Fashion Scout Armenia-ն վերադառնում է նոր, տպավորիչ մրցանակներով

Aug 18, 2025 - 22:02
Aug 19, 2025 - 11:24
Fashion Scout Armenia-ն վերադառնում է նոր, տպավորիչ մրցանակներով

Արդեն երրորդ տարին է՝ հայ սկսնակ դիզայներներին տրվում է բացառիկ հնարավորություն՝ բացահայտել իրենց տաղանդն ու ստեղծարարությունը, ստանալ մենթորություն՝ ոլորտի պրոֆեսիոնալների կողմից, ներկայանալ Lոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակում անցկացվող «Fashion Scout» նորաձևության մրցույթին և ստանալ մի շարք տպավորիչ մրցանակներ։


«Fashion Scout»-ը սկսնակ դիզայներների աջակցությանը և նորաձևության զարգացմանը միտված միջազգային հարթակ է, որի «հայրենիքը» Միացյալ Թագավորությունն է։ Նպատակը նոր տաղանդների բացահայտումն է և նրանց համար զարգացման մեկնարկային պայմանների ստեղծումը։

Fashion Scout Armenia 2023-ի հայաստանյան մրցույթում հաղթող ճանաչվեց սկսնակ դիզայներ Նանա Մետանջյան-Մաասը, որն իր կայուն նորաձևության հավաքածուն ներկայացրեց Fashion Scout-ի` լոնդոնյան ցուցադրությանը․ 2024-ի հաղթողներ Սոնա հովսեփյանը և Եվա Հովհաննիսյանը նույնպես շուտով կմասնակցեն Fashion Scout London-ին, (սեպտեմբերի 20-ից 21-ը) իսկ Անահիտ Ավետիսյանին հնարավորություն է տրվել անցնելու վերապատրաստում Ֆլորենսիայում՝ Նաիրա Խաչատրյանի դիզայնի ստուդիայում։ Նախորդ տարում ևս մեկ հաղթող ստացավ մրցանակ՝ Երևանի քաղաքապետի կողմից։

Մրցույթի հայաստանյան կազմակերպիչը նորաձևության և հագուստի պալատն է․ այն անցկացվում է Երևանի նորաձևության շաբաթվա շրջանակում։

Fashion Scout Armenia 2025-ին կարող են դիմել նորաձևության բուհերի ուսանողները, այս բուհերն ավարտած սկսնակ դիզայներները (մինչև 35 տարեկան), նորաստեղծ բրենդերը, որոնք շուկայում գործունեություն են իրականացնում ոչ ավել, քան երեք տարի․ դիզայներներները պետք է կարողանան ներկայացնել 5 նմուշից բաղկացած համահունչ կափսուլային հավաքածու և անձամբ ներկա գտնվել հոկտեմբերի 23-ին կայանալիք ցուցադրությանը։ Մրցույթը բաց է կանանց, տղամարդկանց և ունիսեքս հագուստ ստեղծող դիզայներների համար։

Մրցույթի ևս մեկ կարևոր պայման է դիզայներների՝ Հայաստանում մշտական բնակության հանգամանքը։

Ժյուրիի աշխատանքները կղեկավարեն իտալական Polimoda նորաձևության բուհի ղեկավար Մասիմիլիանո Ջորնետտին և Fashion Scout-ի տնօրեն Մարտին Ռոբերտսը։

Հավաքածուների գնահատման գործընթացում հաշվի կառնվի հավաքածուների՝ կայուն նորաձևության սկզբունքներին համապատասխանությունը, ստեղծված նմուշների որակը (նյութի, կարի տեխնիկա և վարպետություն), ստեղծարար մոտեցումը, պոդիումային տեսքը և դիզայների կամ հավաքածուի ներուժը։

Մրցույթի հաղթողների  համար նախատեսված մրցանակների ցանկը տպավորիչ է՝ հնարավորություն՝ մասնակցելու Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակում անցկացվող Fashion Scout մրցույթի ցուցադրությանը, Երևանի քաղաքապետի մրցանակ (1 միլիոն դրամի չափով), 100% կրթաթոշակի հնարավորություն՝ իտալական Polimoda համալսարանում, իսկ WoW ծրագրի շրջանակում (WoW ծրագիրն ուղղված է Ացախից տեղահանված և հակամարտությունից տուժած կանանց իրավունքների պաշտպանությանը, նրանց ներկայացվածության ապահովմանը) Արցախից տեղահանված երեք դիզայներ կստանա հագուստի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ (1 միլիոն դրամ արժողությամբ)։

Հաղթող մասնակիցների մասին մասին կտեղադրվի և կտարածվի տեղեկատվություն Նորաձևության և հագուստի պալատի և Fashion Scout-ի հարթակներում։

Մրցույթին դիմելու համար համար անհրաժեշտ է այցելել «fashionscout.com» կայք և լրացնել մասնակցության հայտը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի մեկն է։

 

 

 Լոուսանկարները՝ Նորաձևության և հագուստի պալատի ինստագրամյան էջի։