«UHI» բրենդի հաջողության գաղտնիքն անկեղծությունն է․ Նարինե Հարությունյան
Նորաձևության հայկական շուկայում սակավաթիվ բրենդեր կան, որոնք կարողանում են հաճախորդի հետ սերտ կապ ձևավորել և համընդհանուր սեր ու վստահություն վայելել․ վերը նշվածը հենց զարդերի «UHI» բրենդի մասին է։
Բրենդն ստեղծվել է երկու տարի առաջ, իսկ հիմնադիրները զարդարվեստի ոլորտում են ավելի քան տասը տարի։
«UHI» բրենդի համահիմնադիր Նարինե Հարությունյանի հետ զրուցել ենք բրենդի ստեղծման պատմության, զարդարվեստի հայկական շուկայում առկա խնդիրների, հաճախորդների հետ սերտ կապի, նոր հավաքածուների և բրենդի ապագա պլանների մասին։
- Նարինե՛, ինչու՞ որոշեցիք հենց աքսեսուարների դիզայնով զբաղվել և հենց այս ոլորտում բիզնես գործունեություն ծավալել։ Սկզբում բիզնես նախագի՞ծն է ծնվել, թե՞ զարդերի հանդեպ սերն է ծնունդ տվել բիզնեսին։
- «UHI»-ն հիմնադրվել է երկու տարի առաջ, սակայն ես և Արմենը զարդարվեստի ասպարեզում գործունեություն ենք ծավալում արդեն ավելի քան տասը տարի։ Երբ Արմենը նոր էր մուտք գործում ոլորտ և նոր էր սկսել ծանոթանալ ոսկերչական արվեստին, քարերի տեղադրման տեխնիկային, ոլորտը շատ հագեցած էր․ չգիտեինք՝ ինչպես սկսել, ինչպես գումար աշխատել։
Արմենը սկսեց «3D» մոդելավորում սովորել, և շուտով նրան հաջողվեց շատ լավ եռաչափ մոդելներ ստանալ։ Դե՛ ես էլ անգլերեն գիտեի, և որոշեցինք մեր աշխատանքը վաճառել արտասահմանյան շուկային։
Գրասենյակային տարածք վարձակալեցինք և սկսեցինք զբաղվել եռաչափ մոդելավորմամբ՝ մեր ստեղծած մոդելները վաճառելով ԱՄՆ շուկային։ Այդ ամենը բավականին մեծ թափ ստացավ, և շուտով ձևավորեցինք նկարիչների, եռաչափ մոդելավորողների մեր թիմը (այդ թիմը մինչ օրս կա․ «3D» մոդելավորման ծառայություն արտերկրի շուկային ներկայումս նույնպես տրամադրում ենք) և երկար տարիներ անհատներին ու բիզնեսներին օգնում էինք զարդերի սեփական բրենդը հիմնել։ Օրինակ՝ ինչ-որ մեկը կարող էր Կանադայից դիմել մեզ՝ մեր օգնությամբ զարդերի սեփական բրենդը հիմնելու համար, և մենք ամբողջական փաթեթով տրամադրում էինք ողջ ծառայությունը՝ դիզայնով, մոդելավորմամբ և այլն։
Եկավ մի օր, երբ ես հարց տվեցի՝ ինչու՞ ենք մենք այլ մարդկանց օգնում հիմնել սեփական բրենդը, իսկ մենք մերը չենք ստեղծում (Covid-ի շրջանն էր): Ես Արմենին ասացի, որ կարող է ոչինչ չանել․ ինքս կայքը կստեղծեմ, մոդելները կընտրեմ․ ամեն ինչ ինքս կանեմ, ու երբ նա արդյունքը տեսնի ու դա նրան դուր գա, կարող է ինձ օգնել։
Այսպիսով, մենք հիմնեցինք մեր ամերիկյան բրենդը՝ «Noble Names Jewelry»-ն։ Վերջինս հիմք հանդիսացավ հետագայում ստեղծվելիք մեր բոլոր բրենդերի համար։ Ինչու «Noble Names»․ պատրաստում էինք անվանական վզնոցներ, որոնք այդ ժամանակ ԱՄՆ-ում շատ արդիական էին։ Հետո այնքան ծավալվեցինք, որ սկսեցինք տղամարդկանց համար զարդեր նույնպես ստեղծել, ինչը շուտով մեծ ճանաչում ձեռք բերեց և լավ վաճառքներ ապահովեց։
Այդ փուլում չէինք էլ մտածում, որ մի օր կդառնայինք հայկական բրենդ, կաշխատեինք հայկական շուկայում։ Հայաստանում մեր ընտանիքը, մեր ընկերները նույնիսկ չգիտեին, որ մենք խոշոր բրենդ ունենք, մեծ ներդրումներ ենք անում։ Մեր զարդերը ներկայացված էին ամերիկյան խանութներում (Նյու Յորք, Լոս Անջելես)։
Եկավ մի պահ, որ ամեն ինչ լճացավ, և որևէ կերպ չէինք կարողանում առաջ գնալ։ Հասկացանք, որ եթե աշխատում ես այլ երկրի շուկայի հետ, պետք է գտնվես այդ երկրում։ Այսպիսով, մեր բիզնեսը սկսեց մեզ չծառայել, և որոշեցինք դադար վերցնել․ այս դադարից հետո էլ ծնվեց «UHI»-ն։ Կարող եմ ասել, որ միշտ չէ, որ զարդեր սիրել եմ․ երկար տարիներ նույնիսկ օղեր չեմ կրել, սակայն քանի որ այնպես ստացվեց, որ պետք է զարդերի վաճառքով զբաղվեի, սկսեցի դա անել։ Զարդերի հանդեպ հատուկ սերը հենց այդ ժամանակ է ծնվել։
- Ձեր բրենդի հանդեպ հայկական շուկայում մեծ սեր և վստահություն կա։ «UHI» բրենդի նոր զարդերին անհամբերությամբ են սպասում, և յուրաքանչյուր զարդ մեծ ոգևորությամբ և սիրով է ընդունվում։ Ինչպե՞ս եք կարողացել այսպիսի ամուր կապ ստեղծել ձեր և հաճախորդների միջև և ինչպե՞ս եք կարողանում պահպանել այն։ Ո՞րն է «UHI» բրենդի հաջողության գաղտնիքը։
- Վերը նշված բոլոր հարցերի պատասխանն է՝ չգիտեմ (ժպտում է,-հեղ․)։ Անկեղծ՝ չգիտեմ՝ ինչպես սկսվեց այս ամենը և ինչպես ստացվեց, որ մեզ այսքան սիրեցին, բայց մի բանում վստահ եմ՝ մարդիկ սիրել են մեր անկեղծությունը․ շատ կարևոր է, որ Ինստագրամում և իրական կյանքում դու լինես նույն մարդը։ Երբ հաճախորդները մեր ստուդիա են գալիս և ծանոթանում են ինձ հետ, ասում են, որ ես նույն մարդն եմ, ինչ Ինստագրամում։ Շատերին կարող է թվալ՝ ես ձևանում եմ, երբ հեռախոսի խցիկին ժպտում եմ, սակայն երբ մարդիկ սկսում են իրական կյանքում մեզ ճանաչել, հասկանում են, որ այս ամենն իրական է, որ մենք իսկապես շատ ենք աշխատում, որպեսզի որակ ապահովենք։
Պետք է խոստովանեմ, որ մենք առաջին օրվանից չէ, որ կարողացել ենք որակյալ արտադրանք թողարկել։ Թերացումներ շատ են եղել, և մենք մեր սխալներից շատ բան ենք սովորել։ Մեր առաջին հավաքածուներից որոշ նմուշներ մենք այլևս չենք վաճառում, քանի որ չենք համարում, որ այս փուլում դրանք կարող են լինել մեր տեսականու մեջ։ Երբեմն հաճախորդները գալիս են ստուդիա՝ մեր նախկին հավաքածուներից որոշ նմուշների նկարներով, սակայն մենք նրանց ասում ենք, որ դրանք այլևս չեն լինելու, ՍԱԿԱՅՆ՝ լինելու են ավելի լավերը։
Այո՛, մեր հաճախորդները մեր ստեղծած զարդերի նոր նմուշներին անհամբերությամբ են սպասում․ պիտի խոստովանեմ որ այսպիսի սիրո և վստահության մասին ես միշտ եմ երազել, և այն, փաստացիորեն, իրականություն է դարձել։ Հիասքանչ զգացողություն է, երբ մարդիկ քեզ սիրում են, ճանաչում են, վստահում և սպասում քո նոր ստեղծագործություններին։
Ես կարծում եմ, որ մեր հաջողությունը հայկական շուկայում նաև մեր լսարանի շնորհիվ է․ եթե նրանք մեզ չսիրեին, ամեն ինչ այլ կլիներ․ (մենք միգուցե ավելի լարված աշխատեինք՝ փորձելով ամեն ինչ անել, որ մեր գործերը սիրվեն և ընդունվեն) սակայն այնպես է ստացվել, որ այն, ինչ անում ենք, միշտ նրանց կողմից հավանության է արժանանում, և մենք մշտապես զգում ենք նրանց աջակցությունը։ Եթե նույնիսկ այնպես է ստացվում, որ ինչ-որ հարցում թերանում ենք, մեր հաճախորդները մեզ մշտապես դրա մասին անկեղծորեն ասում են․ մենք ընդունում ենք առողջ քննադատությունը, փորձում ենք դա հաղթահարել մեր մեջ և հաճախորդին որակյալ արտադրանք ներկայացնել։
- Զարդարվեստն այսօր Հայաստանում մեծ թափով է զարգանում․ ամեն օր աքսեսուարների նոր բրենդեր են ծնվում և թվում է՝ հայկական սահմանափակ, փոքր շուկայում այլևս տեղ չկա։ Արդյո՞ք մենք ունենք այսքան սպառող, և ի՞նչ պետք է անեն նոր ստեղծված բրենդերը՝ այս մրցակցության պայմաններում նոր խոսք ասելու և մրցունակ դառնալու համար։ Ի՞նչ խորհուրդ կտաք նորաստեղծ բրենդերին։
- Ես միշտ ասել եմ և շարունակելու եմ ասել, որ հայ ոսկերիչներն աշխարհում ամենատաղանդավորն են։ Մենք շատ երկրներում ենք եղել․ ամեն անգամ, երբ մեզ տանում են իքս երկրի ոսկու ամենամեծ շուկան և փորձում ինչ-որ բանով տպավորել, ես ու Արմենը տեսնելիս ասում ենք՝ այսքա՞նը, սրա՞նք են ձեր ամենատպավորիչ զարդերը։
Հայկական շուկայում հիանալի մասնագետներ կան․ հայ տաղանդավոր զարդագործներն ամենուր են՝ թե ՛Հայաստանում, թե՛ Ավստրալիայում, թե՛ Կանադայում, թե՛ ԱՄՆ-ում։
Քանի որ մենք արտերկրի շուկայի հետ շատ ենք աշխատել, շատ են եղել նաև դեպքերը, երբ Արմենի համար միջազգային ընկերություններում աշխատանքի անցնելու հայտեր եմ լրացրել և այս ընթացքում մի շարք հաճելի բացահայտումներ արել․ միջազգային շուկայում զարդերի յուրաքանչյուր երկրորդ բրենդը հայկական է։ Պատկերացրեք իմ երջանկությունը, երբ ամեն անգամ վերստին համոզվում եմ, որ այս ոլորտում ամենատաղանդավորը հայերն են։ Մենք լավագույնն ենք։
Ինչ վերաբերում է շուկայի՝ ծանրաբեռնված լինելու հարցին, հետևյալը կասեմ․ եթե մենք ուշադրություն դարձնեինք շուկայի հագեցվածությանը, մեր բրենդն այժմ գոյություն չէր ունենա։
Մենք ունենք տասը աշխատող և նրանցից 7-ի հայրը զարդագործ է․ մեր նկարչուհու, երեք դիզայներների հայրերը ոսկերիչներ են, մյուս նկարչուհու հայրը՝ արծաթագործ և այսպես շարունակ։
Շուկան այնքան հագեցած է, որ եթե մենք առաջնորդվեինք այս հանգամանքով, երբեք չէինք սկսի։ Զարդերի բոլոր նորաստեղծ բրենդերին խորհուրդ կտամ լինել յուրօրինակ, տարբերվել, ունենալ սեփական ասելիքը։ Միևնույն մատանին ես էլ կարող եմ վաճառել, դուք էլ․ կարևորը շուկայում ձեռագիր և ասելիք ունենալն է։ Եթե պետք է շարունակ հետևես իքս բրենդի գործողություններին և կրկնօրինակես նրան, երբեք հաջողություն չես ունենա, եթե պետք է մշտապես սպասես, թե այս կամ այն բրենդը ինչ կանի, որ դու էլ նմանակես, ինչ-որ պահի կզգաս, որ քո ափսեում չես, դա քոնը չէ, և արդյունքում՝ մարդիկ քեզ չեն վստահի․ անկե՛ղծ եղեք, որպեսզի մարդիկ հասկանան, որ դուք ճիշտ զարդ եք վաճառում։
Մի օրինակ բերեմ․ Արմենը դիզայներ է, և հաճախ է պատահում, որ նա լիովին այլ կերպ է պատկերացնում զարդը։ Նա պատրաստում է զարդեր, որոնք ճիշտ են դիզայների աչքերով․ ես այդ զարդը կրում եմ և ասում՝ ո՛չ․ ես սա չեմ կարող վաճառել։
Ես զարդին հաճախորդի՝ այն կրողի աչքերով եմ նայում։ Երբեմն Արմենը կեսկատակ հայտարարում է՝ նոր զարդ եմ պատրաստել․ Նարինեն չի վաճառում։ Դե ես էլ հակադարձում եմ, թե՝ գեղեցիկ չէ, ինձ դուր չի գալիս։
Եթե զարդն ինձ դուր չի գալիս, ես չեմ կարող կեղծել, չեմ կարող հաճախորդին ասել՝ ընտիր բան է, գնի՛ր։ Ես կարող եմ մեկ սթորիի օգնությամբ մեկ միլիոն դրամ արժողությամբ զարդ վաճառել, եթե ես հավատում եմ այդ զարդին։ Եթե ինձ դուր չի գալիս, չեմ կարող։
Մենք երկար ժամանակ մեր՝ «Դիցուհի» հավաքածուի համար քարեր էինք փնտրում։ Մի երիտասարդի հետ ենք համագործակցում, որի տեսականուց հաճախ ենք գնումներ կատարում։ Հավաքածուի նմուշների քարերն ընտրելիս, երբ վերջինս փորձում էր ինձ խորհուրդ տալ՝ քարերի ընտրության հարցում, Արմենն իր հերթին նրան խորհուրդ տվեց դա չանել, որովհետև եթե նրանք երկուսով ընտրեին մի բան, որն ինձ դուր չէր գալիս, ես այն չէի կարողանա վաճառել։
Այո՛, հաճախորդիդ, լսարանիդ և ինքդ քեզ հետ պետք է իրապես անկեղծ լինես և քո անկեղծությամբ կարողանաս արժանանալ հաճախորդիդ վստահությանը, որպեսզի ստեղծածդ էլ կարողանաս վաճառել․ ոչ թե խաբես, թե զարդ եմ հորինել, իսկ իրականում նմանակես ուրիշին։
- Համաշխարհային ճանաչում ունեցող աքսեսուարների ո՞ր բրենդն է «UHI» բրենդի հիմնադիրների սիրելին և ինչու՞։ Ո՞վ է զարդերի ձեր ամենասիրելի դիզայները, որից կարելի է անվերջ ոգեշնչվել։
- Կուզենայի՝ այս հարցին պատասխաներ Արմենը։ Ինձ մշտապես դուր են եկել դիզայներ Դեվիդ Յուրմանի գործերը։ Յուրմանն ազգությամբ հրեա է։ Նրա գործերն ուղղակի գլուխգործոց են։
Երբ աշխատում էինք արտերկրի շուկայի հետ, մեզ հաճախ էին ուղարկում Դեվիդ Յուրմանի գործերը, որպեսզի դրանք կրկնօրինակեինք։
Պետք է ասեմ, որ Յուրմանին կրկնօրինակելը չափազանց դժվար է, որովհետև նա ունի սեփական յուրօրինակ ձեռագիրը․ ունի մի գաղտնիք, որը չես կարող բացահայտել։ Նրա կայքում հրապարակված զարդերի լուսանկարները միշտ իրենցում գաղտնիք են պարունակում․ զարդերն այստեղ երբեք չորս կողմից չեն երևում, և դիզայները, նայելով այդ լուսանկարներին, չի կարողանում ամբողջությամբ պատկերացնել և հասկանալ՝ ինչ պետք է անի, որպեսզի ճիշտ նույն մոդելը ստանա։ Կարող ես շարունակ փորձել, և ոչինչ չստացվի։ Նույնը կարող եմ ասել «Tiffany&Co» բրենդի զարդերի մասին․ «Tiffany»-ի զարդերի լուսանկարները հասանելի են ամենուր, սակայն երբ փորձում ես հասկանալ, թե օրինակ՝ իքս կետն ինչպես միացավ իգրեկին, չես կարողանում։ Ա՛յ սա շատ զիլ երևույթ է։ Ինձ համար շատ կարևոր է, որ դիզայները ունենա ձեռագիր, որը շատ դժվար կլինի կրկնօրինակել։
- Վերջերս մասնակցել եք Միլանի նորաձևության շաբաթին։ Ի՞նչ հավաքածու եք ներկայացրել նորաձևության շաբաթվա շրջանակում և ինչպիսին էր եվրոպական շուկայի արձագանքը։
- Սեպտեմբեր ամսին տասը հայ դիզայների հետ մասնակցեցինք Միլանի նորաձևության շաբաթին՝ ներկայացնելով մեր նոր՝ «Bella Donna» հավաքածուն։ Milan Fashion Week-ին մասնակցությանը պատրաստվելու համար ընդամենը մեկ և կես ամիս ժամանակ ունեինք, սակայն, վերջիվերջո, կարողացանք հասցնել ամեն ինչ և այդ «մարտահրավերը» պատվով հաղթահարեցինք։
«Bella Donna»-ն լիովին տարբերվում է մեր նախկին բոլոր հավաքածուներից, որովհետև նրա նմուշները շատ խոշոր են, շատ խոսուն և շատ կերպարային։ Այն դեպքում, երբ մեր՝ «Bad Bitch» հավաքածուի բոլոր զարդերը կարող ես կրել առօրյայում, «Bella Donna»-ի դեպքում՝ պատկերը լիովին այլ է․ այս հավաքածուի նմուշները պետք է կրել մեծ միջոցառումների, ֆիլմի պրեմիերաների և, առհասարակ, այնպիսի միջոցառումների ժամանակ, երբ ասելիք ունես։
«Bella Donna»-ի գրեթե բոլոր աքսեսուարները յուրօրինակ շեշտադրումներ ունեն։ Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում մեր ինֆլուենսերներից մի քանիսն այս հավաքածուի նմուշներն էին կրում, և տեսնողները հիացած էին դրանցով։
Այս հավաքածուի՝ մատների տեսքով զարդերը մեր ամենասիրելի և յուրօրինակ աքսեսուարներից են։ Երգչուհի Բրյունետի եվրատեսիլյան ելույթի համար հինգ մատ-աքսեսուար էինք պատրաստել։ Իհարկե, նա արդյունքում կրեց ոչ բոլոր հինգը, քանի որ կերպարը մի փոքր այլ լուծում էր թելադրում։
«Bella Donna» հավաքածուն, իրոք, շատ սիրվեց և իր յուրահատկության շնորհիվ՝ մեծ արձագանք ստացավ։
- «UHI» բրենդը շուտով՝ դեկտեմբերի 2-ին և 3-ին, մասնակցելու է Լոս Անջելեսում կայանալիք «Armenian Designer Pop up in LA» միջոցառմանը, որի կազմակերպիչը Նորաձևության և դիզայնի պալատն է։ Ի՞նչ հավաքածու եք ներկայացնելու այս միջոցառման շրջանակում։
- Քանի որ ընտրությունը շատ դժվար էր, մենք որոշեցինք ներկայացվելիք հավաքածուում ներառել նմուշներ մեր բոլոր հավաքածուներից։
Բացի նշվածից՝ ունենալու ենք երկու նոր հավաքածուի շնորհանդես։ Առաջինը մեր նոր՝ ժամացույցների հավաքածուն է։ Ժամացույցների հավաքածուի ստեղծման համար ահռելի աշխատանք ենք կատարել, և ես հպարտ եմ ստացված արդյունքի համար առաջին հերթին այն պատճառով, որ այս հավաքածուն ոգեշնչված է մեր սիրելի Հայաստանով։ Այն լիովին մերն է՝ մեր հայկականը։
Հավաքածուի ստեղծման պատմության մի փոքրիկ դրվագով կիսվեմ․ երբ Արմենի հետ քննարկում էինք, թե ինչ պետք է գրվի ժամացույցների վրա, ես առաջարկեցի գրել՝ «Ես իմ անուշ Հայաստանի»․ սրանք այն բառերն են, որոնք կարող են հուզել ցանկացած հայի։ Ժամացույցների հավաքածուի նմուշները ցույց են տալիս մեր պատմամշակութային կոթողները և սիմվոլները, (Օպերայի շենքը, Կասկադը և այլն) և շատ պարզունակ կլիներ, եթե գրեինք ուղղակի տեղեկատվություն այս կամ այն կոթողի մասին։ Կարծում եմ ՝ չարենցյան «Ես իմ անուշ Հայաստանի» բառակապակցությունը լավագույն ընտրությունն էր։
- Ինձ թվում է՝ հավաքածուն տեղի հայերի շրջանում մեծ արձագանք կունենա։
- Այո այո՛․ ես էլ եմ այդպես ակնկալում և անհամբեր սպասում եմ շնորհանդեսի օրվան։ Սկզբում կթողարկենք ժամացույցների հավաքածուն՝ հետո՝ «Դիցուհի»-ն․ այն բնական քարերով շքեղ մատանիներից և վզնոցներից է բաղկացած։
- Որո՞նք են «UHI» բրենդի ապագա պլանները։
- Մի քանի օր առաջ Բրյուսովի անվան պետական համալսարանում հրավիրված էի բանախոսության, և ինձ նույն հարցը տվեցին․ ես պատասխանեցի, որ ես ապրում եմ այս օրով և ժամով։ Իմ ներկան չափազանց հագեցած է, և ես շատ երջանիկ եմ դրա համար։
Երբ օրդ հագեցած է, ավելի շատ բան ես հասցնում անել, քան այն պարագայում, երբ քեզ տալիս են անսահման ժամանակ և ասում ՝ ինչ ուզում ես, արա․ սահմանափակումներն ինչ-որ առումով օգտակար են։
Իմ և Արմենի ապագա գլխավոր պլանը է՝ անպայման ապրել և ստեղծագործել Հայաստանում, քանի որ մեր «UHI»-ն՝ մեր հայուհին, միգուցե արտերկրի շուկայում չաշխատի։ Չեմ բացառում, որ որոշ շրջանակներում կարող է հաջողել, սակայն մեր հաճախորդը և լսարանը հայն է․ մենք արտերկրի շուկայի համար շատ ենք աշխատել և կարծում ենք՝ ժամանակն է մեր ուժը, էներգիան և կարողությունները ծառայեցնել՝ ի շահ մեր հայրենիքի։
Ապագայում, վստահաբար, ունենալու ենք մասնաճյուղեր այլ երկրներում ևս, բայց ես ուզում եմ, որ Աստծո կամքով մեր արտադրությունը մնա Հայաստանում, հետո էլ՝ տարածվի ողջ աշխարհում։
Ինչ խոսք, մեզ համար ավելի հեշտ կլիներ զարդերի մոդելները պատվիրել Չինաստանից, ինչպես հիմա շատերն են անում, սակայն մենք ցանկանում ենք, որ հայ տաղանդավոր ոսկերչի աշխատանքը հասնի աշխարհի ցանկացած կետ։ Պատվիրելը հեշտ է, սակայն հետաքրքիր չէ։