Հավերժ՝ ոգեշնչման աղբյուր․ դիզայներ Արմինե Օհանյանի նոր հավաքածուն նվիրված է Փարաջանովի արվեստին
«Նկարային խաբկանք»․ այսպես է անվանել փարիզաբնակ հայ դիզայներ Արմինե Օհանյանն իր նոր հավաքածուն, որը նվիրված է հայ անվանի կինռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստին։
«No season 25» հավաքածուն միաձուլում է ազգայինն ու նորը՝ հագուստի ստեղծման ավանդական մեթոդները համատեղելով նորագույն տեխնոլոգիաների առաջարկած լուծումների հետ (լազերային կտրվածք, 3D տպագրություն, հելունագործություն, ասեղնագործություն և այլն):
Նորաստեղծ նմուշների կարմիրի երանգներում դիզայներն արտահայտել է բռնության դեմ պայքարն ու ապստամբությունը՝ իր ստեղծած կերպարներում ներկայացնելով ուժեղ և ազատ կնոջը։
Հավաքածուի նմուշներում կարելի է գտնել հայկականություն, ժամանակակից լուծումներ, պոեզիա, դրամա, իսկ տեխնոլոգիական արտադրության հումքի և բնական գործվածքի միաձուլումն օպտիկական հակադրություն է ստեղծում։
Դիզայների ձևակերպմամբ՝ հավաքածուն բազմապիսի կոդերի խառնուրդ է հանդիսանում՝ ավանդական մեթոդների և տեխնոլոգիական նորարարության միքս, յուրօրինակ կամուրջ անցյալի, ներկայի ու ապագայի միջև։
«Armine Ohanyan Paris» բրենդի նոր հավաքածուի նմուշներն արդեն հասանելի են բրենդի կայքում։