Նորաձևության լուսանկարչության՝ 2024-ի թրենդերը․ բացահայտում է լուսանկարիչ Մարատ Սարգիսովը

Jun 1, 2024 - 11:33
Jun 1, 2024 - 11:37
Նորաձևության լուսանկարչության՝ 2024-ի թրենդերը․ բացահայտում է լուսանկարիչ Մարատ Սարգիսովը

Նորաձևության լուսանկարչությունը շարունակական զարգացման մեջ գտնվող ոլորտ է, որը կրում է ժամանակի և գործող թրենդերի ազդեցությունը։

Նորաձևության լուսանկարիչ Մարատ Սարգիսովի հետ առանձացրել ենք արդիական 8 թրենդ, որոնք կգերիշխեն 2024 թվականին։

 Մինիմալ մշակում կամ «no retouch»

Ոլորտի արդիական միտումների մասին են հուշում նորաձևության հեղինակավոր ամսագրերը։ Ամենաակնհայտ թրենդերից մեկը վերաբերում է լուսանկարների մշակմանը․ նորաձևության միջազգային ամսագրերը ձգտում են մինիմալիզմի՝ կարելի է ասել՝ «no retouch» կարգավիճակի։

Այս միտումն ակնհայտորեն նկատելի է ոլորտի առաջատարներից մեկի՝ «Vogue» ամսագրի լուսանկարներում։

Էկոլոգիական կայունություն՝ ամենուր

Նորաձևության լուսանկարչության ոլորտում կայունությունը սոսկ թրենդ չէ․ այն շարժում է։ Կայուն նորաձևության կարևորման այս էտապում էկոլոգիապես նպատակահարմար տարածքներում կազմակերպված ֆոտոշարքերը, ֆոտոշարքերի շրջանակում վերամշակված նյութերի օգտագործումն ու աղբի մինիմալիզացումը կայունության նոր փորձառություն կստեղծի, ինչը կարող է վարակիչ դառնալ և շրջապատի համար լավ օրինակ ծառայել։

Սթորիթելինգ՝ ինչպես կինեմատոգրաֆիայում

Նորաձևության լուսանկարչությունը շարժվում է կինեմատոգրաֆիական սթորիթելինգի ուղղությամբ։ Այս տարի նորաձևության ֆոտոշարքերը և արշավները իրենց հատուկ նարատիվը կունենան և հույզեր կարթնացնեն։

Մինիմալիզմ, պարզություն և հստակ գծեր

Մինիմալիզմը շարունակելու է «թելադրել իր կանոնները» 2024 թվականին ևս։ Բարդություններից զերծ կոմպոզիցիաները հնարավորություն կստեղծեն, որպեսզի ցուցադրվող հագուստն ու աքսեսուարները կենտրոնական տեղում հայտնվեն և անհրաժեշտ չափով ուշադրություն գրավեն։  

Նորագույն տեխնոլոգիաների կիրառություն (AI, AR, VR)

Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու նորաձևությունը անդառնալիորեն միահյուսված ամբողջություն են այլևս։

Արհեստական բանականությունն այսօր նորաձևության աշխարհում իրական հեղափոխություն է իրականացնում՝ փոխելով և վերաձևակերպելով գործընթացներն ու դերերը, մարդկային գործոնը փոխարինելով թվայինով։

Արհեստական բանականության միջոցով ստեղծված լուսանկարներն այս տարի մեծ կիրառութուն կունենան, իսկ Վիրտուալ և Լրացված իրականության շնորհիվ բրենդերն իրենց հետևորդներին և հաճախորդներին նոր փորձառություն կպարգևեն։

 Համարձակ գունապնակ

Համարձակ գունային լուծումներն  այս տարի նորաձևության լուսանկարչության ոլորտում կարևոր տեղ են զբաղեցնելու։

2024-ին ականատեսը կլինենք գունային նոր և համարձակ «փորձարկումների»՝ մոտեցումներ, որոնք ընդունակ են մարդկանց մեջ հույզեր առաջացնել։

Բազմազանություն և ներառական մոտեցում

Վերջին տարիներին նորաձևության ոլորտում ակնահայտ են դարձել մի շարք մոտեցումներ, որոնք նախկինում բացառված են եղել։

Նորաձևության ցուցադրություններին հետևելիս կարող ենք նկատել, որ նոր հավաքածուների նմուշները ցուցադրում են ոչ միայն բարձրահասակ և ընդունված չափանիշներին համապատասխանող մոդելներ, այլ նաև կառուցվածքի տարբեր առանձնահատկություններ ունեցողները՝ «+size» մոդելներ, տարեց կանայք և տղամարդիկ և այլն։

Այս մոտեցումն ակնհայտ է լինելու նորաձևության լուսանկարչության ոլորտում ևս։

Բրենդերի ֆոտոշարքերում այս տարի կտեսնենք հասարակության տարբեր շերտերը ներկայացնող մոդելների և ինֆլուենսերների։

Նոստալգիկ տրամադրություն

Էսթետիկայի ժամանակակից ընկալումներում կարևոր տեղ է զբաղեցնում վինտաժը․ նախորդ դարերի և ժամանակաշրջանների ազդեցությունները նոր ոգեշնչումների և հինը նորովի ներկայացնելու հնարավորություններ են ստեղծում։

2024 թվականին նորաձևության լուսանկարչությունը, վստահաբար, անդրադարձ է կատարելու անցյալին՝ ստեղծելով էսթետիկայի նոր մոտեցումներ։