«Tending the Frenzy»․ հայ ժամանակակից արտիստների խմբակային ցուցահանդեսը՝ Latitude Art Space-ում
Ապրիլի 27-ին Երևան Բիենալե արվեստի հիմնադրամը հայ արվեստասեր հասարակությանը հրավիրում է ժամանակակից արվեստի տպավորիչ փորձառության․ հիմնադրամի՝ «Latitude Art Space» արվեստի կենտրոնում տեղի կունենա «Tending the Frenzy» անվանումը կրող ցուցահանդեսը, որին իրենց մասնակցությունն են ցուցաբերում ավելի քան 20 արտիստ։
«Tending the Frenzy»-ն հիմնադրամի արտիստների առաջին խմբակային ցուցահանդեսն է։
Ցուցահանդեսի կազմակերպիչները ներկաներին տպավորիչ, արվեստով և միստիկայով լեցուն երեկո են խոստանում․ այցելուները հնարավորություն են ունենալու վայելել հայ ժամանակակից արտիստների գործերը՝ «Uru» խմբի մեղեդային կատարումների ներքո․ արվեստի շնչով և պոեզիայով համեմված հնչյունները ներկաներին միստիկ ճամփորդության կտանեն և հուզական նոր փորձառություն կպարգևեն, իսկ «Meyron» անուշաբույր գինու գավաթները տեղի ունեցողի զգայական ընկալումն ավելի խորն ու տպավորիչ կդարձնեն։
Ցուցահանդեսի ողջ ընթացքում այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու հիմնադրամի արիտիստների կողմից նախատեսված պերֆորմանսներին, աշխատարաններին և վարպետաց դասերին։
Խմբակային ցուցահանդեսի մասնակից արտիստների թվում են Սամվել Սաղաթելյանը, Արմեն Հակոբջանյանը, Գարո Արդազը, Էլզա և Լիլիթ Եղիազարյանները, Սիրին Անուշը, Սամսոն Բասենցյանը և այլն։
Յուրաքանչյուրս մեզ բաժին հասած փորձությունների և դժվարությունների դեմ պայքարում ենք յուրովի․ ցուցահանդեսի շրջանակում ներկայացված յուրաքաչյուր արտիստ խելահեղության և քաոսի հետ իր առանձնահատուկ փոխհարաբերությունն ունի։ Որոշների համար գեղանկարչությունը մեդիտատիվ փորձառություն է, այլոց համար՝ ճանաչողական գործընթաց, սակայն նրանցից յուրաքանչյուրի համար արվեստը դարձել է փախուստի վայր, որտեղ վերջիններս դեմ առ դեմ հանդիպում են քաոսին, գտնում նրա հետ փոխհարաբերության սեփական ուղին, ինչի արդյունքում էլ ծնվում են արվեստի գործերը։ Թե ինչ արվեստի գործեր են ծնվել այս հետաքրքիր «փոխհարաբերության» արդյունքում, կբացահայտենք՝ այցելելով ցուցահանդեսը։