«The Devil Wears Prada»-ն վերադառնում է

Jul 9, 2024 - 15:52
Jul 9, 2024 - 18:25
«The Devil Wears Prada»-ն վերադառնում է

«Սատանան կրում է Prada» ֆիլմը վերադառնում է` թողարկման տարեթվից մոտ 20 տարի հետո (ֆիլմը թողարկվել է 2006 թվականի հունիսի 30-ին):

Նորաձևության աշխարհի մասին պատմող ամենասիրելի ֆիլմերից մեկի շարունակության նկարահանումների մասին տեղեկատվությունը պաշտոնպես տարածել է «Puck» ամսագիրը։

Ըստ շրջանառվող լուրերի` ֆիլմի պրոդյուսերներին արդեն հաջողվել է ստանալ դերասանուհիներ Մերիլ Սթրիփի և Էմիլի Բլանթի համաձայնությունը՝ ևս մեկ անգամ հանդես գալու շատերի կողմից սիրելի դարձած՝ Միրանդա Փրիսթլիի և Էմիլի Չարլթոնի կերպարներում՝ այս անգամ՝ «The Devil Wears Prada 2»-ում։

 

Ֆիլմի երկրորդ մասը պատմելու է համաշխարհային ճանաչում ունեցող նորաձևության ամսագրի գլխավոր խմբագիր Միրանդա Փրիսթլիի առջև ծառացած մարտահրավերների մասին. թվային, նոր դարաշրջանում մարդիկ տպագիր մամուլ չեն կարդում, և նշվածը ֆինանսական մեծ կորուստներ է հասցնում ամսագրային բիզնեսին:

Ըստ «Puck»-ում հրապարակված տեղեկատվության` նոր ֆիլմում Էմիլի Չարլթոնը զբաղեցնում է լյուքս դասի մի շարք բրենդեր միավորող խոշոր ընկերության (այն նմանեցված է լյուքս դասի բրենդերի` «LVMH» և «Kering» ընկերություններին) ղեկավարի պաշտոնը։

Ընկերությունն իր կազմում ընգրկված բրենդերի համար մեծ գովազդային բյուջե է նախատեսում` մոտավորապես այնքան, որքան անհրաժեշտ է Միրանդային` իր ամսագիրը փրկելու համար:

Կհաջողվի՞ նորաձևության աշխարհի «Երկաթյա լեդիին» բանակցել իր նախկին աշխատակցի հետ և ստանալ այնքան անհրաժեշտ համագործակցությունը՝ կիմանանք՝ դիտելով ֆիլմը։

Էնն Հեթեուեյի՝ շատերի կողմից սիրված Անդրեայի կերպարին վերադառնալու հավանականության մասին տեղեկատվությունը դեռևս բացակայում է․ այս պահին հաստատված է ֆիլմի սցենարիստ Ալին Բրոշ ՄքՔեննայի, ռեժիսոր Դեվիդ Ֆրենքելի և պրոդյուսեր Վենդի Ֆայնըրմենի մասնակցությունը:

Ավելի վաղ Հեթեուեյը լրագրողների հետ զրույցում թերահավատություն է հայտնել ֆիլմի շարունակությունը նկարահանելու հնարավորության առնչությամբ՝ ասելով․ «Չեմ կարծում, թե ֆիլմի շարունակության նկարահանումը երբևէ հնարավոր է։ «Սատանան կրում է Prada»-ն այլ դարաշրջանի մասին է՝ դարաշրջան, որտեղ ամեն ինչ շատ տարբեր էր․ այժմ ամեն ինչ թվային է, ինչը նշանակում է, որ այն իրականությունը, որը նկարագրված է ֆիլմում, այժմ արդիական չէ»։