Աշնան ամենանորաձև տաբատները․ ինչ են հուշում նորաձևության շաբաթները

Oct 12, 2023 - 01:31
Oct 12, 2023 - 12:39
Աշնան ամենանորաձև տաբատները․ ինչ են հուշում նորաձևության շաբաթները

Նախորդ ամիսների նորաձևության շաբաթների մասնակից ամենահեղինակավոր նորաձևության տների ցուցադրությունները սահմանեցին ոչ միայն 2024 թվականի գարուն-ամառ միտումները, այլ նաև հուշեցին, թե ինչ կրել այս աշնանը։

Այսպիսով, ո՞ր տաբատներն են նորաձև լինելու այս աշնանը։

Դենիմե լայն տաբատ

Դենիմե լայն տաբատները չեն պատրաստվում կորցնել իրենց արդիականությունը։ Շատերի սիրելին դարձած լայն դենիմը ոճային կերպարներ կերտելու անսահման հնարավորություններ է տալիս։ Այն հիասքանչ համադրություն է կազմում թե՛ սպորտային տոպի, թե՛ վերնաշապիկի և օվերսայզ բլեյզերի, թե՛ սպորտային և թե՛ դասական կոշիկների հետ։

Կարմիր դենիմ

70-ականների նորաձևության միտումները չեն դադարում իրենց արտահայտումը գտնել ժամանակակից դիզայներների հավաքածուներում։ Այս անգամ մեզ «հյուր է եկել» դենիմե կարմիր տաբատը։ Դենիմե կարմիրը, ինչ խոսք, համարձակ լուծում է, սակայն կերպարը մեղմացնելու հնարավորություն միշտ կա․ բաց երանգի վերնահագուստի կամ մուգ կապույտի հետ համադրելիս կերպարն ավելի թեթև կդառնա և վինտաժային տրամադրություն կհաղորդի։

Սպիտակ և լայն զգեստ-տաբատ

Թվում էր՝ դենիմե լայն տաբատները մրցակից չունեն, սակայն զգեստ-տաբատները հակառակն են ապացուցում։ Էլեգանտ, միևնույն ժամանակ, մեղմ կերպար ստանալու համար այս տաբատները հիասքանչ ընտրություն են։ Նշվածի վկայությունը նորաձևության ինֆլուենսեր Ռոուզ Հանթինգթոն Ուայթլիի՝ Կաննում արված լուսանկարն է, որտեղ սպիտակ լայն տաբատը հիասքանչ կերպով համադրված է նույնատոն ժիլետի հետ։

Մետալիկ տաբատ

Մետալիկ տաբատները հավակնում են դառնալ այս աշնան ամենապահանջված թրենդը։ Նորաձևության շաբաթների ընթացքում այս միտումը շատ աստղային կերպարներում է նշմարվել, և նորաձևության լրագրողների կարծիքով՝ այն ապագայում ավելի արդիական է դառնալու։

Շագանակագույն կաշվե տաբատ

Շագանակագույնը՝ իր բաց և մուգ երանգներով, այս տարվա նորաձևության շաբաթների ամենաարդիական գույներից մեկն էր։ Hermes, Ralph Loren բրենդերի հավաքածուների ցուցադրությունները նշվածի վառ ապացույցն են։ Հավաքածուներում առկա էին թե՛ շագանակագույնի ամբողջական՝ մոնոքրոմ կերպարներ, թե համադրություններ այլ գույների մեղմ, չեզոք երանգների հետ։ Շագանակագույնն այլևս նոր սևն է․ ընդունե՛նք այս իրականությունը։

Ուղիղ գծով տաբատներ

Ուղիղ գծով տաբատները տղամարդկանց զգեստապահարանից կանանց զգեստապահարան են տեղափոխվել և պատրաստվում են կանացի ամենաոճային կերպարներում իրենց պատշաճ տեղը գտնել։ Չնայած բարձր գոտի ունեցող տաբատները դեռևս նորաձև են, վերջին ամիսներին արդիական են դարձել են նաև ցածր գոտի ունեցողները։ Նորաձևության լրագրողներն այս թրենդի կիրառությունը ֆիքսել են Հեյլի Բիբերի կերպարում, ով Նյու Յորքի փողոցներում իր զբոսանքի ժամանակ ցածր գոտիով և ուղիղ գծով շագանակագույն տաբատը համադրել էր սպիտակ տոպի հետ։

 

Նյութի համար հիմք են ծառայել նորաձևության շաբաթներում ներկայացված հավաքածուների ցուցադրությունների վերլուծությունը և «Vogue» ամսագրի հոդվածները։