Պարտվում է այն պետությունը, որը կորցնում է իր մշակույթը․ Լիլիթ Մելիքյան

Jul 26, 2024 - 16:34
Jul 31, 2024 - 20:01
Պարտվում է այն պետությունը, որը կորցնում է իր մշակույթը․ Լիլիթ Մելիքյան

Օգոստոսի 10-ից 11-ը «Հաղթանակ» զբոսայգու տարածքում տեղի կունենա «ՏԱՐԱԶՖԵՍՏ» փառատոնը։ Փառատոնի նպատակը հայկական մշակույթի և մանավորապես՝ հայկական տարազի ժողովրդականացումն է ինչպես հայ հասարակության, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում։

Միջոցառման առաջին հատվածում կանցկացվի ցուցահանդես-վաճառք՝ արհեստագործ վարպետների, արվեստի գործիչների և հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ, իսկ երկրորդ հատվածում տեղի կունենա ազգային հագուստի ցուցադրություն։

Միջոցառման կազմակերպիչը «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունն է։

«ՏԱՐԱԶՖԵՍՏ 2024» փառատոնի շրջանակում սպասվելիք միջոցառումների մասին խոսել ենք «Տերյան մշակութային կենտրոն»-ի հիմնադիր Լիլիթ Մելիքյանի հետ։

Լիլի՛թ, ի՞նչ պետք է սպասել «ՏԱՐԱԶՖԵՍՏ 2024»-ի շրջանակում։ Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված։

Նախ նշեմ, որ «ՏԱՐԱԶՖԵՍՏ 2024»-ի անցկացման որոշումը կայացվել է դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին։

Մարտ ամսին պարզ դարձավ, որ նախագիծը ֆինանսավորվելու է Տուրիզմի կոմիտեի կողմից, ինչը մեզ համար շատ ուրախալի է․ ուրախալի է, որ այս կարևոր նախագծի կողքին կանգնած է պետությունը։

Մենք մեզ համար վաղուց ֆիքսել ենք, որ փառատոնը պիտի անպայման տեղի ունենա և պետք է լինի ամենամյա․ քանի կամ ես և իմ հետնորդները, գաղափարներս միշտ պիտի ապրեն, ուրեմն՝ պիտի ապրի նաև «ՏԱՐԱԶՖԵՍՏԸ»։

Այս օրերին շատերը հարցնում են՝ ուշ չէ՞, կհասցնե՞ք պատրաստվել․ իրականում մենք այնքան ենք սովորել արագ աշխատելաոճին, որ չունենք չհասցնելու վախ։

Երբ մենք հայտարարում ենք այս կամ այն նախագծի իրականացման մասին, մենք այն անպայման իրականացնում ենք՝ նույնիսկ եթե չունենք ֆինանսական աջակցություն։ Այս անգամ այդ աջակցությունը կա, ուստի՝ մեր գաղափարներն իրականություն դարձնելն առավել ևս հեշտ կլինի։

Այս տարի «ՏԱՐԱԶՖԵՍՏԸ» կտևի երկու օր, ինչը մեզ համար շատ կարևոր է․ սա նշանակում է, որ փառատոնը հետզհետե ավելի է ամրանում և կայանում։ 

Նախ՝ այն, որ փառատոնն ամենամյա է, արդեն մեծ նշանակություն ունի, իսկ նրա՝ երկօրյա դառնալու հանգամանքը վկայում է, որ «ՏԱՐԱԶՖԵՍՏԸ» այլևս տոնակատարություն է․ հենց սա է եղել մեր նպատակն ի սկզբանե։

Մեր նպատակն էր, որ «ՏԱՐԱԶՖԵՍՏԸ» դառնա ամենամյա ազգային տոնակատարություն՝ մշակութային տոն, որին մասնակցություն կունենային նաև Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները, այսինքն՝ բոլորս մեկ երկնքի տակ՝ մեկ հարթակում, պիտի ցուցադրեինք մեր մշակույթը, մտերմանայինք, ավելի խորը ծանոթանայինք մեր ազգային ծեսերի, մշակույթի հետ։

Փառատոնի շրջանակում այս տարի ևս հայ և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ վարպետները, մշակութային գործիչները կներկայացնեն իրենց ստեղծագործությունները, կլինի ազգային երգ ու պար, ազգային խաղեր, ուսուցողակրթական ժամանցային ծրագրեր և, իհարկե, հայկական տարազի, ազգային էլեմենտներով հագեցած հագուստի ցուցադրություն։

Ինչու՞ Հաղթանակ զբոսայգի։

Ճիշտ է, Հայաստանի տարածքում շատ հարթակներ կան, որտեղ կարելի էր նախատեսել միջոցառումը, սակայն մենք հանգել ենք այն մտքին, որ նախագիծը պետք է իրականացվի քաղաքամայր Երևանում։

Հայաստանը տուրիստական երկիր է, և այսօր մեր՝ գրեթե բոլոր մշակութային փառատոններն անցկացվում են մարզերում․ քանի որ մեր նպատակներից մեկը նաև Երևանում տուրիզմի խթանումն է, ազգայինի, հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրության սերմանումը, որոշեցինք փառատոնն անցկացնել հենց Երևանում՝ ընտրելով այնպիսի տարածք, որը կապահովեր բոլոր պայմանները՝ երկօրյա մշակութային փառատոնի անցկացման համար։

Ամեն տարի՝ փառատոնն իրականացնելիս, մենք տեսնում ենք, որ նախագծի հանդեպ հետաքրքրությունը հետզհետե աճում է։

Երբ «ՏԱՐԱԶՖԵՍՏԸ» անցկացվում էր Հյուսիսային պողոտայում (որտեղ սրճարաններից զատ՝ ոչինչ չկա) բեմահարթակի հարակից տարածքում պարզապես կանգնելու տեղ չէր լինում, և մարդկանց տեղավորելու խնդիր էր առաջանում։

 Քանի որ փառատոնի շրջանակում պլանավորված միջոցառումները նախատեսված են ողջ օրվա համար, և զբոսաշրջիկներն էլ փառատոնի անցկացման վայր այցելում են ոչ թե մեկ կամ երկու ժամով, այլ այստեղ ողջ օրն անցկացնելու նպատակով, հասկացանք, որ «Հաղթանակ» զբոսայգին այն մեծ, բարեկարգ և կանաչապատ տարածքն է, որն ունի այսպիսի մասշտաբային միջոցառում անցկացնելու համար ամեն ինչ։

Քանի որ հաճախ մարդիկ փառատոնին մասնակցում են նաև իրենց երեխաների հետ, այս տարի մենք երեխաների համար նույնպես միջոցառումներ ենք նախապատրաստել (օրինակ՝ ազգային թեմատիկայով «Ներկիր ինքդ» խաղը)։ Կարծում եմ՝ նշված հանգամանքը նույնպես վկայում է, որ այս դեպքում՝ «Հաղթանակ» զբոսայգին կատարյալ ընտրություն է՝ փառատոնի անցկացման համար։

Վերջին տարիներին Երևանն օգոստոս ամսին դարձել է քամիների, անձրևների և փոթորիկների քաղաք, և եթե դու կազմակերպում ես հանրային բացօթյա միջոցառում, և միջոցառման տարածքում չկա ծառ, իսկ տարածքի մակերսն էլ սահմանափակ է, դու արդեն խնդիր ես ունենում։

«Հաղթանակ» զբոսայգին շատ բարեկարգ է, մեծ է, այստեղ զով է և կանաչ, այն ունի բեմահարթակ, որը հնարավորություն է տալիս չմնալ անձրևի տակ և չվախենալ քամուց, լճի հարակից տարածքում հնարավոր է նախատեսել ազգային ուտեստներ մատուցող տաղավարներ, ատրակցիոնների կողքին՝ երեխաների համար մշակութային ծրագրերի պլանավորել։

Ես երեկ նույնպես եղել եմ այգում և շատ ուրախ եմ, որ փառատոնին ընդառաջ՝ այգին այսքան լավ պայմաններ է առաջարկում։

Ի՞նչ կա այս տարի, որը նախատեսված չի եղել նախորդ փառատոնի շրջանակում։

Արդեն մեկ տարի է՝ մենք իրակակնացնում ենք «Կրթիր կրթողին» ծրագիրը, որին մասնակցություն է ունեցել է 60-ից ավելի վարպետ՝ Արցախից։

Արցախից բռնի տեղանահնված մեր հայրենակիցները մասնակցել են հայկական ավանդական ձեռարվեստի եռամսյա դասընթացների՝ սովորելով ասեղնագործություն, թաղիքագործություն և կավագործություն։

Նախկինում մենք ունեցել ենք «Պատրաստում են արցախցիները» ծրագիրը, որը վերաբերում էր ազգային ուտեստներին, այժմ այս խորագիրը կրող ծրագրի մասնակից արցախցիները ստեղծում են արցախյան մշակույթով հագեցած նմուշներ և «ՏԱՐԱԶՖԵՍՏԻ» շրջանակում ցույց կտան իրենց ստեղծագործությունները և վարպետությունը։

Սա այս  տարվա գլխավոր նորությունն է։

Իսկ ո՞ր դիզայներներն են այս տարի հանդես գալու փառատոնի շրջանակում։

Մենք այս տարի միասնաբար որոշում կայացրեցինք չմերժել որևէ դիզայների՝ անգամ այն դիզայներներին, որոնք չունեն 20-ից ավել լուքից բաղկացած լիարժեք հավաքածու (այս դիզայներները փառատոնին կմասնակցեն խմբակային ցուցադրության ձևաչափով)։

Ինչն էր այս որոշման պատճառը․ քանի որ այս տարի Երևանի նորաձևության շաբաթը առժամանակ հետաձգվեց, մտածեցինք, որ «ՏԱՐԱԶՖԵՍՏԸ» կարող է շատ լավ հնարավորություն հանդիսանալ այն դիզայներների համար, որոնք պատրաստվել են միջոցառմանը, ունեն հավաքածուներ և կցանկանային ցուցադրել դրանք։

Օրվա՝ վերջին չորս ժամերի ընթացքում բեմահարթակում կլինեն նորաձևության ցուցադրություններ, ազգային երգ ու պար։

Մասնակից դիզայներների ցանկը դեռևս համալրման փուլում է, սակայն այս պահի դրությամբ՝  փառատոնին մասնակցելու են «Տերյան մշակութային կենտրոնի» երկու դիզայներները՝ Անի Մարգարյանը և Անի Պարավյանը․ այս երկու դիզայներները ներկայացնում են «Տերյան մշակութային կենտրոնի» նորաձևության ուղղությունը (ես պահպանում եմ ազգային հագուստի ուղղությունը և համակարգում մնացած բոլոր ուղղությունները)։

Նշեմ, որ Արմինե Պարավյանն արդեն մեկ տարի է՝ սովորում է Իտալիայի՝ «Marangoni» հեղինակավոր համալսարանում։ Անցյալ տարի Արմինեն փառատոնի շրջանակում ներկայացրեց իր նոր հավաքածուն և անմիջապես դրանից հետո մեկնեց Իտալիա։ Այժ նա վերադառնում է՝ իր նոր հավաքածուով, որն էլ կներկայացվի «ՏԱՐԱԶՖԵՍՏ 2024»-ի հանդիսատեսի դատին։

Ակնկալում ենք, որ Արմինեն այս տարի կմասնակցի նաև «Միլանի նորաձևության շաբաթին» և այնտեղ կներկայացնի «Տերյան մշակութային կենտրոնը»։

Փառատոնի մասնակցի բրենդերի շարքում է «Maronyan Fashion»-ը, «Baveyan»-ը, «Symphony» բրենդը՝ իր հարսանյաց զգեստների հավաքածուով, ունենք նաև մասնակից Բելգրադից։

Մասնակից դիզայներների ամբողջական ցանկի մասին կկարողանամ խոսել թերևս մի փոքր ավելի ուշ, քանի որ այս պահին հավաքագրման փուլը դեռևս ընթացքի մեջ է։

«Տերյան մշակութային կենտրոնը» արդեն երկար տարիներ է՝ զբաղվում է ազգայինի հանրահռչակմամբ։ Ինչպիսի՞նն էր հասարակության վերաբերմունքը ազգայինի և հայկականի հանդեպ 23 տարի առաջ, երբ հիմնում էիք կենտրոնը և ինչպե՞ս է այն փոխվել տարիների ընթացքում։

Եթե այսօր մարդկանց փողոցում կանգնեցնեք և հարցնեք՝ ինչ ասել է հայկական ավանդական հագուստ կամ տարազ, չի լինի այնպիսի մեկը, որ ասի՝ դա ի՞նչ է։

Մենք՝ մեր գործունեության 23 տարիների ընթացքում, հայկական մշակույթի, ավանդական հագուստի հանդեպ այնպիսի հետաքրքրություն ենք առաջացրել, որ այսօր երիտասարդները մեր հագուստով ամուսնանում են, մեր հագուստը կրկնօրինակում են (ինչը շատ ողջունելի է), օր օրի աճում է ազգային էլեմենտներով հագեցած հագուստի բրենդերի թիվը, այսօր մենք այլևս չունենք դիզայներներ, որոնք թաքցնում են իրենց՝ հայ լինելու հանգամանքը․ նախկինում այդպես չէր․ հագուստը կարող էր արտադրվել Հայաստանում, սակայն վաճառվել իտալական կեղծ  ապրանքանիշի ներքո։ Հիմա այդպիսի բան չկա․ այժմ հայկական բրենդ հիմնելն ավելի ողջունելի է։

Եթե նախկինում Հայաստանում արդիական էր գլխավորապես քրիստոնեական տուրիզմը, այսօր Տերյան մշակութային կենտրոնի շնորհիվ՝ մենք ունենք նաև մշակութային տուրիզմ (իհարկե, մենք ունենք նաև գաստրոտուրիզմ․ ես կարծում եմ՝ հայկական խոհանոցը, խմիչքը, սպասարկումը՝ ամեն ինչ շատ գովելի որակի է)։

Չենք կարող չնկատել, որ Հայաստանում ամեն օր մի քանի մշակութային միջոցառում է պլանավորված, յուրաքանչյուր ստեղծագործ անձ անհատական ցուցահանդես է ունենում, մարդիկ արվեստին ավելի լուրջ են վերաբերվում, ողջ ազգը պարում է ազգային պարեր, կրում «Made in Armenia» պիտակներով հագուստ, սոցցանցերը լցված են հայկական զարդանախշերի մասին քննարկումներով, ինչը նշանակում է, որ կա ազգայինի հանդեպ մեծ հետաքրքրություն։

Սա, կարծում եմ՝ ուղիղ կապ ունի նաև մեր աշխատանքի հետ․ լինելով ազգայինի հանրահռչակմամբ զբաղվող ամենաերկար փորձառությունն ունեցող կազմակերպությունը՝ մենք միշտ հավատացել ենք մեր տեսլականին և երբեք չենք շեղվել մեր ընտրած ճանապարհից․ հավատով առաջ ենք շարժվել և մեր գործն արել ենք մեծագույն սիրով ու նվիրումով։ 

Այսօր ես իմ մասնագիտությունը փոխանցում եմ երիտասարդ սերնդին, ունեմ բազմաթիվ հետնորդներ և տեսնում եմ, որ ազգայինով հետաքրքրված մեծ թվով երիտասարդներ կան, (նախկինում այդպես չէր․ շատերն այլ ազգերի մշակույթներով էին տարված) երիտասարդությունը մեր կենտրոնի մասին թեզեր է գրում․ կարծում եմ՝ սա մեծ հաջողություն է։

Քաղաքական անկայուն վիճակի և պարտված պատերազմի պատճառով այսօր Հայաստանում  շատ ընկճված հոգեվիճակ է տիրում, բայց մենք՝ արվեստագետներս, ինքնակազմակերպվել ենք և հասկացել, որ պարտվում է այն պետությունը, որը կորցնում է իր մշակույթը․ եթե մենք կորցնենք մեր մշակույթը, դա կլինի ոչ թե պարտություն, այլ բնաջնջում․ ուրեմն՝ ամեն գնով պետք է պահպանենք այն և փոխանցենք գալիք սերունդներին։