FASHION SCOUT ARMENIA. նոր հորիզոններ հայ սկսնակ դիզայներների համար
Ամռանը նորաձևության հայկական երկնակամարում միանգամից մի քանի կարևոր իրադարձություն է նշմարվում։
Այս շարքում ամենանշանակալիցը հայկական նորաձևության պատմության մեջ առաջին անգամ YEREVAN FASHION WEEK կազմակերպելու հանգամանքն է, որի շրջանակում մի շարք հետաքրքիր միջոցառումներ են անցկացվելու։
Այս առումով կարևորագույններից մեկը սկսնակ դիզայներների համար նախատեսված FASHION SCOUT ARMENIA մրցույթն է։
Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են 2023 թվականի հուլիսի 1-ին՝ մասնակից դիզայներների հավաքածուների ցուցադրությամբ, ինչն էլ, փաստացիորեն, YEREVAN FASHION WEEK-ի մեկնարկն է հանդիսանալու։
Նախքան FASHION SCOUT ARMENIA-ին ավելի մանրամասն անդրադառնալը, մի փոքր խոսենք FASHION SCOUT հարթակի մասին։
FASHION SCOUT-ը սկսնակ դիզայներների աջակցությանը և նորաձևության զարգացմանը միտված միջազգային հարթակ է, որի «հայրենիքը» Միացյալ Թագավորությունն է։ Նպատակը նոր տաղանդների բացահայտումն ու նորաձևության աշխարհում նրանց գործունեության համար մեկնարկային և առաջխաղացման հնարավորությունների ստեղծումն է։
Սկսնակ դիզայներներին խորհրդատվական, մենթորական աջակցության տրամադրումից զատ՝ կազմակերպությունը նրանց հնարավորություն է տալիս իրենց հավաքածուները ցուցադրել FASHION SCOUT-ի կողմից կազմակերպված նորաձևության ցուցադրությանը և ստանալ մրցանակներ։ Իսկ մրցանակաբաշխության հաղթողների համար սահմանված մրցանակները բավականին տպավորիչ են՝ Ֆլորենցիայում՝ հեղինակավոր դիզայների նորաձևության ստուդիայում, և Լոնդոնում՝ FASHION SCOUT-ում, վերապատրաստվելու, մենթորական աջակցության հնարավորություն և այլն։
FASHION SCOUT ARMENIA-ին մասնակցության հայտ կարող են ներկայացնել նորաձևության ուսանողները, նորաձևության բուհերի նորավարտ ուսանողները, մինչև 3 տարի նորաձևության ոլորտում բիզնես գործունեություն իրականացնող սկսնակ ընկերությունները։
Մասնակցության կարևորագույն պայմաններից մեկը հայկական ծագում ունենալն է:
Մրցույթը բաց է կանանց, տղամարդկանց և յունիսեքս հագուստի դիզայներների համար։
Մրցույթի մասնակիցները պետք է կարողանան ներկայացնել 6 հագուստից բաղկացած կափսուլային հավաքածու (ի դեպ՝ հավաքածուի նոր լինելը պարտադիր պայման չէ) և անձամբ ներկա գտնվել հուլիսի 1-ին անցկացվելիք ցուցադրությանը։
FASHION SCOUT ARMENIA-ի ժյուրիի կազմում կան նորաձևության թե՛ հայ, թե՛ արտերկրյա պրոֆեսիոնալներ։ Նրանց թվում է նաև FASHION SCOUT հարթակի հիմնադիր Մարտին Ռոբերտսը։
Մասնակից սկսնակ դիզայներների աշխատանքների գնահատման գործընթացում հաշվի է առնվելու դիզայնի նորարարական և տարբերվող լինելը, ստեղծված նմուշների որակը (նյութի և կարի տեխնիկա), կայուն նորաձևության նորմերին համապատասխանելու հանգամանքը, ինչպես նաև հավաքածուի ստեղծման պատմությունը։
Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 28-ն է։
Ծրագիրը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ: