Ոգեշնչված կնոջ կերպարից և բնությունից․ Նինա Սարկիսյանց
Հարսանեկան նորաձևության ժամանակակից աշխարհում, որտեղ ավանդույթն ու երազանքը մշտապես նոր ձևեր են ստանում, Nina Sarkisyants Bridal Couture-ը ձևավորում է իր սեփական, առանձնահատուկ լեզուն։
Դիզայներ Նինա Սարկիսյանցի հարսանեկան զգեստները պարզապես հագուստ չեն, այլ զգացողություն․ դրանք արթնացնում են հույզեր, դաջվում յուրաքանչյուր նորահարսի հիշողության մեջ։
Նինայի աշխարհում հարսանեկան զգեստը դառնում է պատմություն․ պատմություն՝ լույսի, շարժման և լուռ շքեղության մասին։
Յուրաքանչյուր հավաքածու կառուցված է մանրուքների շուրջ։ Ձեռքով արված ասեղնագործություն, բյուրեղների նուրբ փայլ, մարգարիտներ․ ամեն դետալ ստեղծված է ոչ թե պարզապես տեսանելի լինելու, այլ հույզեր արթնացնելու համար։
Սարկիսյանցի զգեստները ոչ միայն ընդգծում են նորահարսի բնական գեղեցկությունը, այլ ստեղծում են բեմական, գրեթե կինեմատոգրաֆիկ կերպարներ։
Nina Sarkisyants Bridal Couture-ի նոր հավաքածուի ցուցադրությունը տպավորիչ վիզուալ փորձառություն էր՝ յուրաքանչյուր ներկայի համար։
Ցուցադրությունը սկսվեց Չայկովսկու «Կարապի լիճը» հանրահայտ բալետի սիրելի հնչյունների ներքո, իսկ ճերմակազգեստ բալետի պարուհին ասես ներկաներին հրավիրում էր հարսանեկան էսթետիկայի աշխարհ, որտեղ իրականություն են դառնում յուրաքանչյուր կնոջ երևակայության մեջ ապրող պատկերներն ու սիլուետները։
Ներկայացված հավաքածուում յուրաքանչյուր կին կարող էր գտնել իրենը․ ծավալուն, երկար փեշերով զգեստներից մինչ մինիմալիստական նմուշներ, ձյունաճերմակ նմուշներից մինչ կաթնագույն ու բեժ։
Հավաքածուի ցուցադրությունը ներառում էր հարսանեկան արարողության մաս կազմող կարևոր ատրիբուտները․ ցուցադրությունն անցկացվում էր ռեստորանի մեծ սրահում, բեմի հատվածում առկա էր բեժ երանգներով ձևավորված պրեզիդիում, նույն հատվածում՝ հարսանեկան տորթ, իսկ նորահարսերի դերում հանդես էին հայկական իրականության հանրահայտ մոդելները։
Ցուցադրության ավարտին դիզայները հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ներկաներին շնորհակալություն հայտնելով հավաքածուի ցուցադրության՝ իր համար կարևոր ակնթարթները կիսելու համար։
Իր հավաքածուները ստեղծելիս Նինան մշտապես ոգեշնչվում է բնությունից և կնոջ կերպարից։
Հիշում եմ՝ ինչպես եմ մի անգամ՝ ապագա նորահարսերից մեկի հետ ծանոթանալուց հետո, նրա կերպարը իմ առջև պատկերացավ ջրահարսի տեսքով և այս ոգեշնչումից ստեղծվեց ջրահարսի՝ իմ երևակայության մեջ ապրող զգեստը»,-նշեց Նինան։
Սարկիսյանցի համար ևս մեկ ոգեշնչման աղբյուր է բնությունը։
«Իմ ստեղծած զգեստների սիլուետները և նախշերը ոգեշնչված են բնությունից, ծաղիկների ձևից։ Իմ կապը բնության հետ շատ ամուր է․ բնությունը ոգեշնչման հավերժական աղբյուր է, իսկ այս ոգեշնչման արդյունքում ստեղծված յուրաքանչյուր զգեստ նման չէ մյուսին, ինչպես յուրաքանչյուր անհատականություն մյուսին նման չէ»,- հավելեց դիզայները։