Ամանորը դիմավորել վառ կերպարով․ ի՞նչ են հուշում հայ դիզայներները

Dec 28, 2023 - 02:31
Dec 29, 2023 - 00:17
Ամանորը դիմավորել վառ կերպարով․ ի՞նչ են հուշում հայ դիզայներները

Ի՞նչ կրել ամանորին․ նախքան այս հարցին պատասխանելը, նախ՝ պետք է հասկանալ, թե որտեղ ենք դիմավորելու նոր տարին․ տանը՝ ընտանեկան մտերմիկ միջավայրում, շքեղ ու տոնական զգեստ չես կրի այնպես, ինչպես տան հարմարավետ հագուստը չես կրի ռեստորանում։

Այնուամենայնիվ, եկե՛ք հասկանանք՝ ինչ են խորհուրդ տալիս կրել ոճաբանները և ինչ են առաջարկում հայ դիզայներները։

Վիշապի տարին հավուր պատշաճի դիմավորելու համար անհրաժեշտ է ստեղծել վառ կերպարներ, իսկ այս հարցում, վստահաբար, օգնության կհասնեն 2024-ի ամենաարդիական գույները՝ կարմիրը, սպիտակը, մանուշակագույնը, կանաչը, ոսկեգույնը և արծաթագույնը։ 

Եվ այսպես՝ ինչ կրել ամանորին՝ տոնական կերպարն անզուգական դարձնելու համար, կտորների, գույների, շեշտադրող դետալների ո՞ր համադրություններն են արդիական։

Փայլուն և մետալիկ կտորներ

Մետալիկ, արծաթագույն կտորով երեկոյան կերպարի մասին մտածելիս աչքերիդ առջև «Faina» բրենդի ամանորյա հավաքածուն է հայտնվում՝ բրենդի ուրույն ոճով ստեղծված արծաթավուն նմուշներով։

Տոնական ոճային կերպար ստանալու հարցում մեզ կօգնի նաև Femond բրենդը. փայլուն կիսաշրջազգեստ + օվերսայզ սև բլեյզեր, և այս հիասքանչ համադրությունը՝ համեմված հետաքրքիր շեշտադրում ունեցող կոշիկներով և արծաթագույն մինիմալիստական չոկերով։

Առօրյա ոճը նախնտրողների համար հոգեհարազատ, երիտասարդական կերպար է առաջարկում «Aghababyan» բրենդը՝ իր՝ սև, փայլուն գործվածքից կարված մինի կիսաշրջազգեստի և սուպերթրենդային բոդիի համադրությամբ։

Բրենդի ամանորյա կափսուլային հավաքածուից ևս մեկ՝ տոնական տարբերակ կարելի է ընտրել ռեստորանային խնջույքների համար։

Քարեր և փուլեր

Գրագետ օգտագործված քարերը և փուլերը կերպարին շքեղություն են հաղորդում։

Փուլերով տոնական նմուշների բավականին մեծ ընտրանի է առաջարկում «YoungByHarmony» բրենդը։ Բրենդի ամանորյա հավաքածուում տեղ են գտել ինչպես սև, այնպես էլ վարդագույն փուլերը, որոնք հանդես են գալիս թե՛ միայնակ, թե՛ թափանցիկ, սև կտորների համադրության մեջ։

«Kivera» բրենդը նույնպես վերջերս ամանորյա հավաքածու է թողարկել։ Հավաքածուի նմուշներում իրենց տեղն ունեն նաև փուլերն ու փայլերը։

Մեր ամանորյա ցանկում չէին կարող տեղ չգտնել նաև «Manuk Aleksanyan» բրենդի մարգարտյա քարերով բլեյզերները․ Մանուկ Ալեքսանյանի բլեյզերներն արտահայտում են դիզայների ուրույն ոճը և, վստահաբար, իրենց պատշաճ տեղն ունեն հայ գրեթե բոլոր ոճային կանանց զգեստապահարաններում։ Դրանք կարելի է կրել թե՛ դենիմե ջինսերի, թե՛ դասական կիսաշրջազգեստների ու զգեստների, թե՛ սպորտային և թե՛ դասական կոշիկների հետ։

 Սատին

Սատինե սև զգեստներն արդեն դասական են դարձել և արդեն քանի սեզոն է՝ չեն կորցնում իրենց արդիականությունը։

Սատինե մինիմալիստական լուծումներով զգեստ կարելի է գտնել «White Store» խանութ-սրահում։ Ընտանեկան, մտերմիկ երեկույթի դեպքում՝ սատինե զգեստին ավելացրու խանութում առկա մոխրագույն, հաստ գործվածքից բլուզը, և հարմարավետությունն ու էլեգանտությունը համատեղիր մեկ կերպարում։

Ցանցկեն, թափանցիկ կտորներ և ժանյակ

Վերը նշված համադրության մասին մտածելիս առաջինը վերհիշեցինք «Ruzane» բրենդի՝ Yerevan Fashion Week-ի շրջանակում ներկայացված և վստահ ենք՝ շատերի կողմից սիրված զգեստը։ Դիզայներ Ռուզաննա Վարդանյանի՝ «Գաղտնիք» հավաքածուի ամենահիշարժան զգեստը յուրօրինակ լուծում է՝ տարբերվող կերպարների սիրահարների համար։ Համադրի՛ր այն օվերսայզ բլեյզերի հետ և ստացիր հիշարժան տոնական կերպար՝ դասականության ու էլեգանտության նրբերանգներով։

Եվս մի քանի տարբերակ՝ սեզոնի ամենաարդիական գույներով։

Կերպարներ սպիտակով

Սպիտակ գույնն ավանդաբար ասոցացվում է մաքրության, թարմության և թեթևության հետ։ Այն նաև համարվում է հարստության, տոնական տրամադրության արտահայտման գույն։ 

Սպիտակով տոնական կերպարի մասին խոսելիս, հարկ է կրկին անդրադառնալ «Faina» բրենդի ամանորյա հավաքածուին։ Բրենդին հատուկ դասականությունն ու էլէգանտությունն իրենց արտահայտումն են գտել ռոմանտիկ վալանների և ուղիղ, դասական ձևվածքների հիասքանչ համադրության մեջ։

Ա՜խ այդ հիասքանչ կարմիրն ու սևը

Կարմիրը սեզոնի ամենաթրենդային գույնն է և ամանորի երեկոյին այս գույնով ցանկացած կերպար վառ և հիշարժան է լինելու։

«Eg Fashion Style» բրենդի փայլուն կարմիր զգեստը կրելիս կերպարն այլ շեշտադրումների կարիք չի ունենալու․ համադրի՛ր այն մինիմալիստական բարձրակրունկ բեժ կոշիկի հետ և շլացրու՛ երեկոն։

Սևը երեկոյի թագուհին է։ Չնայած տարբեր մշակույթներում սևի տարբեր ընկալումներին և ասոցիացիաներին՝ այն իր արդիականությունը երբեք չի կորցնում։ Սևով էլեգանտ, երեկոյան կերպարներն ու տարբերակներն անսահման են։

Սևի սիրահարներին մենք այստեղ և այս ամանորին խորհուրդ կտանք կրել զգեստ-կոստյումներ։

Զգեստ-կոստյումներն արդյունավետ և արդիական լուծում են բազմազան իրավիճակների և միջոցառումների համար։

«Ashee Fashion» բրենդի զգեստ-կոստյումները ամանորյա ոճային կերպար կստեղծեն և հիասքանչ կերպով կհամադրվեն թե՛ բարձրակրունկ կոշիկների, թե՛ սպորտայինների հետ։ Կրի՛ր դրանք թե՛ մարմնագույն բարակ զուգագուլպայի, թե՛ խիտ սևի և կարմիրի հետ և յուրաքանչյուր տարբերակի հետ ներկայացիր յուրովի և տարբեր։