Նոր հավաքածուս իմ սիրո խոստովանությունն է հարազատներիս և իմ հայրենի Սյունիքին․ Մարի Հայրապետյան
Ղազախստանաբնակ հայ դիզայներ Մարի Հայրապետյանը 22 տարեկանում արդեն հասցրել է ավարտել նորաձևությա բուհը, հաղթել «Fashion Scout Armenia 2023» նորաձևության հեղինակավոր մրցույթում, մասնակցել մի շարք նորաձևության ցուցահանդեսների, իսկ այս տարի արդեն մասնակցում է Երևանի նորաձևության շաբաթ 2024-ին՝ ներկայացնելով նոր՝ ամբողջական հավաքածու։
Մարիի հետ խոսել ենք վերջին տարվա նրա հաջողություններից, ապրանքանիշից և նոր հավաքածուից։
- Մարի՛, խոսենք ձեր անցած ստեղծագործական ճանապարհի մասին։ Դուք ծնվել և հասակ եք առել Ղազախստանում։ Ինչպե՞ս են ձեր մեջ սինթեզվել երկու՝ հայկական և ղազախական մշակույթները, և ինչ արտահայտում են դրանք գտնում ձեր ստեղծագործություններում։
- Ես ծնվել և հասակ եմ առել Ղազախստանում` Աստանա քաղաքում։ 17 տարեկանում ընդունվել եմ Կոսիգինի անվան ռուսական պետական համալսարան՝ Կոստյումի և աքսեսուարների դիզայնի ֆակուլտետ:
Այս պահին ես համարվում եմ ղազախական շուկայի դիզայներ, սակայն դիտարկվում եմ` որպես դիզայներ, որը ստեղծագործում է հայկական ազգային էլեմենտներով։
Ազգային էլեմենտներն իմ ստեղծագործություններում կիրառելու որոշումը եկավ 2022 թվականին, երբ ընտանիքիս հետ այցելեցի Հայաստան և ճամփորդեցինք ողջ երկրով մեկ:
Հայրս ինձ ցույց տվեց վայրեր, որոնց մասին ես նույնիսկ չէի էլ լսել: Իմ ընտանիքը ծագումով Սյունիքի մարզից է` Խնածախ գյուղից:
Ի դեպ՝ Երևանի նորաձևության շաբաթ 2024-ի շրջանակում ներկայացվելիք հավաքածուս հենց նվիրված է հայրենի Խնածախիս: Պետք է նշեմ, որ ընտանիքիս հետ այցը հայրենիք շատ մեծ նշանակություն ունեցավ իմ կյանքում. այն ինձ օգնեց այլ հայացքով նայել կյանքին:
Մենք մի շատ մեծ, հարուստ մշակույթի կրողն ենք հանդիսանում, և դա շատ մեծ պատասխանատվություն է:
2011 թվականին ես հաճախել եմ հայկական ազգային պարերի` «Նժդեհ» ամսամբլ: Դա նույնպես շատ բաներ փոխեց իմ մեջ. ես սկսեցի ամեն հայկականին մեծ ակնածանքով վերաբերվել: Դա, իհարկե, իր ազդեցությունը թողեց նաև իմ հետագա ստեղծագործական կյանքում:
- Դուք հաղթել եք Fashion Scout Armenia 2023 հեղինակավոր մրցույթում․ ի՞նչ տվեց ձեզ հաղթանակը մրցույթում այն ի՞նչ ազդեցություն ունեցավ ձեր հետագա ստեղծագործական կյանքում
- Fashion Scout Armenia 2023 մրցույթում ես ներկայացրել էի իմ դիպլոմային աշխատանքը:
Այնպես պատահեց, որ դիպլոմային աշխատանքիս պաշտպանությունից անիմիջապես հետո` հենց նույն օրը, պետք է մեկնեի Հայաստան` մասնակցելու մրցույթին:
Մրցույթում հաղթանակն ինձ մի նոր մակարդակ բարձրացրեց. ստացվում է` ավարտելով բուհը՝ իմ առջև միանգամից բացվեցին նորաձևության աշխարհի դռները, ինչի համար ես շատ շնորհակալ եմ:
- Կպատմե՞ք ներկայացված հավաքածուի մասին։ Որքանով տեղյակ եմ՝ այն նվիրված էր ձեր հայրենի Սյունիքի մարզին։
- Այո՛, հավաքածուն նվիրված էր իմ հայրենի Սյունիքին. ուսումնասիրել էի բնությունն ու մշակույթում առկա սիմվոլիկան. հավաքածուն բաղկացած էր նմուշներից, որոնք կրում էին Սյունիքի մարզի տեղանունները` Խնձորեսկ, Խուստուփ․ հավաքածուում նաև օգտագործել էինք կենաց ծաղկի սիմվոլը:
Ողջ հավաքածուն հագեցած էր սիմվոլիզմով և ես մտածում էի, որ այն մարդիկ, որոնք պետք է գնահատեին իմ աշխատանքը, անպայման կզգային դա:
նում հասցրել եք բավականին մեծ ճանապարհ անցնել, կարո՞ղ եք ասել, որ ձեր բրենդի ինքնությունն արդեն հստակեցված է, թե՞ դեռ փնտրտուքների մեջ եք (ինչը շատ օրինաչափ է ձեր տարիքում գտնվող երիտասարդ դիզայների համար)։
Չնայած երիտասարդ տարիքիս՝ (այս պահին ես 22 տարեկան եմ և նորաձևության շուկայում գործունեություն եմ ծավալում արդեն մեկ և կես տարի) կարող եմ ասել, որ ինձ մոտ արդեն ձևավորվել է իմ անհատականությունը` որպես դիզայներ, իմ բրենդի ԴՆԹ-ն ինձ համար հստակեցված է. այն ենթադրում է Սյունիքի մարզի մշակույթի և սիմվոլիկայի վերածնունդը. մենք վերադարձնում ենք արժեքավոր անցյալը, որպեսզի երաշխավորենք պայծառ ապագա՝ մեզ բոլորիս համար:
Իմ ոգեշնչման աղբյուրը Սյունիքի մարզի բնաշխարհն է, սիմվոլիկան և սրբազան իմաստները: Ես այս ամենն ուսումնասիրում եմ և նոր շունչ եմ տալիս` նորաձևության միջոցով:
- Կպատմե՞ք Երևանի նորաձևության շաբաթվա շրջանակում ներկայացվելիք ձեր նոր հավաքածուի մասին․ որքան տեղեկացած եմ այն ստեղծելիս կրկին ոգեշնչվել եք Սյունիքի մշակույթով։
- Երևանի նորաձևության շաբաթվա շրջանակում ներկայացնելու եմ հավաքածու, որը նվիրված է իմ հայրենի գյուղին` Խնածախին (թե´ մայրս, թե´ հայրս այս գյուղից են) :
Ինձ այս թեմային դրդեց անդրադառնալ հարազատներիս կորուստը․ կարող եմ ասել՝ ներկայացվելիք հավաքածուն իմ սիրո խոստովանությունն է նրանց՝ իմ սիրելի, հարազատ մարդկանց, որոնց իրենց կենդանության օրոք չեմ հասցրել ասել խոսքեր, որոնք պետք է ասեի:
Ես այս հավաքածուով ուզում եմ կոչ անել մարդկանց չմոռանալ իրենց արմատները, հարգել դրանք, շարունակ վերադառնալ տատիկների, պապիկների մոտ, խոսել նրանց հետ, հարցնել անցյալի մասին:
Այդ անցյալի մասին որքան շատ իմանաս, այնքան ինքդ քեզ ավելի կճանաչես:
«Խնածախ» հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել եմ Սյունիքի բուսական աշխարհով, տատիկիս սիրելի ծաղիկներով` մանուշակներով, ոգեշնչվել եմ Խնածախի քարանձավներով, բնության ռելիեֆով, գույներով, ավանդական մաքրամեով։
Մեզ մոտ գործվածքից շատ նմուշներ կան։ Այն, ինչ ստեղծել եմ հավաքածուի շրջանակում, ասես միավորում է այն, ինչ ես տեսել եմ մանկությանս տարիերին․ մանկության տարիներին մենք հաճախ էինք գալիս գյուղ․ իհարկե, սկզբում ինձ մոտ մերժման զգացում էր առաջանում․ ինձ այստեղ ոչինչ դուր չէր գալիս ու մտածում էի` ինչու էին ինձ հենց այս գյուղ բերել:
Չեմ կարող ասել, որ շատ մեծ կապվածություն եմ ունեցել տատիկիս ու պապիկիս հետ, սակայն երբ սկսեցի ինքնուրույն ապրել, ավելի շատ բան իմացա ինքս իմ ու նախնիներիս մասին և ես հասկացա, թե որքան եմ նրանց սիրում. չեմ ուզում ասել, որ այս զգացումը ուշ է առաջ եկել. այն առաջացել է այն ժամանակ, երբ պետք է առաջանար: Այս հավաքածուն իմ սիրո խոստովանություն է իմ հարազատներին։