Փարաջանովյան տպավորիչ փորձառություն․ տեղի ունեցավ «Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսի բացման արարողությունը

May 18, 2024 - 17:06
May 19, 2024 - 14:46
Փարաջանովյան տպավորիչ փորձառություն․ տեղի ունեցավ «Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսի բացման արարողությունը

Մայիսի 17-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի ունեցավ հայ մեծանուն արտիստ, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստին նվիրված նորաձևության ցուցահանդեսի բացման արարողությունը։

Ցուցահանդեսը նախաձեռնել է Նորաձևության և դիզայնի պալատը և իրականացվում է Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ համատեղ։

«Փարաջանովը և նորաձևությունը» անվանումը կրող ցուցահանդեսի շրջանակում իրենց ստեղծագործություններն էին ներկայացրել ավելի քան 40 հայ դիզայներ։

Լեգենդար կինոռեժիսորի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը հայ ժամանակակից դիզայների հարգանքի յուրօրինակ տուրքն է «Նռան գույնը» և «Մոռացված նախնիների ստվերները» գլուխգործոցների հեղինակին, որի շնորհիվ հայկական կինեմատոգրաֆիան ճանաչելի և ընկալելի դարձավ համաշխարհային կինոարվեստում։

Ցուցահանդեսի բացման սկիզբն ազդարարեց Նորաձևության և դիզայնի պալատի նախագահ Վահան Խաչատրյանը՝ ներկաներին հրավիրելով ըմբոշխնել մեծ արտիստի արվեստից ոգեշնչված հեղինակային զգեստների և աքսեսուարների յուրօրինակ նմուշները, որոնցում հիասքանչ կերպով երկխոսության մեջ էին մտել արվեստն ու ժամանակակից նորաձևությունը։

Ներկայացված նմուշները տեղադրված էին թանգարանի երկու հարկերում և «խոսում» էին մեծ կինոռեժիսորի արվեստի հավերժականության և անսահմանության մասին։

Ցուցահանդեսի մասնակից դիզայներների շարքում էին ոչ միայն հայաստանաբնակ, այլ նաև սփյուռքահայ և այլազգի դիզայներներ։ 

Նորաձևության և դիզայնի պալատի նախագահ Վահան Խաչատրյանը նշեց, որ ցուցահանդեսի գաղափարը դեռևս 2019 թվականին է եղել։ Այդ շրջանում դիզայներների համար փակ կինոդիտումներ, քննարկումներ են կազմակերպվել, Փարաջանովի թանգարանի տնօրինության հետ արխիվային նյութերի տրամադրման պայմանավորվածություններ ձեռք բերվել՝ ստեղծելով հնարավորություններ՝ մեծ արտիստի արվեստն ուսումնասիրելու համար, սակայն 2020 թվականին Covid-ի համավարակի տարածման պատճառով նախագծի իրականացումն առժամանակ կասեցվել է։

«Քանի որ այս տարի մեծ կինռեժիսորի 100-ամյակն էր, մտածեցինք, որ այժմ ցուցահանդեսի անցկացման ամենաճիշտ և լավագույն ժամանակն է։ Դիզայներները ցուցահանդեսի գաղափարը մեծ խանդավառությամբ են ընդունել։

Մեր կողմից կազմակերպված ցուցահանդեսներին մշտապես իրենց մասնակցությունն են ցուցաբերում նաև սփյուռքահայ դիզայներները։ Սփյուռքահայ դիզայներների՝ ցուցահանդեսի շրջանակում ներկայացված զգեստներից մի քանիսն արդեն ցուցադրված հավաքածուներից են, իսկ որոշները ստեղծվել են հատուկ դրա համար։ Օրինակ՝ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի ստեղծած նմուշը նախկինում որևէ այլ տեղ չի ցուցադրվել, իսկ Միսակ Հաջի-Ավետիքյանն իր նմուշը ստեղծել է հենց  ցուցահանդեսի համար։

Ներկայացված են նաև մոսկվայաբնակ դիզայներ Ալեքսանդր Արուտյունովի նմուշները․ դրանցից մեկը՝ նախորդ, իսկ մյուսը՝ ամենավերջին հավաքածուից է։

Արուտյունովի՝ նախորդ հավաքածուներից մեկում կար Փարաջանովի արվեստից ոգեշնչված մի նմուշ, որը ես շատ էի հավանում, սակայն արդեն վաճառված էր․ Արուտյունովն այն նորից վերստեղծեց՝ այս ցուցահանդեսի համար»,- նշեց Վահան Խաչատրյանը։

Ցուցահանդեսի մասնակից դիզայներ Ռուզաննա Վարդանյանը նշեց, որ ներկայացված գործը նրա առաջին անդրադարձն էր մեծանուն կինոռեժիսորի արվեստին։

«Փարաջանովի արվեստն ինձ համար շատ լուրջ և նուրբ թեմա էր․ դրան պետք էր շատ գրագետ մոտենալ։ Ներկայացված նմուշը ստեղծել եմ երկար մտորումների և ուսումնասիրությունների արդյունքում։ Հագուստը ստեղծելիս ոգեշնչվել եմ Փարաջանովի կոլաժներից՝ ծովային տարրեր, ալիքներ, ձկներ․ ամբողջ թեման սկսվել է հենց ձկան սիմվոլից»,- ասաց Ռուզաննա Վարդանյանը։

Սփյուռքահայ դիզայներ Միսակ Հաջի-Ավետիքյանը ստեղծագործելիս ոգեշնչվել էր ռեժիսորի՝ «Նռան գույնը» ֆիլմից։

«Այս նմուշը ստեղծել եմ հենց ցուցահանդեսի համար։ Այն մի քանի ուղերձ ունի․ (եթե նկատեցիք, նրա վրա գրված է «Silence is a Lie» արտահայտությունը («Լռությունը սուտ է»))։

Այսօր աշխարհի տարբեր կետերում պատերազմներ են (չմոռանանք նաև Արցախի պատերազմի և կորստի մասին), իսկ աշխարհը լուռ է․ լռությունը հանցագործություն է։ Այս ստեղծագորությունն իմ բողոքի յուրօրինակ արտահայտությունն է՝ աշխարհի լռության դեմ։

Նմուշը կաշվի և կտորի համադրութուն է․ Փարաջանովն ինքը կաշվե նմուշներ շատ է ստեղծել, իսկ կտորը ներկայացնում է քահանաների հագուստի գործվածքը (սրանով անդրադարձել եմ ֆիլմում ներկայացված քահանայի կերպարին):

Շատ էի ուզում, որ բաճկոնի երկու թևերը շարունակական շարժման մեջ լինեին և ներկայացնեին այն դրվագը, որից ոգեշնչվել եմ (ֆիլմի տվյալ դրվագում կինը ձեռքով խաղում է ժանյակի հետ):

«Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսի շրջանակում իր աշխատանքն էր ներկայացրել նաև լիբանանահայ «couture» դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը։

«Այս զգեստը նախապես ստեղծված է եղել մի ներկայացման համար․ կերպարը, որի համար նախատեսված էր զգեստը, մի կին էր, որը պատմում էր Բեյրութի հետ իր կապի և լիբանանյան արմատների մասին։

Որպես հայ դիզայներ՝ որոշեցի իմ ստեղծած նմուշում արտահայտել նաև իմ հայկականությունը․ (այն ժամանակ դեռ չգիտեի, որ այս գործը պետք է ներկայացվեր ցուցահանդեսի շրջանակում) ոգեշնչվեցի հայ եկեղեցու քահանայի հագուստից։

Զգեստի ասեղնագործություններում ներառված են խորհրդանշաններ, որոնք հիշեցնում են այն երկու մշակույթները, որոնց ես պատկանում եմ։

Ասեղնագործված դետալներում առկա է նռան խորհրդանիշը․ գործածված են նաև Լիբանանը խորհրդանշող արևի, ծովի, լեռների, պատերազմի սիմվոլները, իսկ եկեղեցու և մզկիթի ասեղնագործ պատկերները խորհրդանշում են երկու տարբեր մշակույթների՝ կողք կողքի գոյակցելու գաղափարը։

Ի դեպ՝ աքսեսուարները պատրաստված են բեյրութցի հայ վարպետների կողմից»,- նշեց Գրիգոր Ջաբոտյանը։

Նախաձեռնությունն իրականացվում է Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր hատվածի գարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ։