«Երևանի նորաձևության շաբաթ 2024»-ը մեկնարկեց խորհրդանշական վայրում

Nov 9, 2024 - 11:13
Nov 9, 2024 - 13:07
«Երևանի նորաձևության շաբաթ 2024»-ը մեկնարկեց խորհրդանշական վայրում

«Երևանի նորաձևության շաբաթ 2024»-ի բացման արարողությունը խորհրդանշական առիթ հանդիսացավ` հանրության ուշադրությունը սևեռելու խորհրդային ճարտարապետության խոսուն վկա՝ Բռնադատվածների հուշահամալիրին, որը նվիրված է 1920-ից 1991 թվականների ընթացքում հանիրավի բռնադատված, գնդակահարված ու աքսորված հազարավոր հայորդիների հիշատակին։

Նոյեմբերի յոթի երեկոյան հուշահամալիրի տարածքում անսովոր աշխուժություն էր տիրում․ չէ՞ որ այստեղ պետք է տեղի ունենար երկրի նորաձևության ամենամասշտաբային միջոցառման բացման արարողությունը։

Երեկոյի մթնշաղը, հուշահամալիրին հատուկ առեղծվածայնությունը և միջոցառման կարմիր լույսերը վիզուալ յուրօրինակ պատկերներ էին ստեղծել՝ է՛լ ավելի տպավորիչ դարձնելով պատմական հուշահամալիրի էմոցիոնալ ազեցությունը։

Միջոցառման բացումն ազդարարեց նորաձևության շաբաթվա կազմակերպիչ՝ «Նորաձևության և հագուստի պալատի» նախագահ Վահան խաչատրյանը, այնուհետև ողջույնի իրենց խոսքով հանդես եկան միջոցառմանն աջակցող կառույցների ղեկավարները (միջոցառմանն այս տարի աջակցություն են ցուցաբերել Երևանի քաղաքապետարանը, Բրիտանական դեսպանատունը և Բրիտանական խորհուրդը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը և այլն):

Միջոցառման մեկնարկը տրվեց իտալաբնակ դիզայներ Նաիրա Խաչատրյանի՝ «Body Alchemy» հավաքածուի ցուցադրությամբ, այնուհետև շարունակվեց «Fashion Scout Armenia 2024» նորաձևության հեղինակավոր մրցույթի մասնակից դիզայներների հավաքածուների ցուցադրությամբ։

Fashion Scout-ը սկսնակ դիզայներների աջակցությանը և նորաձևության զարգացմանը միտված միջազգային հարթակ է, որի «հայրենիքը» Միացյալ Թագավորությունն է։

Նպատակը նոր տաղանդների բացահայտումն է  և նորաձևության աշխարհում նրանց գործունեության համար մեկնարկային և առաջխաղացման հնարավորությունների ստեղծումը։

Մասնակից սկսնակ դիզայներները ներկայացրել էին նորարարական, բարձրորակ նյութերից  ստեղծված և տեխիկապես ճիշտ կառուցված, կայուն նորաձևության նորմերին համապատասխանող հավաքածուներ։

Մրցույթի այս տարվա հաղթողներից երկուսը՝ Սոնա Հովսեփյանը և Եվա Հովհաննիսյանը հնարավորություն ստացան իրենց հավաքածուները ներկայացնել Լոնդոնի նորաձևության շրջանակում կազմակերպվող՝ Fashion Scout-ի ցուցադրությանը, Անահիտ Ավեստիսյանը ստացավ հրավեր՝ անցնելու վերապատրաստում Ֆլորենցիայում՝ դիզայներ Նաիրա Խաչատրյանի նորաձևության ստուդիայում, իսկ Լարիսա Սիմոնյանին շնորհվեց Երևանի քաղաքապետի մրցանակը։


Նախագծի հաղթող Սոնա Հովսեփյանը 21 տարեկան է։ Ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան՝ ստանալով հագուստի մոդելավորողի որակավորում։ 2023 թվականի սկզբին «Erasmus+» փոխանակման ծրագրով մեկնել է Իսպանիայի Կաստելո դե լա Պլանա քաղաք, որտեղ մեկ կիսամյակ սովորել է «Escola d’Art i Superior de Disseny de Castelló» դպրոցում։

Ամսագրի հետ զրույցում Սոնան նշեց, որ մրցույթում մասնակցությունը և հաղթանակը անչափ հաճելի փորձառություն է եղել, սակայն մրցույթի նախապատրաստական շրջանն այնքան լարված է եղել, որ նույնիսկ ժամանակ չի ունեցել մտածելու հաղթանակի մասին։

«Երբ բեմի ետևում լսեցի անունս,հանկարծակիի եկա, ու երբ գիտակցեցի, որ պետք է դուրս գամ բեմ ու բոլորն ինձ են նայում, հետաքրքիր զգացողություններ ունեցա․ սա շատ էմոցիոնալ պահ էր ինձ համար։

Ինձ համար ամենաուրախալի հանգամանքն այն է, որ ընկերուհիս՝ Եվան, նույնպես հաղթել է այս մրցույթում, և Լոնդոն պետք է մեկնենք միասին։ Սա, կարծում եմ՝ շատ տպավորիչ փորձառություն է լինելու։

Ներկայացված հավաքածուի ոգեշնչումը կապված է ուսանողական փոխանակման ծրագրով Իսպանիա կատարած այցիս հետ։ Այն փորձառությունը, որ ունեցել եմ, էմոցիոնալ առումով մեծ տպավորություն է թողել ինձ վրա, և այդ ամենն արտահայտել եմ ֆակտուրաների ձևերի միջոցով»,- նշեց Սոնան։

Միջոցառմանը ներկա էր և ժյուրիի կազմը նախագահում էր «Fashion Scout» հարթակի հիմնադիր Մարտին Ռոբերտսը։

Մարտինը նշեց, որ այս տարի՝ նախորդ տարվա համեմատ, մրցույթի դիմորդների թիվը կրկնակի է եղել, (մոտավորապես 60 հայտ) ինչն ուրախալի փաստ է․ սա նշանակում է, որ մրցույթն ավելի մեծ ճանաչում և հեղինակություն է ձեռք բերում։


«Կարծում եմ՝ այս տարվա մրցույթի բոլոր հաղթող մասնակիցները վստահաբար կարող են հետաքրքրել միջազգային շուկային․ նրանք հետաքրքիր գործվածքներ և տեխնիկաներ են օգտագործում, նրանք ազգայինը նորաձևության մեջ այնքան ճիշտ են ներկայացնում։ Կարծում եմ՝ ապագայում նրանք իրենց խոսքն ասելու են։

 Այսօր մենք տեսանք նախորդ տարվա հաղթողներից մեկի՝ Մարիի հավաքածուն, որը հիացրել է բոլորիս։ Հավաքածուն հիասքանչ էր․ գույները, ձևվածքը, պրինտերը․ հաճելի է տեսնել մրցույթի մասնակիցների աճը․ սա նշանակում է, որ Fashion Scout-ը ծառայում է իր նպատակին»,- նշեց Ռոբերտսը։


Վերը նշված հավաքածուներից զատ՝ իրենց ստեղծագործություններով հանդես եկան նաև Նորաձևության և հագուստի պալատի կողմից հիմնադրված երկու կենտրոնների՝ «CreLab Kotayk»-ի և «CreLab Tavush»-ի սաները։
 

Հատուկ ուշադրության էին արժանի Արցախի նորաձևության բուհերի ուսանողների՝ Արցախի ճարտարապետությանը նվիրված հավաքածուի ցուցադրությունը։

 

Լուսանկարները՝ Անուշ Մկրտչյանի։