Երևանի նորաձևության շաբաթ 2024․ ստեղծարարության տոն Երևանում
«Երևանի նորաձևության շաբաթ 2024»-ը նշանավորվեց ոչ միայն միջոցառման մասշտաբայնությամբ, այլ նաև մի շարք տպավորիչ հավաքածուներով, որոնք հեղինակել էին ոչ միայն հայ այլ նաև օտարերկրյա դիզայներները։
Չորս օր շարունակ նորաձևության սիրահար հայ հասարակությունը հնարավորություն ունեցավ վայելել նորաձևության կախարդանքը, լսել դասախոսություններ, մասնակցել պանելային քննարկումների՝ արտերկրից ժամանակ պրոֆեսիոնալների մասնակցությամբ, և ձեռք բերել նոր, արդյունավետ ծանոթություններ։
Այս տարի նորաձևության շաբաթվա մասնակից բրենդերի ցանկը փոքր-ինչ փոփոխության էր ենթարկվել․ շարքը համալրվել էր նոր բրենդերով՝ ընդ որում՝ ոչ միայն հայկական, այլ նաև՝ օտարերկրյա։
Այս տարի միջոցառմանը մասնակից էր դարձել նաև երիտասարդ սերունդը․ «Fashion Scout Armenia 2023»-ի հաղթող մասնակից Մարի Հայրապետյանը ներկայանում էր նոր՝ ամբողջական հավաքածուով, որը երիտասարդ դիզայները նվիրել էր իր հարազատներին և հայրենի Սյունիքին։
«Themis» բրենդը նորաձևության շաբաթվանը ներկայացել էր հետաքրքրական թեմատիկայով․ բրենդի՝ «աշուն-ձմեռ 24-25» հավաքածուն ոգեշնչված էր ԱՄՆ-ի գերագույն դատավոր Ռութ Բեյդեր Գինսբուրգի կերպարից։
Հավաքածուում առկա էին թե՛ վառ, թե՛ խամրած գույներ, թե՛ դասականություն և խստություն և թե՛ ռոմանտիկա և նրբություն, ինչն արտահայտվում էր ռոմանտիկ վալանների և փեշերի տեսքով։
Այս տարին ևս հայկական շեշտադրումներով նոր հավաքածու էր ներկայացրել «Narny» բրենդը։ Հավաքածուն բաղկացած էր երկու հատվածից։ Առաջին հատվածը ներկայացնող նմուշներն արտահայտում էին բրենդի ԴՆԹ-ին հատուկ կանացիությունն ու էլեգանտությունը, իսկ երկրորդ հատվածը կազմված էր ազգային էլեմենտներով հագեցած նմուշներից․ դիզայները ոգեշնչվել էր ազգային գորգանախշերից։
Եթե նախորդ տարվա հավաքածուի դեպքում՝ դիզայները վերցրել էր գորգի նախշերը և «խաղացել» գույների հետ, ապա այս դեպքում՝ դետալները կրկնակի ոճավորված էին․ փոփոխված էին ոչ միայն գույները, այլն նաև գծերը։
Նորաձևության շաբաթվա շրջանակում յուրօրինակ ցուցահանդեսով հանդես եկավ նաև դիզայներ Արիգա Թորոսյանը։ Դիզայներն արդեն երկրորդ տարին է՝ իր նոր հավաքածուն ներկայացնում է ցուցահանդեսի ձևաչափով՝ այն դարձնելով յուրօրինակ հարթակ՝ կարևոր խնդիրներ բարձրաձայնելու համար։
Դիզայների հավաքածուն այս անգամ նվիրված էր Հայաստանի խորհրդային ճարտարապետությանը և կարևոր ուղերձ ուներ․ մարդը գալիս է աշխարհ, թողնում իր հետքը և հեռանում․ մարդկային կյանքն անցողիկ է, ստեղծվածը՝ մնայուն։
Ցուցասրահում կախված նմուշներում ակնհայտորեն նկատելի էր հայկական խորհրդային ճարտարապետության հետքերն ու ձևերը, որոնք տեղ էին գտել ոճային բաճկոնների, էլեգանտ զգեստների և կիսաշրջազգեստների, անդրավարտիքների և բլուզների ձևվածքներում ու դետալներում։
Դիզայներ Մանուկ Ալեքսանյանն այս անգամ իր ցուցադրությունը պլանավորել էր քաղաքի սրտում՝ Հանրապետության հրապարակում։ Ներկայացված հավաքածուն դիզայների ուրույն ոճի, ազգային էլեմենտների և սիմվոլիկայի համադրություն էր հանդիսանում։
Ներկայացված նմուշներում առկա էր թե՛ սպորտայնությունը, թե՛ էլեգանտությունը։
Ցուցադրության կուլմինացիան գորգը ուսերին գցած երիտասարդի և Անահիտ աստվածուհու «կերպարը» մարմնավորող սևազգեստ մոդելի բեմելն էր։
Գորգը հավաքածուում ներառելու որոշումը կայացնելիս դիզայները ոգեշնչվել էր Վարդգես Սուրենյանցի՝ «Սալոմե» կտավից, իսկ Անահիտի բրոնզաձույլ արձանի գլխի կրկնօրինակը պատրաստել էր «UHI» զարդերի բրենդը։
Նորաձևության շաբաթվա երրորդ օրն սկսվեց իրանցի դիզայներ Ռեզա Նադիմիի հավաքածուի ցուցադրությամբ։
Հավաքածուն նվիրված էր իրանական մշակույթին մասնավորապես՝ ճարտարապետությանը և բալետին։ Սևով կարված խիստ նմուշներում առկա էր նաև ռոմանտիկ տրամադրությունը․ այն իր արտահայտումն էր գտել ցանցկեն կտորի օգնությամբ ստեղծված ռոմանտիկ վալաններում։
Ցուցադրությանը հետևելիս ակնհայտորեն զգում էիր դիզայների ազգային պատկանելությունը, յուրօրինակ ոճը, իրանական հոյակերտ ճարտարապետական ձևերն ու լուծումները։
Դիզայներ Արամ Նիկոլյանն այս տարի նորաձևության շաբաթին մասնակցում էր ցուցահանդեսի ձևաչափով։ «Տասը հիմնասյուն» անվանումը կրող խորիմաստ ցուցահանդեսը հագուստի և կերպարների միջոցով մատնացույց էր անում այն տասը կարևոր հիմնասյուները, որոնք հայրենիքի հիմքն են կազմում։
Հայրենիքը պահպանող այս կարևոր հիմնասյուները մարմնավորում էին հայտնի և սիրված հայ կանայք, որոնց կերպարները և ստեղծված հագուստը հիասքանչ միասնութուն էին կազմում։
Երեկոյի ամենասպասված շոուների շարքում էր «Just Black Dot» բրենդի՝ «Անահիտ» հավաքածուի ցուցադրությունը։
Հավաքածուի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր էր հանդիսացել հայկական մինչքրիստոնեական արվեստի ամենահայտնի նմուշներից մեկը՝ Անահիտի բրոնզաձույլ արձանը։
Անահիտը, որպես հայկական դիցարանի՝ մայր աստծո կերպար, դարեր շարունակ կանացիության և մայրության խորհրդանիշ է համարվել՝ ոգեշնչելով շատ արվեստագետների։
Հավաքածուի գլխավոր երկու գույները սևը և ոսկեգույնն էին․ այս երկուսի հիասքանչ համադրությամբ էլ հենց ստեղծված էին հավաքածուի նմուշները։
Հավաքածուի գլխավոր դետալը ոսկեգույն վարդն էր, որը տեսանելի էր մի շարք նմուշներում։
Հիմնականում երեկոյան լուքերից բաղկացած հավաքածուում առկա էր թե՛ խստությունն ու գծայնությունը, թե՛ ռոմանտիկան և թեթևությունը։
Նորաձևության շաբաթվա երրորդ օրվա ամենագեղեցիկ հատվածներից մեկը, վստահաբար, «Harmony» բրենդի ցուցադրությունն էր։ Վերաբրենդավորումից հետո սա «Harmony»-ի առաջին ցուցադրությունն էր՝ նոր ասելիքով և նոր շնչով։
Հավաքածուում նկատելի էին թե՛ բրենդի ԴՆԹ-ն կազմող հիմնական էլեմենտները, թե՛ նոր մոտեցումները․ բարձրորակ գործվածքներ, բարդ ձևվածքներ, հետաքրքիր լուծումներ, թափանցիկություն, կանացիություն և համարձակություն՝ միաժամանակ․ հավաքածուն խոսում էր գեղեցիկի, նրբագեղության և կանացիության մասին։
«Ankasa» բրենդը՝ իր նոր հավաքածուով, երիտասարդական, թարմ շունչ հաղորդեց նորաձևության շաբաթվա ցուցադրություններին։
Հավաքածուն բաղկացած էր մոխրագույնի, կարմիրի, սևի ու սպիտակի համադրությամբ ստեղծված առօրյա և բազային լուքերից։ Լուքերի մեծամասնությունը կրում էր մեկ գլխավոր դետալ՝ արտահայտիչ բանտը, որը թեթևություն և ռոմանտիզմ էր հաղորդում կերպարին, իսկ ցուցադրությունն ուղեկցող երգը հիասքանչ կերպով արտահայտում էր հավաքածուի տրամադրությունն ու ասելիքը։
«Soncess» բրենդի ցուցադրությունները գրեթե միշտ հայտնվում են ֆավորիտների ցանկում․ դիզայների յուրօրինակ լուծումները, նմուշների բարդ և անսովոր ձևվածքները բոլորին են դուր գալիս․ դե իսկ բրենդի պիջակները վաղուց շատերի սիրելին են դարձել:
Վերը նշվածի դրսևորումների ականատեսը եղանք այս տարի ևս: Դիզայներն այս անգամ նույնպես փայլեց՝ իր յուրօրինակ կերպարներով, անսպասելի լուծումներով և հիասքանչ գունային համադրություններով։
Հավաքածուն բաղկացած էր թե՛ խամրած գույներից, թե՛ սևից ու սպիտակից և թե՛ վառ լուքերից։
Ձեռագործ գործվածքի ոճային նմուշներով հայտնի «Loom Weaving» բրենդն այս տարի ևս հանդես եկավ ձեռագործ նմուշների հետաքրքիր լուծումներով և գործվածքի ու այլ ֆակտուրաների անսպասելի համադրութուններով։
Ձեռագործ բլուզները, բաճկոնները, կիսաշրջազզգեստներն ու անդրավարտիքները հաճախ հանդես էին գալիս դենիմի, թափանցիկ կտորների և կաշվի հետ յուրօրինակ համադրություններում, իսկ ամբողջական լուքերը լրացնում էին ոճային ձեռագործ պայուսակները։