Նորաձևության ցուցադրությունների շատ եմ մասնակցել, սակայն այս անգամ հուզմունքս շատ մեծ է․ Միսակ Հաջի-Ավետիքյան

Jun 26, 2023 - 00:07
Jul 19, 2023 - 15:24
Նորաձևության ցուցադրությունների շատ եմ մասնակցել, սակայն այս անգամ հուզմունքս շատ մեծ է․ Միսակ Հաջի-Ավետիքյան

- Դուք ծնվել և մեծացել եք Լիբանանում։ Ինչպիսի՞ն են եղել շփումները հայրենիքի, հայ արվեստի ու մշակույթի հետ։

- Ես ծնվել եմ Բեյրութում և ողջ կյանքումս ապրել Լիբանանում։ Անշուշտ, հեռվից սիրել եմ հայրենիքս, ուսումնասիրել նրա մշակույթը և պատմությունը, սակայն առաջին անգամ Հայաստան այցելել եմ 2015 թվականին։

Միշտ հպարտացել եմ իմ արմատներով, հայկական հարուստ մշակութային ժառանգությամբ և ցանկացել այն լավագույնս ցուցադրել ու ներկայացնել աշխարհին։ Իմ բոլոր հավաքածուներում մշտապես առկա են եղել հայկական էլեմենտներ, նույնիսկ եթե ոգեշնչմանս աղբյուրը այլ է եղել։ Իմ բոլոր հարցազրույցներում, ամենուր մշտապես ներկայացել եմ՝ որպես հայ և փորձել հայրենիքիս մշակույթը ճանաչելի դարձնել նաև այստեղ՝ Լիբանանում։ Ես ուզում եմ, որպեսզի Հայաստանը ճանաչեն ոչ թե որպես տնտեսապես թույլ պետություն, այլ որպես հին քաղաքակրթություն և հարուստ մշակութային ժառանգություն ունեցող երկիր։

Նորաձևության իմ կարիերայի ընթացքում շատ եմ ոգեշնչվել Փարաջանովի արվեստից ու նրա կերպարից։ Համալսարանական ավարտական նախագծիս գլխավոր ոգեշնչման աղբյուրը հենց Փարաջանովն է եղել։ Շատ եմ ոգեշնչվել նաև Արշիլ Գորկու արվեստից։ Երբ Նյու Յորքում տեսա Գորկու՝ «Նկարիչը և նրա մայրը» կտավը, այնքան տպավորվեցի, որ դրա հիման վրա մի ամբողջ հավաքածու ստեղծեցի։

- Ո՞ր տարիքից եք հասկացել, որ սիրում եք նորաձևությունը, ի՞նչպես որոշեցիք զբաղվել նորաձևությամբ և ինչպե՞ս հիմնադրվեց «VOLTA»-ն։

- Նորաձևութունը սիրել եմ շատ վաղ տարիքից։ Ծնողներս նորաձևության բիզնեսում էին։ Մայրս դիզայներ և կրեատիվ ձևարար էր։ Ամառային արձակուրդներին նրա հետ աշխատանքի էի գնում․ նայում էի, թե նա ինչպես է աշխատում, իսկ երբ նա տարածքում չէր լինում, կտոր էի գողանում, նստում էի կարի մեքենայի մոտ և քրոջս տիկնիկի համար հագուստ կարում։ Այդպես էլ սկսվեց ամեն ինչ։ 

Անշուշտ, ծնողներս չքաջալերեցին իմ՝ նորաձևությամբ զբաղվելու որոշումը, քանի որ նրանք շատ էին հոգնել այդ բիզնեսից և մեծ հաջողությունների չէին հասել այդ ոլորտում, սակայն ես հավատարիմ մնացի սեփական որոշմանս և շարունակեցի ծնողներիս գործը։

Ինչպես հիմնադրվեց «VOLTA»-ն․ ես ունեի «Missak Haji-Avedikian» անվանումով «couture» բրենդ, սակայն երբ մուտք գործեցի կրթական ոլորտ, ամեն ինչ փոխվեց։ Հետզհետե դադարեցրեցի բրենդի գործունեությունը, քանի որ այդ պահին ինձ առավել շատ տեսնում էի կրթական ոլորտում։

