց է տալիս, թե որքան զորեղ է հոգեվիճակի ազդեցությունը մեր կայացրած որոշումներում։