Ովքեր են վիրտուալ ինֆլուենսերները
Վիրտուալ ինֆլուենսերները մեծ արագությամբ դառնում են Մետավերսում միտումներ թելադրող «խաղացողներ»:
Մետավերսն իր հավակնություններն աշխարհին հայտնի դարձրեց 2021-ի հոկտեմբերին, երբ «Ֆեյսբուք» ընկերությունը փոխեց իր անվանումը «Մետա»-ի, ինչը, փաստացիորեն, նախերգանքը հանդիսացավ անխուսափելիի՝ աշխարհ միավորված Մետավերսում:
Իսկ ի՞նչ է Մետավերսը:
Մետավերսը նկարագրվում է որպես վիրտուալ միջավայրերի ցանց, որոնք միշտ ակտիվ են: Այս միջավայրում շատ մարդիկ կարող են փոխազդել միմյանց հետ՝ օգտագործելով իրենց վիրտուալ պատկերները (ավատարներ):
Փորձագետները սա բնութագրում են որպես զանգվածային բազմաֆունկցիոնալ առցանց դերախաղի, սուզվող վիրտուալ իրականության և համացանցի համադրություն։
Նորաձևության աշխարհի հետաքրքրությունը Մետավերսի հանդեպ ակնհայտ դարձավ «Մետավերսի նորաձևության շաբաթ»-ի կազմակերպման հանգամանքով։
NFT նորաձևության շաբաթին մասնակցեց 70 բրենդ՝ ներառյալ Tommy Hilfiger-ը, Dolce & Gabbana-ն, Karl Lagerfeld-ը և այլն։
Այս ընթացքում ցուցադրության մասնակից շատ բրենդեր վաճառեցին իրենց ստեղծած թվային հագուստները՝ սպառողներին հնարավորություն տալով ձեռք բերել սիրելի բրենդերի թվային հագուստը իրենց ավատարների համար։
Նորաձևության մասին խոսելիս չենք կարող չխոսել ինֆլուենսերների մասին:
Ինֆլուենսերն այն անձն է, ով կարողանում է զանգվածների վրա ազդեցություն ունենալ: Թվային մարկետինգի աշխարհում ինֆլուենսերները ապրանքների ու ծառայությունների հանդեպ պահանջարկ են ստեղծում՝ իրենց հետևորդների հետ կիսվելով դրանց մասին իրենց դրական կարծիքով, տեղեկատվությամբ, նորություններով:
Ինֆլուենսերները «միս ու արյունից» կազմված մարդիկ են, սակայն վերջին տարիներին թվայնացող աշխարհը սկսել է ստեղծել իր՝ միայն վիրտուալ աշխարհում ապրող ինֆլուենսերներին:
Ըստ Virtual Humans կայքի՝ աշխարհում՝ տարբեր սոցիալական հարթակներում, ավելի քան 200 վիրտուալ ինֆլուենսեր կա: Վիրտուալ ինֆլուենսերների մեծամասնությունն «ապրում է» Ինստագրամում:
Բոլոր վիրտուալ ինֆլուենսերները, այո՛, գոյություն ունեն սոցիալական ցանցերում, սակայն Մետավերսը նույնպես սոցիալական ցանց է՝ միայն անհամեմատ ավելի մեծ մասշտաբների: Այստեղ մարդիկ կարող են դառնալ իրենց իրական «ես»-երի թվային տարբերակը և փոխազդել այլոց թվային կերպարների հետ: Ուստի՝ մեծ է վիրտուալ ինֆլուենսերների դերակատարությունը հենց այստեղ:
Աշխարհում ամենահայտնի և հետևորդների ամենամեծ բանակն ունեցող վիրտուալ ինֆլուենսերը Lu Do Magalu-ն է (ավելի քան 6,8 միլիոն՝ Ինստագրամում):
Նա այս պահին նաև համարվում է աշխարհում ամենատեսանելի վիրտուալ ինֆլուենսերը:
Lu Do Magalu-ն Ֆեյսբուքում 14,6, «Twitter»-ում և «Tik Tok»-ում՝ 1,3 միլիոն հետևորդ և YouTube-ում 2,8 միլիոն բաժանորդ ունի:
Նա «լույս աշխարհ է եկել» մոտավորապես մեկ տասնամյակ առաջ: Նրան ստեղծել է բրազիլական «Magazine Luiza» ընկերությունը:
Miquela Sousa
Աշխարհի ամենահայտնի վիրտուալ ինֆլուենսերներից է նաև Miquela Sousa-ն կամ, ինչպես նա է սիրում իրեն անվանել, Lil Miquela-ն:
Միքելան ծնվել է 2016 թվականի ապրիլին և Ինստագրամում մոտ 3 միլիոն հետևորդ ունի: Նա 19 տարեկան է ու երբեք չի ծերանալու:
Lil Miquela-ն 2018 թվականին «Time» ամսագրի կողմից ճանաչվել է՝ համացանցի 18 ամենահեղինակավոր անձանցից մեկը:
Միքելան ստեղծվել է Լոս Անջելեսյան «Brud» անվանումով ստարտափի կողմից: Ստարտափի հիմնադիրները ստեղծել են նաև նրա ընկերներին՝ Blawko-ին ու Bermuda-ին, որոնք նույնպես վիրտուալ ավատարներ են:
Lil Miquela-ն ներկայացվում է՝ որպես բրազիլական և իսպանական արմատներ ունեցող աղջիկ, որն ապրում է Լոս Անջելեսում և փորձում այստեղ իր երաժշտական կարիերան կերտել:
Shudu Gram
Վիրտուալ ինֆլուենսերների շարքում իր հատուկ տեղն ունի Շուդու Գրամը, որն աշխարհում առաջին թվային սուպերմոդելն է համարվում: Այն ստեղծվել է «Balmain բրենդի կրեատիվ տնօրեն Օլիվիե Ռոուսթինգի և բրիտանացի լուսանկարիչ Քեմերոն Ջեյմս Վիլսոնի կողմից:
Shudu-ն Հարավային Աֆրիկայից, «ծնվել է» 2017 թվականին:
Noonoouri-ն 19 տարեկան է և «ծնվել է» Մյունխենում: 19-ամյա ինֆլուենսերին «կյանք է տվել» «Opium Effect» կրեատիվ գործակալության տնօրեն Joerg Zuber-ը:
Noonoouri-ն ավելին է, քան ուղղակի թվային կերպարը: Նա հետաքրքրվում է բնապահպանական խնդիրներով, բուսակեր է և աջակցում է բնապահպանական առումով կայուն նորաձևության զարգացմանը:
Rozy Oh
Rozy Oh-ը Մետավերսում ասիացի ամենահայտնի վիրտուալ ինֆլուենսերներից մեկն է: Այն ստեղծվել է 2020-ին կորեական «Sidus Studio X» մեդիաընկերության կողմից: Նրա անունը նշանակում է «միակ և անփոխարինելի»:
Rozy Oh-ը Կորեայի առաջին վիրտուալ ինֆլուենսերն է: Նա 22 տարեկան է և արդեն 3-րդ տարին է իր ֆաների հետ տոնում է իր 22-ամյակը:
Rosy Oh-ը կորեացի մի շարք հայտնիների, մարզիկների հետ նկարահանվել է «Calvin Klein»-ի համար:
Lava Tern
Վիրտուալ ինֆլուենսերների մասին խոսելիս չենք կարող չանդրադառնալ հայկական առաջին և միակ վիրտուլ ինֆլուենսերին՝ Լավա Թերնին։ Լավան ստեղծվել է վերջերս՝ «Tes Models» գործակալության կողմից և արդեն հասցրել ինստագրամյան տիրույթում հետևորդների իր բանակը համալրել։
Ի լրումն նորաձևության ու թվային աշխարհի վերաբերյալ հրապարակումների՝ Լավան Ինստագրամյան օգտահաշվի հրապարակումների միջոցով իր անհանգստությունն է հայտնում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ։
bee_nfluencer
Bee-ն ծնվել է Փարիզում և առաջին մեղու վիրտուալ ինֆլուենսերն է (զավեշտալի է, ինչ խոսք): Այն ստեղծվել է մեղուների պահպանության համար գումար ներգրավելու նպատակով:
Հաշվի առնելով մեղուների կարևոր դերակատարությունը բնության մեջ՝ Bee-ին ստեղծող ֆրանսիական ֆոնդը նպատակ է դրել նրա միջոցով մարդկությանը տեղեկացնել առկա խնդիների մասին և գումարներ հայթայթել՝ մեղուների պահպանությանը նպաստելու համար:
Disney»-ը վերջին տարիներին Minnie Mouse-ին վիրտուալ աշխարհ է տեղափոխել, որտեղ վերջինս սոցիալական ցանցերի հարթակներում կիսվում է իր և սիրելիի՝ Mickey Mouse-ի առօրյա կյանքի դրվագներով:
Դե, իսկ Barbie-ն հատուկ ներկայացման կարիք չունի:
Նրա ամենամեծ հետևորդների թիվը ֆեյսբուքյան հարթակում է (15 միլիոն):
Ինստագրամում նա 3,5 միլիոն հետևորդ ունի և 11,9 միլիոն բաժանորդ՝ YouTube-ի իր վլոգում: