Ashi&Co. դիզայներ Աշխեն Շահինյանի նոր կոնցեպտը

Dec 18, 2023 - 21:59
Dec 20, 2023 - 12:20
Ashi&Co. դիզայներ Աշխեն Շահինյանի նոր կոնցեպտը

Վերջերս Երևանի Հանրապետություն փողոցում իր դռներն է բացել  Ashi&Co՝ իր ձևաչափով միակ բուտիկ-սրճարանը և նորաձևության սեփական՝ յուրօրինակ փորձառությունն է առաջարկում ոլորտի ներկայացուցիչներին և նորաձևության բոլոր սիրահարներին։

Այս թեմայով զրուցել ենք Ashi&Co մուլտրբրենդային խանութի և Asee Fashion բրենդի հիմնադիր Աշխեն Շահինյանի հետ։

Աշխե՛ն, ինչպե՞ս ծնվեց Ashi&Co կոնցեպտի գաղափարը և ինչպե՞ս այն իրականություն դարձավ։

Սրճարանային հատված ունեցող նորաձևության բուտիկի գաղափարը դեռևս Covid-ից առաջ էր ծնվել։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես ու ընկերս որոշեցինք համատեղ բիզնես սկսել․ նա ուներ հրուշակեղենի բիզնես, ես՝ հագուստի։ Երբ սկսվեց համաճարակը, նա սկսեց ինձ խմորեղեն պատրաստել սովորեցնել, սակայն շուտով սկսվեց պատերազմը, և ինձ մոտ յուրահատուկ հակակրանք առաջացավ ցանկացած տեսակի հրուշակեղենի նկատմամբ։

Պատերազմից հետո սկսեցի փնտրել տարածք, որն ամբողջությամբ կհամապատասխաներ իմ պատկերացումներին։ Այդ ժամանակ հագուստի իմ սեփական բրենդը կար (մինչ այդ ներկրում էի։ Հագուստի ներկրմանը զուգահեռ՝ ստեղծում էի նաև սեփական նմուշներս․ ինձ համար շատ կարևոր էր հասկանալ՝ արդյո՞ք այն, ինչ ստեղծում էի, հետաքրքիր էր հաճախորդներիս, հետաքրքիր էր հետևել նրանց արձագանքին, հասկանալ՝ ինչ են նրանք ցանկանում տեսնել)։

Նախքան համաճարակը, բուտիկի կոնցեպտը մի փոքր այլ կերպ էր մտածված․ որոշված էր ունենալ ներկրված հագուստի խանութ՝ նորաձևության սեփական սրճարանով։ Համաճարակի բռնկումից հետո հագուստ ներկրելն այլևս անհնարին դարձավ։

Պատերազմից հետո սեփական արտադրության հագուստի նմուշները սկսեցի վաճառել «5concept» խանութում։ Այստեղ դրանք բավականին մեծ հաջողություն ունեցան։ Այս շրջանում նորից սկսեցի մտածել սեփական տարածք ունենալու և իմ պատկերացումների ձևաչափը ստեղծելու մասին։

Այս անգամ նույնպես ունեի գաղափարակից ընկեր, և արդեն հասել էինք այն փուլին, որ տարածքի վերանորոգումն արված էր, բարը՝ տեղադրված, սառնարանը, ջահերը՝ գնված, երբ գործընկերս, որոշ հանգամանքներով պայմանավորված, հրաժարվեց համագործակցությունից։ Դե քանի որ ես իմ մասնաբաժինն արդեն ներդրել էի, ստիպված մյուս մասնաբաժնի գումարը բանկից վերցրեցի։ Այս ընթացքում պիտի Երևանի նորաձևության շաբաթին մասնակցեի, սակայն հրաժարվեցի, քանի որ կա՛մ պիտի սա անեի, կա՛մ մասնակցեի․ նախըտրեցի սկսածս գործն ավարտին հասցնել։

Ինձ համար շատ կարևոր էր, որ կոնցեպտում լինեն մարդիկ, ովքեր կիսում են իմ գաղափարը։ Իմ նպատակն էր ստեղծել տարածք, որտեղ դիզայներները, ովքեր չունեն տարածք, կկարողանան հանդիպել իրենց հաճախորդներին և զգալ իրենց այդ տարածքի տերը։ Ես այդ խնդրի առաջ կանգնել եմ «5concept»-ում․ երբ հաճախորդս գալիս էր, ես նրա հետ նստելու և քննարկում ունենալու տեղ չունեի։

Շուտով՝ մեկը մյուսի ետևից, ինձ միացան Ashi&Co-ի գործընկեր բրենդերը, և հետզհետե ձևավորվեց  նորաձևության մեր միասնական օրգանիզմը։

Սկզբում չէինք կողմնորոշվում՝ ստեղծում ենք սրճարան, որը ենթադրում է «fashion» շարունակությու՞ն, թե՞ տարածք, որտեղ կա սրճարան՝ հյուրասիրության տեսքով, սակայն այն, որ սրճարանը պիտի ունենա այս տեսքը, այս տեսակի բար և սեղաններ, հաստատ էր։ Այսօր Ashi&Co-ն այլևս իրականություն է․ սա հենց այն ձևաչափն է, որի մասին երազել եմ։

Աշխե՛ն, ի՞նչ մեխանիզմով է գործում նորաձևության այս միասնական օրգանիզմը։

Գիտե՞ք մեզ՝ հայերիս մոտ, համատեղ բիզնես վարելու մշակույթը չկա։ Նախքան այս ամենի իրագործումը, ինձ հաճախ էին մոտենում, հարցնում համագործակցության պայմանների մասին, հետաքրքրվում՝  արդյոք տոկոսո՞վ ենք աշխատելու, թե՞ ոչ։

Ես բոլորին ասում էի, որ իրենց հագուստը, կոշիկը ես չեմ վաճառելու․ ես ուղղակի տրամադրելու եմ իրենց բրենդը լավագույնս ներկայացնելու տարածք, որտեղ նրանք կարող են իրենց լավ զգալ, ստեղծագործել, հանդիպել իրենց հաճախորդների հետ և իրականացնել իրենց վաճառքները։ Պատկերացրեք, մենք նույնիսկ վաճառող-խորհրդատու չունենք։ Ինձ հաճախ են հարցնում՝ քո օգուտն այստեղ ո՞րն է։ Օգուտը գաղափարն է՝ նորաձևության մեկ միասնական օրգանզիմ ունենալն է։

Եթե տարածքում լինում եմ ես, ներկայացնում եմ նաև «Melli Shoes»-ի, «Takhita»-ի և սրահում ներկայացված մյուս բրենդերի արտադրանքը հավասարապես։ Նույնն անում են նաև իմ բոլոր գործընկերները, երբ ես տարածքում չեմ լինում։ Մեզ մոտ գործում է « Մեկը բոլորի և բոլորը մեկի համար» կարգախոսը։