Զուգահեռ իրականություն․ Նարեկ Ջհանգիրյան

Aug 25, 2026 - 22:28
Aug 28, 2026 - 20:52
Զուգահեռ իրականություն․ Նարեկ Ջհանգիրյան

Ինչպիսի՞նն է հայկական նորաձևության այն զուգահեռ իրականությունը, որում ապրում է Նարեկ Ջհանգիրյանը։

Իմ կարծիքով՝ ներկա պահին՝ հայկական նորաձևության իրականության մեջ դիզայներները բաժանվում են երկու խմբի․ առաջին խմբին պատկանող դիզայներները շատ սահմանափակ, պահպանողական են։ Երկրորդ խմբում այն դիզայներներն են, որոնք փորձում են այս դժվարին ժամանակներում «գոյատևել», այսինքն՝ կառչում են արվեստի վերջին բեկորներից ու փորձում ինչ-որ բան անել։

Առաջին խմբին պատկանող դիզայները, երբ ունենում է մեծ վաճառքներ, սկսում է մտածել՝ «ա՛յ, սա իմ սեգմենտն է․ լավ է՝ ես մնամ այստեղ, որովհետև այստեղ իմ նավը չի խորտակվում»։

Կոպիտ ասած՝ եթե դիզայները մշտապես ստեղծում է քարերով կամ, օրինակ, ազգային էլեմենտներով հագեցած նմուշներ, որոնք վայելում են պահանջարկ,  նա տարիներով մնում է այդ ամենի մեջ և այն անվանում՝ ձեռագիր․ նշվածը, սակայն, իրականում ձեռագիր չէ․ ըստ իս՝ դիզայներն ուղղակի այդ կետում կանգ է առել, ու ես հասկանում եմ, թե ինչու․ այս պարագայում՝ նա երկու ընտրություն ունի․ կա՛մ պիտի ռիսկի դիմի ու կորցնի երկար տարիների հաճախորդներին՝ միևնույն ժամանակ հնարավորություն ստանալով ձեռք բերել նոր հաճախորդներ, կա՛մ պետք է մնա իրեն հոգեհարազատ ոճում՝ պահպանելով իր՝ արդեն գոյություն ունեցող հաճախորդներին։

Առաջընթացը, սակայն, այս ամենի մասին չէ․ երբ դու միայն կորսետ կամ պիջակ ես ստեղծում, դու չես դառնում դիզայներ․ դիզայներական մտածելակերպը ենթադրում է ստեղծել հավաքածու, որը կներառի տաբատ, վերնահագուստ, զգեստ, մինի զգեստ, տոպ․ ամեն ինչ։ Հավաքածուն պետք է ներառի գոնե 13 լուք․ էլ չեմ խոսում «30+»-ի մասին (ես միշտ՝ ամեն տարի, ստեղծում եմ  30 լուք, իսկ յուրաքանչյուր լուք բաղկացած է լինում նվազագույնը երկու նմուշից)։ Իմ հավաքածուներում կարելի է գտնել թե՛ կորսետ, թե՛ տոպ, թե՛ տաբատ, թե՛ պիջակ։

Իսկ եթե դու միայն քարերով զգեստ ես ստեղծում, դու չես կարող յուրաքանչյուր նմուշում քարեր տեղադրել։ Ես ունեմ կոլեգա, որը միայն կորսետով զգեստներ է ստեղծում, ու  նրան դիզայներ են անվանում են, իսկ ապրանքանիշը՝ բրենդ։ Ա՛յ սա այն սահմանափակ ու պահպանողական մտածելակերպի դրսևորումն է, որի մասին խոսում էի վերևում։

Ի՞նչ ես կարծում՝ այս պարագայում՝ ավելի շատ ինչի՞ց են վախենում դիզայներները՝ համապատասխան վաճառքներ չապահովելո՞ւց, թե՞ վախենում են, որ այլ ոճի նմուշներ ստեղծելիս կձախողեն․ լավ չի ստացվի։

Դա թերևս պետք է վերլուծել անհատապես․ կարծում եմ՝ երբ դիզայները ինչ-որ պահի հասնում է իր բարձրակետին, նա սկսում է մտածել է, որ այն, ինչ նա անում է, ձեռագիր է․ բայց ախր այդտեղ ևս խնդիր կա։

Ինձ, օրինակ, վերջերս ասացին, որ ես ձեռագիր չունեմ։ Ասացի՝ շատ լավ, դա ձեր կարծիքն է․ ես չունեմ ձեռագիր, բայց ի՞նչ ասել է ձեռագիր։

Ես գիտեմ, որ ես՝ որպես դիզայներ՝ ունեմ իմ ձեռագիրը․ ես գիտեմ, որ գոթական մշակույթի կրող եմ, շատ մինիմալիստական եմ, ինձ մոտ գերակշռում է սևը, ես դրամայի սիրահար եմ, տխրության մասին եմ և այլն․ նշվածը բավարար չէ՞։

Բոլորն ասես վախենում են ձեռագիր կորցնելուց․ ես բացարձակ չեմ վախենում, որովհետև ես հասկանում եմ մի բան․ այն, ինչ դուրս է եկել իմ ձեռքի տակից, արդեն իմն է, ու եթե որևէ նմուշ ստեղծվել է իմ կողմից, դրա մեջ կամ ես, միգուցե՝ նորովի, միգուցե մեկ այլ կողմից, որը հնարավոր է՝ ես էլ դեռ իմ մեջ ամբողջովին չեմ բացահայտել։

Օրինակ, ես միշտ ստեղծել եմ մուգ նմուշներով հավաքածուներ, բայց վերջին հավաքածուն, որ ներկայացրեցի Բուլղարիայում, ամենագունեղն էր․ ու ինչն է հետաքրքիր․ իմ անձն այստեղ նույնպես կար․ հավաքածուն ստեղծելով՝ ես հասկացա, որ, որ դա էլ իմ՝ մեկ այլ կողմն է, որին ես էլ  դեռևս չէի ճանաչում։

Ինձ թվում է՝ ռիսկի դիմելը հենց սա է․ երբ գիտակցում ես, որ իքս հավաքածուն ստեղծելով՝ կարող ես կորցնել հաճախորդներիդ․ նաև կարծում եմ՝ երբ հաճախորդները շարունակ գալիս են որևէ դիզայների մոտ և մշտապես նույն տեսակի նմուշներ են գնում, դիզայները չպետք է կախվածություն ունենա դրանից, այլ քաջություն ունենա ասել՝ ոչ։

Ես հասկանում եմ՝ բոլորն են ցանկանում  գումար աշխատել, բայց մենք ինքներս էլ պետք է կրթենք մեր հաճախորդին, հաճախորդն էլ՝ մեզ՝ իր ձևով, բայց մենք ոչ մի դեպքում չպետք է ինքներս մեզ սահմանափակենք։

Ես նաև հասկանում եմ, որ մեծ է չվաճառվելու վախը, բայց մյուս կողմից էլ կարծում, որ եթե դիզայները ինքն իրեն որևէ կետում սպառել է, նա պետք է քաջություն ունենա ընդունել այդ իրականությունը։

Օրինակ՝ եթե դիզայները քարերի թեմայից անդին չի անցնում, միգուցե մի պահ կանգ առնի ու մտածի, որ նա կարող է սկսել նոր կետի՞ց, նորովի՞, սկսի զարգացնել մի նոր ճյուղ ու իրեն նորովի՞ բացահայտի․ Հայաստանում՝ որպես կանոն, ո՛չ ընդունում  են այս իրականությունը, ո՛չ էլ ցանկանում են կանգ առնել։

Նարե՛կ, այ, ի՞նչ ես կարծում՝ հայ դիզայները կարողանո՞ւմ է ընդունել քննադատություն, եթե, օրինակ, որևէ ամսագիր, նորաձևության  լրագրող կամ փորձագետ քննադատի նրա հավաքածուն։

Պատասխանը՝ ոչ․ պատրաստ չէ։

Քննադատությանը պետք է ադեկվատ հայացքով նայել։ Ես պատրաստ եմ ընդունել ցանկացած քննադատություն․ ավելին՝ ես փնտրում եմ մարդկանց, որոնք կասեն՝ թե ես ինչով եմ վատը։

Ես ինձ քննադատություն ընդունող մարդ եմ համարում․  սիրով ընդունում եմ քննադատություն նաև իմ աշխատողներից։

Պետք է ընդունել, որ մարդիկ շատ են, կարծիքները՝ նույնպես, ու եթե մարդը ինչ-որ ոլորտում փորձագետ է, նա այդ կարգավիճակը օդից ձեռք չի բերել։ Հայաստանում խնդիրն այլ է․ ինձ թվում է՝ այստեղ ոչ մի ոլորտում առողջ քննադատություն չկա։

Երբ գործընկերներս հրավիրում են իրենց ցուցադրություններին, ես գնում եմ, հետո՝ բնականաբար, իմ կարծիքն եմ արտահայտում, ինչի պատճառով շատերն ինձ բլոկավորել են։

Խոսենք որակի մասին։

Պատմեմ մի պատմություն, ինձ մոտ էր եկել այլ արտադրողի մոտ անհաջող փորձառություն ունեցած մի աղջիկ․ սկզբում ստիպել են գնել ինչ-որ տեսակի կտոր, այնուհետև՝ որոշ ժամանակ անց, ասել, թե դա վատն է, հետո՝ երկար ժամանակ անիմաստ սպասեցրել․ վերջում՝ երբ աղջիկը փորձել էր իր գնածը ետ վերցնել՝ այլ դիզայների դիմելու համար, նրան տվել էին լիովին այլ կտոր։

Երբ մենք որոշեցինք զգեստի դիզայնը, հասկացանք, որ կտորը բացարձակ չէր համապատասխանում մեր պատկերացումներին․ ստիպված այլ կտոր գնեցինք։ Ասածիս ուղերձը հետևյալն է ՝ դիզայները պետք է հարգի իր հաճախորդին և զգեստի ստեղծման բոլոր փուլերում ճիշտ մոտեցում ցուցաբերի։

