Այն, ինչ ես ստեղծում եմ, ժամանակին սերմանվել է իմ հոգում․ Արիգա Թորոսյան

Apr 5, 2024 - 22:56
Apr 18, 2024 - 20:10
Այն, ինչ ես ստեղծում եմ, ժամանակին սերմանվել է իմ հոգում․ Արիգա Թորոսյան

Նրա ստեղծած հագուստի նմուշներն ուղերձ և ասելիք ունեն․ դրանք խոսում են հայկականության և ազգայինը պահպանելու կարևորության մասին։

Նա ստեղծում է ազգայինով ներշնչված նմուշներ՝ ժամանակակից աշխարհի համար՝ այնպես, որ դրանք կարողանում է ընկալել օտարը ևս։

 «Cone» խանութ-սրահի էսթետիկ միջավայրում զրուցել ենք դիզայներ, «Ariga To» բրենդի հիմնադիր Արիգա Թորոսյանի հետ։

 - Դուք ծնվել և մեծացել եք Իրանում։ Ինչպե՞ս է սինթեզվել ձեր մեջ հայկական և իրանական մշակույթը և ինչպե՞ս է այն իր արտահայտումը գտնում ձեր հավաքածուներում:

- Ես մեծացել եմ իսլամական երկրում, սակայն հայկական մշակույթն իմ մեջ մանկության տարիներից շատ խորը արմատներ է ունեցել։ Իրանի հայ ընտանիքներում ծնված երեխաները մեծանում են նախ՝ իբրև հայ, այնուհետև՝ Իրանի քաղաքացի։ 


Իրանական մշակույթի հետ շփումը իրանահայ երեխաների կյանքում սկսվում է դպրոցական տարիներից. ինչ-որ փուլում այս երկու ազգերի մշակույթները հավասարակշռվում են, սակայն, միևնույն է, Իրանում ապրող հայ ընտանիքի երեխան հայ է մնում․ նրա առաջին լեզուն, մտածողությունը հայերեն է։


Քանի որ մանկության տարիներից արվեստի դպրոցներ շատ եմ հաճախել և այնտեղ շփվել պարսիկների հետ, հայկական և իրանական մշակույթների ազդեցություններն իմ մեջ հավասարվել են և այնքան հետաքրքիր կերպով են սինթեզվել։


Չմոռանանք նաև այն փաստը, որ հարևան երկրները շատ նմանություններ ունեն․ նրանք միմյանցից բաժանված են սահմաններով, սակայն մշակույթների մեջ շատ ընդհանրություններ կան։


Չեմ կարող ասել, որ այն, ինչ ես ստեղծում եմ խորապես մտածված է կամ հետազոտության արդյունք է հանդիսանում։ Այն, ինչ ես ստեղծում եմ, ժամանակին սերմանվել է իմ հոգում․ ես այդ ծիլերով հասակ եմ առել և իմ ձեռագիրն ինքնաբերաբար է ձևավորվել․ իմ ձեռքը նկարում է այն, ինչը ձևավորվել է տարիներ ի վեր։

Ժամանակին քանդակագործություն և գրաֆիկա եմ ուսումնասիրել, և այդ հանգամանքը նույնպես իր ազդեցությունն է թողել իմ աշխատանքներում․ այն, ինչը սերմանված է քո ներսում, ինչ-որ պահի գալիս, միաձուլվում է քո սովորածին և դառնում ձեռագիր, որով դու առաջնորդվում ես։ 

 
- Ձեր ստեղծագործություններում արտացոլված է հայկական ճարտարապետությունը՝ իր յուրօրինակ լուծումներով: Որքան նկատել եմ, հիմնականում անդրադառնում եք հայկական ավանդական ճարտարապետությանը: Հայկական ժամանակակից ճարտարապետությանն անդրադարձ անու՞մ եք: Ձեր կարծիքով՝ ժամանակակից Հայաստանը կամ հենց Երևանը ունի՞ ճարտարապետական դեմք: 


- Վերքիս վրա աղ լցրեցիք․ սիրում էի Երևանը, քայլում և հպարտանում մեր ճարտարապետությամբ, քանդակներով, նկարում էի, նկարահանում էի․ նույնը հիմա էլ եմ անում, բայց այնպես է ստացվել, որ այլևս շուրջս չեմ նայում, քանի որ քաղաքի դեմքը լղոզվել է մոդեռնիզմի իրականության մեջ։ 


Չգիտեմ՝ ինչն է պատճառը, որ մոդեռնիզմն այս մասշտաբով եկել, սրբել ու տարել է քաղաքի դեմքը։ Մոդեռնիզմը ստվեր է գցել մեր քաղաքի ճարտարապետական կոթողների վրա և չի թողնում, որ դրանք երևան։ 


Եթե մենք կորցնենք մեր ինքնությունը (մենք արդեն դրա ճանապարհին ենք), կորցնենք այն, ինչը մեզ հայ է դարձնում, մենք կկորցնենք մեր քաղաքի հմայքը և շատ այլ կարևոր բաներ։


Այո՛, մենք ապրում ենք ժամանակակից աշխարհում, կյանքը շարունակվում է․ պետք է շարժվել, առաջ գնալ, սակայն կարելի է, չէ՞, պահպանել մեր դիմագիծը, ճարտարապետական դեմքը, ավանդույթները․ մոդեռնիզմի մեջ նույնպես կարելի է հայկականությունը պահպանել։


Այնպես չէ, որ մենք բարդ ճարտարապետություն ունենք․ եթե օգտագործեինք մեր զարդանախշերը, կկարողանայինք մեր ինքնությունն այժմյան աշխարհում նույնպես ցույց տալ և մեր ազգային ձեռագիրը համադրել ժամանակակից կյանքի հետ։ Այո՛, ճիշտ նշեցիք․ ես շարունակ վերադառնում եմ մեր հին ճարտարապետությանը, որովհետև դրանով ես կարող եմ ներկայացնել իմ երկիրը, նրա մշակույթը, պատմությունը։


Ես մի փոքր փշուր եմ այս ամենի մեջ, սակայն գոնե իմ ստեղծած հագուստի ժամանակակից նմուշներում փորձում եմ ցույց տալ, թե մենք ով ենք, որտեղից ենք եկել, ու եթե դրանք տեսնող այլազգին հետաքրքրվի, թե ինչից եմ ես ոգեշնչվել և կարդա նրանց ստեղծման  պատմությունը, դա ինձ համար բավարար կլինի․ ես կիմանամ, որ կա ևս մեկը, որը Հայաստանի մշակույթի մասին գոնե կարդացել է։ 

 


- Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ձեզ վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է Հուսեյն Չալայանի արվեստը: Ի՞նչու հենց նա: 


-
Որպես հետաքրքիր մոտեցում ունեցող արտիստ՝ այո՛, Հուսեյն Չալայանն ինձ ոգեշնչվում է, սակայն չեմ կարող ասել, որ նրա ազդեցությունը կարող եք տեսնել իմ գործերում։


Ես նրան հետևում եմ որպես արտիս, այլ ոչ հագուստի դիզայներ։ Ինձ դուր է գալիս նրա մոտեցումը, թեմայի մշակումը և ներկայացումը,  նրա պրոֆեսիոնալիզմը՝ այն, թե նա ինչպես է մի թեման գլորում և իր ձևով, իր ոճով և նյութերով ցույց տալիս․ այդ ամեն ինձ շատ հետաքրքիր է և քառակուսիներից դուրս։ Նշված պատճառով միշտ հետևում եմ նրան։


-
Yerevan Fashion Week-ի շրջանակում ներկայացված ձեր հավաքածուն միջազգային մամուլի հավանությանն արժանացած հավաքածուների ցանկում է: Ինչու՞ որոշեցիք այն հենց ցուցահանդեսի տեսքով ներկայացնել:


-
Քանի որ հավաքածուում արտահայտված էին հին և ժամանակակից կյանքի մոտեցումները և տարբերությունները, և հավաքածուն ինքը «խոսում էր» այն մասին, թե ինչպես է մոդեռնիզմը ոտքը դրել մեր պատմության և մշակութի վրա՝ ցանկանալով գրավել նրա տեղը, մտածեցի, որ ցուցահանդեսը շատ կարևոր մաս կարող է լինել՝ հավաքածուն ճիշտ ներկայացնելու և ողջ ասելիքս փոխանցելու համար։


Մտածեցի, որ եթե հավաքածուի նմուշները կրեն գեղեցիկ, հարդարված մոդելները և դրանցով քայլեն բեմի վրա, հնարավոր է՝ ընդհանրապես չկարողանամ փոխանցել այն, ինչ մտածել եմ։

Գեղեցիկ, խնամված կինը կարող է արժեք տալ իր հագուստին և հակառակը։ Ես չէի ուզում, որ իմ ստեղծած հագուստի նմուշները որևէ ազդեցություն կրեն։


Ուստի՝ որոշեցի հավաքածուն ներկայացնել հենց ցուցահանդեսի տեսքով․ նմուշները տեղադրեցի շրջանակների մեջ և դասավորեցի՝ ըստ կտորների տարբերությունների։ 


Հավաքածուն ստեղծելիս օգտագործել էի ամուր, չոր և ավելի թեթև կտորներ։ Չոր կտորները խորհրդանշում էին մեր հիմքը, պատմությունը, արմատները, որոնք կայուն, իրենց տեղում կանգնած են, իսկ թեթև կտորները՝ մեր այսօրվա անբովանդակ կյանքը։


Ինչու որոշեցի նմուշները ցուցադրել կախված վիճակում․ նպատակս այն էր, որ ցուցահանդեսի այցելուները մեկ սրահում կարողանան տեսնել մեր քաղաքի ամբողջական պատկերը, որտեղ միաձուլված են պատմությունն ու մոդեռնիզմը, որպեսզի յուրաքանչյուր այցելու կարողանա մեկ տարածքում տեսնել ժամանակակից Երևանի այսօրվա դեմքը։


Ցուցասրահում հագուստները դասավորեցի այնպես, ինչպես քաղաքում շենքերն են դասավորված, որպեսզի մարդիկ կարողանային անցնել դրանց կողքով այնպես, ինչպես շենքերի կողքով են անցնում, և նույն զգացողությունն ունենալ։

 

 

- Դուք այժմ աշխատում եք երիտասարդների հետ․ դասավանդում եք «CreLab Kotayk»-ում: Ի՞նչ մոտեցումներ եք տեսնում երիտասարդների աշխատանքում և ինչո՞վ են դրանք տարբեր ավելի ավագ՝ ձեր սերնդի դիզայներներից:


-
Եկեք նախ՝ խոսենք նոր սերնդի ուժեղ կողմերի մասին, քանի որ ներկայիս երիտասարդությունն  ավելի ուժեղ ու համարձակ է, քան ավագ սերունդը (իհարկե, այժմ մենք խոսում ենք Հայաստանի մասին․ այլ երկրների մասին չխոսենք․ շատ տարբեր է)։


Հայաստանում կյանքն ակնհայտորեն փոխվել է․ երիտասարդությունն ավելի բաց է, առաջադեմ, քառակուսիներից դուրս․ իհարկե նշված հարցում սոցցանցերն իրենց մեծ դերակատարումն ունեն։

Երբ նորաձևության իմ կարիերան նոր էի սկսում, հնարավորությունները շատ քիչ էին:


Ցավոք, մերօրյա երիտասարդությունն ավելի շատ ձգտում է նմանվել օտարերկրյա արտիստներին։ 


Սիրելինե՛րս, ուսումնասիրեք մեր արվեստագետներին, մեր մշակույթը․ ինչու՞ չեք ոգեշնչվում մեր արվեստագետներից, ինչու չեք գնում ետ և փորփրում մեր ունեցածը և դրանով նորը ստեղծում։


Ոգեշնչվե՛ք ազգայինից, սիրուն բաներ ստեղծեք, այնպես արե՛ք, որ մերն ավելի ամրանա, զորանա, իր տեղն ունենա աշխարհում, արե՛ք այնպես, որ օտարը մեզանից ոգեշնչվի, դուք մի՛ գնացեք դեպի օտարը։


Օտարամոլությունը վտանգավոր իրավիճակի կարող է հանգեցենել․ կգա մի պահ, երբ ապագա սերունդներին այլևս թողնելու բան չենք ունենա։ Մենք կարող ենք մեր ձեռքով պահպանել և մեր ձեռքով ջնջել մեր պատմությունը․ ավելի լավ է՝ պահպանենք։ Ազգայինով կարելի է ավելի հետքրքիր ոգեշնչվել, քան օտարի արվեստով։

 

- Այժմ նոր հավաքածու պատրաստու՞մ եք: Որո՞նք են «Ariga To» բրենդի ապագա պլանները:


- Ընդհարապես հավաքածուն ստեղծվում է ամիսների կամ տարվա ընթացքում զգացածիդ ազդեցությամբ. ձևավորվում է այն ամենից, ինչը քեզ վրա ամենամեծ ազդեցութունն է թողել։ Իմ դեպքում՝ գոնե այդպես է։ 

Այդ ազդեցությունը և հոգումս կուտակվածն է հենց նոր ստեղծագործությունների պատճառ դառնում։

Վերջին մեկ տարվա ընթացքում Արցախի կորուստը բավականին ծանր ազդեցություն թողեց բոլորիս վրա։ Այդ ամենը բերեց ինձ այն մտքին, որ որևէ տարածքի հանձնումը մարդկային է և ժամանակավոր, իսկ հողը՝ հավերժական։ Մարդկությունը գալիս է, իր ազդեցությունը թողնում և գնում է, իսկ հողը դարեդար և հավերժ մնում է այնպիսին, ինպիսին կար․ հենց այս միտքն է դրված նոր հավաքածուիս հիմքում։

Աշխարհը կա՝ կմնա, հողը կա՝ կմնա, բնությունն ու այն ամենն, ինչ ստեղծել ենք, կմնա, իսկ մարդկությունը` կգա և կգնա։ Կապ չունի, թե Արցախն այժմ պաշտոնապես ում է պատկանում, ով է այնտեղ ապրում, հողը, միևնույն է, նույնն է մնում, շնչում է նախկինի պես և շարունակում «ապրել»։ Հողը մնայուն է․ մենք գալիս ենք, նրանից սնվում, նրան անուն ենք տալիս, մեր հետքը թողնում և գնում։ Արցախի հողը հավերժ կմնա այնպիսին, ինչպիսին միշտ եղել է: