Նորաձևության ամիսը սահմանեց 2023-ի սթրիթ-սթայլի գլխավոր միտումները

Apr 1, 2023 - 19:05
Jul 19, 2023 - 15:23
Նորաձևության ամիսը սահմանեց 2023-ի սթրիթ-սթայլի գլխավոր միտումները

Մինչ նորաձևության լրագրողները, շունչները պահած, հետևում էին հայտնի բրենդերի նորաձևության ցուցադրություններին, ցուցադրության մասնակից ինֆլուենսերները, մոդելները, դիզայներները դրանց միջանկյալ ժամանակահատվածում շրջում էին նորաձևության մայրաքաղաքների փողոցներում և իրենց մինիմալիստական լուքերով սահմանում 2023-ի սթրիթ-սթայլի գլխավոր միտումները։

«Less is more»․ այսպես կարելի է նկարագրել 2023-ի սթրիթ-սթայլը։

Իսկ ի՞նչ էին ասում նորաձևության աշխարհի «խաղացողների» լուքերը․ ո՞ր ատրիբուտները կտեղափոխվեն 2023-ի սթրիթ-սթայլ։


Դենիմե մաքսի կիսաշրջազգեստ

Դենիմե մաքսի կիսաշրջազգեստները զգեստապահարանում իրենց պատվավոր տեղը զբաղեցնելու հայտը ներկայացրել էին դեռ անցյալ տարի, իսկ նորաձևության ամիսը միայն վերահաստատեց դրանց՝ 2023-ի գլխավոր թրենդերից մեկը լինելու հանգամանքը։

Դենիմե մաքսին, ոճաբանական առումով, ստեղծագործելու անսահման հնարավորություններ է տալիս․ այն, կարելի է ասել, կիսաշրջազգեստ է ողջ տարվա համար։ Դրանով կարելի է կերտել ոճային լուքեր բոլոր 4 եղանակների համար՝ այն համադրելով թե՛ սպորտային հագուստի, թե՛ դասականի հետ։

 

Կաթնագույն բլեյզեր                                                         

Բաց կաթնագույնից մինչև հագեցած բեժ՝ այս երանգների բլեյզերները 2023-ի «must-have»-երի ցանկում են լինելու։

Ըստ «Vogue» ամսագրի նորաձևության լրագրողների դիտարկումների՝ նորաձևության ցուցադրությունների մասնակից ինֆլուենսերները առավել հաճախ ներկայացել են ավելի զուսպ, կիպ ձևվածքի բլեյզերներով։

 

Զգեստ-վերնաշապիկ

Մոդել, նորաձևության ինֆլուենսեր Նաոմի Քեմփբելի որևէ լուք աննկատ չի մնում նորաձևության լրագրողների և սիրահարների աչքից։

Քեմփբելի սպիտակ զգեստ-վերնաշապիկը, որը նա համադրել էր թեթև, դասական ոճի սև վերարկուի և բաց երանգի բարակ տաբատի հետ, վստահաբար, տարվա թրենդերից է լինելու։

 

Շագանակագույն թրենչ

Տաք և հարուստ շագանակագույնն արագորեն արդիական է դառնում։ 2023-ին արդիական են լինելու հատկապես շագանականույն թրենչերը՝ թե՛ կտորից, թե՛ կաշվից կարված տարբերակները։

 

 

 

Ուղիղ ձևվածքի ջինսե տաբատ

Լայն ձևվածքի տաբատները երկար ժամանակ են արդիական եղել, և դրանց մասին երկար է խոսվել։ Այս տարի արդիական են լինելու նաև ուղիղ ձևվածքի ջինսե տաբատները։ Ուղիղ ձևվածքի տաբատների առավելություններից մեկն այն է, որ դրանք կարող են հավասարապես գեղեցիկ դիտվել ցանկացած տեսակի և ոճի կոշիկի հետ։


Սպիտակ սպորտային վերնաշապիկ

Պարզ սպիտակ սպորտային վերնաշապիկի կարևորությունը երբեք պետք չէ անտեսել, հատկապես՝ 2023-ին։ Համադրի՛ր այն ամենասովորական, լայն ձևվածքի բլեյզերի և դենիմե տաբատի հետ, և ոճային լուքը պատրաստ է։

Նյութի աղբյուրը՝ «Vogue» ամսագիր։