Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի՝ «Սև և սպիտակ հիշողությունները»

Apr 6, 2025 - 19:44
Apr 16, 2025 - 13:24
Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի՝ «Սև և սպիտակ հիշողությունները»

Մարտի 28-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի անհատական ցուցահանդեսն ու «Սև և սպիտակ հիշողություններ» գրքի շնորհանդեսը։

Ցուցահանդեսին ներկա էին լուսանկարչության, նորաձևության ոլորտի ներկայացուցչիներ, լուսանկարչի օբյեկտիվում հայտնված մոդելները և լուսանկարչության արվեստով հետաքրքրված անհատներ։

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված էր 30-ից ավել լուսանկար։

Գագիկ Հարությունյանն իր ստեղծագործական ուղին սկսել է 2000-ական թվականների սկզբին: Ստեղծագործում է հիմնականում «դիմանկարչություն» և «բնանկարչություն» ոճերում:

2012 թվականից սկսած` լուսանկարչի աշխատանքների գլխավոր թեման դառնում է նորաձևությունը:


Մարդկանց լուսանկարելիս նկարիչը փորձում է ցույց տալ նրանց ներաշխարհը և հույզերը՝ ձգտելով պատկերել իրականը․ հենց սա է պատճառը, որ Գագիկ Հարությունյանի լուսանկարների գլխավոր հերոսը մարդն է:

Խոսելով լուսանկարչության՝ իր ընկալումների մասին՝ Գագիկ Հարությունյանը նշեց․ «Լուսանկարելով կարծես ստվերագծում եմ աչքիս տեսած գեղեցիկը իր ողջ հմայքով՝ փնտրելով գեղեցիկի մեջ ամենագեղեցիկը: Լուսանկարչությունը կյանքը սիրելու, նրան սիրահարվելու, լույսի արվեստն է»։


Մոդելների հետ աշխատանքում լուսանկարչի համար սկզբունքային է դիմահարդարման բացակայությունը, իսկ նկարները մշակելիս կողմնակից չէ մեծ փոփոխությունների, քանի որ մշտապես ջանում է ստանալ բնական կերպարներ։


Գագիկ Հարությունյանը տարիներ շարունակ աշխատել է  նորաձևության և գեղեցկության ոլորտների հայաստանյան առաջատար ընկերությունների հետ։ Նրա լուսանկարները տպագրվել են այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են՝ «EL Style»-ը, «Luxury»-ն, և ցուցադրվել եվրոպական մի շարք երկրների պատկերասրահներում (Իտալիայի՝ «Corso como Milan-Carla Sozzani Gallery», Ֆրանսիայի՝ «Gallery Sakora»-ում)։


Իր կարիերայի ընթացքում Գագիկ Հարությունյանը մասնակցել է «Vogue Italia» նորաձևության ամսագրի կողմից կազմակերպված մի շարք ցուցահանդեսների: «Vogue Italia»-ի խմբագրությունը լուսանկարներից մեկը համեմատել է հռչակավոր ֆիլմի հետ և ճանաչել օրվա լավագույն լուսանկար՝ ներկայացնելով  իտալական «Vogue»-ի կայքում։ Լուսանկարչի կողմից արված մի քանի այլ լուսանկարներ նույնպես ընդգրկվել են  լավագույնների ցանկում։


2021 թվականին Գագիկ Հարությունյանը հիմնադրել է «Harutyunyan Gallery» ապրանքանիշը, որտեղ ցուցադրվում և վաճառվում են իր հեղինակած լուսանկարները:

 «Սև և սպիտակ հիշողություններ» գրքում զետեղված են լուսանկարչի հեղինակած աշխատանքները:

Գրքի անունը պայմանավորված է սև և սպիտակ լուսանկարչության հանդեպ մեծ սիրով․ տպագրված լուսանկարների գերակշիռ մասի գույները սև ու սպիտակով են և հիմնականում արված են նորաձևություն, արտ և բյութի ժանրերում:

 Գիրքը կարելի է ձեռք ձեռք բերել երևանի լավագույն գրախանութների ցանցերից («Բուկինիստ», «Զանգակ», «Էպիգրաֆ»):