Չգիտեմ՝ ինչու են որոշ դիզայներներ այդպես վարվում․ միգուցե որոշ մարդիկ աստղային հիվանդությա՞մբ են տառապում կամ մտածում են, որ իրենց ամեն ինչ կարելի՞ է։

Ես քննադատում եմ նաև մեր երկրում կազմակերպված նորաձևության միջոցառումները և հայ դիզայներների մասնակցությունը մեր երկրի սահմաններից դուրս կազմակերպված նորաձևության ցուցադրություններին։

Ես Սոֆիայի  նորաձևության շաբաթին ներկայացել եմ պատվով․ հաջորդ անգամ, երբ որևէ հայ դիզայներ գնա Սոֆիա, ասելու են՝ ա՛յ նախորդ անգամ մեր տեսածը հետաքրքիր էր․ գնանք, տեսնենք այս անգամ ի՞նչ է լինելու։

Այս պահին ես չեմ ուզում ցուցադրությամբ հանդես գալ այն երկրներում, որտեղ մի շարք հայ դիզայներներ ցուցադրվել են և ձախողել։

Ես կարող եմ գնալ Միլան, Փարիզ, ԱՄՆ, բայց կգնամ այն ժամանակ, երբ վստահ լինեմ, որ կկարողանամ մրցունակ հավաքածու ներկայացնել․ մրցունակ ասելով՝ ի նկատի ունեմ նմուշների, կարի որակը, հավաքածուի կոնցեպտը և այլն։ Օրինակ՝, ես կոշիկ չեմ արտադրում, իսկ սա նշանակում է՝ իմ հավաքածուի նմուշները պետք է ցուցադրվեն տարբեր ապրանքանիշերի կոշիկներով։

Ես զարդեր արտադրում եմ, սակայն գիտեմ, որ կան նմուշներ կամ դիզայնի տեսակներ, որ ես չեմ կարող արտադրել․ նմանատիպ շատ հարցեր կան։ եթե խոսքը վերաբերում է գնալուն, կարելի է․ ինչու՞ ոչ․ միայն թե պետք է կարողանալ ներկայանալ այնպես, ինչպես ինքդ ես պատկերացնում։

Կարծում եմ՝ նորաձևության շաբաթները մեր շուկայի համար առավել արդյունավետ կլինեին, եթե մեզ հաջողվեր կարգավորել տեքստիլ արդյունաբերության ոլորտը, տեքստիլի ներմուծման հարցերը։ Եթե Buyer-ն ինձանից պատվիրի մեծ ծավալի արտադրանք, օրինակ՝ 1000 հատ՝ միևնույն նմուշից, ես ինչպե՞ս եմ կարողանալու այդպիսի ծավալ ապահովել։

Կարմիր գորգերի և դիզայներական նմուշների մասին էլ գրեթե նույնը կարելի է ասել․ այս միջոցառումների ժամանակ հաճախ նկատում ես, որ այս կամ այն դիզայների ստեղծած հագուստով կարմիր գորգին հայտնված անձը նույնիսկ պատկերացում չունի, որ իր զգեստը պատշաճ կերպով արդուկված չէ, կարի հատվածից թելեր են դուրս ցցվել կամ սոսնձվող հատվածները, ինչպես հարկն է, ֆիքսված չեն։ Ու այս պարագայում՝ չես կարողանում հասկանալ՝ մի՞թե այս դիզայները չի նկատել նշված թերությունները։

Շատ հարցեր ու խնդիրներ կան, ինչը ենթադրում է, որ մենք չենք կարող «աչք փակել» և ասել, թե  ամեն ինչ լավ է։

Նարե՛կ, չնայած առկա խնդիրներին, չենք կարող չնշել վերջին տարիներին նկատելի դրական միտումները ևս․ դու այդ միտումները նկատու՞մ ես։

Շուկան զարգանում է, այո՛․ բայց արդյո՞ք այն զարգանում է՝ ավելի մրցունակ դիզայներների գործունեության արդյունքու՞մ, թե՞ այն պատճառով, որ մարդիկ հոգնել են Zara-ի արտադրանքի համար վճարել այնքան, որքան կվճարեին հայ դիզայներին՝ նույն ոճի նմուշի համար։

Եթե Zara-ի վերարկուն արժե, օրինակ, 100 000 դրամ, հայ հաճախորդը մտածում է՝ ինչու՞ ես պետք է վճարեմ 100 հազար, սակայն կրեմ Zara, եթե ես կարող եմ հայ դիզայներին պատվիրել իմ կազմվածքին համապատասխան կարված նույնաոճ վերարկու՝ գրեթե նույն արժեքով։ 

Իրականում հայ դիզայների եկամտի իրական աղբյուրը անհատական պատվերներն են․ այստեղ բոլորս ենք գումար ենք աշխատում։ Հավաքածու վաճառելը երկարատև գործընթաց է․ վաճառվելիք նմուշները քիչ են, և դու չես կարող այն եկամտի հուսալի աղբյուր համարել։

Ինչպե՞ս պահպանել թե՛ որակը, թե՛ հաճախորդին՝ հայաստանյան փոքր, ռեսուրս չունեցող շուկայում

Ինձ մոտ հաճախ գալիս են այլ դիզայներների հաճախորդներ․ երբ ես  հարցնում եմ՝ ինչու, նրանք մեծամասամբ նախ՝ բողոքում ենք իրենց անձի հանդեպ ցուցաբերված վերաբերմունքից, հետո՝ նմուշների որակից։

Բայց եթե դու որակյալ արտադրանք ես ստեղծում, այս տեղեկատվությունը վաղ թե ուշ շղթայական ռեակցիայի սկզբունքով տարածվում է։

Rien-a-Porter-ում երբեմն կատակում են, թե ես իմ աղանդն ունեմ ու հաճախորդներս էլ՝ որպես այդ աղանդի «հետևորդներ», մուտք գործելով խանութ՝ միանգամից քայլերն ուղղում են դեպի JHANGIRIAN-ի նմուշների համար սահմանված բաժին և գնումները կատարելով՝ միանգամից դուրս են գալիս՝ նույնիսկ առանց ուսումնասիրելու արտերկրյա բրենդերի նմուշները։

Կարծում եմ՝ նրանց մոտ առկա է այն վստահութունը, որ եթե իրենք ընտրել են JHANGIRIAN, ապա այն անպայման որակ ունի։

Ու այս ամենի համատեքստում՝ ես նաև չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է դրա հակառակ պատկերը լինել։

 «Խազերից» երկու օր առաջ՝ դիզայներների հետ հավաքի ժամանակ, կատակեցինք, թե որոշ հաճախորդեր վերջին պահին կհիշեն, որ իրենց զգեստ է անհրաժեշտ։ Մի դիզայներ էլ կատակեց, թե՝ երկու օրում չե՞ս կարող զգեստ կարել։ Ասացի՝ իհարկե՝ ոչ։

Ես իրապես դա չեմ անի․ ես այդպես ու՞մ հարգեմ․ ի՞նձ, թե՞ հաճախորդիս։ Երկու օրում կարված զգեստը պարզ է, թե ինչ է լինելու։

Դիզայների և հաճախորդի հարաբերությունը պետք է հիմնվի ոչ միայն փախշահավետության, այլ նաև փոխադարձ հարգանք վրա։

Կարծում եմ՝ վերջինը Հայաստանում շատ հազվագյուտ երևույթ է։

Եթե դիզայները չի հարգում իր արած աշխատանքը, ինչպե՞ս պիտի հարգի այլ դիզայներներին։

Ես մի խոսք ունեմ, որ հաճախ սիրում եմ ասել՝ հայ դիզայների հաճախորդները հագնում են հայ դիզայների բրենդի նմուշները, սակայն հայ դիզայները կրում է Balenciaga, կամ Zara, երբ կարևոր միջոցառման է գնում։

Իմ կարծիքով՝ սա ամոթալի երևույթ է։

Օրինակ, կարմիր գորգին ես միշտ կրում եմ իմ բրենդի հագուստը։

Ես կարող եմ առօրյա կյանքում կրել այլ բան (չնայած այդ հարցն էլ եմ փորձում լուծել․ սպորտային շապիկ եմ պատվիրել Կանադայում՝  այնտեղ, որտեղ Balenciaga-ն է պատվիրում) սակայն շուտով արդեն արդեն իմ ստեղծած շապիկներն եմ կրելու։

Որոշ մարդիկ ասում են, թե ռեսուրս չկա, որակյալ կտոր չկա և այլն։ Անհնարին բան չկա․ դիզայների գործունեության իմաստը հենց այս ամենում է․ պետք է կարողանալ նյութի հետ աշխատել, շարունակ փորձել։ Ես իմ 3D տպիչով ստեղծված կորսետի միջոցով ցույց տվեցի, որ անհնարին բան չկա։

Ինչպես վերևում խոսեցինք, ես, այո՛, ապրում եմ զուգահեռ իրականության մեջ։ Ես ապրում եմ մեկուսացած՝ իմ սեփական իրականության մեջ․ չունեմ լայն շփումներ՝ նորաձևության  հայկական շուկայի շատ ներկայացուցիչների հետ։ 

Հայ դիզայներների միջև մրցակցություն կա՞։

Ես մշտապես ասում եմ՝ ես չունեմ մրցակիցներ․ ես ունեմ գործընկերներ։

Հագուստի այն տեսակը, որը ես եմ ստեղծում, նրանք չեն ստեղծում․ և հակառակը։

Նշվածից զատ՝ յուրաքանչյուրս աշխարհը յուրովի ենք ընկալում․ այն տարբեր կերպ ենք տեսնում։ Ուստի մեզանից յուրաքանչյուրի ձեռքի ստեղծածը նույնպես տարբեր է։

Օրինակ, Ruzane’-ի հավաքածուում ես տեսել եմ նմուշներ՝ իմ ունեցած ժանյակից, բայց այդ հանգամանքն ինձ չի ստիպել իմ ստեղծածը հանել վաճառքից․ հակառակը՝ ասել եմ՝ դե սա է իրականությունը, միևնույն ժամանակ մտածել՝ իմ դիզայնը ուրիշ է, նրանը՝ ուրիշ։

Նմանատիպ դեպք տեղի ունեցավ դիզայներ ընկերներիցս մեկի հետ․ բացահայտեցինք, որ գնել ենք նույն տեսակի ժանյակից․ ես նրան աացի, որ եթե դա նրա համար խնդիր է, ես իմ ունեցածով ոչինչ չեմ ստեղծի։ Նա, իհարկե, ասաց, որ որևէ խնդիր չի տեսնում․ չէ՞ որ յուրաքանչյուրս մեր ոճն ու ձեռագիրն ունենք։ Այդպես պետք է լինի․ ես նորաձևությունն այսպես եմ տեսնում․ անհրաժեշտ է ոչ թե սահմանափակել, այլ խրախուսել միմյանց։

Եթե իմ գործընկեր դիզայները ձախողեց, ես այդ ամենից որևէ օգուտ ստանալու՞ եմ։

Մի հավելում ևս․ կարծում եմ՝ դիզայները չպետք է վախենա, որ իր հաճախորդը հանկարծ կարող է այլ դիզայներից գնումներ անել․ թող ինձանի՛ց էլ գնի, մյուսների՛ց էլ։

Շատ դեպքեր են եղել, երբ գերզբաղված եմ եղել և իմ հաճախորդին ուղղորդել եմ այլ դիզայների մոտ։ Օրեր առաջ ցանկանում էին տղամարդու կոստյում պատվիրել․ ես, հասկանալով, որ չեմ հասցնի, խորհուրդ տվեցի այն պատվիրել Ֆաինա բրենդից, քանի որ Ֆաինայի կողմից Արսեն Գրիգորյանի համար ստեղծված կոստյումն ինձ շատ դուր էր եկել։

Կարծում եմ՝ ես եսակենտրոն չեմ․ ես, առհասարակ, չեմ համարում, որ լավագույն դիզայներն եմ․ ես ուղղակի գոյություն ունեցող ռեսուրսներով ցանկանում եմ իմ գործը հնարավորինս լավ անել․ ես լա՞վն եմ, վա՞տը՝ չգիտեմ․ ո՞վ պիտի գնահատի։ Ո՞վ գնահատում է, թո՛ղ գնահատի, ով չէ՝ ոչինչ։

Միևնույն է՝ ես անում եմ այն, ինչ ուզում եմ անել, և դրանից հաճույք եմ ստանում՝ առանց գնահատականների սպասելու։

Միգուցե շատերն ստեղծում են արտադրանք՝ հիմնվելով շուկայի պահանջների վրա․ ես անում եմ այն, ինչ ուզում եմ և այդպես կարողանում եմ գումար աշխատել։

Երբ հաճախորդը գալիս է ինձ մոտ և ասում՝ ես ուզում եմ այսինչ զգեստը, ես ասում եմ, որ կարող եմ դրա հիման վրա անել տասը էսքիզ և ստեղծել նոր զգեստ, սակայն ոչ մի պարագայում չեմ ստեղծի որևէ նմուշի կրկնօրինակը։ Համաձայն չե՞ք․ ցտեսություն։ Ես այդպես եմ աշխատում։

Իմ բրենդը, կարելի է ասել, չունի մարկետինգ, ես  նորաձևության ցուցադրություն ունեցել եմ թերևս Covid-ից առաջ՝ միգուցե՝ ավելի վաղ․ նախընտրում եմ այդ գումարով անձնակազմիս վարձատրել, ավելի որակյալ կտորներ ձեռք բերել, որպեզի հաճախորդս ավելի բավարարված լինի։

Լավ դիզայներ համարվելու համար պարտադիր չէ հինգ հավաքածու ստեղծել և տասը ցուցադրություն ունենալ․ այդ ամենը պետք է իմաստ ունենա։

Ես նույնիսկ չեմ ձգտում ցուցադրություն ունենալ արտերկրում, քանի որ դա նշանակում է արտադրության ծավալների մեծացում և շատ մեծ գլխացավաք․ իսկ մենք աշխատում ենք հայկական շուկայում։ Արդյո՞ք ես կարող եմ buyer-ի պահանջած ծավալն արտադրել։

Բոլոր միջազգային դիզայներները բողոքում են իրենց կյանքից, որովհետև՝ որպես դիզայներ՝ նրանք հաճույք չեն ստանում իրեց աշխատանքից։ Իմ սիրելի դիզայներ Ալբեր Էլբասն ասում էր՝ նորաձևությամբ զբաղվելը նման է փոթորկալից ծովում նավարկելու․ դու պետք է փորձես այդ նավը պահել։

Մենք խոսում ենք դիզայներներից, բայց ես նկատել եմ, որ Հայաստանում առհասարակ նորաձևություն ասվածի ընկալումը (խոսքը իրական նորաձևության մասին է՝ այն, ինչ գոյություն ունի աշխարհում) գրեթե գույություն չունի․ էլ չեմ խոսում բարձր նորաձևության մասին։ Դու կիսու՞մ ես այդ կարծիքը։

Եթե մենք հաճախորդին չկրթենք, նրանց ցույց չտանք, թե ինչ ասել է նորաձևություն, հաճախորդը մտածելու է, որ նորաձևությունն այն է, ինչը նա տեսնում է Հայաստանում։ Նորաձևությունն առաջինը պետք է նորարարության մասին լինի։ Եթե  նորաձևության աշխարհն առաջընթաց է ապրում, դու չես կարող մնալ նույն կետում։

Հայկական նորաձևությունից դեռևս սովետի կրթության հոտն է գալիս։ Նորաձևության իմ բուհում երբ խոսում էի յունիսեքս հագուստի մասին, քննադատության էի արժանանում։

Նորաձևությունը նախ և առաջ բիզնես է, իսկ մեր նորաձևության բուհերում ուսանողների մեջ ներարկում են այն միտքը, թե՝ «դու Մաքքուին ես»․ ուսանողներն էլ՝ այս ամենից ոգեշնչված՝ ստեղծում են վերացական ու ոչ կրելի նմուշներ, դուրս են գալիս շուկա և տեսնում են, որ իրենց ստեղծած փիլիսոփայական նմուշները ոչ ոք չի ուզում կրել և հանկարծ գիտակցում, որ նրանք Մաքքուին չեն։ Խնդիրը թե՛ բազային կրթության, թե՛ գոյություն ունեցող իրականության մեջ է։

Այդ պատճառով հաճախորդը մտածում է, որ նորաձևությունը այն է, ինչը կա գոյություն ունեցող իրականության մեջ՝ այն, ինչ «Խազերի» կարմիր գորգին էր։

Ի դեպ՝ ինչպե՞ս եք գնահատում «Խազեր» մրցանակաբաշխության լուքերը։

Իրականում ինձ հաճելիորեն զարմացրել են տղամարդկանց լուքերը․ վերջապես, տղամարդիկ հասկացել են՝ ինչ պետք է կրել՝ նմանատիպ միջոցառումների ժամանակ։

 Թերևս պետք է փորձել կանանց հետ մի փոքր աշխատանք տանել։

Տարբերվելու և քրինջի միջև հավասարակշռությունը գտնելը դժվար է։ Ի՞նչ է տեղի ունենում մեր շուկայում․ հաճախորդը գալիս է դիզայների մոտ՝ վստահելով նրա ճաշակին, հավատալով, որ դիզայների օգնությամբ տպավորիչ կերպար է կերտելու։ Շատ դիզայներներ էլ տպավորություն թողնելու առիթ են փնտրում և արդյունքում՝ հաճախորդը կորում է նոր զգեստի մեջ։ Հագուստը պետք է լրացնի կերպարը, այլ ոչ թե այն կրողից առաջ քայլի կամ ճչա ինքն իր մասին։ Մեզ մոտ նայում ես և տեսնում հագուստը, այլ ոչ մարդուն։

Ինձ շատ է դուր եկել Վարդուհի Սուքիասյանի կերպարը․ Վարդուհու կերպարը՝ Kivera-ի ձեռագրով, շատ տպավորիչ էր, գեղեցիկ էր Նազենի Հովաննիսյանի բեժ զգեստը, երգիչ Էրիկի և նրա կնոջ լուքերը,  Արսեն Գրիգորյանի կոստյումը, որի հեղինակը Ֆաինա Հարությունյանն էր։ Ֆաինայի զգեստն էլ է դուր եկել․ շատ համահունչ էր իր կերպարի հետ։

Կնշե՞ք՝ որոնք են ձեր պատկերացմամբ՝ հայկական իրականության լավագույն դիզայներները։

Երիտասարդ դիզայներներից կնշեմ Վարդուհի Թորոսյանի անունը։ Նա յուրօրինակ ձեռագիր ունի, և ինձ հետաքրքիր է՝ ինչ ուղություններով է զարգանալու նրա ստեղծագործություններում առկա վիկտորիանական էսթետիկան։

Երիտասարդ դիզայներների շարքում կառանձնացնեմ նաև Mariko բրենդի հիմնադիր Մարի Հայրապետյանին՝ Ղազախստանից։ Նրա հավաքածուներում առկա են թե՛ հայկական, թե՛ ղազախական էլեմենտներ․ այս երկու մշակույթների միաձուլման արդյունքում ստեղծված նմուշները շատ հետաքրքիր են։

Երիտասարդ դիզայներների շարքում չեմ կարող չնշել Նենսի Ավետիսյանի անունը։

Նենսիի հավաքածունեում առկա է թե՛ հայկականություն, թե՛ միաժանակ սովետական բրուտալիզմ․ նրա նմուշներն ուսումնասիրելիս զգում ես, թե որտեղ է նա մեծացել․ այստեղ մշտապես առկա է սովետական dark էսթետիկան (նա հասակ է առել Ռուսաստանում):

Կնշեմ Սոնյա Ավագյանին՝ առանձնացնելով նրա արցախյան թեմատիկայով զարդերը, Արևիկ Առաքելյանին, որը փորձում է հայկական արվեստի գործերը միջազգային շուկա դուրս բերել, իսկ Հայկ Անանյանի կոշիկների մասին, կարծում եմ, բոլորը գիտեն։

Ինձ նաև դուր է եկել Արմինե Օհանյանի և Տիգրան Ձիթողձյանի՝ Hayeli բրենդի համար ստեղծված վեջին հավաքածուն։

Կցանկանամ նշել նաև Եվա Թանգյանի անունը․ նրա ստեղծագործություններում մայրության, Մայր Հայաստանի թեմանատիկան հետաքրքիր կերպով է ներկայացվում։

Ինձ շատ դուր են գալիս Արմեն Գալյանի՝ «Man in Town»-ի համար արված հավաքածուները։ Արմենն իր նմուշներում այնպիսի տպավորիչ լուծումներ է տալիս, որ ես նույնիսկ չեմ էլ մտածել, որ նման բան կարելի է անել։ Կնշեմ գրիչներով տպագրված վերնաշապիկը, Հայաստանի դաշտավայրերի ծաղիկների պրինտերով նմուշները։

Զարդերի բրենդերից ինձ դուր է գալիս Demiurge-ը․ իմ կարծիքով՝ նրանք շատ լավ գործ են անում, սակայն բավականին չգնահատված են։ Կարծում եմ՝ մի փոքր PR-ի կարի ունեն։ Demiurge-ը հասկացող մարդկանց համար է՝ մարդիկ, որոնք գիտակցում են՝ ինչ են կրում։ Ինձ դուր է գալիս նաև Արգիշտի Տոնոյանի՝ «Heritage Selective» բրենդը։

UHI բրենդը նույնպես սիրելիների շարքում է, նրանց PR-ը, սակայն, բավականին լավ է աշխատում։ Նրանք ավելի փոփ տրամադրության մեջ են․աշխատում են թե՛ աստղերի, թե՛ սելեբրիթիների, թե՛՛ ինֆլուենսերների հետ։

 

Ի՞նչ պլաններ ունի Jhangirian բրենդը

Բարդ հարց է․ Մենք գտնվում ենք այն կետում, երբ մեզ արդեն մեծ ֆինանսավորում է անհրաժեշտ․ այս պահին նոր գործընկեր փնտրելու գործընթացի մեջ ենք։

Մեր բրենդի փիլիսոփայությունը ենթադրում է եզակիություն։ Ինձ համար անընդունելի է այն իրավիճակը, երբ հաճախորդը գնում է ինչ-որ տեղ և տեսնում իր զգեստի կրկնօրինակը, հատկապես՝ երբ խոսքը գնում է դիզայներական աշխատանքի մասին։

Օրինակ՝ եթե որևէ մեկը զգեստը տեսել է բեժ գույնով, այլ հաճախորդի համար բեժ գույնի զգեստ այլևս չի կարվելու։

Հիմա համագործակցում ենք Rien-a-Porter-ի հետ, որը նոր՝ E-commerce հարթակ է ստեղծում, ու ես այժմ մտածում եմ, թե քանի նմուշ պետք է վաճառեմ յուրաքանչյուր երկրում։ Կարծում եմ՝  յուրաքանչյուր երկրի համար կարող եմ նախատեսել ոչ ավելին, քան երեք նմուշ։

Իմ dark էսթետիկայի հակառակ կողմը իմ ստեղծած հարսանեկան զգեստներն են։ Ես, հանդիսանալով դարք էսթետիկայի կրող, ստեղծում եմ սպիտակ նմուշներ․ հարսանեկան նորաձևության մեջ ես ինձ նոր կողմից եմ բացահայտել։

Հարսանեկան նորաձևությունն արդեն դարձել է իմ գործունեության հստակ ուղղություններից մեկը՝ արդեն երեք տարի է։

Բացի դրանից՝ այս ուղղությունը Հայաստանում այդքան էլ զարգացած չէ․ մրցակցությունը քիչ է և հնարավորություն է տալիս գումար աշխատել՝ այնքան, որ մի քանի զգեստ ստեղծելուց հետո կարող ես երկար ժամանակ չաշխատել։

Մեր ամենապարզ հագուստը սկսվում է այն արժեքից, որից սկսվում է վարձակալության միջին որակի զգեստը, և ամուսնանալ պատրաստող աղջիկներն այժմ ավելի հաճախ են նախընտրում դիզայներական զգեստ կրել․ նրանց դուր է գալիս այն վերաբերմունքն ու մոտեցումը,որ ես ցուցաբերում եմ՝ նրանց հարսանեկան զգեստները ստեղծելիս։

Ես իմ ստեղծած հարսանեկան զգեստներին շատ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերում։ ինձ համար կարևոր է, որ նորահարսի կյանքի այդ նշանավոր օրը ինքս ներկա գտնվեմ, տեսնեմ ինչպես է վերջինս հագել իմ ստեղծած զգեստը, ինչ տեսք ունի այն նորահարսի կազմվածքին, միգուցե անհրաժեշտ է կորսետը ճիշտ ձգել և այլն։

Այս պահին ունենք համագործակցություն Rien-a-Porter-ի հետ և կարող եմ ասել, ներկայումս այլ համագործակցություն դեռ չեմ փնտրում․ նաև չեմ ձգտում մեծ ծավալների, չեմ վազում գումարի ետևից, քանի որ եթե այդ ամենի արդյունքում ձեռք բերես առողջական խնդիրներ, աշխատածդ գումարն այլևս քեզ չի օգնելու։ Ես ուզում եմ ապրել այս պահը, հաճույք ստանալ իմ ապրած օրվանից։

Մի օրինակ բերեմ․ Եվրատեսիլի ժամանակ ինձ մոտ նյարդերի այնպիսի լարվածություն էր առաջացել, որ շատ երկար ժամանակ չէի կարողանում այդ խնդիրը հաղթահարել։

Կարևորը խաղաղության մեջ ապրելն ու ստեղծագործելն է՝ այն իրավիճակը, երբ ես ու հաճախորդս ինձանից գոհ ենք։

Իհարկե, կստեմ, եթե ասեմ, որ չէի ցանկանա նորաձևության ասպարեզում Հայաստանի ամենխոշոր հարկատուն լինել։ Միգուցե մի օր դա էլ լինի։ Բայց այդ ամենը պետք է լինի այն պարագայում, երբ ես լիովին առողջ լինեմ։

Ու երբ գա մի օր, երբ ես հասկանամ, որ ինձ սպառել եմ, կցանկանամ պատրաստ լինել դրան, ունենալ քաջություն՝ դա լիովին գիտակցելու և կանգ առնելու։ Իմ ամենամեծ վախը դա չտեսնելու և  չգիտակցելու վտանգն է։

 

Ո՞րն է այն կետը, որը կցանկանայիր հասնել՝ որպես դիզայներ։

Դե կեսկատակ կնշեմ այն իրավիճակը, երբ ես, օրինակ, Լեդի Գագայի համար եմ ստեղծագործում։

Թերևս կցանկանայի, որ Հայաստանը՝ որպես մշակութային երկիր, ճանաչեին նաև ինձանով։

Այդ երազանքը կապված չէ վաճառքների քանակի հետ․ ուղղակի կցանկանայի արտերկրում այնքան հարգված լինել, որ, իմ երկիրը ճանաչեն նաև ինձանով՝ այնպես, ինչպես Վրաստանի տեղը քարտեզի վրա իմացան Դեմնայի շնորհիվ։

Ես միշտ երազել եմ լինել խոսափող այն մարդկանց համար, որոնք չունեն ձայն․ իմ հավաքածուները, ի սկզբանե հասարակության մեջ գոյություն ունեցող շատ խնդիրներ են բարձրաձայնել։ Կցանկանայի՝ ապագայում նույնպես այդպես լիներ։

Բուլղարիայում ներկայացված հավաքածուն ամբողջությամբ նվիրված էր հայկական ասեղնագործության ավանդույթների պահպանմանը․ այս նպատակով մենք ստեղծել ենք կայք, որտեղ յուրաքանչյուր անձ աշխարհի ցանկացած կետից կարող է անվճար տեղեկատվություն ստանալ հայկական ասեղնագործության տեխնիկաների մասին, որովհետև այդ տեսակներն անհայտացման եզրին են։ Բուլղարիայի հավաքածուն ամբողջությամբ նվիրված էր այս թեմային։

Ազգայինից ճիշտ ոգեշնչվելու համար պետք է այն լավ ճանաչես։

Այո, ազգային տարազը պետք է լավ ուսումնասիրել, սակայն պետք է ընդունել, որ ժամանակաից կինը կառք կամ ձի չի նստում, և դա չի նշանակում, որ հայ կինը պիտի մինչ օրս կարմիր գորգի վրա տարազով դուրս գա։ Այն, ինչ մենք տեսնում ենք հայկական կարմիր գորգին, հայկական նորաձևության իրականությունն է․ լալու՞ է, ծիծաղելի՞, դա է։

Ասում ենք՝ ի՞նչ ասել է հայկական նորաձևության․ ա՛յ այն ամենն, ինչ մենք տեսնում ենք հիմա հե՛նց դա է հայկական նորաձևությունը։ Խոսեցինք ընկալումները մասին․ օրինակ, շատ հաճախ մարդիկ չգիտեն՝ ազգայինից ոգեշնչվելը ի՞նչ է․ նրանք պատկերացնում են, որ ոգեշնչումը պատկերը ինչ-որ կտորի վրա նույն ձևով վերարտադրելն է։

Ես կարծում եմ՝ քանի որ ես հայ եմ, ապրում եմ Հայաստանում, սնվում եմ այն ամենով, ինչ ես տեսնում եմ Հայաստանում, իմ ստեղծածը հայկական է։

Նույնիսկ Բալիում ստեղծված հավաքածուն կարող է իր մեջ հայկական էլեմենտներ ներառել, որովհետև այն իմ ներսից է գալիս․ ես հայ եմ․  իմ ստեղծածը չի կարող հայկականության հետ կապ չունենալ։