Նորաձևությունը և շրջանաձև տնտեսությունը
Շրջանաձև տնտեսության թեման վերջին տարիներին հաճախ է քննարկվում. առավել հաճախ քննարկվում է նրա դերը ժամանակակից նորաձևության մեջ։
Շրջանաձև տնտեսությունը տնտեսության կատարյալ մոդել է, որտեղ գրեթե չկա թափոնի արտանետում, իսկ օգտագործված նյութերը կրկին կիրառություն են գտնում՝ վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների միջոցով։
Վերամշակումը թափոնները բազմակի օգտագործման նյութերի վերածման գործընթացն է:
Շրջանաձև տնտեսությունը մոլորակի տրամադրած ռեսուրսների սահմաններում ապրանքներ նախագծելու, պատրաստելու և օգտագործելու այլընտրանքային շրջանակ է:
Ի տարբերություն գծային տնտեսության՝ այն վերականգնող է և կրճատում է թափոնների առաջացումը՝ հնարավորինս մեծ թվով ապրանքներ և նյութեր վերանորոգելու և վերօգտագործելու միջոցով:
Ըստ կանխատեսումների՝ շրջանաձև տնտեսության մոդելի արդյունավետ աշխատանքի հետևանքով 2050 թվականին ջերմոցային գազերի արտանետումը կարող է նվազել 40 տոկոսով։
Վերը նշված թիվը, անշուշտ, հույսեր է ներշնչում․ այնուամենայնիվ, այս գաղափարին հակադրվող քննադատները պնդում են, որ այս մոդելը կատարյալ կիրառություն երբեք չի կարող ունենալ և ոչ բոլոր ասպարեզներում է այն կիրառելի։
Նորաձևության շուկան ավանդական՝ գծային մոդելից անցում է կատարում դեպի շրջանաձև տնտեսություն․ շարունակ իրականացվում են կայուն նորաձևության խթանմանն ուղղված նախաձեռնություններ։
Գծային մոդելի պայմաններում՝ հագուստի արտադրության և սպառման ծավալները մաքսիմալ են։
Ներկայիս գծային տնտեսությունն աշխատում է «վերցնել-ստեղծել-թափել» տրամաբանությամբ։
Այս մոդելը գծային տնտեսության հիմքն է, ինչի պայմաններում հումքը հավաքվում է, վերածվում արտադրանքի, որը կարճ ժամանակով օգտագործվում է, իսկ հետո՝ դեն նետվում։
Այս համակարգում արժեքը ստեղծվում է՝ հնարավորինս մեծ թվով ապրանքներ արտադրելով ու վաճառելով: Տրամաբանությունը հումքի, էներգիայի և աշխատուժի անսահման պաշարների առկայությունն է, ինչը բոլորովին չի համապատասխանում իրականությանը։
Գծային տնտեսության մեջ թափոնները վերջնակետն են` ավարտը:
Թափոնների ահռելի ծավալներն այժմ սպառնում են մեր էկոհամակարգին, (աղբավայրերն ամեն տարի ավելանում են մոտ 2 միլիարդ տոննա աղբով) միևնույն ժամանակ, մարդու սպառման համար արտադրվող ողջ սննդի մեկ երրորդը թափվում է, և ամեն տարի հսկայական քանակությամբ (մոտ 8 միլիոն տոննա) պլաստիկ հայտնվում է օվկիանոսներում:
Մեզանից շատերը գիտեն այս մասին․ այնուամենայնիվ մենք դեռևս շարունակում ենք մեծ ծավալների գնումներ անել և սպառել։
Հագուստի թափոնների վիթխարի ծավալներին մեծապես նպաստում են «Fast Fashion» սեգմենտին պատկանող ընկերությունները, որոնք արտադրում են մեծ քանակի մատչելի և թրենդային հագուստ։
Առցանց հագուստի վաճառքով զբաղվող «Shein» ընկերությունը օրական 35 000-ից 100 000 նմուշ է արտադրում՝ նպաստելով մեծ քանակությամբ ածխածնի արտանետմանը (տարեկան 6․3 միլիոն տոննա):
Կլիմայի փոփոխության դեմ պայքարող ակտիվիստները, բնապահպանները և կանաչ փորձագետները միաձայն պնդում են, որ գոյություն ունեցող (գծային) տնտեսական մոդելից հնարավորինս արագ պետք է դուրս գալ՝ անցում կատարելով շրջանաձև տնտեսությանը։
Շրջանաձև տնտեսության պարագայում՝ հագուստը դադարում է միայն մեկ անձի օգտագործման օբյեկտ հանդիսանալ, և այս դեպքում՝ հին, օգտագործված նյութերը ոչ թե հայտնվում են աղբանոցում, այլ կրկին վերամշակվում են և նոր կիրառություն գտնում։
Օրինակ՝ վերամշակվող բամբակից մեխանիկական պրոցեսի շնորհիվ հնարավոր է նոր տեսակի գործվածք ստանալ․ այս դեպքում՝ օգտագործվում են թե՛ բամբակի հումքի առաջնային մշակման փուլի մնացորդները, թե՛ արդեն օգտագործված բամբակյա հագուստը (ողջ աշխարհում աղբի 45 տոկոսը գոյանում է բամբակից):
Վերամշակվող բամբակը ստանում են հինգ քայլի օգնությամբ․ նախ՝ հավաքում են բամբակյա հումքի մնացորդները և օգտագործված բամբակյա հագուստը, տեսակավորում և մաքրում են այն, այնուհետև դրանք վերածելով մանրաթելերի և խառնելով այլ մանրաթելերի հետ՝ վերջիվերջո, դրանք վերածում են թելերի։
Վերջնական արտադրանքը վերմշակված բամբակից ստացված ճկուն թելն է, որը կարող է օգտագործվել՝ տարբեր տեսակի գործվածքներ ստանալու համար։
Շրջանաձև տնտեսության մոդելը կարող է իրականություն դառնալ հենց վերը նշված մեթոդի օգնությամբ՝ իր բարերար ազդեցությունը թողնելով շրջակա միջավայրի վրա։
Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ի բնակչությունը տարեկան աղբանոց է նետում 12․8 միլիոն տոննա տեքստիլե արտադրանք։ Ներկայումս մի շարք կազմակերպությունների շնորհիվ փորձ է արվում նվազեցնել վերը նշված թիվը։
Ընդունված է համարել, որ վերամշակված բամբակից ստեղծված հագուստն ավելի դիմացկուն է, քան սովորական բամբակից ստեղծված նմուշները։
«Wolven Threads» ընկերությունն իր շահույթի մի մասն ուղղում է վերամշակման կոնցեպտի տարածմանն ու զարգացմանը միտված կազմակերպությունների ֆինանսավորմանը՝ այսպիսով հավատարիմ մնալով շրջանային տնտեսության մոդելին և կայուն նորաձևության զարգացմանն ուղղված իր տեսլականին։
Անցումը շրջանային տնտեսությանը մի շարք առավելություններ է ենթադրում․ նախ՝ նրա շնորհիվ նվազում է թափոնների արտանետումը և դրա բացասական ազդեցությունը, նվազում է մարդու է կախվածությունը չվերականգնվող էներգիայի աղբյուրներից, նրա շնորհիվ՝ հագուստի գնման ծախսն ամբողջովին արդարացված է, կայուն նորաձևությամբ զբաղվող ընկերություններին ավելի հեշտությամբ է հաջողվում հասարակության շրջանում բարի համբավ և բրենդի հեղինակություն ձևավորել և այլն։
Շրջանաձև տնտեսության թերի կողմերից մեկը արտադրության մեծ ծախսերն էն։ Կայուն նորաձևության պարագայում հագուստի արտադրությունն ավելի ծախսատար է, քան հագուստի ստեղծման ավանդական մեթոդների կիրառման դեպքում։
Գծային տնտեսությունից շրջանաձև մոդելին անցման բարդություններից մեկը համապատասխան սարքավորումների բացակայությունն է․ ոչ բոլոր բիզնեսները կարող են իրենց թուլ տալ նման սարքավորումներ ձեռք բերելու ֆինանսական ծախսերը։
Մեկ այլ բացասական կողմ է օրենսդրական կարգավորումների հարցը․ աշխարհի պետություններում գործող օրենքները հիմնականում ստեղծված են գծային տնտեսության համար և շրջանաձև տնտեսության դեպքում դրանք այնքան էլ արդյունավետ չեն։
Հայաստանի տնտեսությունը հիմնականում անմասն է Արևմուտքի երկրներում Շրջանաձև տնտեսության մոդելի հաստատման համար համար մղվող պայքարից։
Այնուամենայնիվ, վերջին տարիներին տեղի ունեցող զարգացումները հույսեր են ներշնչում․ Հայաստանում այլևս գործում են Շրջանաձև տնտեսության գաղափարը զարգացնող, հասարակությանը կրթող և «շրջանաձև» տրամաբանություն ունեցող բիզնեսներին աջակցող կազմակերպություններ և հիմնադրամներ:
Վերը նշված կազմակերպությունների թվում է «Impact Hub»-ի երևանյան գրասենյակը, որը դրամաշնորհային և մենթորության ծրագրեր է առաջարկում Շրջանաձև տնտեսության մոդել ունեցող ստարտափներին և կազմակերպություններին։
Թափոնների վերամշակմանը, ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ու բնության պահպանությանը միտված նախագծերին աջակցություն է տրամադրում նաև Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):
Վերջին տարիներին Հայաստանում ի հայտ են եկել են նաև կայուն նորաձևությամբ զբաղվող մի շարք բրենդեր (Narre by BN, ZGEST, Alenkie և այլն):
«Narre by BN» բրենդի հիմնադիր Նարե Բաբայանի կարծիքով կայուն նորաձևությունը հայաստանյան սպառողների շրջանում դեռևս չի գտել իր արժանի տեղը, քանի որ երկրի բնակչության մեծամասնությունը ծանոթ չէ կայուն նորաձևության գաղափարին և աշխարհում դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին․ այնուամենայնիվ, դրական ազդակներ նույնպես նկատելի են։
«Թափոնների օգտագործման միտքն առաջացավ այն ժամանակ, երբ գիտակցեցի, թե հագուստի ստեղծման ընթացքում որքան մեծ աղբ է գոյանում․ հավաքեցի ավելացած կտորները, խմբավորեցի ըստ տեսակների և գույների, այնուհետև դրանք վերածեցի ավելի մեծ կտորների, մշակեցի լեկալները, և այսպես՝ ստեղծվեցին առաջին նմուշները (կայուն նորաձևության նոր հոսքագիծն անվանվեց «Redress by Narre»):
Պետք է ուրախությամբ խոստովանեմ, որ կայուն նորաձևության տրամաբանությամբ ստեղծված մեր առաջին նմուշները դրական արձագանք գտան մեր հաճախորդների շրջանում, շատ սիրվեցին և բավականին արագ սպառվեցին»,- նշեց Նարեն։
Ըստ դիզայների՝ կայուն նորաձևության արտադրանքի սպառմանը խոչընդոտող հանգամանքներից մեկը արտադրանքի արդարացված բարձր արժեքն է։
«Քանի որ կայուն նորաձևության պարագայում կտորը ստեղծվում է զրոյից, և յուրաքանչյուր նմուշի ստեղծման համար մեծ ծավալի աշխատանք է արվում, տրամաբանական է, որ արտադրանքի ինքնարժեքն ավելի բարձր է, ինչն էլ իր հերթին ազդում է արտադրանքի վերջնական արժեքի վրա։
Սպառողը, որը գնում է վերամշակված հումքից ստեղծված հագուստ, պետք է գիտակցի, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվել՝ տվյալ նմուշը ստեղծելու համար։
Կտորները նախ՝ խմբավորում ես, այնուհետև՝ մշակում, միացնում իրար (այս գործընթացը շատ պատասխանատու և խնդրահարույց է, քանի որ ամեն կտոր չէ, որ կարող է համադրվել մեկ այլ կտորի հետ) յուրաքանչյուր կտոր խնամքի ուրույն տարբերակ է ենթադրում, պետք է անել այնպես, որ հագուստի տվալ նմուշը լինի կիրառելի և այլն։ Տրամաբանական է, որ վերը նշված գործընթացների արդյունքում ստեղծված նմուշների արժեքը պետք է սովորականից բարձր լինի»,- ասաց Նարեն։
Նարեի կարծիքով՝ ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրներից մեկը հասարակության շրջանում համապատասխան մշակույթի, հագուստի հանդեպ ճիշտ վերաբերմունքի բացակայությունն է․ սպառողը պետք է գա այն գիտակցությանը, որ ավելի լավ է ձեռք բերել մեկ որակյալ, վերամշակված հումքից ստեղծված շապիկ, քան գնել, օրինակ՝ «Fast Fashion» բրենդի պատկանող տաս էժանագին նմուշ։
«Կարծում եմ՝ կայուն նորաձևությամբ զբաղվող դիզայներների, բրենդերի առաջին խնդիրը պետք է լինի կայունության գաղափարը սպառողին հասցնելը, առկա խնդիրներին ծանոթացնելը․ սպառողի գիտակցության մեջ պետք է ձևավորել այն գաղափարը, որ վերջինս հագուստը գնելուց և այն կրելուց զատ՝ իր ներդրումն է ունենում շրջակա միջավայրի պահպանության և շրջանաձև տնտեսության զարգացման մեջ։
Պահանջարկը, կարելի է ասել, կա և կարո՛ղ է մեծանալ՝ մարդկանց իրազեկելու, հասարակությանը կրթելու ճանապարհով»,- նշեց Նարեն։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ հարկ է նշել, որ ոչ միայն աշխարհում, այլ նաև Հայաստանում, այսօր կան կայուն նորաձևությամբ զբաղվող հաջողված ընկերություններ, որոնք գործում են շրջանաձև տնտեսության տրամաբանությամբ։
Այս ընկերությունների հաջողության պատմություններն ապացուցում են, որ անցումը շրջանաձև տնտեսությանը լիովին հնարավոր է, եթե ընկերությունն իր քաղաքականությամբ և տեսլականով միտված է շրջակա միջավայրի պահպանությանն ու կայունության հաստատմանը։