«Tending the Frenzy»․ հայ ժամանակակից արվեստի տպավորիչ փորձառություն՝ Latitude Art Space-ում

May 1, 2024 - 20:08
May 2, 2024 - 17:01
«Tending the Frenzy»․ հայ ժամանակակից արվեստի տպավորիչ փորձառություն՝ Latitude Art Space-ում

Ապրիլի 27-ին «Latitude Art Space» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Երևան Բիենալե արվեստի հիմնադրամի արտիստների՝ «Tending the Frenzy» անվանումը կրող ցուցահանդեսը, որին իր մասնակցությունն էր ցուցաբերում ավելի քան 20 արտիստ։

«Tending the Frenzy»-ն հիմնադրամի արտիստների առաջին խմբակային  ցուցահանդեսն էր։

Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր հանրությանը ներկայացնել հիմնադրամի արտիստների կողմից ստեղծված արվեստի գործերը՝ հնարավորություն տալով ավելի խորը  ընկալել հայ ժամանակակից արվեստն ու ներկայիս կյանքի քաոսի դեմ հայ արվեստագետի պայքարը։

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակից դարձավ ավելի քանի 350 անձ (արվեստագետներ, պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ և այլն)։

Ցուցահանդեսի կազմակերպիչները ներկաներին իրապես տպավորիչ, արվեստով և միստիկայով հագեցած երեկո պարգևեցին․ այցելուները հնարավորություն ունեցան վայելել հայ ժամանակակից արտիստների գործերը՝ «Uru» երաժշտախմբի մեղեդային կատարումների ներքո և հետևել հիմնադրամի արիտիստների կողմից նախատեսված պերֆորմանսներին՝ «Meyron» անուշաբույր գինու գավաթների «ընկերակցությամբ» (Վայոց ձորի՝ «Ոսկեհատ» և «Արենի» տեսակների խաղողից ստացված գինիները տեղի ունեցողի զգայական ընկալումն ավելի խորն ու տպավորիչ դարձրեցին)։

Միջոցառման պերֆորմատիվ հատվածում ցուցասրահի ողջ տարածքում լսելի մարդկային սրտխփոցի ձայները խորհրդանշում էին ժամանակակից կյանքի ռիթմը և պայքարը, իսկ հատակին կավիճով արված գծերն ասես սիրո թելերով միավորում էին մարդկանց և նրանց սրտերը։

Ցուցահանդեսի համադրողը բրիտանահայ հայրենադարձ Ֆինն Արշավիրն էր, որը ցուցահանդեսի ուղերձը շեշտադրելու և մասնակից արտիստների արվեստը լավագույնս ներկայացնելու համար ներդրել էր իր ներուժը և Միացյալ Թագավորությունում ձեռք բերված փորձը։

Ֆիննը նշեց, որ հիմնադրամի առաջին խմբակային ցուցահանդեսը համադրելու հնարավորությունը շատ ոգեշնչող, միևնույն ժամանակ, հաճելի փորձառություն է եղել, քանի որ այն որակ ունեցող արվեստի գործերի մասին էր։

«Ցուցահանդեսի թեմատիկան անձնական և, միևնույն ժամանակ, համամարդկային է․ Հայաստանում և աշխարհի բոլոր կետերում առկա ճգնաժամը մեզ ստիպում է առճակատվել ժամանակակից կյանքի քաոսին ու խելահեղությանը և գտնել դրանց հետ պայքարի և «փոխհարաբերության» սեփական ճանապարհը։

«Tending the Frenzy»-ն թիմային աշխատանքի և համագործակցության արդյունք է։ Շնորհակալ եմ «YBAF» թիմին և մասնակից արտիստներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, քանդակագործ Արայիկ Հակոբյանին՝ ցուցասրահի օգտագործման նոր ուղիներ բացահայտելու համար։ «Latitude Art Space»-ի ցուցասրահը հենց այն ճիշտ տարածքն էր, որտեղ կարելի էր կազմակերպել այս ցուցահանդեսը։

Ինձ համար, ներկայացված արվեստի գործերից զատ, երեկոյի ամենատպավորիչ հատվածներից մեկը նկարիչ, լրագրող Դարյայի ներկայացնումն էր։ Ներկայացման գաղափարը զարգացրեցինք այնպես, որ այն լիովին համապատասխաներ ցուցահանդեսի թեմատիկային, իսկ «Uru» բենդի կատարումները մթնոլորտը, վստահաբար, ավելի տպավորիչ դարձրեցին»,- ասաց Ֆիննը։

 Խմբակային ցուցահանդեսի մասնակից արտիստների թվում էին Սամվել Սաղաթելյանը, Արմեն Հակոբջանյանը, Գարո Արդազը, Էլզա և Լիլիթ Եղիազարյանները, Սիրին Անուշը, Սամսոն Բասենցյանը և այլն։

Նկարչուհի Սիրին Անուշը ցուցահանդեսի շրջանակում երեք գործ էր ներկայացրել։ Գործերից մեկն ամբողջացնում էր ցուցահանդեսի թեմատիկան, իսկ մյուս երկուսը լրացնում էին նրան։

«Իմ գործերը մշտապես միտված են բացասական հույզերի վիզուալիզացիային․ կարծում եմ՝ այս ցուցահանդեսի շրջանակում ներկայացված գործերս լիովին համապատասխանում են ցուցահանդեսի ընդհանուր թեմատիկային․ դժվարին ժամանակներում արվեստի միջոցով պայքարի ներկայացման կոնցեպտն իմ աշխատանքների հիմնական վեկտորներից է։

Ներկայացված աշխատանքներիս հիմնական գույնը կապույտն է․ կապույտի ընտրությունը խորհրդանշում է անձի թվացյալ և արտաքուստ խաղաղությունը․ հաճախ մենք արտաքուստ խաղաղ ենք թվում, սակայն մեր ներսում մեծ փոթորիկներ են։

Եթե աշխատանքներին ավելի մոտիկից նայեք, նախշերի մեջ կարող եք պայքարի սիմվոլիկա տեսնել՝ ատամների, ժանիքների տեսքով»,- ասաց Սիրին Անուշը։