Սելինը

Oct 15, 2023 - 22:27
Nov 25, 2023 - 00:23
Սելինը

«Միշտ վախեցել եմ այնքան դատարկ լինել, որ չունենամ, ընդհանուր առմամբ, գոյություն ունենալու որևէ լուրջ պատճառ»։

 Լուի Ֆերդինանդ Սելին

Յուրաքանչյուր գիրք կամ գրող իրեն կարդալու համապատասխան տարիքն ունի: Սելին կարդում են հասուն տարիքում․ հասուն լինելը, սակայն, այս դեպքում՝ դեռ բավարար չէ։

Սելին չեն կարդում սյուժեի համար․ նրան կարդում են իր անհատակ խորության, լեզվի, սարկազմի, ոճի համար...Բառերը սահմանափակ են` Սելինի գրականությունը՝ անեզր ու անչափելի։

Մի գրող (Էմիլ Սիորան) ժամանակին ասել է` «Հեղինակը, որ պատրաստվում է գրել սերունդների համար, բանի պետք չէ: Գրողը չպետք է իմանա` ում համար է գրում։

Վստահ եմ` Սելինը չի գրել` մտքում ունենալով գալիք սերունդներին, չի գրել նաև փառքի, ճանաչման կամ վաճառվելու համար․ Սելինը գրել է այն, ինչ ցանկացել կամ զգացել է` առանց պատկերացնելու իր ընթերցողին:

Սելինի գործերը (նրա գործերի մասին խոսելիս առաջինը մտքումդ, անկասկած, «Ճամփորդություն գիշերից անդին» վեպն է հայտնվում) սպանում են ընթերցողին․ սպանում  են  իրենցում խտացված հոռետեսության մեծ չափաբաժնով, ցինիզմի հասնող սուր հումորով, անչափելի, անսահման խորությամբ։ Այնքան հիասքանչ կերպով են, սակայն, դա անում։ Ու արդյո՞ք չպետք է որակյալ գրականությունը ինչ-որ կետում սպանի ընթերցողին, որպեսզի այն կարդալուց հետո նոր որակի ընթերցող «լույս աշխարհ գա»։

 «Ճամփորդություն գիշերից անդին» վեպը Սելինի` «կորուսյալ սերնդի» (բնորոշում, որ կիրառվում է ամերիկյան և արևմտաեվրոպական  գրողների վերաբերյալ, որոնք իրենց երկերում արտահայտել են 1914-18 թվականների աշխարհամարտի ողբերգական փորձը, խորը հիասթափությունը քաղաքակրթությունից․․․ և այլն) այս կարկառուն ներկայացուցչի դեբյուտային ու ամենահայտնի գործն է, որն առաջին անգամ տպագրվել է 1932 թվականին և գրողին համաշխարհային ճանաչում բերել: Վեպի հերոսը հենց հեղինակն է, ով իրեն հատուկ` ինչ-որ  մոգական ուժով ընթերցողին իր աշխարհ է տանում ու ստիպում մարդկանց ու իրադարձություններին նայել իր` հոռետես մարդատյացի աչքերով։ Իսկ նրա սուր հումորը. ա՜խ այդ սուր հումորը․․․․Լայն ժպիտ է առաջացնում:

Վեպը հասարակական շոկ է առաջացրել` իր հակահայրենասիրական բնույթի, անթաքույց ցինիզմի ու հասարակական նորմերի դեմ նրա արհամարհանքի պատճառով: («Բանտից գոնե մարդիկ կենդանի են դուրս գալիս․ պատերազմից առհասարակ չեն վերադառնում։ Մնացյալը լոկ բառերն են»)։

 Սելինը ֆրանսիական գրականությունում արեց այն, ինչ մինչ այդ չէր արել ոչ ոք: Նա կոտրեց ֆրանսիական գրական ավանդույթների հիմքերը և ավերակների տեղում իրական գեղարվեստական ազատության տաճար կառուցեց, որը ապագայում տասնյակ հազարավոր այցելուներ էր ունենալու։

 «Ճամփորդություն գիշերից անդին» վեպը ֆրանսիական հզոր գրականություն ներմուծեց խոսակցական լեզուն և արգոն` Սելինի հիասքանչ ոճավորմամբ, ինչը իրավամբ` «ֆրանսիական մեծ հեղափոխություն» էր գրական աշխարհում: Սելինը հանճարեղ կերպով գրականություն ներմուծեց կենդանի լեզուն, ինչը, անշուշտ, ապտակ էր ժամանակի հասարակական ճաշակին։

Խոսակցական լեզվի հետ միասին Սելինը ֆրանսիական գրականություն տեղափոխեց նաև այդ լեզվի կրողներին: Նրանց բոլորի համար, սակայն, Սելինը դաժան պատիժ էր մտածել. նրանք բոլորը դատապարտված էին մահվան․ հույս չկար...Հույս չկար ոչ ոքի, նույնիսկ՝ իր համար...

Սելինը ոչ միայն խոսքի ու ոճավորման ականավոր վարպետ է, այլ նաև հզոր մենախոսությունների հեղինակ: Նրա ստեղծագործություններում դրանք հաճախ ամենամեծ տեղն են զբաղեցնում՝ փոխարինելով տեսարանների՝ մեկը մյուսին հաջորդելու դասական «սովորությանը»։ Վերը նշվածի վառ օրինակներ են «Դղյակից դղյակ», «Հյուսիս», «Ռիգոդոն» ստեղծագործությունները, որոնցում Սելինը գրեթե ամբողջական մենախոսությունների միջոցով հանճարեղ կերպով ընթերցողներին է փոխանցում ոչ միայն ժամանակի բարքերը, այլ նաև ժամանակի նյարդը։ Այդ նյարդը հենց ինքը՝ Սելինն է։

Սելինին հաջողվեց ոչ միայն անգերազանցելի ու նոր ոճ ստեղծել ֆրանսիական գրականության մեջ, այլ նաև իր անձի շուրջ ստեղծել մի կերպար, որը նույնպես մինչ օրս անգերազանցելի է մնում։

Սելինը չի վախենում ծաղրել ինքն իրեն․ մերկացնում է իր արատները` առանց տարակուսելու,  սուր ու անխնա` իր կերպարի միջոցով բացահայտելով մարդկային էությունը:

Վեպի ողջ ընթացքում, թվում է՝ գլխավոր հերոսը շարունակ վախենում է։  Ընթերցողը, սակայն, պիտի կռահի ձեւացնո՞ւմ է հեղինակը՝ ինքն իրեն դաժանաբար քննադատելու և իր կերպարը ավելի վատը ներկայացնելու իր սովորությամբ, թե՞ իրոք այդպես է:

Վեպում Սելինը դաժան ծաղրի է ենթարկում մարդկային արատները, ինչում նրան օգնել է գրողի իր սուր օպտիկան և իր անսովոր խորաթափանցության շնորհիվ կարողացել կերտել հավերժական կերպարներ:

 Վեպը տարբեր ժամանակներում ամենատարբեր որակումներն է ստացել․ այն որակել են՝ որպես գրական լեզվի կանոնների դիտավորյալ ոտնահարում`ոմանց կողմից համարվելով խոտան ստեղծագործություն, այլոց կողմից` որպես գրական գլուխգործոց, ուրիշների կողմից` խեղկատակություն, մյուսների կողմից`մռայլ ողբերգություն: Այսօր, սակայն, վեպը հայտնվել է դասական վեպերի շարքում`կապվելով ավանդական գրականության հետ:

 Շատ մեծ գրողներ են հիացել Սելինով, (Կուրտ Վոննեգուտ, Միլան Կունդերա, Հենրի Միլլեր)  և նրանցից շատերն են երազել «հասնել» նրան: Բուկովսկու վերջին` «Մակուլատուրա» կոչվող վեպում գլխավոր հերոսը` Նիք Բիլեյնը, Հոլլի Վուդում շարունակ Սելինի կերպարն է փնտրում, քանի որ ըստ նրա՝ Սելինը բոլոր ժամանակների ամենամեծ գրողն է։

Սելինը Մարսել Պրուստի ժամանակակիցն է, եւ իրեն հակապրուստական է համարում` բացահայտորեն հակադրվելով նրա հղկված դասական  շարադրանքին ու ոճին: Նշվածը, սակայն, չի խանգարել, որ նրանց անունները կողք կողքի հանդես գան` համարվելով  20-րդ դարի ֆրանսիական գրականության տիտաններ: