Նոր հնարավորություն հայ սկսնակ դիզայներների համար․ YBAF Fashion Award
Lattitude Art Space արվեստի կենտրոնում տեղի կունենա սկսնակ դիզայներների համար նախատեսված YBAF Fashion Award ամենամյա մրցույթի նորաձևության ցուցադրությունը, որի շրջանակում ընտրված հինգ երիտասարդ դիզայներներ կներկայացնեն իրենց հավաքածուները։
Մրցույթի կազմակերպիչը Երևան բիենալե արվեստի հիմնադրամն է, որի նպատակը հայ արտիստների աջակցությունը և Հայաստանում ստեղծարար էկոհամակարգի ձևավորումն է։
YBAF Fashion Award-ը ամենամյա ծրագիր է, որը միտված է օժանդակելու հայաստանաբնակ սկսնակ դիզայներներին։ Ծրագրի օգնությամբ երիտասարդ դիզայներները հնարավորություն են ստանում կյանքի կոչել սեփական մտահղացումները և դրանք ներկայացնել նորաձևության ցուցադրության ժամանակ, ձեռք բերել ճանաչելիություն և կապեր ոլորտի պրոֆեսիոնալների շրջանում, ստանալ մասնագիտական հմտություններ և տեղեկատվություն նորաձևության տեղական շուկայի և արտադրական հնարավորությունների վերաբերյալ, իսկ հաղթելու դեպքում՝ ֆինանսական աջակցություն և նոր հնարավորություններ՝ ստեղծագործական գործունեությունը շարունակելու համար։
Մրցույթին նախապատրաստվելու ժամանակահատվածում մասնակից դիզայներները հիմնադրամի աջակցությամբ և ժյուրիի անդամների ղեկավարմամբ և ուղղորդմամբ ստեղծում են նոր հավաքածուներ, որոնք ներկայացվում են մրցույթի եզրափակիչ փուլում։
YBAF Fashion Award-ի ժյուրիի անդամները նորաձևության պրոֆեսիոնալներ են, ովքեր ներկայացնում են տեղական և միջազգային հեղինակավոր ընկերություններ, համաշխարհային հռչակ վայելող նորաձևության տներ։ Այս տարվա ժյուրիի անդամների ցանկում են Emporio Armani բրենդի ավագ դիզայներ Ռիմա Կազումյանը, դիզայներ, MaralXArmenia բրենդի հիմնադիր Մարալ Կալինյանը, Atex նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը, Phubber ընկերության տնօրեն Հելեն Խանոյանը և դիզայներ, նախշագործ Տաթևիկ Ավետյանը։
Այս տարի՝ ի տարբերություն նախորդ տարիների, մրցանակ են ստանալու մրցույթի բոլոր հինգ մասնակիցները․ ժյուրիի անդամները մասնակիցներից յուրաքանչյուրին կշնորհեն մրցանակ՝ ընտրված անվանակարգերից մեկում։
YBAF Fashion Award 2023-ի մասնակից 5 դիզայներներն են՝ Մարկ Կոսմոն, Սաթենիկ Թանգյանը, Սիրին Անուշը, Ալեն Ղազարյանը և Անահիդ Սարյանը։