Պատրաստի հագուստ միշտ եմ ցանկացել ստեղծել և մինչ զբաղված էի այլ բրենդերին խորհրդատվական, դիզայնի ծառայություններ մատուցելով, հասկացա, որ ցանկանում եմ ինչ-որ բան էլ ինձ համար անել, իմը ունենալ։ Երբ դասավանդում ես, հաճախ ես ոգեշնչվում։ Ես ստեղծում էի հագուստ սեփական զգեստապահարանիս համար, սակայն ինչ-որ պահի` ոգեշնչված ուսանողներիցս, որոշում կայացրեցի ստեղծել տղամարդկանց համար նախատեսված և ունիսեքս հագուստ։ Երբեք չէի մտածի, որ դա կանեմ։ Բրենդի ստեղծման հետ կապված աշխատանքները սկսեցի երկու տարի առաջ, և սեպտեմբեր ամսին «VOLTA»-ն իրականություն դարձավ։

«VOLTA»-ն ամբողջովին արտահայտում է իմ էությունը, այն, ինչ ես սիրում եմ, սակայն բրենդի անվան ընտրությունն անելիս հստակ գիտեի, որ չեմ ուզում՝ այն իմ անունով լինի։ Անվան ընտրության և, առհասարակ, մինչ օրս բրենդի համար ստեղծված նմուշների ոգեշնչման գլխավոր աղբյուրը շեքսպիրյան պոեզիան է։ Ոգեշնչվում եմ տվյալ դարաշրջանի մշակույթով և պատմությամբ։ «Volta» բառը շեքսպիրյան սոնետներում նշանակում է դրամատիկ, կտրուկ փոփոխություն։ «VOLTA»-ն իմ կյանքի դրամատիկ փոփոխությունն էր, քանի որ ես կանացի հագուստից կտրուկ անցում կատարեցի տղամարդկանց հագուստի և փոխեցի կյանքս։

- Ի՞նչ խոչընդոտների  եք հանդիպել լիբանանյան շուկայում կայացման ձեր ճանապարհին։

- Լիբանանյան շուկայում աշխատելը շատ դժվար է՝ հատկապես վերջին տարիների քաղաքական իրադարձություններից հետո։ Բեյրութը դիզայնի մայրաքաղաքներից մեկն է, հատկապես՝ բարձր նորաձևության ոլորտում․ այստեղ համաշխարհային ճանաչում ունեցող շատ դիզայներներ են ապրում, այստեղ են գտնվում նրանց ստուդիաները, սակայն այժմ Լիբանանը դարձել է մի վայր, որտեղ քաղաքական անկայունության պատճառով կարող ես կորցնել տարիներիդ աշխատանքը և  հասնել զրոյական կետի։

Այժմ դիզայներների մեծ մասը՝ հատկապես բարձր նորաձևությամբ զբաղվողները,  իրենց հագուստը Լիբանանում չեն էլ վաճառում։ Մեծամասնությունն աշխատում է արաբական այլ երկրների շուկաների հետ, սակայն Լիբանանում այսօր պատրաստի հագուստ արտադրող շատ հիասքանչ բրենդեր կան, որոնք տուժում են քաղաքական ու տնտեսական անկայունության պատճառով։ Ինձ մտահոգում է այն հանգամանքը, որ ես այստեղ շատ բան եմ ներդնում, ծախսում եմ իմ ժամանակը, էներգիան, արժեք եմ ստեղծում, սակայն, միևնույն ժամանակ, գիտեմ, որ ամեն վայրկյան կարող եմ կորցնել այն։ Ինձ շատ ոգևորում է Yerevan Fashion Week-ին մասնակցության հանգամանքը, որովհետև սա նաև հնարավորություն է մուտք գործելու նոր շուկաներ։

- Ինչպե՞ս են ձեր մեջ սինթեզվել արաբական և հայկական մշակույթները և ինչպե՞ս է այն իր արտահայտումը գտել ձեր հավաքածուներում։

-Իրականում, լիբանանյան կամ արաբական մշակույթից ես երբեք չեմ ոգեշնչվել։ Ես իմ մեջ միշտ կրել եմ հայկական և եվրոպական մշակույթները։ Հայկականն, իհարկե, միշտ գերիշխող դերում է եղել։ Նորաձևության իմ ողջ կարիերայի ընթացում ես ցանկացել եմ ողջ աշխարհին ներկայացնել մեր մշակույթը, պատմությունը․ մասնավորապես Մերձավոր Արևելքի երկրներում դա դեռ ոչ ոք չէր արել։

