Այս տարվա ավարտական աշխատանքներն ավելի մրցունակ էին․ Մանե Կարապետյան

Հունիսի հինգին և վեցին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ Հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը։
Այս տարվա ավարտական աշխատանքների որակի մասին զրուցեցինք ակադեմիայի՝ Հագուստի մոելավորման բաժնի դասախոս, ավարտական աշխատանքների գիտական ղեկավար Մանե Կարապետյանի հետ։
Մանե՛, ինչպե՞ս եք գնահատում ավարտող ուսանողների ներկայացրած աշխատանքների որակը․ նախորդ տարիների համեմատ՝ առաջընթաց նկատելի՞ էր։
Կարծում եմ՝ այս տարվա ավարտական աշխատանքներն ընդհանուր առմամբ՝ ավելի ամբողջական էին։ Նկատելի էր դրական տեղաշարժ թե՛ կառուցվածքի հստակության, թե՛ բովանդակային խորության տեսանկյունից։
Իհարկե, տեղեկատվության հասանելիությունն իր դերակատարումն ունեցել է, սակայն ակնհայտ էր նաև ավելի գիտակցված մոտեցում ինչպես նախագծային, այնպես էլ տեսական բաղադրիչում։
Շատ աշխատանքներում նորաձևության հետազոտական կոմպոնենտը ներկայացված էր ավելի խորքային ու նպատակաուղղված ձևով՝ ընդգծելով կոնցեպտի մշակման հիմնավորվածությունն ու մեթոդաբանական մտածվածությունը։ Սա, կարծում եմ, կարևոր առաջընթաց է, որը պետք է հետագայում էլ զարգացնել ու խթանել։
Այս ամենից զատ՝ մի շարք աշխատանքներ առանձնանում էին ուսանողների սուբյեկտիվ և անհատական մոտեցումներով։ Դրանք հաճախ արտահայտում էին մտածողության, ոճի կամ գաղափարային որոնումների ինքնատիպություն։
Թեև որոշ դեպքերում զգացվում էր մեթոդաբանական հղկման կարիք, նշված մոտեցումները, ընդհանուր առմամբ, ընկալում եմ որպես ստեղծագործական հասունացման և ինքնարտահայտման ձև՝ որն ավելի շատ պետք է խրախուսել, քան՝ սահմանափակել։
Իսկ ի՞նչ թեմաների էին առավելապես անդրադարձել ուսանողները․ ո՞ր թեմաներն էին գերակշռում։
Աշխատանքների շրջանակը բազմազան էր․ ուսանողները դիտարկել էին թե՛ հայկական մշակույթն ու էթնիկ ժառանգությունը, թե՛ համաշխարհային արվեստն ու նորաձևության արդի միտումները։ Հայկական թեմատիկայի մի քանի շատ հետաքրքիր մեկնաբանություններ կային՝ ինքնատիպ վերամշակումներով։
Բնականաբար, համաշխարհային նորաձևության ազդեցությունն ավելի ընդգծված էր, ինչը միանգամայն հասկանալի է։ Նորաձևությունն ինքնին բաց և դինամիկ համակարգ է, և միայն ազգային շրջանակներում սահմանափակվելը հեռատես լուծում չէ։
Այս տարի հատկապես աչքի էր ընկնում ճապոնական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը՝ մտածողության և մոտեցման մակարդակում։ Ճապոնական նորաձևության խորքային ու համակարգային զարգացումը, իմ կարծիքով, զգալի ազդեցություն է ունեցել ուսանողների պատկերացումների վրա։
Որոշ աշխատանքներում նկատելի էր նաև անդրադարձ կայուն նորաձևությանը՝ որպես գաղափարական ուղղություն։ Թեպետ այն ամբողջությամբ ձևավորված չէր՝ որպես հետազոտական առանցք, ուսանողներն անդրադարձել էին նյութերի ընտրությանը, վերամշակման հնարավորություններին, ինչը կարելի է դիտարկել որպես նախնական հետաքրքրություն՝ դեպի համաշխարհային նորաձևության ժամանակակից մարտահրավերները։
Ի՞նչ եք կարծում՝ Հագուստի մոդելավորման բաժինն ավարտող ուսանողների քանի՞ տոկոսը ունի ներուժ՝ դառնալու դիզայներ։
Կդժվարանամ տոկոսային գնահատական տալ, սակայն ընդհանուր առմամբ՝ դիզայներ դառնալու ճանապարհը մնում է բարդ ու երկարատև։ Այսօր կրթական համակարգում դեռևս չկան այնպիսի գործնական մեխանիզմներ ու արտադրական հենքեր, որոնք հնարավորություն կտան ուսանողներին դառնալ պրոֆեսիոնալ։
Հայաստանում տեքստիլ արդյունաբերությունն առայժմ բավարար չափով զարգացած չէ, իսկ արտադրական ձեռնարկությունները հիմնականում փոքրածավալ են։ Չնայած վերջին տարիներին նկատվում է որոշակի առաջընթաց, համակարգային հնարավորությունները դեռ սահմանափակ են։
Եթե ուսումնական գործընթացում հնարավոր լիներ ապահովել խորացված պրակտիկա՝ արտադրանքի մշակման, նյութերի փորձարկման և շուկայական վերլուծության մակարդակներում, ուսանողների պատրաստվածությունը կլիներ զգալիորեն ավելի ամուր ու գործնականում՝ կիրառելի։
Միևնույն ժամանակ՝ նորաձևության ոլորտը մուլտիդիսցիպլինար է։ Շրջանավարտները, նույնիսկ եթե անմիջապես դիզայնով չզբաղվեն, ունեն բավարար բազային գիտելիքներ՝ հարակից ոլորտներում ներգրավվելու համար։
Կարծում եմ՝ բուհի ամենակարևոր առաքելություններից մեկը սովորել սովորեցնելն է։ Այս կարողությունը, ի վերջո, ուսանողի ապագայի գլխավոր հիմքն է։
Նորաձևությունը, լինելով մշտապես փոփոխվող և զարգացող ոլորտ, պահանջում է անընդհատ ինքնակրթություն և ճկուն մտածողություն։ Կրթությունն այս համատեքստում պետք է դիտարկել որպես երկարաժամկետ ուղի։
Հենց այդ գիտակցմամբ էլ հնարավոր է կերտել ժամանակակից դիզայներին՝ որպես մշտապես վերափոխվող, իրողություններին արձագանքող և աշխարհի գեղագիտական կերպարանափոխություններին թարմ հայացքով մոտեցող մասնագետ։