Հինգ նոր ֆիլմ՝ նորաձևության մասին․ ինչ դիտել հանգստյան օրերին

May 11, 2024 - 13:12
May 11, 2024 - 14:53
Հինգ նոր ֆիլմ՝ նորաձևության մասին․ ինչ դիտել հանգստյան օրերին

Քրիստոբալ Բալենսիագա (Cristóbal Balenciaga)

Ֆիլմի 6 մասերը պատմում են դիզայներ Քրիստոբալ Բալենսիագայի կյանքի կարևորագույն էտապներից մեկի՝ դիզայների «haute couture» հավաքածուի՝ փարիզյան առաջին ցուցադրության մասին։

Յուրաքանչյուր մասում ներկայացված է լեգենդար դիզայների գործընկերների մեջբերումները, ինչը հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացնել՝ ինչպես են դիզայներին ընկալել իրեն շրջապատող մարդիկ։

The New Look. ոճի հեղափոխություն (The New Look)

Սերիալը պատմում է 20-րդ դարի լեգենդար դիզայներների գործունեության մասին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և դրան հաջորդող ժամանակաշրջանում։

Այստեղ գլխավոր դերում ոչ թե զգեստների ստեղծման ընթացքն է, այլն այն կարևոր որոշումները, որոնք մարդը ստիպված է լինում կայացնել դժվարին իրավիճակներում։

Դիզայներներ Քրիստիան Դիորն ու Պիեռ Բալմենը աշխատում են օկուպացիայի պայմաններում, որպեսզի կարողանան պահպանել սիրելի գործը, իսկ Շանելը ստիպված է լինում գործածել գերմանական հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ կապերը՝ նախկին գործընկերների հետ ունեցած խնդիրները հաղթահարելու համար։

Ջոն Գալյանո․ վերելքներ և անկումներ (High & Low: John Galliano)

Վավերագրական ֆիլմ, որը պատմում է սկանդալային դիզայներ Ջոն Գալյանոյի կյանքի մասին։

Ֆիլմում կենտրոնական տեղ են զբաղեցնում 2011 թվականի իրադարձությունները՝ փարիզյան ռեստորաններից մեկում տեղի ունեցած դիպվածը, դիզայների վտարումը «Dior»-ից և դատական գործընթացը (դիզայները հակասեմական արտահայտություններով վիրավորել է երկու կնոջ, ինչից հետո՝ հայտնվել դատարանի դահլիճում):

Դիզայների կերպարից զատ՝ ֆիլմում ներկայացված են նաև Բեռնար Առնոն (լյուքս դասի բրենդների՝ աշխարհի խոշորագույն՝ «LVMH» ընկերության հիմնադիրը), Աննա Վինտուրը («Vogue» ամսագրի գլխավոր խմբագիրը), մոդելներ Նաոմի Քեմփբելը և Քեյթ Մոսը և այլն։

Սուպերմոդելները (The Super Moldels)

Սուպերմոդելների հիասքանչ քառյակը (Նաոմի Քեմփբել, Սինդի Քրոուֆորդ, Լինդա Եվանգելիստա, Քրիստի Թարլինգտոն) մտովի տեղափոխում է մոդելային «ոսկեդար» (1980-ական թվականներ) և ստիպում շատերի համար նախանձելի թվացող իրականությանը նայել այլ աչքերով։

Վավերագրական մինի սերիալի չորս մասերը խորհրդանշական անվանումներ են կրում՝ «Հայացք», «Փառք», «Ուժ» և «Ժառանգություն»։

Ֆիլմը պատմում է շլացնող հաջողության և համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներների հետ աշխատանքի մասին՝ միևնույն ժամանակ ցույց տալով մեդալի հակառակ կողմը։

Էմիլին Փարիզում (Emily in Paris)

Netflix-ի՝ «Էմիլին Փարիզում» սերիալի մասին գիտեն գրեթե բոլորը։ Սերիալի բոլոր սեզոններում ներկայացված է ամերիկուհի Էմիլիի արկածները՝ նորաձևության մայրաքաղաք Փարիզում։

Աշխատանք լյուքս դասի բրենդների հետ, նոր կապեր և ծանոթություններ և, իհարկե, ռոմանտիկա։

Ֆիլմի նոր սեզոնում ներկայացված են Էմիլիի մտորումները․ արդյո՞ ք չի սխալվել մասնագիտություն ընտրության հարցում․ իսկ թե ինչ եզրակացութան է հանգում հերուսուհին, կիմանանք՝ դիտելով սերիալի նոր մասերը։