Տեքստիլե արտադրանք՝ եղինջի մանրաթելերից․ By Botany-ի կայուն հեղափոխությունը

By Botany նորաձևության ստարտափը եղինջի մանրաթելերից էկոլոգիապես մաքուր տեքստիլե արտադրանք է ստեղծում:
Այս նորարարական նախագիծը վերջերս ուշադրության է արժանացել Եվրոպական Միության «CirculUP!» ծրագրի կողմից և ստացել ֆինանսական աջակցություն՝ նախագիծը կյանքի կոչելու համար (ծրագիրն իրականացվում է Impact Hub Network-ի, Impact Hub Yerevan-ի և «Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպության կողմից):
Այս թեմայով զրուցել ենք «By Botany» ստարտափի հիմնադիր Մանե Մխիթարյանի հետ։
- «By Botany»-ն կայուն նորաձևության բրենդ է, որը նաև որդեգրել է կայունության գաղափարի տարածման և հանրությանը կրթելու առսքելությունը: Ինչպե՞ս առաջացավ կայուն նորաձևությամբ զբաղվելու գաղափարը, և ըստ ձեր դիտարկումների` ինչպիսի՞ն է հանրության վերաբերմունքը կայունության գաղափարի հանդեպ:
- Ավելի քան տասը տարի աշխատելով նորաձևության ոլորտում՝ հատկապես՝ Ucan նորաձևության կենտրոնում, հնարավորություն ունեցա խորապես ճանաչել այս ոլորտի ներուժն ու խնդիրները։
Միևնույն ժամանակ, որպես կենսաբան՝ չէի կարող անտեսել այն ազդեցությունը, որ նորաձևության արդյունաբերությունը թողնում է շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա։
Այդ երկու փորձառությունների խաչմերուկում ծնվեց գաղափարը՝ ստեղծել մի բրենդ, որը կհամադրի գիտությունը, պատասխանատվությունը և գեղեցկությունը։ Այսպես՝ ծնվեց By Botany-ն։
Առօրյա հարմարավետ հագուստից զատ՝ By Botany-ն իր հաճախորդներին ներկայացրել է SmartWear և FloWear նորարարական շարքերը:
Օրինակ՝ Flowear շարքի հագուստի նմուշները կազմված էին էկո սերմեր պարունակող դետալներից՝ գնորդին հնարավորություն տալով տնկել այդ սերմերը և հետևել, թե դրանք ինչպես են վերածվում ծաղկող բույսերի:
SmartWear շարքն իրենից ներկայացնում էր բնագիտական բովանդակությամբ, պատկերներով զարդարված հագուստի նմուշներ, որոնցից յուրաքանչյուրի QR կոդը սկանավորվելով՝ գնորդը ստանում էր հետաքրքրաշարժ տեղեկություն՝ իր հագուստի պատկերի մասին:
By Botany-ի կարևոր նախաձեռնություններից է եղել նաև «Երջանկության արվեստ» նախագիծը, որն իրենից ներկայացնում էր աուտիզմը հաղթահարող երեխաների նկարչական աշխատանքների հիման վրա ստեղծված նորարարական շապիկների ցուցահանդես-վաճառք։
Նախագծի ամենակարևոր ուղերձն այն էր, որ երջանկության արժանի են բոլորը՝ անկախ ախտորոշումից։ Իհարկե, այս բոլոր ձեռքբերումները չէին լինի՝ առանց վստահելի գործընկերների և թիմային աշխատանքի։
Հանրության վերաբերմունքը կայուն նորաձևության հանդեպ աստիճանաբար փոխվում է։ Եթե մի քանի տարի առաջ «կայուն նորաձևություն» հասկացությունը մարդկանց համար հիմնականում անծանոթ էր կամ ընկալվում էր՝ որպես պարզապես էկո ուղղություն, ապա այժմ մարդիկ ավելի հաճախ են հետաքրքրվում՝ ո՞վ է արտադրել հագուստը, ի՞նչ նյութից է այն կարված, ի՞նչ ճանապարհ է անցել, նախքան զգեստապահարան հասնելը։
Իհարկե, խոսքս գիտակցված սպառողի մասին է, քանի որ առջևում դեռ շատ անելիքներ կան։ Ես տեսնում եմ, որ կայունության գաղափարը շատ հաճախ օգտագործվում է՝ որպես մարքեթինգային միջոց՝ առանց իրական արժեքների գիտակցման։
Այդ պատճառով մենք By Botany-ում առաջնային ենք համարում ոչ միայն արտադրությունը, այլ նաև կրթությունը և տեղեկատվության տարածումը՝ ձևավորելով գիտակից սպառողի մշակույթ։
- Եղինջի ու, առհասարակ, բուսական մանրաթելերի ուսումնասիրման գաղափարն առաջացավ սոսկ գիտական հետաքրքրությունից՝ բացահայտելու այն բնական ռեսուրսները, որոնք սովորաբար անտեսվում են։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով նորաձևության և տեքստիլ արդյունաբերության առջև ծառացած բնապահպանական մարտահրավերները, տեղական հումքի սահմանափակ հասանելիությունը, սպառողականության վնասակար հետևանքների սխալ ընկալման դրսևորումները՝ որոշեցի կիրառել մասնագիտական գիտելիքներս և ուսումնասիրել նորաձևության կայուն զարգացման հարավորությունները:
Արտերկրում այս գաղափարը նոր չէ․ Հնդկաստանում, Չինաստանում եղինջի մանրաթելից տեքստիլ ստանում են թե՛ ավանդական մեթոդներով, թե՛ ժամանակակից տեխնոլոգիաներով։ Հայաստանում By Botany-ին առաջինն է, և մենք հավատում ենք, որ նորաձևությունը կարող է ծառայել՝ որպես գիտությունը, բնությունը և հասարակությունը միավորող հարթակ։
- Նախքան դրամաշնորհին դիմելը, արդեն սկսե՞լ էիք աշխատանքը եղինջի մանրաթելերի հետ, թե՞ հենց դրամաշնորհի հնարավորությունն էր, որ խթան հանդիսացավ։
- Նախքան դրամաշնորհին դիմելը, իհարկե, իրականացվել էին ուսումնասիրություններ, սակայն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ CirculUP! ծրագրի շրջանակում ստացած դրամաշնորհը հնարավորություն տվեց արագացնել ուսումնասիրությունները և անցնել գործնական փուլերի՝ այդ թվում՝ հողային փորձարկումների, տեսակների համեմատության, մշակաբույսերի հարմարվածության վերլուծության և մանրաթելերի հատկությունների ուսումնասիրության։ Բացի վերը նշվածը՝ CirculUP ծրագրի շրնորհիվ հնարավորություն ստացանք խորացնել Շրջանաձև տնտեսության մասին մեր գիտելիքները։
- Մի փոքր կպատմե՞ք արտադրության գործընթացից. ինչպե՞ս են եղինջի մանրաթելերերը տեքստիլե որակյալ արտադրանքի վերածվում:
Հայաստանու՞մ կան համապատասխան սարքավորումներ` նման բարդության արտադրանք ստանալու համար:
- Եղինջի մանրաթելից տեքստիլ ստանալը բարդ, սակայն չափազանց հետաքրքիր գործընթաց է։ Այն սկսվում է եղինջի աճեցմամբ (ի դեպ՝ եղինջը պետք է հնձել ճիշտ ժամանակին)։ Այս փուլից հետո իրականացվում է մանրաթելերի առանձնացման պրոցեսներն ու մանման էտապը։ Ինչ վերաբերում է արդյունաբերական սարքավորումներին, մեր թիմն ուսումնասիրում է ոչ միայն տեղական արտադրական ներուժը, այլ նաև միջազգային համագործակցության հնարավորությունները։ Շուտով մենք կունենանք մանրաթելի առաջին նախատիպը, որը կցուցադրի Հայաստանի ներուժը՝ կայուն նորաձևության զարգացման գործընթացում։
- Ի՞նչ խնդիրների եք բախվում արտադրության գործընթացում. կա՞ն խնդիրներ, որոնք կապված են հայկական շուկայի բացերի հետ:
Մենք, որպես առաջնամարտիկներ՝ բախվել ենք մի շարք հիմնարար խնդիրների․ գլխավոր խնդիրը թերևս համապատասխան մասնագետների բացակայությունն է։ Հայաստանում առայժմ չկան մասնագետներ, որոնք այս բույսի մանրաթելի վերամշակման, թելի պատրաստման և գործվածքի մշակման փորձ ունեն։ Սա ոչ միայն տեխնիկական, այլ նաև կրթական մարտահրավեր է։ Այնուամենայնիվ, մենք այս մարտահրավերները դիտարկում ենք՝ որպես զարգացման հնարավորություն։
- By Botany-ի զարգացման իմ տեսլականը շատ ավելի խորն է, քան պարզապես նորաձև բրենդ ստեղծելը։ Այն արդեն իսկ հանդես է գալիս՝ որպես հարթակ, որտեղ միահյուսվում են գիտությունը, էկոլոգիան, կրթությունը և պատասխանատու դիզայնը։ Անկախ նրանից՝ դու գյուղատնտես ես, որը փնտրում է եկամտի նոր աղբյուր, դիզայներ, որը գիտակցում է իր ընտրած նյութի ազդեցության կարևորությունը, ուսանող, թե գիտաշխատող, կրթական հաստատութուն, թե արտադրող, որն ուսումնասիրում է կանաչ նյութեր կամ փնտրում գիտելիքի նոր աղբյուր, սիրով հրավիրում ենք միանալ մեզ․ միայն համատեղ ուժերով կարող ենք ստեղծել մի հարթակ, որը կծառայի գիտելիքի փոխանակմանը, համագործակցությանն ու համայնքային զարգացմանը։