- Եթե ձեզ հնարավորություն տային նորաձևության լիբանանյան փորձը ներդնել Հայաստանում, ի՞նչը կբերեիք Հայաստան և ի՞նչը կփոխեիք նորաձևության հայկական շուկայում։

- Օ՛հ, հայկական նորաձևության մեջ շատ բան կփոխեի։ Երբ ես առաջին անգամ մեկ ամսով Հայաստան եկա՝ վարպետության դասեր անցկացնելու, նկատեցի, որ Հայաստանում առկա է մի երևույթ, որը գոյություն ունի արաբական շատ երկրներում ևս (ես, առհասարակ, շատ եմ սիրում վարպետության դասեր անցկացնել, սովորեցնել աշխատելու ճիշտ ձևը)։

Հայաստանում դիզայներները քեզ ուշադրությամբ լսում են, գնահատում քո տված գիտելիքի որակը, ասես սպունգի պես կլանում են ասածդ, սակայն երբեք այն չեն կիրառում։

Նրանք ձախողում են աշխատանքի ընթացքը, հետազոտության փուլը․ իսկ դա մենակարևոր փուլն է։ Ես տեսնում եմ, որ հայկական նորաձևության շուկայում դիզայներների քանակը շարունակ մեծանում է, սակայն մենք ունենք անհատականության, ինքնության կարիք, ոչ թե քանակի։ Ես հայկական նորաձևության շուկայում չեմ տեսնում անհատականություններ, չեմ տեսնում ինքնություն և ուրույն ձեռագիր։ Եթե նույնիսկ կան, նրանց թիվը շատ փոքր է։ Իհարկե, անհատականություն, ուրույն ձեռագիր ձևավորելը հեշտ բան չէ։ Որոշ դիզայներներին հաջողվում է դրան հասնել առաջին հավաքածուն ստեղծելիս անգամ, որոշների դեպքում կարող է տասը կամ ավելի տարիներ պահանջվել։ Այստեղ կարևորը շատ, քրտնաջան աշխատելն է, իսկ ես կարծում եմ․ ո՛չ, վստահ եմ, որ հայ դիզայներներն այդքան էլ աշխատասեր չեն։ Կարծում եմ՝ նրանք պետք է ավելի մեծ ջանքեր ներդնեն աշխատանքի մեկնարկային, հետազոտության փուլում, շարունակ զարգացնեն իրենց հմտությունները, տիրապետեն ճիշտ աշխատանքի ժամանակակից մոտեցումներին։

Այո՛, հայ դիզայներներն աշխատում են լավ դերձակների հետ, սակայն հմուտ, ժամանակակից մոտեցումներին տիրապետող ձևարարներ քիչ կան։

 Հայաստանում այսօր որակյալ արտադրանք ստանալու համար շատ նախադրյալներ կան․ շատ են արտադրող ընկերությունները։ Լիբանանում այդպես չէ․ այստեղ չկան, օրինակ, գուլպաներ, ներքնազգեստ արտադրող ընկերություններ։ Որոշ ժամանակ առաջ  հաճախորդներիցս մեկի համար պետք է հավաքածու ստեղծեի, սակայն համապատասխան արտադրության բացակայության պատճառով չկարողացա դա անել Բեյրությում և ողջ հավաքածուն Հայաստանում արտադրեցի։ Հայաստանում  կա ամեն ինչ․ ուղղակի պետք է ջանքեր ներդնել, շատ աշխատել, որպեսզի կարողանաս նորը և որակյալը ստեղծել։

Լիբանանից հավանաբար ոչինչ չէի բերի Հայաստան՝ թերևս՝ միայն ինքս ինձ և դասավանդման սեփական մեթոդներս։

- Ինչո՞վ է ձեզ համար տարբեր Yerevan Fashion Week-ը ձեր՝ մինչ այս ունեցած այլ նորաձևության ցուցադրություններից։

