«Փարաջանովը և նորաձևությունը»․ բացառիկ ցուցահանդես՝ նվիրված մեծ կինոռեժիսորի արվեստին
Մայիսի 17-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի կունենա հայ մեծանուն արտիստ, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստին նվիրված նորաձևության ցուցահանդեսի բացման արարողությունը։
Ցուցահանդեսը նախաձեռնել է Նորաձևության և դիզայնի պալատը և իրականացվում է Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ համատեղ։
«Փարաջանովը և նորաձևությունը» անվանումը կրող ցուցահանդեսի շրջանակում իրենց ստեղծագործությունները կներկայացնեն ավելի քան 40 հայ դիզայներ։
Լեգենդար կինոռեժիսորի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը հայ ժամանակակից դիզայների հարգանքի յուրօրինակ տուրքն է «Նռան գույնը» և «Մոռացված նախնիների ստվերները» գլուխգործոցների հեղինակին, որի շնորհիվ հայկական կինեմատոգրաֆիան ճանաչելի և ընկալելի դարձավ համաշխարհային կինոարվեստում։
Մայիսի 18-ից 31-ը Փարաջանովի անունը կրող թանգարանը կվերածվի մեծ արտիստի արվեստով ոգեշնչված հեղինակային զգեստների և աքսեսուարների յուրօրինակ «ցուցասրահի», որտեղ հիասքանչ կերպով երկխոսության մեջ կմտնեն արվեստն ու ժամանակակից նորաձևությունը։
Սերգեյ Փարաջանովը ձգողական մեծ ուժ ունեցող արվեստագետ էր, որի շուրջ շարունակ հավաքվում էին նրա երազներին ու հեքիաթներին հաղորդակցվել ցանկացողները։
Ցուցահանդեսի 13 օրերի ընթացքում ևս, իրեն հատուկ մոգական ուժով, արտիստի կերպարը նրա արվեստը սիրող և գնահատող մարդկանց իր տուն-թանգարան «կտանի»՝ հաղորդակիցը դարձնելով Փարաջանովի դրոշմը կրող ստեղծագործություններին և վերահաստատելով իր թողած ժառանգության հավերժականությու-
նը։
Փարաջանովյան արվեստի յուրօրինակ փորձառություն հանդիսանալուց զատ՝ ցուցահանդեսը նաև հնարավորություն կտա Հայաստան այցելող զբոսաշրջիկների ուշադրությունը սևեռել հայ դիզայներների և հայկական արտադրանքի ուղղությամբ՝ ևս մեկ անգամ բացահայտելով հայկական նորաձևության մեծ ներուժը։
Նախաձեռնությունն իրականացվում է Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր hատվածի գարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ։