Հայկական առաջին նորաձևության շաբաթվա երրորդ օրն ու անակնկալները

Jul 11, 2023 - 15:29
Dec 4, 2023 - 10:56
Հայկական առաջին նորաձևության շաբաթվա երրորդ օրն ու անակնկալները

Հայկական առաջին նորաձևության շաբաթվա ցուցադրությունների վերջին օրն իրենց հավաքածուները ներկայացրեցին Narny, Teress, Soncess, Ruzane և Loom Weaving բրենդերը։

Նորաձևության հայկական իրականության մեջ շատ չեն այն հավաքածուները, որտեղ ազգային էլեմենտներն այնքան հմտորեն են գործածված և այնքան են համապատասխանում ժամանակակից միտումներին, որ կարող են լիովին ընկալելի լինել ժամանակակից մարդու և նորաձևության միջազգային շուկայի համար․ Narny-ի հավաքածուն հենց այսպիսինն էր։

Հավաքածուն ազգային էլեմենտների և ժամանակակից միտումների նուրբ համադրություն էր․ հայկական զարդանախշերն ու այբուբենը ներկայացված էին պրինտերի և ասեղնագործության տեսքով և հանդես էին գալիս վառ, նեոնային գույների, սևի ու սպիտակի և մինիմալիստական ձևվածքների հետ։

Մոսկվայաբնակ հայ դիզայներ Նարինե Հարությունյանի խոսքով՝ հավաքածուն ստեղծելիս իր առջև հենց այս նպատակն է դրել՝ ստեղծել ազգային էլեմենտներով հարուստ, կրելի հավաքածու՝ ժամանակակից աշխարհի համար. նմուշներ, որոնք ընկալելի կլինեն բոլորի համար՝ անկախ ազգային պատկանելությունից։

Teress-ի հավաքածուն խորություն և կարևոր ուղերձ էր պարունակում։

Ցուցադրությունն ուղեկցվում էր յուրօրինակ բեմադրությամբ, ինչը հավաքածուի ասելիքն ավելի տպավորիչ ու ազդեցիկ էր դարձնում. բեմադրության երկու հատվածներում ներկայացվեցին տեսարաններ աշխարհի արարումից և մարդկության առաջին ներկայացուցիչների՝ Ադամի ու Եվայի՝ դրախտից վտարման պատմությունից։

Աշխարհի արարման, դրախտի ու լույսի թեմատիկան ներկայացնում էին ցուցադրության առաջին հատվածի՝ վառ գույներով հագեցած նմուշները, իսկ դրախտից վտարման թեման՝ աշխարհիկ կյանքը պատկերող, սև ու սպիտակ գույների մեջ ստեղծված հավաքածուն։

Հավաքածուի՝ ավազի գույն ունեցող նմուշները խորհրդանշում էին կյանքի ավարտը, բանտերը՝ մերօրյա հասարակության՝ փաթեթավորումը բովանդակությունից առավել կարևորելու ցավալի դրսևորումները, իսկ շեշտադրված մեծ գրպանները՝ կյանքի թաքնված կողմերը, որոնք մենք այդպես էլ լիովին չենք բացահայտելու։

Հավաքածուի հատկանշական կողմերից մեկը բոլոր նմուշներում առկա կանացիություն ու նրբությունն էր, ինչը, վստահաբար, անտարբեր չի թողել ցուցադրությանը հետևող, երեկոյան էլեգանտ լուքերի սիրահար կանանց։

Soncess բրենդի հավաքածուն հայկական բնաշխարհի հանդեպ սիրո խորհրդանշական արտահայտումն էր հանդիսանում։

Հայաստանի լեռների, ժայռերի, ոլորապտույտ ճանապարհների հանդեպ սերը, հիացմունքն ու ոգեշնչումն արտահայտված էր երկրաչափական գծերով ու ձևերով հագեցած դասական նմուշների, տպավորիչ բացվածքներով հարուստ էլեգանտ երեկոյան զգեստների և հագուստի առօրյա նմուշների բոլոր դետալներում։

Հավաքածուում ներկայացված էր հայկական բնաշխարհի հարուստ գունապնակը՝ հողի գույն, սև ու սպիտակ, դարչնագույն, շագանակագույն և հագեցած բեժ, կապույտ և մանուշակագույն։ Soncess-ի հավաքածուի էլեգանտ ու շքեղ նմուշները կարելի է կրել թե՛ բեմում, թե՛ երեկոյան հանդիսությունների ժամանակ, թե՛ առօրյա կյանքում։

Ruzane-ի հավաքածուի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր էր հանդիսացել ԳԱՂՏՆԻՔ-ը։

Դիզայներ Ռուզաննա Վարդանյանը կարծում է, որ մարդկային սրտի գաղտնի խորհուրդներն ու ցանկություններն իրենց մեջ ինչ-որ մոգական ու գեղեցիկ բան են պարունակում, և այն, ինչ ընդունված է թաքցնել, իրականում արժանի է տեսանելի և լսելի դառնալու։

Գաղտնիքի, հանելուկի թեմատիկան իր արտահայտումն էր գտել հավաքածուի բոլոր նմուշներում, ներկայացվող հագուստի բոլոր երանգներում (փղոսկրի գույն, կարմիր, կապույտի և սևի երանգներ)։

