Հինավուրց պատմության լուռ վկան․ Անահիտի բրոնզաձույլ արձանը Երևանում է

Sep 22, 2024 - 16:19
Sep 22, 2024 - 20:59
Հինավուրց պատմության լուռ վկան․ Անահիտի բրոնզաձույլ արձանը Երևանում է

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ  «Մայր աստվածություն. Անահիտից՝ Մարիամ» խորագիրը կրող ցուցադրության բացման արարողությունը, որի շրջանակում թանգարանի աշխատակազմը մեդիա ընկերությունների ներկայացուցիչներին ներկայացրեց «Բրիտանական թանգարանից» Հայաստան տեղափոխված՝ Անահիտ աստվածուհու՝ հայտնի բրոնզե արձանի գլուխը և ձեռքը։

Ցուցադրության շրջանակում ներկայացվեց նաև ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից․ ցուցադրված նմուշներն ամփոփում էին Մայր աստվածության գաղափարը՝ նեոլիթյան ժամանակաշրջանից մինչ մեր օրեր։

Բացման արարողության սկիզբն ազդարարեց հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ 

Ներկաներին շնորհակալություն հայտնելով ցուցադրության հանդեպ աննախադեպ մեծ հետաքրքրության համար՝ Պողոսյանը ներկայացրեց մանրամասներ՝ ցուցահանդեսի կազմակերպման գործընթացից։

«Ցուցահանդեսն աննախադեպ է․ կազմակերպված է նոր ձևաչափով։ Սովորաբար նման մասշտաբի ցուցահանդեսների կազմակերպման համար երկուսից երեք տարի ժամանակ է պահանջվում․ մենք շատ ուրախ ենք, որ մեզ հաջողվեց այն իրականություն դարձնել շատ կարճ ժամանակահատվածում»,- նշեց Պողոսյանը։

Մեր թվարկությունից առաջ երկրորդից առաջին դարերին թվագրվող Անահիտի բրոնզե արձանի մասունքներն առաջին անգամ հայտնաբերվել են 1800-ական թվականներին՝ Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգում։ Հողագործական աշխատանքների ժամանակ դրանք գտել է հասարակ մի գյուղացի։ Արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, այնուհետև՝ Իտալիա․ հենց այստեղ էլ այն վաճառվել է մի կոլեկցիոների, որն էլ հետագայում այն հանձնել է Բրիտանական թանգարանին։

Մայր աստվածուհու պաշտամունքը Հայկական լեռնաշխարհում սկիզբ է առել դեռևս Քարե դարում և դարերի ընթացքում կրելով ժամանակի ազդեցությունները՝ ենթարկվել փոփոխությունների։

Անահիտն արտահայտել է ծնող և վերարտադրող կնոջ բնույթը և հանդիսացել տոհմի շարունակականության խորհրդանիշը։

Ժամանակի ընթացքում Անահիտը ստացել է նաև այլ գործառույթներ․ համարվել է երկրագործության խորհրդանիշը, ընտանիքի բարեկեցության երաշխավորը, բժշկողը, հելլենիստական շրջանում համարվել նաև ռազմի աստվածուհի։

Համարվելով հայկական դիցարանի գլխավոր աստվածություններից մեկը՝ Անահիտը ժողովրդի կողմից տարբեր անվանումներ է ստացել․ նրան կոչել են Ոսկեմայր, Սնուցող մայր, Մեծ տիկին, Ոսկեծղի, Ոսկեմատն։

Անահիտն ավանդաբար համեմատվել է այլ դիցարանների այնպիսի աստվածուհիների հետ ինչպիսիք են Արտեմիսը, Նանեն, Աֆրոդիտեն, Աթենասը, Կիբելեն, Տյուխեն, Նիկեն և այլն։

Մինչքրիստոնեական Հայաստանի մշակույթը ներկայացնող բարձրարժեք նմուշի պահպանության համար Բրիտանական թանգարանը խիստ կանոններ է սահմանել․ թանգարանն իր անձնագրով բոլոր նմուշների համար հատուկ սահմանված պահանջներ ունի։

Սահմանափակումները վերաբերում են ցուցանմուշների տեսանկարահնմանման և լուսանկարահանման, ցուցանմուշների պահպանության կանոններին, լույսի ազդեցության սահմանաչափին և այլն։

Ցուցադրությությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Կերոն» զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Առաջիկա վեց ամսիների ընթացքում հայ հասարակությունը Անահիտի արձանի մասունքները տեսնելու հնարավորություն կունենա յուրաքանչյուր աշխատանքային օր։