Ինչպես Գագիկ Գինոսյանի խորհուրդներով ստեղծվեց դիզայներ Նարինե Հարությունյանի՝ ազգայինից ոգեշնչված հավաքածուն

Nov 6, 2024 - 20:37
Nov 6, 2024 - 22:44
Ինչպես Գագիկ Գինոսյանի խորհուրդներով ստեղծվեց դիզայներ Նարինե Հարությունյանի՝ ազգայինից ոգեշնչված հավաքածուն

- Նարինե´, դուք նախորդ տարի Երևանի նորաձևության շաբաթվա շրջանակում ներկայացրեցիք ազգայինից ոգեշնչված ձեր հավաքածուն:
Ես գիտեմ, որ հավաքածուի ստեղծման գործում մեծ դերակատարում է ունեցել երջանկահիշատակ Գագիկ Գինոսյանը: Կպատմե՞ք՝ ինչպե՞ս ծանոթացաք նրա հետ և ինչպես տեղի ունեցավ համագործակցույթունը:

- Գագիկ Մարտիրոսովիչի հետ ծանոթացա Պարի միջազգային օրը՝ 2021 թվականի ապրիլի 29-ին՝ «Հայորդիք» հայկական ժողովրդական պարերի ամենամյա փառատոնի շրջանակում։ Գագիկ Մարտիրոսովիչն այստեղ հանդես էր գալիս ժյուրիի նախագահի դերում, իսկ ես կազմակերպիչների կողմից հրավիրված էի՝ որպես ժյուրիի անդամ, որը պետք է գնահատեր մրցույթի մասնակիցների արտաքին տեսքը։ 

Այդ ժամանակ ես արդեն ունեի ազգային էլեմենտներով հավաքածու ստեղծելու պլաններ (դիպլոմային աշխատանքիցս հետո սա իմ առաջին՝ հայկական մշակույթին նվիրված հավաքածուն պետք է լիներ)։ Ես Գագիկ Մարտիրոսովիչին պատմեցի իմ մտադրության մասին․ ասացի, որ շուտով պլանավորում եմ մեկնել Հայաստան, ճամփորդել երկրով մեկ և ուսումնասիրել հայրենիքիս մշակույթը։
Գագիկ Մարտիրոսովիչը քաջալերեց իմ այս գաղափարը և այս թեմայով շատ կարևոր խորհուրդներ տվեց՝ ինչից սկսել, որտեղ այցելել և այլն։

- Արդեն հետաքրքիր է՝  ինչ զարգացումներ հաջորդեցին այս զրույցին։

- Նախ նշեմ, որ փառատոնը շատ լավ անցավ և եզրափակվեց Գագիկ Մարտիրոսովիչի վարպետության դասով: Ի դեպ՝ այս վարպետության դասի շնորհիվ ես առաջին անգամ ծանոթացա հայկական շուրջպարերի հետ, և կարող եմ ասել՝ այս միջոցառումից հետո ինչ-որ իմաստով` մշակութային առումով, կյանքս ասես երկու մասի բաժանվեց՝  մինչ միջոցառումը և դրանից հետո, քանի որ իմ առջև բացվեց մի  նոր` գեղեցիկի, պատմության, գաղափարների աշխարհ։

Պարերի այս փառատոնը և վարպետության դասը, կարելի է ասել, իմ առաջին ծանոթությունն էր հայկական պարի հետ։

Պետք է նշեմ, որ ժողովրդական պարի այս տպավորիչ փորձառությունից հետո ես որոշեցի հաճախել հայկական պարի դասընթացների․ սա տեղի ունեցավ հե՛նց Հայաստանում։

Մինչ այդ, Ռուսաստանում պարում էի տարբեր ժողովուրդների պարեր, սակայն հայկական ժողովրդական պարը, ցավոք, ընդգրկված չէր այդ դասընթացների ծրագրում։

Եվ այսպես, տեղի ունեցավ այդքան երկար սպասված այցը Հայաստան․ սկզբում սա նման էր թանգարանային շրջայցի, որի նպատակը նոր հավաքածուիս համար նյութեր հավաքելն էր։ 

Իմ առջև խնդիր էր դրված, թե հայկական մշակույթի որ հատվածին պետք է անդրադառնա իմ հավաքածուն՝ պարի՞ն, գեղանկարչությա՞նը, ճարտարապետությա՞նը․ մեր մշակութային ժառանգությունն այնքան մեծ է, որ թերևս մի քանի դար է պետք ապրել՝ կարելի է ասել, մի քանի դիզայներական կյանքն էլ բավարար չէ, որպեսզի հասցնես այդ ամենից ոգեշնչվել և ստեղծագործել։ 

Այդ պահին անհրաժեշտ էր հասկանալ՝ ինչը բաց թողնել և ինչի վրա կենտրոնանալ։

Եվ հենց այդ ժամանակ կրկին օգնության հասավ Գագիկ Մարտիրոսովիչը՝ որպես իմ նախագծի մենթոր․ նա ինձ խորհուրդ տվեց այցելել որոշ թանգարաններ, պատմամշակութային կոթողներ․ այս ընթացքում հասցրեցի լինել եկեղեցիներում և քաղաքներում, որտեղ մինչ այդ երբեք չէի եղել։

- Ո՞րն էր ամենատպավորիչ բացահայտումը, որ արեցիք` ազգայիին ուսումնասիրման ճանապարհին` հենց Գագիկ Գինոսյանի շնորհիվ:

- Մի օր Գագիկ Մարտիրոսովիչն ինձ հրավիրեց՝ հետևելու Կարին անսամբլի փորձերին։ Մի ամբողջ ժամ այս ամենի մասնակիցը լինելով և այս հիասքանչ մթնոլորտը վայելելով՝ հնարավորություն ունեցա ծանոթանալ պարի շարժումների գրառման համակարգի՝ կինետոգրաֆիկայի հետ, որը ստեղծվել էր ազգագրագետ, արվեստաբան Սրբուհի Լիսիցյանի կողմից․ սրանով ես ևս մեկ անգամ բացահայտեցի պարարվեստը․ այն հիասքանչ աշխարհ է։

- Պատկերացնում եմ՝ որքան տպավորված եք եղել։

- Այո՛, Հայաստանում անցկացրած այս շրջանն իրապես նոր, տպավորիչ փորձառությունների շրջան էր։

Պատկերացրեք իրավիճակ, երբ անձը ողջ կյանքն անց է կացրել այլ երկրում և հայրենիք մեկնել է շատ հազվադեպ՝ միայն զբոսաշրջիկի կարգավիճակով և ահա՝ այցելում է մի քանի օրով, և այդ մի քանի օրվա ընթացքում նրա մոտ այնպիսի տպավորություն է առաջանում ասես լեռան գագաթից թռչես բաց ծով․ դու ունես շատ քիչ ժամանակ, սակայն ուսումնասիրելու ահռելի նյութ, ուզում ես ուսումնասիրել ամեն ինչ, փնտրել և բացահայտել արվեստի հենց այն հատվածը, որը քեզ կոգեշնչի․․․

Վերջիվերջո, տեղեկատվության այս հսկայական հորձանուտում հասկացա, որ մշակույթը և արվեստը մի ամբողջական օրգանիզմ են  (մարդու օրգանիզմի պես) և համակարգերի չեն բաժանվում, այստեղ ամեն ինչ միմյանց հետ միահյուսված և փոխկապակցված է։ Սա թերևս ինձ համար ամենամեծ բացահայտումներից մեկն էր։

Իհարկե, նախկինում ես սա նույնպես գիտակցել եմ, քանի որ համաշխարհային պատմությամբ շատ եմ հետաքրքրվում. միշտ կարդում և լսում եմ:

Որպես նորաձևությամբ զբաղվող անհատ՝ ես գիտեմ, որ աքսիոմ և օրենք է, որ աշխարհում տեղի  ունեցողը մշտապես իր ազդեցությունն է թողնում նաև արվեստի վրա, և ամեն ինչ միմյանց հետ փոխկապակցված է:

Կարող եմ վստահաբար ասել, որ սա այս մասշտաբով իմ առաջին շփումն էր իմ ժողովրդի մշակույթի հետ:  Իմ առջև խճանկարի պես բացվեցին բոլոր կտորները․ ես տեսա, թե ինչպես է գաղափարախոսությունը միաձուլում, միմյանց հետ կապում արվեստի բոլոր տեսակները: Դա իմ բոլոր պատկերացումների նյութականացումն էր:

- Վերջիվերջո, ինչպե՞ս ընտրվեց հավաքածուի թեմատիկան։

- Ուսումնասիրությունների և տարբեր այցելությունների արդյունքում․ Վերնիսաժից շատ հին գրքեր էի ձեռք բերում, գնում էի Մատենադարան, չափազանց շատ հարցեր էի տալիս Գագիկ Մարտիրոսովիչին, և նա սիրով պատմում էր, պատասխանում էր հարցերիս: 

Այսպես, հետզհետե բացահայտեցի ոգեշնչմանս առաջին աղբյուրը` հայկական գորգը:  Որոշեցի ուշադրությունս կենտրոնացնել գորգերի վրա, քանի որ դրանց նախշազարդերն իրենց յուրօրինակությամբ ապշեցրեցին ինձ և, իհարկե, ընտրեցի նաև մեր մեսրոպատառ այբուբենը, որը նույնպես պրինտի տեսքով ներառեցի հավաքածուիս մեջ:

Ոգեշնչման աղբյուրը բացահայտված էր․ այժմ պետք էր այս ամենը մշակել:

Առհասարակ, արվեստի որևէ տեսակից ոգեշնչվելիս, անցյալի յուրաքանչյուր նմուշից օգտվելիս պետք է ոճավորում անես, որպեսզի այն, ինչ ստեղծում ես, արդիական լինի։

Երբ վերադարձա Ռուսաստան, սկսեցի նկարել ընտրված գորգերը և հայկական տառերը` դրանց տալով ժամանակակից տեսք:

Որոշեցի նախշազարդի սխեման թողնել այնպես, ինչպիսին կա, քանի որ այն իր մեջ կարևոր իմաստ է կրում․ յուրաքանչյուր սիմվոլ՝ լինի դա վիշապ, կենաց ծառ, թե արևախաչ, շա՜տ մեծ ու խորը իմաստ ունի․ այդ պատճառով որոշեցի նախշազարդերը ոչ մի կերպ չփոխել, սակայն փոխել նրանց գույնը և դրանք միաձուլել վառ, թրենդային, ժամանակակից գույների հետ, որպեսզի դրանք նոր կյանք ստանան։

Հավաքածուն ներկայացնելուց հետո՝ նրա նմուշները վաճառելիս երբ անձամբ շփվում էի հաճախորդներիս հետ, նրանց անպայման պատմում էի այս նախշազարդերից յուրաքանչյուրի իմաստի և նշանակության մասին և տեսնում էի, որ այդ ամենը նրանց շատ հետաքրքիր էր։

Անցյալ տարի, երբ ՝նորաձևության շաբաթից հետո զրուցում էինք, պատմեցիք, թե ձեր օտարազգի հաճախորդներին որքան է ոգևորում այն փաստը, որ իրենց ընտրած զգեստը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև կարևոր սիմվոլիկա է պարունակում։

Այո՛, այդպես է։ Կարծում եմ կրնկնակի հաճելի է, երբ դու գիտես, թե ինչ ես կրում։

Մեր նախնիները շատ իմաստուն են եղել․ նրանց կողմից ստեղծված ազգային հագուստի յուրաքանչյուր դետալ իր նշանակությունն ունի։ Նույնը կարելի է ասել նաև արվեստի այլ տեսակների մասին․ օրինակ՝ վիշապի սիմվոլը պաշտպանիչ հատկություն է ունեցել, կենաց ծառը՝ պտղաբերության և այլն։

Ամբողջացնելով ասվածը՝ պետք է ասեմ հետևյալը․ ես ինձ համար բացահայտեցի իմ ազգի մշակույթը, որը մի անբաժանելի օրգանիզմ է, և այստեղ ամեն ինչ միմյանց հետ փոխկապակցված է։ Իմ ցանկությունն է այս ժառանգությունը տեղափոխել ժամանակակից կյանք, արտահայտել ժամանակակից ձևով և այդ ամենի մասին պատմել այն մարդկանց, որոնք չգիտեն այս մասին։ Կար ժամանակ, երբ ես էլ էի անհաղորդ այս ամենին։

Մեր այբուբենը աղոթք է, պաշտպանութուն է, այնքան լույս ունի իր մեջ։ Ես լիահույս եմ, որ այդ իմաստն ու լույսը կկարողանամ արտահայտել իմ ստեղծած հագուստի նմուշներում և որպես բարի ուղերձ՝ նվիրել այն կնոջը, որը կրելու է այն։

Իսկ ի՞նչ հավաքածուով եք հանդես գալու Երևանի նորաձևության շաբաթվա շրջանակում այս այնգամ. հավաքածուն կրկին ազգային էլեմենտներո՞վ է․  ինչ-որ կերպ կրո՞ւմ է նախորդի ազդեցությունը:

Այո՛, նոր հավաքածուում ազգային էլեմենտներ նույնպես լինելու են։

Եթե նախորդ հավաքածուն հագեցած էր նշաններով, զարդանախշերով, սիմվոլներով, նոր հավաքածուն այս առումով ավելի «հանգիստ» է։

Հավաքածուի առաջին մասը լինելու է առանց էթնիկ ոճավորման։ Այն կներկայացնի մեր բրենդի ԴՆԹ-ի մաս կազմող զգեստները, կոմբինեզոնները, որոնք արտահայտում են մեր Narny-ի նմուշներին հատուկ կանացիությունը։

Այնուհետև՝ երկրորդ հատվածում, նորից լինելու է գորգի թեմատիկան, սակայն այս անգամ՝     ավելի ոճավորված․ եթե նախորդ անգամ ես վերցրել էի գորգի նկարը և խաղացել գույների հետ, այս անգամ ես դետալները ոճավորել եմ կրկնակի․ վերցրել եմ գորգը և փոփոխել գորգի գծերը․ դրանք ոճավորել եմ ցրված գծերի տեսքով։

Մի խոսքով, հավաքածուն բաժանվելու է երկու մասի․ մեկն արտահայտելու է մեր բրենդի ԴՆԹ-ն, մյուսը կներկայացնի կանացի զգեստներ՝ այս անգամ՝ գորգանախշի պրինտերով և վառ գույներով։

Եզրափակելով ուզում եմ ասել, որ այս ազգայինի թեմատիկան ինձ անսահման հետաքրքիր է․ սա ինձ համար անսպառ աղբյուր է, որից կարելի է հավերժ ոգեշնչվել․ խոսքը գնում է թե՛ երաժշտության, որը ինձ համար հավերժ ոգեշնչման աղբյուր է եղել, թե՛ պարերի, թե՛ ճարտարապետության, թե՛ դեկորատիվ-կիրառական արվեստի, թե՛ դաշտի հազարամյա քարերի վրայի նախշերի մասին։

Ես չգիտեմ՝ ինչպիսին կլինեն իմ հաջորդ հավաքածուները, որովհետև դա նախապես հնարավոր չէ պլանավորել, սակայն վստահաբար կարող եմ ասել, որ հաջորդ հավաքածուներում նույնպես  շարունակաբար անդրադառնալու եմ իմ ժողովրդի մշակութային ժառանգությանը։

Ինչպիսի՞ գնահատական տվեց Գագիկ Գինոսյանը՝ իր խորհուրդների հիման վրա ստեղծված հավաքածուին։

Հավաքածուներից շատ խոսեցի, հիմա կրկին խոսեմ Գագիկ Մարտիրոսովիչի մասին։

Ինձ մշտապես ապշեցնում էր այն հանգամանքը, թե նա որքան խորն է տիրապետում հայկականության հետ կապված յուրաքանչյուր թեմայի։ Յուրաքանչյուր թեմա, որ քննարկվում էր այս մեծագույն մարդու հետ, բացահայտվում էր ամբողջությամբ՝ ամենահնարավոր հասանելի տարբերակով՝ մինչ խնդրի կամ երևույթի արմատը։

Նրա պատմությունները մակերեսային տեղեկատվություն չէին․  նրա պատմությունները սկսվում էին արմատից՝ հիմքից և զարգանալով՝ գալիս-հասնում էին ժամանակակից կյանք։

Անխոս, նա մեծ մարդ էր, որի կորուստը նույնիսկ չգիտեմ ինչ բառերով արտահայտեմ, ինչ բառերով ասեմ, թե այդ կորուստը որքան վիթխարի է՝ մեր ազգի համար։

Մի բան հաստատ է․ այն ժառանգությունը, որ նա թողել է մեզանից յուրաքանչյուրի մեջ, ապրելու է հավերժ։ Այն, որ մենք ամեն ամսվա ուրբաթ օրը հավաքվում ենք Կասկադում և ուս ուսի տված՝ պարում, նրա ժառանգության մի մասն է հանդիսանում։ Պատկերացնու՞մ եք մենք որքան շատ ենք․ մենք բոլորս նրա հետնորդներն ենք, նրա երեխաները․ սա և՛ հուզիչ է, և՛ տխուր՝ միաժամանակ։

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես Գագիկ Մարտիրոսովիչի հրավերով «Կարին» անսամբլի հետ մեկնեցի Սիսիան՝ Նավասարդը դիմվորելու։

Այս այցի շնորհիվ ես առաջին անգամ տեսա Նավասարդի գիշերը, մարդկանց պարը լուսաբացին, (ժամը վեցին՝ արևածագի հետ, Գագիկ Մարտիրոսովիչը բոլորի հետ միասին քոչարի էր պարում) և այն զարմանալի երևույթը, որի մասին հիմա կպատմեմ․  մարդիկ աղոթում էին քրիստոնեական աղոթք, իսկ նրանց ետևից հեթանոսները կարդում են իրենցը,  և մարդկանց այս երկու խմբերը, միմյանց կողքին կանգնելով, չէին հակասում, չէին խանգարում միմյանց․ սա մի հետաքրքիր տեսարան էր։

Այս ամենի կուլմինացիան արևածագն էր․ երբ ծագեց արևը, ասես մի նոր աշխարհ ծնվեց։ Սա ինձ համար լիարժեք հրաշք էր, հայրենիքիս հետ ծանոթության կուլմինացիան։

Երբ մենք հավաքածուն ներկայացրեցինք Մոսկվայում, ես ցուցադրության տեսանյութն ուղարկեցի Գագիկ Մարտիրոսովիչին, և նա, յուրաքանչյուր դետալը, էլեմենտը, նկարը, ուսումնասիրելով հայտնեց իր կարևոր կարծիքը։ 

Նա ներկա գտնվեց իմ հավաքածուի ցուցադրությանը Երևանում։ Ցուցադրությանը ներկա էին նաև «Կարին» անսամբլի անդամները։ Ինձ շատ հետաքրքիր էր նրա կարծիքը արդեն տեղում՝ կենդանի ցուցադրության ժամանակ։

Նա, իհարկե, կրկին՝ շատ մեծ ուշադրությամբ հետևում էր ցուցադրությանը, խիստ և գնահատող հայացքով։ Վերջիվերջո, ի ուրախություն ինձ՝ ասաց, որ նրան շատ էին դուր եկել նախշազարդերի և գույների հետ աշխատանքը և հավաքածուի էսթետիկան՝ առհասարակ, և ինձ մի խորհուրդ տվեց․ ասաց, որ շատ կուզենար՝ ապագայում աշխատեի հայկական ազգային հագուստի սիլուետների հետ և դրանք մշակելով՝ ներմուծել ժամանակակից նորաձևություն։

Ի եզրափակում՝ կցանկանայի ասել հետևյալը․ Գագիկ Մարտիրոսովիչն այն հայն ու անհատն էր, որի  հետ ամենապարզ շփումից անգամ կարող էին ստեղծագործական նոր գաղափարներ առաջանալ․ կապ չունի՝ ինչ ոլորտ էիր ներկայացնում, նրա հետ շփումից դու պարտադիր կքաղեիր քոնը, և այդ ամենից մի նոր՝ հրաշալի ստեղծագործություն կծնվեր։