Գեղեցկության մրցույթների միֆն ու իրականությունը․ մեկնարկել է «Հայաստանի գեղեցկուհի» նախագիծը

Dec 12, 2023 - 00:12
Dec 12, 2023 - 23:08
Գեղեցկության մրցույթների միֆն ու իրականությունը․ մեկնարկել է «Հայաստանի գեղեցկուհի» նախագիծը

Հասարակության շրջանում գեղեցկության մրցույթների հանդեպ կարծրատիպային մոտեցում կա։ Նշված երևույթը մի շարք օբյեկտիվ պատճառներ ունի․ կանխակալ վերաբերմունք մրցույթի մասնակիցների հանդեպ, կապերի ու ծանոթությունների դրսևորման դեպքեր, «գեղեցկուհու» վաճառված տիտղոսներ և այլն։ Թվարկված բոլոր դեպքերը մեր երկրում, ցավալիորեն, ունեցել են իրենց նախադեպերը, և այս ամենի արդյունքում՝ նմանատիպ մրցույթների հանդեպ կարծրատիպային մոտեցում է ձևավորվել․ շատերն ուղղակի դրանց լուրջ չեն վերաբերում։

Մի կողմ դնենք ցավալի նախադեպերը և հասկանանք՝ ինչ նպատակ ունեն գեղեցկության մրցույթները, ինչ արժեք կարող են դրանք ստեղծել և ինչով են նպաստում ոլորտի զարգացմանը։

Բոլոր գեղեցկության մրցույթների գլխավոր նպատակներից մեկը նոր անունների բացահայտումն է, մրցույթի արդյունքում ընտրված գեղեցիկ կնոջ օրինակելի կերպարն ու նրա հեղինակությունը ի շահ հասարակության ծառայեցնելը և այս կերպարի միջոցով աշխարհին կարևոր ուղերձներ հղելը։ Ինչ խոսք, նպատակը բարի է։

Գեղեցկության մրցույթների անցկացման մեկ այլ նպատակ է մոդելինգի զարգացումը․ նոր, հետաքրքիր կերպարների, անունների բացահայտումը ոլորտին թարմություն է հաղորդում, նոր որակ է բերում։

Որակյալ մրցույթներն իրենցում նաև կրթական բաղադրիչ ունեն․ նախքան մրցույթը, մասնակիցների համար կազմակերպվում են դասընթացներ և տրամադրվում է մոդելային կրթություն՝ մասնակից աղջիկներին պատրաստելով առաջիկա մրցույթի բեմելին և մոդելային շուկա մուտք գործելու փուլին։

Եթե մրցույթը կատարի իր գլխավոր գործառույթը՝ այն է՝ բացահայտի նոր անուններ և նոր կադրերին օգնի մուտք գործել շուկա, և այս ամենը՝ անաչառ և անկողմնակալ մոտեցմամբ, ոլորտը սրանից միայն կշահի։

Վերը նշված հարցերի շուրջ զրուցել ենք «Miss Yerevan Production» հասարակական կազմակերպության հիմնադիր Արթուր Վարդապետյանի հետ։ Վերջինս գեղեցկության մրցույթների կազմակերպման հարուստ փորձ ունի։

Վարդապետյանը համաձայնեց վերը նշված կարծրատիպային մոտեցման առկայության առնչությամբ և նշեց, որ այս ընկալումը կարող է փոխել միայն դրական նախադեպերի շարունակականությունը։

«Մենք՝ որպես կազմակերպություն,  մեր առջև խնդիր ենք դրել կոտրել գեղեցկության մրցույթների հանդեպ գոյություն ունեցող կարծրատիպերը։ Գեղեցկության մրցույթի կազմակերպումը չպետք է լինի ինքնանպատակ կամ դիտարկվի որպես գումար աշխատելու միջոց։ Այն պետք է արժեք ստեղծի, պետք է որակ ապահովի, կրթի և ամեն անգամ՝ ոլորտը մի փոքր ավելի լավը դարձնի․ կարծում եմ՝ սա ամենակարևորն է։

