Հուլիսի 14-ին տեղի կունենա դիզայներ Մանուկ Ալեքսանյանի՝ Cruise 2023 հավաքածուի ցուցադրությունը
- Ո՞ր տարիքից եք սկսել նորաձևության ձեր կարիերան և ինչպիսի՞ն է եղել ձեր առաջին հավաքածուն։
- Նորաձևության ասպարեզում առաջին քայլերս արել եմ 21 տարեկանում, երբ սկսեցի աշխատել El Style ամսագրում՝ որպես ոճաբան։ El Style-ն այդ տարիներին հայկական Vogue-ն էր, և նման ամսագրում աշխատելը շատ դռներ էր բացում։ Շատ պայքարեցի այդ աշխատանքի համար, բազմիցս փորձեր եմ արել և մերժում ստացել, սակայն քանի որ նորաձևությունը շատ էի սիրում, համառեցի, և Մայա Պողոսյանը, վերջիվերջո, որոշեց ինձ հնարավորություն տալ։ Ես միշտ շնորհակալ եմ լինելու նրան՝ ինձ հավատալու համար։
Այդ տարիներին դիզայներների թիվն այսքան մեծ չէր և այսքան թրենդային հավաքածուներ չէին ստեղծվում։ Հավաքածուները հիմնականում կոմերցիոն բնույթ էին կրում, տխուր էին և անհետաքրքիր։ El Style-ում աշխատեցի երկու տարի, իսկ 2013-ի նոյեմբերին ստեղծեցի իմ առաջին հավաքածուն։ Հավաքածուն այնքան լավ արձագանք և մեծ ճանաչում ստացավ, որ նորաձևության հայկական շուկայում արդեն սկսեցի ընկալվել՝ որպես դիզայներ։ Առաջին ցուցադրությունը, ցավոք, չի տեսանկարահանվել։ Կան որոշ կադրեր ու կարճ տեսանյութեր, որոնք դիտելիս վերապրում եմ նույն էմոցիաները։
Հավաքածուն ուժեղ կնոջ մասին էր։ Նրանում գերակշռում էին ոսկեգույնը, կարմիրն ու սևը։ Այդ ժամանակ ոսկեգույնը շատ թրենդային էր։ Ոգեշնչվել էի Lady Gaga-ի՝ «Born This Way» երգից։ Շատ հետաքրքիր հավաքածու էր ստացվել։
- Ո՞րն է եղել ձեր ամենահաջողված հավաքածուն և ո՞րն էր նրա հաջողության գաղտնիքը։
- Սկսեմ նրանից, որ ես ունեցել եմ իմ կյանքի ամենաչհաջողված հավաքածուն, որի որևէ նմուշ երբևէ չի վաճառվել։ Այդ հավաքածուի մասին շատ վատ կարծիքներ եմ լսել։ Հավաքածուի թողարկման հետ կապված անհաջողությունից հետո ընկերներս ինձ նույնիսկ ասում էին՝ մի՛ փորձիր, ամեն ինչ շատ վատ է, մի՛ շարունակիր։
Ես որոշեցի չհանձնվել։ Անկումները և անհաջողությունները միշտ ավելի ուժեղ են դարձնում․ պետք է միշտ հավատալ սեփական ուժերին և առաջ գնալ։
Նշված անհաջողությունից հետո ես ստեղծեցի նոր՝ փոքր կափսուլային հավաքածու, որը շատ դրական արձագանք, մեծ ճանաչում ստացավ և մեծ վաճառքներ ապահովեց։
Ինձ համար, սակայն, ամենահիշարժան հավաքածուն 2020 թվականի աշուն-ձմեռ հավաքածուն էր։ Հավաքածուն Մարոկկոյի թեմատիկայով էր։ Ցուցադրությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին՝ El Garden-ում։ Ցուցադրության ողջ տարածքում գորգեր էին փռված, ամենուր մոմեր էին վառվում, իսկ ինչ-որ պահի՝ ցուցադրության ընթացքում, սկսեց անձրև տեղալ։ Ես այդ օրը հասկացա, թե որքան մեծ էր հաճախորդներիս սերը իմ ստեղծած բրենդի նկատմամբ․ նույնիսկ հորդառատ անձրևի պայմաններում՝ ոչ ոք չլքեց ցուցադրության տարածքը, և բոլորը մինչ ավարտը հետևեցին ցուցադրությանը։
Ցուցադրության հաջորդ օրը սկսվեց 44-օրյա պատերազմը։ Ես շատ շնորհակալ եմ իմ բրենդի հավատարիմ ընկերներին․ շատերը ուղղակի գնում էին հավաքածուի նմուշները՝ գիտակցելով որ ստեղծված պայմաններում չեն կարողանալու կրել դրանք։
- Կպատմե՞ք՝ ինչպիսինն է նոր՝ Cruise 2023 հավաքածուն։
- Cruise 2023 հավաքածուն նոր սերնդի, ճանապարհորդությունների սիրահար երիտասարդների մասին է։ Այս հավաքածուն նվիրում եմ բոլոր Fashion Week-երի կազմակերպիչներին և ուզում եմ ասել, որ նոր սերունդը իրավունք ունի իրենը արտահայտելու և այս առումով՝ սահմանափակումներ չպետք է լինեն։
Հավաքածուի նմուշներում շատ են պրինետերը, կրուիզային, հորիզոնական գծերը, ոսկու և սևի ալիքային խառնուրդները։ Հագուստի նմուշների հետ մեկտեղ՝ հավաքածուի ցուցադրությանը հետևող հանդիսատեսը կտեսնի նաև մեր բրենդի աքսեսուարների լայն տեսականին՝ ձեռնոցներ, ակնոցներ, յուրօրինակ զարդեր և այլն։ Այն, ինչ արվել է իմ գործունեության 10 տարիների ընթացքում, ներկայացվելու է, իսկ մեր գործունեության տասնամյակին նվիրված միջոցառումը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին։
Ցուցացադրության ժամանակ կոտրելու ենք բոլոր կարծրատիպերը․ բեմ են դուրս գալու թե՛ ցածրահասակ, թե՛ +չափսի մոդելներ, թե՛ տարիքով կանայք։ Անելու ենք այն, ինչ արդեն վաղուց արվում է աշխարհում։
- Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ դիզայներներին։
- Ես շատ կուզենայի, որ սկսնակ դիզայներներն ավելի քաղաքավարի, հանդուրժող լինեին և չգերագնահատեին իրենց կարողությունները, կցանկանայի, որ նրանք սիրով ընդունեին իրենց հասցեին ասված լավ խոսքերը և փոխադարձաբար խրախուսեին իրենց գործընկերներին․ չէ՞ որ բացառիկ գործերը շատ հաճախ հենց թիմային աշխատանքի արդյունքում են ծնվում։ Ես ուզում եմ, որ ներկայիս երիտասարդությունն անի այն, ինչն իրապես սիրում է։ Չէի ցանկանա, որ նրանց ոգեշնչման աղբյուրը լիներ, օրինակ, Pinterest-ը։ Սկսնակ դիզայներներին խորհուրդ կտայի ավելի մեծ ուշադրություն հատկացնել իրենց բրենդի ԴՆԹ-ին։
- Որո՞նք են ձեր հետագա պլանները։
- Մեր բրենդը շատ արագ է զարգանում։ Այն արդեն ներկայացված է քաղաքի երեք հատվածներում, Լոս Անջելեսում, շուտով՝ նաև Բեյրութում։ Հոկտեմբերին պլանավորում ենք նոր ցուցադրություն Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության հայ համայնքի և ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ։