Թումո ստուդիաները՝ ստեղծարարության կենտրոն

Jun 29, 2025 - 22:31
Jul 1, 2025 - 19:51
Թումո ստուդիաները՝ ստեղծարարության կենտրոն

Արամի 44 հասցեում իր դռներն է բացել Թումո ստուդիաների նոր կենտրոնը՝ երևանյան ամենահին և պատմական շենքերից մեկում։

Կենտրոնի դասասենյակները պահպանել են հին երևանյան շունչը, լուսավոր են ու տրամադրող, հագեցած դասընթացի համար անհրաժեշտ նյութերով ու սարքավորումներով։

Թումո ստուդիաները տարիներ շարունակ անվճար կրթություն է տրամադրում 18-ից 28 տարեկան երիտասարդներին․ դասավանդվում է նորաձևություն, զարդագործություն, ասեղնագործություն, մաղատպություն, խեցեգործություն։ Դասընթացները տևում են վեց ամսից մեկ տարի, և մասնակիցներին տրամադրվում են դասընթացի համար անհրաժեշտ բոլոր նյութերը և սարքավորումները։

Դասընթացների մասնակիցները հնարավորություն են ունենում մասնակցելու մինչև չորս շաբաթ տևողությամբ աշխատարանների, որոնք անցկացվում են արտերկրից հրավիրված մասնագետների կողմից։

Արտերկրից ժամանակ մասնագետներն աշխատարաններն անցկացնում են լիովին անվճար, ինչը Թումո ստուդիաների անձնակազմի մեծ աշխատանի արդյունքն է հանդիսանում։

Ուսանողները, հրավիրված դիզայներների ղեկավարությամբ, ստեղծում են իրեր և հավաքածուներ, որոնց նմուշները հետագայում վաճառվում են Թումո ստուդիաների խանութում։ Ստացված հասույթն ուղղվում է կետրոնի նախաձեռնությունների ֆինանսավորմանը և ապահովում անվճար կրթության հնարավորության շարունակականությունը։

Լավագույն ուսանողներին հնարավորություն է տրվում կրթությունը շարունակել կենտրոնի հետ համագործակցող ֆրանսիական  École Duperré արվեստի դպրոցում։

Թումո ստուդիաները և Փարիզի École Duperré արվեստի դպրոցը համագործակցում են դեռևս 2019 թվականից՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության աջակցությամբ․ ընկերությունում կա խորը համոզմունք, որ կրթությունը և մշակույթը կայուն զարգացման և տնտեսական աճի հիմնաքարերից են։

Թումո ստուդիաների տնօրեն Մարիամ Խաչատրյանը նշեց, որ արտերկրում կրթությունը շարունակելու հնարավորություն ստացած երիտասարդները պարտավորվում են վերադառնալ Հայաստան և իրենց գործունեությունը շարունակել հայրենիքում։ 

«Մեր նպատակն ի սկզբանե հենց սա է եղել․ երիտասարդները պետք է աշխատեն հայրենիքում և զարգացեն ոլորտը։ Մեր ուշադրության կենտրոնում է ոչ միայն դիզայնը, այլ նաև արհեստագործությունը։ Մենք ցանկանում ենք, որ հայկական ավանդական արհեստագործական տեխնիկաները զարգանան»,- ասաց Մարիամը։

Ստուդիայի սաները նաև հնարավորություն են ունենում մասնակցել Հայաստանում և արտերկրում անցկացվող նորաձևության և դիզայնի միջոցառումներին (Երևանի նորաձևության շաբաթ, Փարիզի նորաձևության շաբաթ, Միլանի դիզայնի շաբաթ և այլն):

«Հայաստանում դիզայնի ոլորտը պետք է զարգանա․ մենք պետք է նպաստենք ստեղծվող արտադրանքի որակի բարձրացմանը։ Մեզ շատ է ոգևորում այն հանգամանքը, որ մեր կենտրոնում դասավանդող հրավիրված մասնագետները, ամեն ինչ թողնելով, գալիս են Հայաստան՝ երիտասարդությանն անվճար կրթություն տրամադրելու համար։ Նաև ոգևորիչ է այն հանգամանքը, որ այս բոլոր մասնագետները շատ սիրում են մեր երկիրն ու մշակույթը․ մենք պետք է գիտակցենք, որ աշխարհին ցույց տալու շատ բան ունենք»,- նշեց Մարիամը։

Վերջինիս խոսքով՝ Թումո ստուդիաների՝ հայաստանյան հաջողության պատմությունը հնարավորություն է տալիս մտածել կենտրոնի գաղափարը արտերկր տեղափոխելու մասին։

«Կարծում ենք՝ Թումո ստուդիաներն այլևս կայացած նախագիծ է․ ժամանակն է ընդլայնվել և տարածվել այլ երկրներում ևս։ Այս առումով ինձ համար շատ հետաքրքրական երկրներ են Վրաստանը և Լիբանանը»,- հավելեց Մարիամ Խաչատրյանը։