«Երևանի նորաձևության շաբաթ 2024»-ը կմիահյուսի նորաձևությունն ու հայկական մշակութային ժառանգությունը

Oct 15, 2024 - 21:16
Oct 20, 2024 - 17:34
«Երևանի նորաձևության շաբաթ 2024»-ը կմիահյուսի նորաձևությունն ու հայկական մշակութային ժառանգությունը

Նոյեմբերի յոթից տասը «Մերիդիան էքսպո» ցուցասրահի տարածքում տեղի կունենա հայկական երկրորդ նորաձևության շաբաթը՝ Yerevan fashion Week 2024-ը։

Նորաձևության շաբաթվա շրջանակում հայ և օտարերկրյա մի շարք դիզայներներ ոլորտի առաջատար մասնագետների, մամուլի, գնորդների, հեղինակավոր հյուրերի և նորաձևության սիրահարների ուշադրությանը կներկայացնեն իրենց նոր հավաքածուները։

Միջոցառման կազմակերպիչը Նորաձևության և դիզայնի պալատն է։

Նորաձևության շաբաթվա սկիզբը կազդարարի սկսնակ դիզայներների համար նախատեսված «Fashion Scout Armenia» մրցութը։


Fashion Scout-ը սկսնակ դիզայներների աջակցությանը և նորաձևության զարգացմանը միտված միջազգային հարթակ է, որի «հայրենիքը» Միացյալ Թագավորությունն է։

Նպատակը նոր տաղանդների բացահայտումն է  և նորաձևության աշխարհում նրանց գործունեության համար մեկնարկային և առաջխաղացման հնարավորությունների ստեղծումը։


Սկսնակ դիզայներներին խորհրդատվական, մենթորական աջակցության տրամադրումից զատ՝ կազմակերպությունը նրանց հնարավորություն է տալիս իրենց հավաքածուները ցուցադրել Fashion Scout-ի կողմից կազմակերպված նորաձևության ցուցադրությանը և ստանալ մրցանակներ։


Իսկ հաղթողների համար սահմանված մրցանակները բավականին տպավորիչ են՝ Ֆլորենցիայում՝ հեղինակավոր դիզայների նորաձևության ստուդիայում վերապատրաստվելու և Fashion Scout-ի աջակցությամբ Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակում սեփական հավաքածուն ներկայացնելու հնարավորություն։


Այս տարի մրցույթը կանցկացվի պատմական մեծ նշանակություն ունեցող՝ Բռնադատվածների հուշահամալիրում: «Ժողովրդավարության և խոսքի ազատության» թեման ներկայացնող միջոցառումը նպատակ ունի ստեղծարար մտքի թռիչքով ստեղծված հավաքածուների միջոցով ազատության նոր շունչ հաղորդել խորհրդային ժամանակաշրջանի ոգով ստեղծված տարածքին
:
 

Երևանի նորաձևության շաբաթը կնշանավորվի մի շարք տպավորիչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և ստեղծագործական նախագծերով։

Նորաձևության ցուցադրություններից զատ՝ միջոցառման այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու ներկայացումների, հետաքրքիր քննարկումների և անհատական ցուցահանդեսների՝ միևնույն ժամանակ հնարավորություն ստանալով շփվել դիզայներների, արտերկրից ժամանած հյուրերի և միջազգային հեղինակավոր նորաձևության ամսագրերի ներկայացուցիչների հետ։

Նորաձևության շաբաթվա շրջանակում իրենց հավաքածուներով հանդես կգան ANKASA, Ariga Torosian, Faina, Harmony, Just Black, LOOM Weaving, MARIKO, Manuk Aleksanyan, NARNY, Nikolyan, SONČESS, Shabeeg, THEMIS, The Workshop, Z.G.EST, Raver, Reza Nadimi, Zargaryan Fashion բրենդերը և այլն։

Ավանգարդ և էլեգանտ հավաքածուներից մինչ սպորտային և բոհո նմուշներ․ հավաքածուներից յուրաքանչյուրը ուրույն կերպով կշեշտադրի հայկական մշակութային ժառանգությունը։

Մասնակից դիզայներները կներկայացնեն սեզոնային բնույթ չունեցող, ունիսեքս հավաքածուներ՝ հագեցած նոր, ոճային և ստեղծարար լուծումներով։

Բացի վերը նշվածից ցուցահանդեսի ձևաչափով կներկայացվեն նաև CRELAB Kotayk և CRELAB Tavush (կենտրոնները ստեղծվել են Նորաձևության և դիզայնի պալատի ջանքերով) կենտրոնների սաների կողմից ստեղծված հավաքածուները, Տերյան մշակութային կենտրոնի՝ «Taraz Art» ազգային հագուստի հավաքածուն, արցախահայ ուսանողների կողմից ստեղծված՝ «Տուն» հավաքածուն և այլն։

Միջոցառումը կլուսաբանվի ինչպես տեղական մամուլի, այնպես էլ նորաձևության միջազգային այնպիսի հեղինակավոր մեդիա ընկերություննե-

-րի կողմից, ինչպիսիք են Vogue Իտալիան, L'Officiel Իտալիան, WWD Ճապոնիան, Elle Ճապոնիան, Lemile Գերմանիան, Fault Magazine-ը, Դուբայի՝ Blinx նորաձևության հեռուստաալիքը և այլն։

«Երևանի նորաձևության շաբաթ 2024»-ի ֆոտո արշավը նվիրված է նորաձևության և ճարտարապետության հիասքանչ միասնությանը․ ոգեշնչման աղբյուրը քաղաքամայր Երևանն է՝ իր անզուգական ճարտարապետական լուծումներով։

«Երևանի Նորաձևության Շաբաթ 2024»-ի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, Միացյալ Թագավորության կառավարությունը, Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «ՄՀԶ ՄԿՈՒ» ծրագիրը և Բրիտանական խորհուրդը։