Ֆաինա Հարությունյանի նոր հավաքածուն նախորդի շարունակությունն է՝ այլ ներկապնակով, տրամադրությամբ և ձևերով
Դիզայներ ֆաինա Հարությունյանը Երևանի նորաձևության շաբաթվա շրջանակում կներկայացնի նոր հավաքածու, որը վերջերս Ղազախստանի Ալմաթի քաղաքում ներկայացված «գարուն-ամառ 26» հավաքածուի տրամաբանական շարունակությունն է։
«Ալմաթիում ներկայացված հավաքածուն ստեղծելիս ես պատկերացրել եմ, թե ինչպես է բնությունը բացում իր աչքերը՝ ձմեռվա երկար քնից հետո, ինչպես են աճում առաջին տերևները, ինչպես է շրջապատող աշխարհը լցվում շարժումով, կյանքով, աշխուժությամբ, գարնանային թարմ օդով։
Հավաքածուի գործվածքների գույներն անգամ (սպիտակը, երկնագույնը, բաց կանաչը, սևը) գարնանային թարմության և ջերմության զգացողություն էին փոխանցում։ Իմ նոր հավաքածուով ես ցանկանում էի ցույց տալ, թե ինչպես են մեկտեղվում մարդը և բնությունը՝ դառնալով մեկ ամբողջություն»,- ասաց Ֆաինա Հարությունյանը։
Երևանի նորաձևության շաբաթվա շրջանակում ներկայացվելիք ցուցադրության ժամանակ ականտեսը կլինենք վերը նշված գեղեցիկ պատմության շարունակությանը՝ սակայն արդեն նոր՝ փոփոխված գույներով․ «Եթե Ալմաթիի հավաքածուն գարունն էր, երիտասարդությունը, ապա Երևանինը հասունությունն է, խորությունը»,- նշեց Ֆաինան։
Նոր հավաքածուում դիզայները պահպանել է նույն փիլիսոփայությունը, սակայն փոխել լեզուն․ այստեղ գույներն ավելի տաք ու մեղմ են (շագանակագույն, թանաքագույն, կաթնագույն), իսկ ձևվածքներն ավելի խիստ են, գծային, ճարտարապետական. դրանցում հավասարակշվում են ուժն ու փափկությունը։
«Նոր հավաքածուում պատկերված է նույն բնությունը, սակայն արդեն տարվա այլ եղանակին և այլ իրավիճակում․ ինձ համար կարևոր է, որ հանդիսատեսը զգա իմ երկու նոր հավաքածուների երխկոսությունը, տեսնի դրանց խորը կապը․ դրանք միմյանց հետ փոխկապակցված են այնպես, ինչպես մայրամուտն ու արևածագը, ցերեկն ու գիշերը»,- հավելեց Ֆաինա Հարությունյանը։