Հայաստանը լուսավոր ապագա ունի․ Արամ Սպենջյան
«Lorens NYC» ընկերությունը հայ տեքստիլ արտադրողին կապում է համաշխարհային ճանաչում ունեցող բրենդերի հետ, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում «Made in Armenia» գրությամբ հագուստի նմուշներ են արտադրում։ Այս թեմայով զրուցել ենք «Lorens NYC» ընկերության համահիմնադիր Արամ Սպենջյանի հետ։
- Արա՛մ, Սպենջյան ընտանիքն արդեն վեց սերունդ է՝ աշխատում է տեքստիլ արդյունաբերության ոլորտում, իսկ չորս տարի առաջ հիմնեցիք «Lorens NYC» ընկերությունը։ Ինչպե՞ս որոշեցիք գործունեություն սկսել ձեր պատմական հայրենիքում:
- «Lorens NYC»-ն հիմնեցինք 2019-ին` որպես միջնորդ ընկերություն․ հորս և եղբորս հետ որոշեցինք մեր մասնագիտությունն ու փորձն օգտագործելով՝ ստեղծել ընկերություն, որն արտասահմանյան բրենդերին կծանոթացնի Հայաստանի ներուժին:
Այսպես էլ ձևավորվեց Հայաստանի գործարանների և հագուստի հանրահայտ բրենդերի միջև գործակցությունը։
Այո՛, մեր ընտանիքն արդեն վեց սերունդ է՝ աշխատում է այս ոլորտում: Հայրս՝ Աշոտ Սպենջյանը, 80-ական թվականներին ապրել և աշխատել է ասիական երկրներում և տեսել այդ երկրների առաջընթացը․ այժմ մենք բոլորս տեսնում ենք, թե ուր են նրանք հասել։
Միշտ ասել եմ, որ Հայաստանը նույնպես կարող է աշխարհի թեթև արդյունաբերության շուկայում իր տեղն ունենալ, հզորանալ և լուրջ մրցակից դառնալ։
«Lorens NYC» ընկերությունն ունի՞ սեփական արտադրություն, թե՞ միջնորդ ընկերության ձևաչափով է աշխատում։
Այո՛, մենք ունենք նաև մեր՝ «Lorens NYC» ապրանքանիշը և նպատակ ունենք համագործակցել Հայաստանի բոլոր գործարանների հետ։
Երևանում, Վանաձորում, Գյումրիում տեղակայված շատ գործարաններ այսօր արդեն արտադրում են մեր բրենդի շապիկները, գուլպաները, գլխարկներն ու բաճկոնները։
Այս պահին, «GMPR NYC» գրությամբ մոտ 600 ձմեռային բաճկոն ենք կարում․ դրանք բաժանելու ենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, ովքեր չկարողացան Հայաստան բերել իրենց ձմեռային հագուստը։ Հույս ունենք, որ գալիք տարում կկարողանանք մոտ 5000 բաճկոն բաժանել:
Մեր գլխավոր նպատակն է հայաստանյան գործարաններին ապահովել աշխատանքով․ արտադրությունը կլինի հանրահայտ ապրանքանիշերի, թե մեզ նման հասարակ բրենդերի համար, կարևոր չէ: Նպատակը մեկն է. մեր փորձով և կապերով օժանդակել մեր հայրենիքին ու հայրենակիցներին։
- Վերջերս համագործակցություն եք սկսել կանադական «MACKAGE» բրենդի հետ, ինչի արդյունքում վերջինս Հայաստանում «Made in Armenia» գրությամբ հագուստ է արտադրելու: Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը:
- Այո՛, MACKAGE-ի հետ մեր համագործակցությունը շատ հաջող ստացվեց։ Այս պահին պատրաստում ենք բաճկոնների, վերնաշապիկների և գուլպաների նմուշներ՝ գալիք տարվա համար։ Շատ ուրախ ենք, որ կարողացել ենք ապահովել Հայաստանում արտադրված նմուշների բարձր որակը․ ընկերության հետ համագործակցությունը, վստահաբար, պետք է շարունակենք։
- Կնշե՞ք ևս մի քանի բրենդ, որոնց հետ արդեն աշխատում եք:
- Այժմ չեմ կարող անուններ բացահայտել, քանի որ այս պահին բանակցությունների փուլում ենք: Կարող եմ ասել, որ 2024 և 2025 թվականները մեր հայրենիքի զարգացման և բարօրության առումով շատ հետաքրքրական տարիներ են լինելու։
- Դուք շարունակական շփումներ եք ունենում արտասահմանյան բրենդերի հետ՝ փորձելով ձևավորել կապ վերջիններիս և հայկական շուկայի միջև: Ինչպիսի՞նն է այս բրենդերի հետաքրքրությունը հայկական շուկայի հանդեպ և ինչպե՞ս է ձեզ հաջողվում «համոզել» կայացած բրենդերին ներդրում կատարել այնպիսի անկայուն երկրում, ինչպիսին Հայաստանն է:
- Շնորհիվ ոլորտում մեր երկար տարիների փորձի՝ մենք շատ լավ հասկանում ենք մեր հաճախորդների կարիքները և գիտենք, թե նրանք ինչն են կարևորում։ Նաև քաջատեղյակ ենք մեր հայրենիքի ներուժի մասին․ գիտենք՝ ինչպես կարելի է լուծել այն խնդիրները, որոնք առաջանում են աշխատանքի և համագործակցության ընթացքում։
Մանրամասն ուսումնասիրել ենք մեր շուկան և Հայաստանի հնարավորությունները․ համագործակցության տարբերակները փնտրում ենք՝ այդ ամենը հաշվի առնելով։ Համագործակցություն սկսում ենք այնպիսի ընկերությունների հետ, որոնք համապատասխանում են մեր դիտարկումներին։
Մենք չունենք ծով, ցամաքը շրջապատված է թշնամական երկիրներով, սակայն մենք խելացի և նորարար ազգ ենք, ունենք բարձր որակավորում ունեցող մասնագետներ։
Հայրենիքը և Սփյուռքը կարող են արդյունավետ համագործակցել և միմյանց հետ աշխատելով՝ միասնաբար լուծել գոյություն ունեցող խնդիրները․ որպես ազգ եւ երկիր՝ մենք այլ ելք չունենք։
- Ի՞նչ պոտենցիալ ունի հայկական տեքստիլ արդյունաբերությունը և զարգացման ինչպիսի՞ հնարավորություններ կան՝ ձեր պատկերացմամբ:
- Հայաստանը լուսավոր ապագա ունի։ Փորձը ցույց տվեց, որ մեկ համագործակցությամբ անգամ կարող են շատ դռներ բացվել։
Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ շատ ընկերություններ արդեն սկսել են հեռանալ չինական և ասիական երկրների շուկաներից․ սա շատ լավ առիթ է՝ այս ընկերություններին դեպի Հայաստան ուղղորդելու համար։ Մեր նպատակն է ապահովել Հայաստանի արտադրողների զբաղվածությունը: Որքան զբաղվածությունը շատ լինի, այնքան մեծ թվով մարդիկ կաշխատեն, և արդյունքում՝ մեր տնտեսությունը կզարգանա։
Տնտեսությունը զարգացնելով՝ կզորացնենք մեր երկիրը։ Սա նշանակում է՝ մենք ճիշտ ուղու վրա ենք:
Մեր նպատակն է Հայաստանում զարգացնել թեթև արդյունաբերությունը։ Եթէ ամեն հայ գործունեության իր ասպարեզում և իր մասնագիտությամբ օգնի հայրենիքին, մեր փոքրիկ Հայաստանը փայլելու ավելի շատ առիթներ կունենա։