Հավաքածուում գաղտնիքը «թաքնված էր» փխրուն պարանոցի շուրջ կապված գլխաշորի, կուրծքը և կոնքերը ծածկող թափանցիկ կտորների ու ժանյակի, հելունագործ և կաշվե նմուշների հիասքանչ համադրության մեջ։

Խորհրդավորության իրենց չափաբաժնով կերպարներն ամբողջական էին դարձնում ձեռագործ պայուսակներն ու աքսեսուարները, որոնք Ruzane-ի ստեղծարար մտքի մեկ այլ յուրօրինակ արտահայտումն էին հանդիսանում։

 

Հավատարիմ մնալով ձեռագործ հագուստի նմուշներում տարբեր ձևերի, ուրվագծերի և գործելու ուրույն տեխնիկայի կիրառման իր ավանդույթներին՝ Loom Weaving-ը Yerevan Fashion Week-ի հանդիսատեսին ներկայացրեց իր նոր՝ տաք և պաստելային գույներով հարուստ հավաքածուն, որը ցույց էր տալիս գեղեցկություն ասվածի և նրա զգայական ընկալման հակառակ կողմը։ 

Հավաքածուի հատկանշական էլեմենտը, որը առկա էր գրեթե բոլոր նմուշներում, ծաղիկներն էին։ Ձեռագործ նմուշները՝ իրենց անսովոր բացվածքներով ու ձևերով, հանդես էին գալիս անսպասելի ֆակտուրաների և տպավորիչ աքսեսուարների հետ՝ արտահայտելով դիզայներ Ինգա Մանուկյանի՝ գեղեցկության մասին պատկերացումներն ու ընկալումները և այն խորը համոզմունքը, որ գեղեցիկը կարելի է գտնել ամենուր՝ ամենաանսպասելի, թաքնված դրսևորումներով ու արտահայտումներով։

Yerevan Fashion Week-ի մասին իրենց մտքերով կիսվեցին նաև միջոցառմանը մասնակցող միջազգային հյուրերը։

«Հայաստան այցելում եմ արդեն երկրորդ անգամ։ Առաջին անգամ այստեղ եղել եմ 2019 թվականին՝ Նորաձևության և դիզայնի պալատի կողմից կազմակերպված նորաձևության ֆորումին մասնակցելու համար։ Կարծում եմ՝ այս ընթացքում հայկական նորաձևությունը մեծ աճ է գրանցել․ հայկական բրենդերը ֆանտաստիկ են։ Որպես Fashion Scout Armenia մրցույթի ժյուրիի անդամ՝ կարող եմ ասել, որ երիտասարդների շարքում շատ տաղանդավոր դիզայներներ կան։

Նորաձևությանը շաբաթը Հայաստանում առաջին անգամ է անցկացվում։ Անշուշտ, բացթողումներ կարող են լինել, սակայն, ընդհանուր առմամբ՝ միջոցառման որակը բարձր է, և ես իրապես հույսով եմ, որ այն հաջորդ տարի ևս տեղի կունենա, քանի որ ես ցանկանում եմ նորից այցելել Հայաստան (ժպտում է,-հեղ․):

Շատ հավանել եմ Z․G.EST–ի՝ «Անորոշություն» հավաքածուն և կարծում եմ՝ այն կարող է հետաքրքրել միջազգային շուկային։ Ինձ դուր են եկել նաև Armine Ohanyan և Platon ff բրենդերի հավաքածուները։

Ինչ խորհուրդ կտայի հայ դիզայներներին՝ միջազգային շուկայի համար ավելի ընկալելի դառնալու համար․ մեծ ուշադրությու՛ն հատկացրեք ձեր բրենդի ԴՆԹ-ին, բացահայտե՛ք ինքներդ ձեզ և ձեր բրենդի ինքնությունը, եղե՛ք բացառիկ և կարողացե՛ք ձեր բացառիկությունն այնպես ներկայացնել աշխարհին, որ ձեզ հասկանան և ընկալեն։ Իհարկե, դա հեշտ բան չէ, սակայն հնարավոր է», ասաց Իտալիայում նորաձևության միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող Pitti Immagine ընկերության տնօրեն Լուկա Րիցցին։

«Աշխարհում ամենահայտնի նորաձևության շաբաթները տասնյակ տարիների պատմություն ունեն․ Հայաստանում այն առաջին անգամ է տեղի ունենում և պետք է ժամանակ անցնի, որպեսզի Fashion Week-ի ինստիտուտը կայանա։ Ժամանակի հանգամանքից զատ՝ կարևոր է նաև մշակութային բաղադրիչը․  Fashion Week-ի գաղափարը պետք է հասունանա նաև մարդկանց գիտակցության մեջ և հիմնավորվի ու արմատներ գցի հայկական մշակույթում։

Ինձ ամենաշատը դուր է եկել Narny բրենդի հավաքածուն։ Narny-ի հավաքածուն մինիմալիստական էր և շատ գեղեցիկ․ ես հավաքածուի նմուշների գրեթե կեսը կկրեի»,-նշեց Marie Claire Arabia ամսագրի գխավոր խմբագիր ֆարահ Քրեիդիեն։

 

Լուսանկարները՝ Վալեր Բալասնյանի և Եվգենիյ Կոմարովի։