Մայիսի երկուսին տեղի կունենա «Հայաստանի գեղեցկուհի» նախագծի եզրափակիչ շոուն

Apr 13, 2024 - 18:24
Apr 15, 2024 - 20:05
Մայիսի երկուսին տեղի կունենա «Հայաստանի գեղեցկուհի» նախագծի եզրափակիչ շոուն

Մայիսի երկուսին տեղի կունենա «Հայաստանի գեղեցկուհի» ազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ շոուն, որին իրենց մասնակցություն են ցուցաբերում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գեղեցկուհիներ՝ Երևանից, Հայաստանի մարզերից և Արցախից:

Մրցույթի կազմակերպիչը «Միսս Երևան» մշակութային հասարակական կազմակերպությունն է, որը հանդիսանում է «Միսս Երևան», «Միսս ուսանողուհի», «Միսս աշակերտուհի» և մի քանի այլ գեղեցկության մրցույթների արտոնագրերի սեփականատերը:

Նախագիծը մեկնարկել է ամիսներ առաջ: Քասթինգի արդյունքում ընտրվել է 16 մասնակից, որոնք շուրջ 3 ամիս մասնակցել են դեֆիլեի, էթիկայի, ազգային պարի դասընթացների, հաճախել ֆիտնես մարզումների՝ եզրափակիչ շոուին հավուր պատշաճի ելույթ ունենալու համար:

Մասնակից աղջիկների հետ աշխատել են ոլորտի լավագույն մասնագետները (Սեդա Մանուկյան, Գևորգ Մկրտչյան, Հովհաննես Ավագյան և այլն):

Նախագծի մեկնարկային փուլում և ընթացքում իրականացվել են թեմատիկ ֆոտոշարքեր և նկարահանումներ:

Մրցույթի գլխավոր ֆոտոշարքում մասնակից գեղեցկուհիները նկարահանվել են «Just Black Dot» բրենդի՝ «Սյունիք» հավաքածուի նմուշներով:


Հայկականության թեմատիկային անդրադարձ է կատարվել նախագծի բոլոր փուլերում, իսկ եզրափակիչ շոուի ժամանակ մասնակիցները կցուցադրեն ազգային էլեմենտներով հագեցած հավաքածուներ: 

Մրցույթի մեկնարկային փուլում մասնակից աղջիկները կազմակերպիչների կողմից հատուկ առաջադրանք են ունեցել. իրենց մասին պատմող տեքստերից զատ՝ վերջիններիս հանձնարարված է եղել գրել հայրենիքի մասին իրենց մտքերն ու հույզերը (այս տեքստերը հրապարակվել են մրցույթի սոցիալական ցանցերի էջերում՝ մեկնարկային ֆոտոշարքի հրապարակումներում): Հայրենիքի մասին մտքերը տեղ են գտել նաև մասնակիցների գլխավոր տեսաուղերձներում: 
 
Եզրափակիչ շոուի ժամանակ ցուցադրվելու է «Just Black Dot» բրենդի՝ «Պատրոնդաշ» և «Shadoyan Fashion» բրենդի երեկոյան զգեստների հավաքածուի նմուշները։
 
Մրցույթի կազմակերպիչները եզրափակչի ընթացքին հետևող ներկաներին իրապես տպավորիչ շոու են խոստանում. դիզայներական հավաքածուների ցուցադրություններից զատ՝ սպասվում են երաժշտական և պարային կատարումներ՝ սիրված արտիստների մասնակցությամբ:

Երեկոյի գլխավոր երաժշտական կատարման համար հատուկ ցուցադրություն է բեմադրվել. մրցույթի կուլմինացիոն ցուցադրությունն իրականություն կդառնա կենդանի կատարման հնչյունների ներքո, ինչից հետո մասնակից գեղեցկուհիները կսպասեն ժյուրիի քվեարկության արդյունքներին։