YEREVAN FASHION WEEK-ի երկրորդ օրը հագեցած էր տպավորիչ ցուցադրություններով
Yerevan Fashion Week-ի երկրորդ օրը հագեցած էր տպավորիչ և միմյանցից տարբերվող ցուցադրություններով․ ազգայինով ոգեշնչված նմուշներից մինչ ռոքային տրամադրություն, կանացի լուքերից մինչ ունիսեքս ու տղամարդկանց հագուստ, դինամիկ, գունագեղ նմուշներից մինչ սև ու սպիտակ, դասական ու խիստ նմուշներ, տպավորիչ բացվածքներ, կտորի հիասքանչ ֆակտուրաների ու գույների միաձուլման արտահայտումներ․ ահա՛ այսպիսի գունապնակի ականատեսը դարձավ ցուցադրություններին հետևող հանդիսատեսը։
Հուլիսի 2-ին՝ Yerevan Fashion Week-ի շրջանակում իրենց հավաքածուները ներկայացրեցին Z.G.EST, THEMIS, Platon FF, Shamshik, Baveyan, Seda Manukyan, HGP, VOLTA, Faina, Shadoyan Fashion և Nikolyan բրենդերը։ Նույն օրը նախատեսված միջոցառումների շրջանակում տեղի ունեցան նաև դիզայներներ Վահան Խաչատրյանի՝ «Ընկերություն» և Արիգա Թորոսյանի՝ «Արմատ» ցուցահանդեսները։
Դիզայնի ժամանակակից լուծումներով հագեցած «Z.G.EST»-ի՝ «Անորոշություն» հավաքածուն՝ իր առաջարկած լուծումներով, շեշտադրում էր մեր կյանքում կայացված ընտրությունների կարևորությունը։
Հավաքածուում վերամշակված դենիմը հիասքանչ կերպով համադրված էր բազային իրերի հետ՝ ցուցադրելով հավաքածուի անսովոր բացվածքները և տպավորիչ դետալները։
«Z.G.EST»-ի՝ 100 % կենսաքայքայվող բամբակից կարված նմուշներն արտահայտում էին բրենդի հավատարմությունը կայուն նորաձևության չափանիշներին և խորը համոզմունքը, որ նորաձևությունը և շրջակա միջավայրը պահպանելու դրսևորումները կարող են հաշտ ու ներդաշնակ լինել։
Ոգեշնչվելով 1960-ականների երաժշտությամբ, արվեստով և արտիստների բեմական հանդերձանքով՝ «THEMIS»-ը ստեղծել էր հավաքածու ժամանակակից աշխարհի համար՝ նոր միտումներին համապատասխան և արդիական շեշտադրումներով։
Հավաքածուի երկրորդ հատվածում ներկայացված նմուշներում առկա նախշերը նման էին օդապատրանքների․ այս պատկերները մշտական շարժման, թեթևության, սակայն, միևնույն ժամանակ, զգայական լարվածության պատրանք էին առաջացնում։
«Platon ff» բրենդի հավաքածուն հիմնականում կազմված էր տղամարդկանց հագուստից։
Հավաքածուն դիզայներ Էրիկա Չիլինգարյանի և իտալական «Ozio Piccolo Studio Tessile» նորաձևության ստուդիայի համագործակցության արդյունքն էր։ Հավաքածուի նմուշները ձեռագործ էին՝ կարված բրդյա գործվածքից։
Էլեգանտություն, դասականություն, հայկականություն․ «Shamshik»-ը ստեղծել էր հագուստի ժամանակակից նմուշներ՝ ազգային զարդանախշերի էլեմենտներով։ Հավաքածուում օգտագործված էին Վան-Վասպուրական նահանգի ազգային հագուստից և կենցաղից վերցված զարդանախշեր։
«Կցանկանայի, որպեսզի իմ ստեղծած հագուստը կրողները, նայելով այդ զարդանախշերին, մտովի տեղափոխվեն մեր պատմական հայրենիք և նրա լեռների, ձորերի, անսահման երկար ճանապարհների բարդ համադրության մեջ գտնեն զարդանախշերի երկրաչափական պարզ պատկերները»,-իր հավաքածուի մասին խոսելիս նշեց Աննա Ավետիսյանը։
Baveyan բրենդի էկլեկտիկ հավաքածուն դիզայներ Անահիտ Բավեյանի՝ պլիսսե կտորի հանդեպ մեծ սիրո արտահայտումն էր հանդիսանում։
Անահիտը պլիսսեին սիրահարվել է չորս տարի առաջ, երբ բացահայտեց կտորի իր սիրելի տեսակը և սկսեց համագործակցել արտադրողի հետ։
Անահիտը պաշտում է երկրաչափական ձևերն ու պատկերները, ուղիղ գծերը, ինչը նաև իր արտահայումն էր գտել իր նոր հավաքածուում։ Հավաքածուում գերիշխում էին սև, սպիտակ, արծաթագույն և արծաթակապտավուն գույները։ Ցուցադրության ժամանակ մոդելները բեմ դուրս եկան նուրբ զգեստների հետ համադրված, «Baveyan»-ի արտադրության «loafer» տեսակի կոշիկներով՝ ստեղծելով կանացիության և կոպտության էկլեկտիկ միասնություն։
Սեդա Մանուկյանի՝ «Սև ուրվական» անվանումով տղամարդու հագուստի հավաքածուի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել կայացած տղամարդու կերպարը, ով իր ասելիքն ունի հասարակությանը։ Նորաձևության հայկական իրականության մեջ տղամարդկանց հագուստ ստեղծող դիզայներների թիվն այնքան էլ մեծ չէ, և նման հավաքածուները հույս են արթնացնում, որ այս առումով շուտով դրական փոփոխություններ նույնպես կարելի է սպասել։
Հակոբ Շահինյանի հավաքածուն լի էր գույներով և դինամիկայով, ուրվագծերով ու պատկերներով։
Հավաքածուի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Հակոբի մանկական նկարներն ու մոր և քրոջ հետ ունեցած մանկության հիշողությունները։
Հակոբի հավաքածուն բաղկացած էր թե՛ կանացի, թե՛ տղամարդու հագուստի նմուշներից, որոնք դիզայների ոճի և ստեղծարարության ուրույն արտահայտումն էին հանդիսանում։
Հակոբը ծնվել և մեծացել է Սիրիայում, իսկ հիմա ապրում և ստեղծագործում է Հայաստանում։
Դիզայների խոսքով՝ հավաքածուն, որը ներկայացրել է, շատ անձնական բնութ ունի իր համար, քանի որ այն իր մանկության հուշերի արտահայտումն է հանդիսանում։
«Ես խնդրել եմ, որ իմ մանկական նկարներն ինչ-որ կերպ Սիրիայի իմ հայրենի տանից գտնեն և առաքեն Հայաստան։ Մենք այդ նկարները թղթային տարբերակից թվային ենք դարձրել։ Այն ամենը, ինչ ներկայացրեցի այսօր, իմաստ և նախապատմություն ունի․ իմ մանկության սկավառակում երգերը նույն հերթականությունն ունեին, ինչ ցուցադրությանս ժամանակ։
Ինձ թվում է՝ Yerevan Fashion Week-ը շատ լավ առիթ է հայ դիզայներների համար, որպեսզի նրանք նախ՝ սովորեն՝ ինչպես է անցկացում Fashion Week-ը առհասարակ, պատկերացնեն՝ ինչ գործընթացների միջով պետք է անցնել, երբ պատրաստել հավաքածուն և հետո էլ՝ ինչպես այն ներկայացնել և գովազդել՝ մինչ նորաձևության շաբաթը։ Այս անգամ շատ քիչ ժամանակ ունեինք պատրաստվելու համար, սակայն կարծում եմ՝ հաջորդ տարիներին ամեն ինչ ավելի ճիշտ քայլերով կանենք։
Մենք աշխատում ենք անհասկանալի շուկայում, որտեղ շարունակ ինչ-որ բան է փոխվում։ Հայաստանում թրենդերը շատ արագ են փոխվում․ օրինակ՝ լավ վաճառվող որևէ նմուշ հաջորդ ամիս կարող է բացարձակ չվաճառվել։ Հայաստանի շուկան ոչ ստանդարտ տրամաբանությամբ աշխատող շուկա է։
Կցանկանայի, որ Fashion Week-ը առիթ դառնար բոլոր հայ դիզայներների համար ճանաչելի դառնալ միջազգային շուկայում և արտահանել սեփական արտադրանքը։ FASHION SCOUT մրցույթը ցույց տվեց, որ մենք շատ տաղանդավոր երիտասարդ դիզայներներ ունենք, և մեզ ուղղակի հարթակ և հնարավորություն է անհրաժեշտ՝ մեր աշխատանքերը ներկայացնելու համար»,-նշեց Հակոբը։
Միսակ Հաջի-Ավետիքյանի հավաքածուում արտացոլված էին իր մանկության հիշողությունները և սերը շեքսպիրյան պոեզիայի և Վերածնունդի արվեստի հանդեպ։ Դիզայների՝ վերջին ժամանակների շփումները տղամարդկանց հագուստի ստեղծման բրիտանական ավանդույթների հետ նպաստել են, որպեսզի Միսակն իր հին բրենդի լավագույն ավանդույթների հիմքի վրա ստեղծի իր նոր՝ VOLTA բրենդը։ Հավաքածուի ցուցադրությանը հետևող հանդիսատեսը ականատեսը եղավ էմոցիաների դրամատիկ փոփոխությանը, բացահայտեց դիզայների տաղանդը և նրա «VOLTA» դաջվածքը, որը նոր ու հետաքրքիր գույն է հայկական նորաձևության մեջ։
Միսակ Հաջի-Ավետիքյանը նշեց, որ մեծագույն սիրով է մասնակցում Yerevan Fashion Week-ին, և քանի որ սա իր նորաստեղծ բրենդի առաջին հավաքածուի դեբյուտային ցուցադրությունն էր, շատ կարևոր էր, որ այն տեղի ունենար հենց իր պատմական հայրենիքում։
«Որպես առաջին Fashion Week՝ ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Անշուշտ, սխալներ կարող են լինել, քանի որ առաջին անգամ է կազմակերպվում։ Նորաձևության ցուցադրությունների աշխարհի շատ հատվածներում եմ մասնակցել, ես ինքս էլ կազմակերպել եմ ցուցադրություններ, բայց այս մեկին, իրոք, ցանկանում էի մասնակցել, քանի որ այն տեղի էր ունենալու իմ հայրենիքում։
Պատկերացրե՛ք, հավաքածուս երեք շաբաթում եմ պատրաստել։ Քանի որ բրենդը նոր է հիմնադրվել, դեռ թիմ չունեմ և ամեն ինչ սեփական ձեռքերով եմ կարել։ Օգնել է նաև մայրս։ Ցավոք, չեմ կարողացել տեսնել բոլոր շոուները, սակայն կարող եմ ասել, որ FASHION SCOUT-ի մասնակիցների աշխատանքներում, վստահաբար, հետաքրքիր մտքեր կային։
Շատ հավանել եմ Արմինե Օհանյանի հավաքածուն։ Հետաքրքիր է նաև տեսնել Ruzane-ի Soncess-ի Loom-ի հավաքածուները։ Loom-ն իմ սիրելին է»,-հավելեց Միսակը։
Ռոքային տրամադրություն, տպավորիչ բացվածքներ, համարձակ լուծումներ․ այո՛, Ֆաինան, ինչպես և խոստացել էր, իր նոր հավաքածուում բացահայտեց մեկ այլ՝ նոր Ֆաինայի, որին դեռ ոչ ոք չէր տեսել։ Հավաքածուում համարձակ լուծումները հանդես էին գալիս ռոմանտիկ վալանների, էլեգանտ ու դասական նմուշների հետ՝ նոր շունչ հաղորդելով դիզայների յուրօրինակ ոճին։
«Nemra» ռոք խմբի հետ համատեղ ստեղծված «Look at Birds» երգը, որն ուղեկցում էր ցուցադրությանը ողջ ընթացքում, հավաքածուում առկա տրամադրությունն էլ ավելի վառ ու տպավորիչ էր դարձնում։
Դիզայներ Գևորգ Շադոյանի հավաքածուի առաջին հատվածում ներկայացված նմուշները հագեցած էին հայկական էլեմենտներով և արտահայտում էին դիզայների ապրումները մեր ազգային ողբերգության, պատերազմի և կորուստների առնչությամբ։
Առաջին հատվածում ներկայացվող հավաքածուն դիզայները նվիրել է առաջին հանրապետության 100-ամյակին, իսկ երկրորդ հատվածում ներկայացված երեկոյան զգեստների հավաքածուն՝ սիրելի մոր հիշատակին։
Հավաքածուի երկու հատվածներում երկնքի թեմատիկայի առկայությունը խորհրդանշում էր մեր հավատն ու համոզմունքը, որ մեր սիրելիները, ում կորցրել ենք, գտնվում են երկնքում։
«Nikolyan» բրենդի հավաքածուն ներծծված էր հայկականությամբ և հայ կնոջ կերպարի հանդեպ խորը հարգանքի ու հիացմունքի դրսևորումն էր հանդիսանում։
Հավաքածուի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել հայ ուժեղ կինը, ով, դարեր ի վեր անմարդկային փորձությունների միջով է անցել, սակայն երբեք չի փոխել իր տեսակը, չի թուլացել և ամեն հարվածից հետո նորից ոտքի է կանգնել, առաջ շարժվել ու նոր կյանք արարել։
Ներկայացվող նմուշների տպավորությունն էլ ավելի ազդեցիկ էր դարձնում ցուցադրությունն ուղեկցող ազգային երաժշտությունը, որի միջոցով դիզայները ցանկացել է ցույց տալ կնոջ զարգացումն ու պայքարը։
Հուլիսի երկուսին բացվեց դիզայներ Վահան Խաչատրյանի՝ «Ընկերություն» ցուցադրությունը, որը նվիրված էր դիզայների և գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի ընկերությանը։ Ցուցադրվող զգեստները և համատեղ նկարներն էլ ավելի տպավորիչ էր դարձնում ընտրված դասական երաժշտությունը, իսկ Լուսինեն ցուցահանդեսն այցելող ներկաներին ողջունում էր Վահան Խաչատրյանի ստեղծած հիասքանչ զգեստով։
Արիգա Թորոսյանի նոր ցուցահանդեսի նմուշներում բախվում էին անցյալն ու ներկան՝ մեր արմատների և հայկական մշակութային ժառանգության հիասքանչ դրսևորումներով։
Արիգա Թորոսյանի նոր հավաքածուն հարգանքի յուրօրինակ տուրք էր Երևանի պատմական ճարտարապետությանը․ ամուր կտորները խորհրդանշում էին պատմական հին շենքերը, որոնք մեր անցյալի ականատեսն են եղել, մինչդեռ նորարարական լուծումներով և թեթև կտորներից կարված նմուշները ներկայացնում էին ժամանակակից կյանքը և այն «գրկաբաց ընդունող» ժամանակակից մարդուն։
Fashion Week-ի մասին իրենց էմոցիաներով և կարծիքներով կիսվեցին նաև արտերկրից ժամանած միջազգային հյուրերը։
«Որպես առաջին նորաձևության շաբաթ՝ ամեն ինչ շատ լավ է կազմակերպված։ Ամեն ինչ շատ գեղեցիկ է։
Ինձ ամենաշատը դուր է եկել Հակոբ Շահինյանի հավաքածուն։ Շատ գեղեցիկ ու տպավորիչ է հավաքածուի ստեղծման պատմությունը․ այն ստեղծվել է դիզայների մանկական նկարների ու հիշողությունների հիման վրա։ Կարծում եմ՝ նա կարո՛ղ է հետաքրքրել նորաձևության միջազգային շուկային։ Ես Ֆրանսիայից եմ, գիտեմ նորաձևության Ֆրանսիայի շուկան և կարծում եմ՝ Հակոբի ստեղծած հագուստը Ֆրանսիայում, վստահաբար, կգնեին։
Ինձ դուր են եկել նաև VOLTA և DAJELI բրենդերի հավաքածուները, և անհամբեր սպասում եմ Loom-ի ցուցադրությանը»,- ասաց նորաձևության ինֆլուենսեր Ֆլո Բարոնյանը։
«Վահանը և Էլենը մեծ աշխատանք են անում և ամեն ինչ շատ ճիշտ են անում։ Դժվար է զրոյից նոր ու մեծ բան ստեղծել, իսկ նրանց մոտ դա ստացվում է։ Մինչ Yerevan Fashion Week-ը՝ մենք շատ ենք խոսել այս միջոցառման մասին։ Աշխարհում ամենամեծ հեղինակությունը վայելող նորաձևության շաբաթները տասնյակ տարիների պատմություն ունեն, իսկ Yerevan Fashion Week-ն իր առաջին քայլերն է անում․ ես մեծ հետաքրքրությամբ կհետևեմ նրա աճին ու զարգացմանը»,- նշեց Միլանում նորաձևության միջոցառումների կազմակերպիչ, White Milano ընկերության տնօրեն Բրենդա Բելլեի Բիցցին։