- Ես նորաձևության շատ ցուցադրությունների եմ մասնակցել՝ աշխարհի տարբեր քաղաքներում, սակայն այս անգամ հուզմունքս շատ մեծ է։ Հուզմունքիս պատճառը ոչ թե տասը տարվա դադարն է, այլ այն, որ նորաձևության շաբաթը տեղի է ունենալու հենց Երևանում։ Ես տեսնում եմ, թե կազմակերպիչները ինչպես են գիշեր-ցերեկ աշխատում՝ ջանք ու եռանդ չխնայելով միջոցառումը հավուր պատշաճի անցկացնելու համար, և ես ուզում եմ աշխարհին ցույց տալ, որ Երևանը կարո՛ղ է դա անել։ Ես չափազանց հպարտ եմ և գալիս եմ այդտեղ, որովհետև սիրում եմ Հայաստանը։ Ինձ բոլորովին չի հուզում՝ վերջիվերջո, կվաճառե՞մ հագուստս, իմ մասին կգրե՞ն, թե՞ ոչ։ Միայն այդ ամենի մի մասը լինելը ինձ համար արդեն բավարար է։ Կարծում եմ՝ այս ամենն ինձ համար ճիշտ ժամանակին է տեղի ունենում, քանի որ բրենդս նոր եմ թողարկել և, փաստացիորեն, առաջին հավաքածուս պետք է ներկայացնեմ հենց Yerevan Fashion Week-ի շրջանակում։ Կարծում եմ, որ սա լավագույնն էր, որ կարող էր պատահել ինձ հետ այս տարի։ Ես, իրոք, հավատում եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու։

- Ո՞վ է հայաստանաբնակ ձեր ամենասիրելի դիզայները։

- Շատ լավ հարց է․ և մեծ հարց։ Միգուցե անուններ նշելն այդքան էլ ճիշտ չէ։ Շատ դիզայներների եմ հանդիպել Հայաստանում, նրանցից շատերի հետ նաև վարպետության դասեր եմ անցկացրել։ Ես անհամբեր սպասում եմ և անպայման ներկա եմ լինելու նրանց նորաձևության ցուցադրություններին։ Ինձ դուր են գալիս նրանց աշխատանքները և մշտապես փորձում եմ նրանց հավաքածուներից գնումներ կատարել։

Այնուամենայնիվ, երբ կարդացի հարցը, մտքումս միանգամից մեկ անուն «հայտնվեց»․ վստահաբար՝ Վահան Խաչատրյան։ Վահանի անունն ուղղակի չեմ կարող չնշել։

Վահանն իմ ընկերն է, սակայն նրա անունը նշելու հանգամանքը, վստահաբար, մեր ընկերությունը չէ։ Վահանը շատ բան է արել հայկական նորաձևության զարգացման համար։ Վահանի անցած ճանապարհը և նորաձևության մասին գիտելիքներն անգերազանցելի են։ Միգուցե պատճառն այն է, որ Վահանը ապրել է արտերկրում՝ Իտալիայում՝ զարգացած նորաձևություն ունեցող երկրում։ Ես հաճույք եմ ստանում նորաձևության մասին Վահանի հետ ունեցած զրույցներից։  10-15 տարի առաջ, երբ խոսում էին հայկական նորաձևության մասին, ես միայն մեկ անուն էի լսում, և դա Վահանի անունն էր։ Այլ անուններ նույնպես կարող եմ նշել, այլ դիզայներների աշխատանքները նույնպես շատ գնահատելի են։ Շատ եմ սիրում «Loom»-ին, գնում եմ նրա հագուստը, սիրում եմ նաև «Soncess»-ի, Արիգայի, «Ruzane»-ի ոճը։

Վերջերս հետաքրքրում են նաև «Kivera»-ի աշխատանքները։ Ճիշտ է, նրան և նրա հավաքածուներին այդքան էլ ծանոթ չեմ և պետք է ավելի մոտիկից ծանոթանալ, սակայն վերջերս նոր փոփոխություններ եմ տեսնում նրա մոտ, և դա շատ հետաքրքիր է։

Եկեք նաև չմոռանանք զարդարվեստի հիասքանչ դիզայներներին, որոնց ես պաշտում եմ և տարիներ ի վեր նրանց ֆանն եմ եղել։

Կարող եմ նշել նաև Մերի Ստեփանյանին, ում աշխատանքներին ծանոթ եմ։ Նրա բրենդը ձեռագիր ունի։ Վերջերս մի փոքր շատ է հետևում թրենդերին, ինչի արդյունքում շատ բան կարող է կորել, սակայն կարող եմ ասել, որ նա բավականին լավ էր սկսել, և նրան հաջողվում էր սեփական ձեռագիրը ձևավորել։ Նա կարո՛ղ է կերտել ինքն իրեն․ նա զիլ կերպար է։