Ոգեշնչված Գարեգին Նժդեհի կերպարից․ «Just Black Dot» բրենդը ներկայացրեց իր «Պատրոնդաշ» հավաքածուն

Jul 15, 2024 - 15:48
Jul 15, 2024 - 19:49
Ոգեշնչված Գարեգին Նժդեհի կերպարից․ «Just Black Dot» բրենդը ներկայացրեց իր «Պատրոնդաշ» հավաքածուն

Հուլիսի 5-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Նորաձևության միջազգային փառատոնը», որի կազմակերպիչը «ArmMod Fashion» ընկերությունն էր։ Փառատոնի նպատակը հարևան երկրների միջև մշակութային կամրջի և երկխոսության  ձևավորումն էր, ոլորտի զարգացման և համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը։

Փառատոնի շրջանակում իրենց հավաքածուները ներկայացրեցին  մի շարք բրենդեր՝ Հայաստանից, Վրաստանից, Իրանից և Արաբական Միացյալ Էմիրություններից («Begoyans», «Bazero Iran» «Gio Dress» և այլն):

Նախատեսված ցուցադրությունների շարքում իր նոր՝ «Պատրոնդաշ» հավաքածուով հանդես եկավ նաև «Just Black Dot» բրենդը։

Հավաքածուն ներկայացնելով ՀՀ Սահմանադրության օրը՝ բրենդը վերահաստատում էր իր հավատարմությունը Սահմանադրությամբ ամրագրված արժեքներին՝ կարևորելով հայ ժողովրդի միասնության գաղափարը։

Հավաքածուն ստեղծելիս դիզայներ Գայանե Մանուկյանը ոգեշնչվել էր հայրենանվեր ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի կերպարից։

Ցուցադրված նմուշներն արտահայտում էին հայրենապաշտ գործչի կերպարին հատուկ վճռականությունը, ուժն ու տոկունությունը։

Հավաքածուի կարևոր մաս էին կազմում ներկայացված առաջին և վերջին նմուշները․ առաջին՝ բրոնզագույն նմուշը խորհրդանշում էր մարտական փամփուշտը՝ խոսելով իրերի երկակի բնույթի մասին․ մեկ փամփուշտը կարող է կյանք խլել և, միևնույն ժամանակ, կյանք փրկել։

Վերջին՝ ամբողջությամբ սևով ստեղծված կերպարը բաղկացած էր ծաղկային դետալներով կանացի զգեստից և մարտական պատրոնդաշի կաշվե դետալներից։ Կերպարը տրամաբանորեն հանդիսանում էր բրենդի հաջորդ հավաքածուի սկիզբը՝ իր մեջ ամփոփելով Գարեգին Նժդեհի կերպարին հատուկ ուժը և Անահիտ Աստվածուհու էությանը հատուկ կանացի էներգիան։

«Պատրոնդաշը» «Just Black Dot» բրենդի ուրույն ուղերձն էր հայ կանանց՝ հավատարիմ մնալ հայ կնոջ իրական կերպարին և մշտապես պահպանել այդ կերպարին հատուկ ուժն  ու տոկունությունը։