Մենք կարևորում ենք որակյալ կրթությունը․ հենց այս նպատակով ենք ստեղծել մեր մոդելային դպրոցը և մեր մրցույթի մասնակիցների համար նախատեսված դասընթացները։ Մեզ մոտ դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները։ 

Մեր մրցույթները նաև մշակութային բաղադրիչ ունեն և մեր դասընթացները նաև ուղղված են՝ ապահովելու մրցույթների մասնակից աղջիկների սերտ և շարունակական շփումը ազգայինի հետ։ Miss Yerevan Production-ի մրցույթների գլխավոր նպատակներից մեկը հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցի բարձրաձայնումն ու կարևորումն է։ Կարծում եմ՝ հատկապես այժմ, երբ մեր ինքնությունը կորստի վտանգի առջև է, այս հարցը շատ կարևոր է»։

«Miss Yerevan Production»-ն իր գործունեությունը սկսել է 2019 թվականին, իսկ հիմնադիրները՝ դեռևս 2000-ականների սկզբին, և տարբեր ժամանակներում հանդես եկել նորաձևության ցուցադրությունների, գեղեցկության մրցույթների կազմակերպմամբ։

Miss Yerevan Production հասարակական կազմակերպությանն են պատկանում Հայաստանի Հանրապետության տարածքում «Հայաստանի գեղեցկուհի», «Միսս Երևան», «Միսս ուսանողուհի», «Միսս աշակերտուհի» և գեղեցկության մի քանի այլ մրցույթների անցկացման արտոնագրերը։

«Հայաստանի գեղեցկուհի» ազգային գեղեցկության մրցույթը կազմակերպության նոր նախագիծն է։ Մրցույթը նախատեսված է 17-ից 28 տարեկան հայուհիների համար, իսկ մասնակցության գլխավոր պայմանը ՀՀ քաղաքացիության առկայությունն է։ 

Նախքան մրցույթը՝ շուրջ երեք ամիս, մասնակից աղջիկները հնարավորություն են ունենալու սովորել կազմակերպության մոդելային դպրոցում՝ մասնակցելով հատուկ մրցույթի համար նախատեսված դասընթացին (դասավանդվելու է դեֆիլե, բեմական խոսք, էթիկա, դերասանի վարպետություն, ազգային պարեր): Դասընթացի շրջանակում մասնակիցներին իրենց փորձն են փոխանցելու դեֆիլեի մարզիչ, դիզայներ Սեդա Մանուկյանը, դերասան Գուրգեն Սարգսյանը, հեռուստամեկնաբան Արա Աբրահամյան և այլն։ 

Կազմակերպության հիմնադիր Արթուր Վարդապետյանը նաև նշեց, որ Miss Yerevan Production-ը ոլորտում միակ կազմակերպությունն է, որն ունի սեփական տարածքը, ֆոտոստուդիան և մոդելային գործակալությունը միաժամանակ (գրեթե բոլոր պարապմունքներն անցկացվում են մեկ վայրում)։ Սեփական մոդելային գործակալության հիմնադրմամբ՝ կազմակերպությունը հոգում է իր պատրաստած կադրերի հետագա պրոֆեսիոնալ աճի և զարգացման խնդիրը և ապահովում մոդելային բիզնեսում նրանց սահուն մուտքը և զբաղվածությունը։

Բացի «Հայաստանի գեղեցկուհի» մրցույթից՝ առաջիկայում պլանավորվում է ավելի մասշտաբային՝ համահայկական գեղեցկության մրցույթ, որին իրենց մասնակցությունը կցուցաբերեն ոչ  միայն հայաստանաբնակ, այլ նաև Սփյուռքում բնակվող հայուհիները։

Ստանալով «Հայաստանի գեղեցկուհու» թագը՝ հայաստանաբնակ հաղթող հայուհիներն ուղեգիր կստանան մասնակցելու համահայկական գեղեցկության մրցույթին։