YEREVAN FASHION WEEK-ը պատմություն է կերտում

Jun 14, 2023 - 15:40
Jul 19, 2023 - 15:24
YEREVAN FASHION WEEK-ը պատմություն է կերտում

Հուլիս ամսվա սկիզբը հայ դիզայներների տաղանդն ու ստեղծարարությունն աշխարհին ներկայացնելու ևս մեկ հնարավորություն է խոստանում։ Հնարավորությունն այս դեպքում՝ մեղմ է ասված, քանի որ խոսքը հայկական նորաձևության պատմության մեջ աննախադեպ իրադարձության՝ YEREVAN FASHION WEEK-ի մասին է։

Այո՛, Հայաստանն այլևս ունենալու է ամենամյա նորաձևության շաբաթ, որտեղ կմեկտեղի Հայաստանում և Սփյուռքում ապրող դիզայներներին, նորաձևության պրոֆեսիոնալներին ու փորձագետներին, ոլորտի միջազգային հեղինակավոր մեդիա ընկերությունների ներկայացուցիչներին, հաջորդ տարվանից՝ այլևս նաև օտարերկրյա դիզայներներին։

YEREVAN FASHION WEEK-ի մեկնարկը կտրվի հուլիսի մեկին՝ սկսնակ դիզայներների համար կազմակերպված FASHION SCOUT ARMENIA մրցույթի նորաձևության ցուցադրությամբ, ինչի արդյունքում էլ կընտրվեն «FASHION SCOUT»-ի հայաստանյան առաջին մրցույթի երկու հաղթողները։

Նորաձևության շաբաթվա շրջանակում իրենց հավաքածուները կներկայացնեն ավելի քան 20 հայ դիզայներ՝ Հայաստանից և Սփյուռիքից։

Նորաձևության ցուցադրություններից զատ՝ հուլիս ամսվա առաջին 6 օրերը հագեցած կլինեն նաև այլ տպավորիչ միջոցառումներով՝ ցուցահանդեսներ, պանելային քննարկումներ, երեկույթներ, նեթվորքինգի հնարավորություն-

ներ։ 

Նորաձևության շաբաթվա հիմնական միջոցառումները կանցկացվեն «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում, որի տարածքի տարբեր հատվածներում ավելի քան 80 հայկական բրենդ հնարավորություն կունենա ցուցադրել իր արտադրանքը։

YEREVAN FASHION WEEK-ի շրջանակում տեղի ունեցող միջոցառումներին կհետևեն ինչպես տեղական մամուլի, այնպես էլ միջազգային հեղինակավոր պարբերկանների ներկայացուցիչները («Vogue», «L’Officiel» «Wear Global Magazine», «Marie Claire Arabia», «Le Mile Magazine» և այլն):

Հայկական նորաձևության շաբաթն առանձնանում է նաև այլ կարևոր կողմերով․ YEREVAN FASHION WEEK-ի ողջ մարքեթինգային արշավն իրականացվել է Արհեստական բանականության տեխնոլոգիաներով, իսկ դիզայներները կցուցադրեն սեզոնային բնույթ չունեցող ունիսեքս հավաքածուներ։

YEREVAN FASHION WEEK-ի կազմակերպիչը Նորաձևության և դիզայնի պալատն է։

Միջոցառումը ֆինանսավորվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, GIZ-ի՝ «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրերի և Բրիտանական դեսպանատան կողմից՝ Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման աջակցությամբ։

Միջոցառման հովանավորներն են VREMENA GODA, LA BIOSTHETIQUE Paris, Schweppes, ArtLife ընկերությունները։

YEREVAN FASHION WEEK-ի գլխավոր մեդիա գործընկերը «myfashionaffair.com» կայքն է։