Նորաձևությունն ընկճախտի օրերին
«Նորաձևությունն առօրյա կյանքի իրականությունը հաղթահարելու զենքն է։
Բիլլ Քաննինգհամ, նորաձևության լուսանկարիչ
[Հոգեբանություն]
Հոգեբանությունը վաղուց է փաստում` հագուստը փոխում է անձի իրականությունը, և նորաձևությունն ու հոգեբանությունն իրար միահյուսված երկու երևույթներ են այլևս:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հագուստն ու գույները դրական ազդեցություն են ունենում մարդկանց հոգեբանական վիճակի բարելավման վրա, ինչպես նաև հայելային կերպով արտացոլում անձի տրամադրությունն ու հոգեբանական վիճակը:
Եթե հայացք գցենք «Մեծ ճգնաժամ»-ի տարիներին (1930-ական թվականներ), ակնհայտորեն կտեսնենք, որ մարդիկ այս շրջանում ավելի լայն ու հարմարավետ հագուստ էին կրում, ինչը նրանց հոգեբանական վիճակի ուղիղ արտացոլանքն էր հանդիսանում:
Սակայն եթե մեկ այլ հայացքով ետ գնանք 1950-ականներ, (Քաղաքացիական իրավունքների շարժման տարիներ) մեր աչքերի առջև նորաձևության մեկ այլ իրականություն կհայտնվի. այս շրջանում մարդիկ ավելի ոգեշնչված և ինքնավստահ էին և ներշնչված «Dior»-ի "New Look» հավաքածուից` ավելի նեղ ու հստակ ձևվածքի հագուստ էին նախընտրում:
Ուսումնասիրություններից մեկը (որն իրականացվել է ԱՄՆ-ում և որին մասնակցել է շուրջ 100 կին) ցույց է տվել, որ շարունակաբար դենիմե հագուստ կրելը վկայում է էմոցիոնալ վատ վիճակի, մինչդեռ՝ կազմվածքն ընդգծող, վառ ու յուրօրինակ կտորներով կարված հագուստը վկայում է լավ տրամադրության, ոչ դեպրեսիվ հոգեբանական վիճակի մասին:
Ըստ բրիտանացի գիտնական Օդրի Թանգի` գեղեցիկ, ոճային հագուստ կրելիս (դրա գիտակցումն ունենալիս) մարդու ուղեղում զարմանալի երևույթներ են տեղի ունենում. փոխվում է անձի կեցվածքը, քայլվածքը. նա սկսում է ավելի ուղիղ և ինքնավստահ քայլել, ինչն էլ դրական ազդակներ է փոխանցում ուղեղին, և անձի ինքնազգացողությունն սկսում է լավանալ:
Եվս մի քանի կետ, որոնք կհաստատեն վերը նշվածը․
1) Հագուստի ամենօրյա ընտրության սովորությունը, ամենօրյա կերպարի (look-ի) ընտրությունը, սեփական ոճի փնտրտուքը օգնում է ավելի կենտրոնացած լինել, օրն ավելի կանոնավոր է դարձնում, մարզում և զարգացնում է ստեղծարարությունն ու երևակայությունը, ինչը դրական կերպով է ազդում ուղեղի աշխատանքի վրա։
2) Առավել հետաքրքրական է «զգեստապահարանի գունային թերապիա» ասվածը: «Թերապիայի» այս տեսակը հայտնի է եղել դեռևս հին քաղաքակրթություններին:
Գույների՝ մարդկանց տրամադրության վրա տպավորիչ ադեցություն մասին շատերը գիտեն: Եթե ընդունված է համարել, որ նորաձևությունն ինքնարտահայտման լեզու է, ապա այս կամ այն գույնի հագուստի ընտրությունը արտահայտությունն է որոշակի տրամադրության և հոգեվիճակի:
Ըստ մասնագետների՝ կապույտը խաղաղեցնող ազդեցություն ունի, մանուշակագույնը ոգեչնչում է, դեղինը՝ իր տաքությամբ, դրական էմոցիաներ է առաջացնում, բարձրացնում տրամադրությունը, կանաչը բուժիչ, թարմացնող, հանգստացնող ազդեցություն ունի:
Հետաքրքրական է նաև ստեղծարար աշխատանքի՝ մարդու ուղեղի վրա բարերար ազդեցության հանգամանքը։
Ըստ գիտնականների՝ ստեղծարար աշխատանքը նվազեցնում է սթրեսը, պայքարում ընկճախտի դեմ։ Այն անձին տեղափոխում է մեդիտատիվ վիճակի մեջ։ Այս ընթացքում միտքը սկսում է աշխատել իր ողջ կարողություններով և արդյունքում՝ սթրեսի ազդեցությունը նվազում է ու, վերջիվերջո, հեռանում։
|Հետպատերազմյան Հայաստան և նորաձևություն|
I2020․․․«նորաձևություն»-«հետպատերազմյան Հայաստան» երևույթները ստիպված էին գոյակցել․այլ ելք չկարI:
Հետպատերազմյան Հայաստանում կանանց՝ նորաձևության միտումներին հետևելու և գեղեցիկ ու նորաձև հագուստ կրելու վառ արտահայտված ձգտումը, դիզայներների՝ ստեղծագործելու և նորովի ներկայանալու, բազմաթիվ նորահայտ դիզայների և բրենդերի ի հայտ գալու երևույթը, ինչպես նաև հայկական բրենդերի՝ շուկայում իրենց դիրքերը ամրապնդելու փաստը ցույց տվեց, որ նորաձևությունը, հիրավի, պատերազմած երկրում կարողացավ ոչ միայն ընկճախտը հաղթահարելու միջոց դառնալ, այլ նաև նորը ստեղծելու և զարգանալու շարժիչ ուժ։
Պատերազմից մեկ-երկու ամիս անց հասարակությունը հետզհետե սկսեց առևտրի կենտրոններ ու ռեստորաններ հաճախել։
Հասարակության մեկ այլ հատված, իհարկե, շտապեց քննադատել վերջիններիս՝ մեղադրելով «ժամանակից շուտ զվարճանքին տրվելու մեջ»: Վերը նշվածը, սակայն, մարդկանց մեծամասնության դեպքում՝ հոգեկան ծանր ցնցումն ու ընկճախտը հաղթահարելուն ուղղված քայլ էր․ գեղեցիկը փնտրելն ու այն կրելը նոր ու դրական զգացողություններ էին առաջացնելու, դեպի լավն էին փոխելու իրականությունը:
Այս հոսքին զուգահեռ՝ ստեղծագործել սկսեցին հայ դիզայները և ի հայտ եկան նորերը (նշված միտումը, իհարկե, միշտ չէ, որ ուղեկցվում էր որակով): Զարմանալիորեն՝ այն, ինչ տեղի ունեցավ հետպատերազմյան Հայաստանի նորաձևությունում, առավել նորարարական ու հետաքրքիր էր, քան պատերազմին նախորդող մի քանի տարիներին տեղի ունեցածը:
Պատերազմի սարսուռը հաղթահարելու, ցավը գեղեցիկի վերածելու և վերածննդի գաղափարը շեշտադրելու քայլ էր դիզայներ, «Կիվերա Նայնոմիս» բրենդի հիմնադիր Արևիկ Սիմոնյանի՝ «H2O Emotional Exposition» խորհրդանշական անվանումով ցուցադրությունը, որի անցկացման վայրը Մարզահամերգային համալիրն էր:
Ցուցադրության նպատակը ոչ թե սոսկ հագուստի ցուցադրությունն էր, այլ հայկական մշակույթի պահպանման կարևորության շեշտադրումը: Մարզահամերգային համալիրի դահլիճը բաժանված էր 8 սրահների, որոնցից յուրաքանչյուրը ներկայացված էր մեկ խորագրի ներքո՝ «Երկինք», «Ծնունդ», «Մկրտություն», «Օրհնություն», «Մեղսագործություն», «Ցավ», «Կորուստ», «Դատարկություն»:
Ցուցադրությանը գերիշխում էին կապույտ և սպիտակ գույները, որոնք խորհրդանշում են ջրի, արցունքի գույնը: Ի տարբերություն «Կիվերա Նայնոմիս»-ի նախորդ ցուցադրությունների՝ հագուստը չէին ցուցադրում մոդելները. դրանք ցուցադրված էին մանեկենների վրա և ներկայացված զգեստները ոչ թե «կրելի» զգեստներ էին, այլ արվեստի՝ որոշակի ուղերձ պարունակող աշխատանքներ:
2021 թվականի դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ դիզայներ, ոճաբան, «Ֆաինա» բրենդի հիրմնադիր ֆաինա Հարությունյանի՝ Հայաստանում իր ձևաչափով առաջին՝ առցանց վիդեո ցուցադրությունը (New Year 2022 Special Collection), որը հետաքրքրական լուծում էր՝ Covid19-ի տարածման վտանգից խուսափելու և նորաձևության ցուցադրությանը ավելի մեծ թվով մարդկանց հետևելու հնարավորություն տալու առումով:
«Pregomesh»-ի հաջողության «գաղտնիքը» հինը և նորը հմտորեն ու ճաշակով համադրելու մեջ է, ինչն արտահայտվում է ստեղծված զարդերի յուրաքանչյուր նմուշում և արագ արձագանք գտնում բրենդը սիրող երիտասարդության շրջանում:
Բրենդի հաջողության մեկ այլ դրական կողմ է նրա՝ ճիշտ և էսթետիկ ներկայացվածությունը սոցիալական հարթակներում, ինչն անտարբեր չի թողնում հայաստանյան ինստահասարակությանը:
«Pregomesh»-ը վերջերս իր մասնակցությունն ունեցավ Նյու Յորքի նորաձևության շաբաթին, օրեր առաջ՝ նաև Փարիզի նորաձևության շաբաթին և այլևս ներկայացված է Նյու Յորքի՝ լյուքս դասի զարդեր վաճառող մի քանի խանութ-սրահներում։
Հետպատերազմյան Հայաստանում՝ 2021թ. Դեկտեմբերի 11-ին, տեղի ունեցավ առաջին՝ «Fashion Business and Marketing» ֆորումը, որը ևս մեկ դրական տեղաշարժ էր հայկական նորաձևության իրականության մեջ և մեկտեղել էր նորաձևության և մարքեթինգի հայաստանյան առաջատար մասնագետներին: Ֆորումին 20-ից ավելի խոսնակներ և 200+ մասնակիցներ էին ելույթ ունենում: «Fashion Business and Marketing» ֆորումը տեղի ունեցավ նաև 2022-ի սեպտեմբերին։ Եվս մեկը նախատեսվում է 2023-ի գարնանը։
Կազմակերպության գործունեության նպատակը հայկական նորաձևության զարգացումն է և հայ դիզայներների՝ արտերկրում ճանաչելիության բարձրացումը։
Այս առնչությամբ՝ կարևոր է նշել հայ դիզայներների մասնակցությունը Եվրոպայում անցկացվող նորաձևության շաբաթներին։
Աշնանը «Նորաձևության և դիզայնի պալատի»-ի աջակցությամբ հայ դիզայներները մասնակցեցին Միլանի նորաձևության շաբաթին։
Վերջինս համընկավ սեպտեմբեր ամսվա՝ Ադրբեջանի կոմից սանձազերծված ռազմական գործողությունների հետ։ Սեպտեմբերի 23-ին Միլանի Palazzo Visconti սրահում տեղի ունեցավ «Made in Armenia» խորագրով նորաձևության ցուցադրությունը։ Ցուցադրության ժամանակ հայ դիզայներները բեմ բարձրացան #StandWithArmenia գրությամբ շապիկներով՝ փորձ անելով այս հեղինակավոր հարթակից ևս աշխարհի ուշադրությունը սևեռել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Եվս մեկ նշանակալի իրադարձություն հայկական նորաձևության իրականության համար «Նորաձևության և դիզայնի պալատ»-ի, «Armenia Empowered» կազմակերպության և «Buy Armenian» հարթակի ջանքերով հոկտեմբեր ամսին կազմակերպված «US POP UP EVENT»-ն էր ԱՄՆ-ում, որտեղ մի շարք հայ դիզայներներ ներկայացրեցին իրենց աշխատանքները (նախաձեռնության շրջանակում ներկայացվեց 20 հայկական բրենդ)։
Հայկական նորաձևության համար նոր ու կարևոր ձեռքբերում կարելի է համարել ամռանը պլանավորվող «Երևանի նորաձևության շաբաթ»-ի կազմակերպման հանգամանքը, ինչը, վստահաբար, հայկական նորաձևությունը նոր մակարդակի բարձրացնելու և հայի ստեղծարար մտքի ու տաղանդի մասին աշխարհին պատմելու նոր հնարավորություն է։
Վերջին տարիներին՝ հատկապես հետպատերազմյան շրջանում, Հայաստանում սկսել են խոսել նաև թվային նորաձևությունից և նորաձևության թվային իրականությունից։ 2021-ի աշնանը տեղի ունեցավ «The Future of fashion: Going Digital» խորագրով միջոցառումը, որի շրջանակում հրավիրված խոսնակները ներկայացրեցին նորաձևության թվային տիրույթում առկա միտումները և խոսեցին նորաձևության ապագայից։
Այս համատեքստում՝ հետաքրքրական նորություն է «Նորաձևության և դիզայնի պալատ» - «AKNEYE» (նախագծի հիմնադիրները «AKN»-ը ներկայցնում են՝ որպես գաղափար, որը մեկտեղում է արվեստը, ստեղծարարությունն ու նորարարական լուծումները) նոր համագործակցությունը, որը թեև դեռևս «փակագծեր» չի բացում, սակայն կարծես թե խոստանում է թվային իրականության մուտքը հայկական նորաձևություն։
Ամիսներ առաջ «Tes Models» մոդելային գործակալությունը ներկայացրեց հայկական իրականության՝ առաջին վիրտուալ ինֆլուենսերին՝ Լավա Թերնին, ով արդեն հասցրել է սիրվել ինստագրամյան տիրույթում և շարունակում է հետևորդների իր բանակը համալրել։
Ի հեճուկս հետպատերազմյան Հայաստանում տիրող բացասական երևույթներին՝ նորաձևությունը՝ իր գոյությամբ՝ շարունակում է ստեղծել դրականն ու գեղեցիկը՝ ամեն օր ու համառորեն պայքարելով ընկճախտի դեմ, մեծացնելով նորն ու գեղեցիկը ստեղծելու ու ոճային հագուստ կրելու հայ հասարակության ձգտման չափաբաժինը։