Նորաձևության կրթության մարտահրավերները Հայաստանում. հարցազրույց Միսակ Հաճի-Ավետիքյանի հետ
Երևանյան հավերժական խցանումների պատճառով մոտ 30 րոպե ուշացա հարցազրույցից։ Երբ հասա սրճարան, Միսակն արդեն վայելել էր իր սուրճը, և երբ ամաչելով ներողություն խնդրեցի՝ ուշացման համար, իրեն հատուկ բարեսրտությամբ արձագանքեց, որ անհանգստության պատճառ բացարձակ չկա․ նա իր ժամանակը վատ չի անցկացրել․ ավելին՝ հասցրել է համեղ սուրճ խմել։
Ես էլ պատվիրեցի ի՛մ սուրճը, և սկսեցինք։
Միսա՛կ, որպես փորձառու դիզայներ և fashion խորհրդատու՝ ինչպե՞ս եք գնահատում հայկական նորաձևությունն այսօր։
Նախ՝ պետք է նշեմ, որ հայկական նորաձևությունն այսօր առաջընթաց է ապրում, հատկապես՝ եթե համեմատում ենք այսօրվա իրականությունը նախորդ տարիների հետ։
Առաջին անգամ Հայաստան եկել եմ 2016-ին, հիմա՝ տարին երեքից չորս անգամ եմ գալիս և ամեն անգամ այցելելիս՝ շատ մեծ փոփոխություն եմ տեսնում։
Հատկապես ինչու՞մ է արտահայտվում այս փոփոխությունը։
Փոփոխությունը նկատելի է թրենդերի և նորաձևության հանդեպ դիզայներների մոտեցումներում։
Հայ դիզայներներն այլևս սկսել են համահունչ հավաքածուներ ստեղծել, սկսել են թեմաներ առաջ բերել, մուդ բորդերով աշխատել․ սկսել են հավաքածուի ստեղծման փուլերն ու ընթացքն ավելի լավ պատկերացնել։
Երեք տարի առաջ դասավանդեցի հայ դիզայներների մի խմբի և դասընթացի ընթացքում սովորեցրեցի, թե ինչպիսինն է լինում դիզայնի պրոցեսը։
Հիմա դիզայներներն այդ ամենն ավելի ճիշտ են պատկերացնում։
Իսկ մինչ այդ նրանք լավ չէ՞ին պատկերացնում ողջ գործընթացը, ճիշտ չէի՞ն աշխատում։
Այո՛, լավ չէին պատկերացնում։ Հայ դիզայներների հետ ունեցած վարպետության դասերի ընթացքում հասկացա, որ նրանց այնքան էլ ծանոթ չէ այդ պրոցեսը․ հաճախ հավաքածուի մեկ նմուշի գծագրությունը մյուսի հետ կապ չէր ունենում կամ այդ նմուշները միմյանց հետ փոխկապակցված էին լինում միայն գործվածքով և գույնով, այնինչ՝ դա սխալ է․ միայն կտորը և գույնը միմյանց նմանեցնելը բավարար չէ՝ համահունչ հավաքածու ստեղծելու համար։ Պետք է գաղափարը, դետալներն էլ նման լինեն․ նրանց հավաքածուների՝ դեպքում՝ ամեն ինչ շատ խառն էր։
Մինչև օրս էլ երբ այցելում եմ հայ դիզայներների արտադրանքը վաճառող խանութներ, տեսնում եմ դիզայներական հավաքածուներ, որոնց նմուշներին նայելիս տպավորություն է առաջանում, թե դրանք տարբեր հավաքածուների են պատկանում։
Շատ եմ կարևորում նաև դիզայների անհատականության և բրենդի ինքնության հարցը։
Անցյալ անգամ այս թեմայով խոսել ենք։
Այո՛, խոսել ենք։ Ինքնությունը շատ կարևոր է․ դիզայներական հավաքածուին նայելիս պետք է զգաս դիզայների անհատականությունը։
Իհարկե, ուրույն ձեռագիր ձևավորելը հեշտ բան չէ․ որոշ դիզայներների հաջողվում է դրան հասնել առաջին հավաքածուն ստեղծելիս անգամ, երբեմն դիզայները մի քանի սեզոն փորձում է, մի քանի հավաքածու է ստեղծում և այս ամենի ընթացքում է գտնում իր ոճն ու ձեռագիրը, անշուշտ, կան նաև դիզայներներ, որոնք չեն կարող ինքնություն ունենալ․ այդ պատճառով էլ նմանվում են այլ դիզայներների։
Իսկ կասե՞ք՝ այսօր Հայաստանում քանի դիզայներ կա, որ ունի անհատականություն․ կարծում եմ՝ այդ թիվը մեծ չէ։
Այո՛, նրանց թիվը շատ փոքր է․ մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել։ Ինձ դուր են գալիս Soncess-ի, Loom Weaving-ի գործերը․ Ինգայի գործերը շատ եմ սիրում և հաճախ եմ կրում։ Կարծում եմ՝ Ինգան կարող է ավելին և հայկական շուկային շատ ավելին կարող է տալ (Loom Weaving բրենդի հիմնադիր Ինգա Մանուկյանի մասին է):
Դե Արիգայի (դիզայներ Արիգա Թորոսյանի մասին է) անհատականությունը կարծում եմ՝ երևացել է հենց առաջին օրվանից։
Հայաստանում նորաձևության կրթությունն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի․ ինչպե՞ս եք դուք գնահատում նորաձևության կրթության որակը Հայաստանում․ որո՞նք են գլխավոր խնդիրները։
Այս հարցը կարող եք ուղղել ցանկացած փորձառու դիզայներների, և յուրաքանչյուրը կփաստի ոլորտում մի շարք արդիական, մեծ խնդիրների մասին։
Ոլորտի գլխավոր խնդիրներից մեկը դասախոսների վարձատրության չափազանց ցածր մակարդակն է։ Երբ ես իմացա, թե որքան է կազմում հայկական նորաձևության բուհերում դասավանդող մասնագետների աշխատավարձը, զարմանք ապրեցի (այդ գումարը նույնիսկ ավտոմեքենայի վառելիք գնելու համար չի կարող բավականացնել)։ Ինչպե՞ս է հնարավոր այդպիսի ցածր վարձատրության պայմաններում որակյալ կրթություն ապահովել։
Վերը նշվածից զատ՝ ես կարծում եմ, որ տեղի նորաձևության բուհերի դասախոսների գիտելիքները բավարար չեն՝ որակյալ կրթություն ապահովելու համար․ նրանցից շատերը հնարավորություն չեն ունեցել ճամփորդել, ուստի՝ տեղյակ չեն ոլորտի ժամանակակից տեխնիկաներից և մոտեցումներից։
Օրեր առաջ զրուցում էի Արամ Նիկոլյանի հետ, և նա ասաց, որ որդին հետաքրքրված է նորաձևությամբ։ Ես նրան խորհուրդ տվեցի հնարավորության դեպքում՝ երեխային անպայման արտերկիր ուղարկել, և նա համաձայնեց ինձ հետ։
Վահանը (դիզայներ Վահան Խաչատրյանի մասին է) կրթություն է ստացել Իտալիայում, և մենք տեսնում ենք, որ նա նորաձևության հանդեպ լիովին այլ մոտեցում ունի։
Շատերն այս հնարավորությունը չեն ունեցել։ Նույնն էլ կարող եմ ասել Բեյրութի շատ դասախոսնեի մասին։ Եթե ես արտերկրում վարպետության դասեր անցած չլինեի, չէի ունենա այն գիտելիքները, որ այսօր ունեմ․ վարպետության դասեր կան, որ ողջ լիբանանյան շուկայում միայն ես եմ անցել (ես դրանք անցել եմ Լոնդոնում)։
Եթե դասախոսը մեկ վայրում մեկ տեխնիկա է ուսումնասիրել և այլ տեխնիկաների չի տիրապետում, չի կարող խորը գիտելիքներ տալ ուսանողին։
Ես իմ ուսանողներին գրքերով չեմ դասավանդում։
Շատ համալսարաններ օգտագործում են միայն մեկ գիրք, հաճախ՝ այլ համալսարանի կողմից տպագրված։ Կարծում եմ՝ նախ և առաջ՝ ամոթ է վերցնել այլ համալսարանի գիրքը և դրանով դասավանդել սեփական համալսարանում։
Իհարկե, գրքերում զետեղված ինֆորմացիայից նույնպես երբեմն օգտվում եմ (միայն որոշակի հատվածներ), դասընթացը կազմելիս առանձնացնում եմ այն տեխնիկաները, որոնք իմ կարծիքով արդյունավետ են, տեղադրում եմ նյութեր իմ անցած վարպետության դասերից, ուսումնասիրում եմ YouTube-ը և այնտեղից նույնպես դուրս եմ բերում օգտակար բաներ, որոնք կարելի է կիրառել․ մի խոսքով՝ այն ամենը, ինչ զգում եմ, որ օգտակար է, տրամադրում եմ ուսանողին։
Իմ դասավանդման պրակտիկայում, վստահաբար, շատ մեծ դերակատարում է ունեցել նաև իմ անցած ճանապարհը․ շատ բաներ ուսուցանում եմ՝ հենց հիմնվելով սեփական փորձի վրա․ այն մեթոդներն ու ձևերը, որոնք սովորել եմ իմ անցած ճանապարհի ընթացքում, փոխանցում եմ ուսանողիս։
Այդ ամենին ես մեծ ժամանակ եմ տրամադրել, ամբողջը մեկտեղել եմ, գրել, գծագրել, դարձրել եմ մեկ ամբողջական դասընթաց, որպեսզի ամեն ինչ համակարգված կերպով փոխանցեմ ուսանողներիս։
Ի՞նչ է անհրաժեշտ անել՝ իրավիճակը շտկելու համար։
Մեթոդները, որոնք կիրառվում են Հայաստանի նորաձևության բուհերի կողմից, շատ թերի են, և կարծում եմ՝ որակը չի լավանա, եթե արտերկրից մասնագետների չհրավիրվեն։
Բուհը պետք է պատրաստ լինի մեկ անգամ գումար վճարել, թեկուզ՝ մի փոքր շատ՝ հստակ գիտակցելով, որ դրանից կշահեն թե՛ իր մասնագետները, թե՛ ուսանողները․ դասախոսները և ուսանողները ոլորտի արդիական մեթոդների հետ կծանոթանան հրավիրված պրոֆեսիոնալներից, այնուհետև ստացված գիտելիքը կընդգրկվի դասացանկում և տարեցտարի կփոխանցվի ուսանողներին։
Որոշ ժամանակ առաջ հայ դիզայներների հետ վարպետության դասեր անցկացրեցի, որոնց շրջանակում վերջիններիս ծանոթացրեցի նորաձևության ասպարեզում արդիական տեխնիկաների հետ։ Հիմա տեսնում եմ, որ այդ դիզայներներից շատերը դասավանդում են հենց այն նույն տեխնիկաները, որոնք ես եմ սովորեցրել։ Սա շատ դրական երևույթ է։ Մեկ անգամ հրավիրի՛ր, գումա՛ր ծախսիր, գումար չունես՝ հովանավո՛ր գտիր, սակայն արա՛ դա, և դու կտեսնես, որ ակնկալվող արդյունքն իրեն սպասեցնել չի տա։ Նշվածը շատ կարևոր է, և այս պրակտիկան շատ բուհերի կողմից է կիրառվում։
Դասավանդող անձնակազմի գիտելիքների արդիականացումն ամոթ բան չէ․ հնարավորությունները կան, տաղանդավոր դիզայներները՝ կան․ մնում է աշխատել այս ուղղությամբ։
Պետք է նաև կայացնել նորաձևության խորհրդատվության ինստիտուտը։ Բեյրութում իմ գործունեության ուղղություններից մեկը հենց խորհրդատվությունն է։
Հայաստանում նորաձևության խորհրդատվության ինստիուտը գրեթե գոյություն չունի։
Անշուշտ այդպես է։ Հաճախ բրենդ հիմնադրող անձը նորաձևության կրթություն չի ունենում, և այս առումով խորհրդատվության ինստիտուտը շատ կարևոր նշանակություն ունի։ Երբեմն բրենդը վերաբրենդավորման կարիք է ունենում, և այստեղ fashion խորհրդատուի դերը նույնպես կարևոր է։ Խորհրդատվության դիմելն ամոթ չէ․ Հայաստանում այս ինստիտուտը պետք է կայացնել։
Երբ ինձ մոտենում են՝ խորհրդատվոթյուն ստանալու համար, ամբողջությամբ ուսումնասիրում եմ տվյալ բրենդը և նրա գործունեությունը։ Պատահում է՝ դիզայներն արդեն հավաքածուն գծագրած է լինում․ նայում ենք, ուսումնասիրում, բացահայտում լավ և վատ կողմերը, քննարկում թեմայի ընտրությունը, գույները, կտորները և այլն։
Այսօր հայկական նորաձևությունն ունի լավ դերձակների, ձևարարների կարիք, և ի հակադրություն դրան՝ երիտասարդությունը վերը նշված մասնագիտություններով հետաքրքրված չէ։
Անշուշտ, իրավացի եք․ մերօրյա երիտասարդներն ուզում են դիզայներ դառնալ, սակայն չեն ուզում կարել։ Մինչդեռ այսօր լավ դերձակների ու ձևարարների կարիքը շատ կա։
Օրեր առաջ դիզայներներից մեկի հարցազրույցն էի դիտում, որտեղ վերջինս ասում էր, որ կոստյում կարող վարպետները Հայաստանում հիմնականում տարեց մարդիկ են, և երբ սերնդափոխություն լինի, նշված աշխատանքն անող չի լինի։
Ինչ խոսք, համաձայն եմ․ կարիքը շատ կա, մասնագետներ՝ ոչ։ Նույն խնդիրը նաև Բեյրութում է։
Երբ ես աշխատում եմ սեփական հավաքածուներիս համար, դժվարությամբ եմ դերձակներ գտնում ու շատ հաճախ բոլոր նմուշներն ամբողջությամբ ինքս եմ կարում։
Որպես դասախոս՝ երբ տեսնում եմ, որ ուսանողիս մեջ կա ձևարարության հանդեպ տաղանդ և ներուժ, փորձում եմ խրախուսել, փորձում եմ ավելին տալ և այնպես անել, որ նա սիրի այդ մասնագիտությունը։
Պետք է ասեմ, որ որպես դասախոս՝ ես բավականին խիստ եմ․ ուսանողներս կփաստեն դա, սակայն նրանք գիտեն, որ այդ ամբողջ դրաման ծառայում է միայն մեկ նպատակի՝ որպեսզի նրանք դասընթացից առավելագույնը քաղեն։
Եվս մեկ խնդիր, որ նկատել եմ հայ ուսանողների մեջ՝ ծուլությունն է։ Բեյրութի իմ ուսանողներն առավոտից երեկո աշխատում են, իսկ Հայաստանի ուսանողները մշտապես ծուլություն են դրսևորում, պարտաճանաչ չեն, կարող են մեկ անգամ գալ դասի, մի քանի օր՝ բացակայել։ Սա, իհարկե, շատ բանի մասն է խոսում։
Այուամենայնիվ, չնայած վերը նշվածին՝ աշխատում ենք Հայաստանի նորաձևության դաշտը զարգացնել։ Վերջին ժամանակներս խոսել եմ շատ մարդկանց հետ, որոնք ցանկություն ունեն Հայաստանում նորաձևության դպրոցներ բացել, համաշխարհային բրենդերի ֆրենչայզինգով զբաղվել, տարեցտարի նկատելի է հայկական բրենդերի առաջընթացը։
Լիահույս եմ, որ շուտով հայկական նորաձևությունը կհայտնվի նոր ու ավելի բարձր մակարդակի վրա, և մենք հպարտանալու առիթներ կունենանք։